Գլխավոր տեղեկություն
Համար
N 1280-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.10.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

25 հոկտեմբերի 2007 թվականի N 1280-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻ ԺԱՆ ԼՅՈՒԿ ՌՈԴԻԵԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 181-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու կարգը հաստատելու մասին» N 545 որոշման պահանջներով և հիմք ընդունելով Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը և այլ գույք վարձակալած «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորություններն ու Երևան քաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները սահմանված որակի պահանջներին համապատասխան իրականացնելու, ջրային համակարգերը շահագործելու, պահպանելու, կառավարելու և այլ պարտականություններ իրականացնելու նպատակները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության աշխատող` օտարերկրյա քաղաքացի Ժան Լյուկ Ռոդիեին տալ պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող` Երևանի ջրամատակարարման բաշխիչ ցանցերի քարտեզներին ու գաղտնի նյութերին իրազեկ լինելու իրավունք` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) վարձակալության պայմանագրով Երևան քաղաքում և նրան հարակից համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պարտավորություն ստանձնած` «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ գաղտնիք կազմող տեղեկատվության տրամադրման հետ կապված գաղտնիության պահպանման, գաղտնի տեղեկատվության չհրապարակման պարտավորությունների կատարման նպատակով ապահովել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` սույն որոշման 1-ին կետում նշված օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատողի կողմից պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործման ընթացքում վերջինիս պարտականությունները սահմանող աշխատանքային պարտավորագրի կնքումը.

2) «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 18-րդ հոդվածների և վարձակալության պայմանագրի դրույթներին համապատասխան` պայմանագրով սահմանված աշխատանքների իրականացման, պարտականությունների կատարման ընթացքում ապահովել պետական և ծառայողական գաղտնիքը պահպանելու նկատմամբ վերահսկողությունը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը և այլ գույք վարձակալած «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության աշխատողներ՝ օտարերկրյա քաղաքացիներ Սերժ Պապոֆֆին և Թիեղի Պլեզանին պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու մասին» N 181-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «և Թիեղի Պլեզանին» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը.

3) որոշման հավելվածի 2-րդ կետից հանել «(առանց իրական կոորդինատային համակարգի)» բառերը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 25-ի N 1280-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Երևան քաղաքի ջրաղբյուրների և ջրամբարների տեղաբաշխման, նիշերի ու դեբիտի, Երևան ջուր բերող ջրատարների հետագծերի և երկայնական կտրվածքների վերաբերյալ նյութերը

2. Երևան քաղաքի 1:2000 մասշտաբի քարտեզը` 318 պլանշետով և 1:10000 մասշտաբի քարտեզը` 25 պլանշետով, նիշերով

3. Երևան քաղաքի ջրամատակարարման բաշխիչ և ջրահեռացման ցանցերի թվայնացված քարտեզները

4. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող 31 համայնքի ջրամատակարարման ցանցերի թվայնացված քարտեզները

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ