Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.10.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-1153/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1530(ՎԴ)

2007 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան
դատավորներ՝ Ա. Խառատյան
  Լ. Գրիգորյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Մհեր Այվազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.04.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Մանուշակ Մխիթարյանի ընդդեմ «Երկրաբան» սպառողական կոոպերատիվի (այսուհետ՝ Կոոպերատիվ)՝ պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պարտավորեցնել Կոոպերատիվին իր հետ կնքելու Երևանի Սարկավագի փողոցի 72 շենքի թիվ 4 բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիր` 8 000 (ութ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով և վերացնելու հատկացված բնակարանից օգտվելու խոչընդոտը՝ դռան փականը բացելու և անարգել մուտքն ապահովելու միջոցով:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 21.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ դատարանի 25.04.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձած Մհեր Այվազյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Մանուշակ Մխիթարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը, որի արդյունքում խախտել է նույն օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձի՝ դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի պահանջին համապատասխան, չի պարզել, թե արդյոք կան այլ անձինք, ովքեր վիճելի բնակարանի նկատմամբ ունեն սեփականության կամ այլ իրավունքներ և արդյոք այն վճիռը, որը կայացնում է դատարանը, չի շոշափում այլ անձանց իրավունքները և պարտականությունները:

Վերաքննիչ դատարանը Կոոպերատիվին պարտավորեցրել է Մանուշակ Մխիթարյանի հետ կնքել Երևան քաղաքի Սարկավագի փողոցի 72 շենքի թիվ 4 բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիր այն պարագայում, երբ տվյալ բնակարանի նկատմամբ դեռևս 04.11.2004 թվականին Կոոպերատիվի և Կոոպերատիվի անդամ Մհեր Այվազյանի միջև կնքվել է բնակարանի հատկացման պայմանագիր, որի համաձայն՝ Մհեր Այվազյանին հատկացվել է Սարկավագի փողոցի 72 շենքի թիվ 4 բնակարանը, որի արժեքը սահմանվել է 8500 (ութ հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Պայմանագրի կնքման պահին Մհեր Այվազյանը կատարել է 800 (ութ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի փայատիրական մուծում, իսկ հետագայում վճարել է մնացած գումարը: Վճարումների իսկությունը հաստատվում է Կոոպերատիվի դրամարկղի մուտքի օրդերներով: Վերաքննիչ դատարանի վճիռը շոշափում է Մհեր Այվազյանի իրավունքները և պարտականությունները, այսինքն՝ խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջը:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին կետը, որը չպետք է կիրառվեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Այն, որ Կոոպերատիվը հրաժարվել է Մանուշակ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Երևանի Արաբկիրի շրջխորհրդի գործկոմի 20.02.1992 թվականի թիվ 3/1 որոշումից հետո Կոոպերատիվի կողմից առաջարկություն է արվել Մանուշակ Մխիթարյանին կնքելու պայմանագիր, սակայն վերջինս այն չի կնքել և չի կատարել ներդրումային գումարի վճարում, այսինքն՝ Կոոպերատիվի կողմից Մանուշակ Մխիթարյանին արվել է օֆերտա, սակայն դրա ակցեպտը չի ստացվել, ուստի պայմանագիրը համարվում է չկնքված:

3) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերը, 273-րդ հոդվածը և ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Այն պնդումը, որ Մհեր Այվազյանը հանդիսանում է վիճելի բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած անձ, բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերի դրույթներից: Մհեր Այվազյանը, գործին մասնակից չդարձվելով, հնարավորություն չի ունեցել պաշտպանելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածով, ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իր իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

 

Անհիմն են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների խախտման մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները, քանի որ դրանք խախտվել են ոչ թե Վերաքննիչ դատարանի, այլ հենց բողոք բերած անձի կողմից: Մհեր Այվազյանը Կոոպերատիվի համար շինանյութ գնող անձն էր, հետևաբար բողոքին կցել է կամ Կոոպերատիվի համար գնված ապրանքների օրդերներ կամ ոչ ճիշտ օրդերներ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) Երևանի Արաբկիրի շրջխորհրդի գործկոմի 20.02.1992 թվականի թիվ 3/1 որոշմամբ «Հայերկրաբանություն» կենտրոնական լաբորատորիային թույլատրվել է Երևանի Կամոյի (ներկայիս Սարկավագի) փողոցի կիսակառույց 72 շենքի 1-ին մասնաշենքի թիվ 4 բնակարանը հատկացնել Մանուշակ Մխիթարյանին:

2) 04.11.2004 թվականին Կոոպերատիվի և Կոոպերատիվի անդամ Մհեր Այվազյանի միջև կնքվել է Երևանի Կամոյի փողոցի 72 շենքի թիվ 4 բնակարանի հատկացման պայմանագիր: Մհեր Այվազյանը, վերը նշված պայմանագրի պահանջներին համապատասխան, 2004-2006 թվականներին կատարել է 4.070.000 (չորս միլիոն յոթանասուն հազար) ՀՀ դրամի մուծումներ (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

3) Վերաքննիչ դատարանը գործը քննել է Մհեր Այվազյանի բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով Մանուշակ Մխիթարյանը հայց է ներկայացրել ընդդեմ Կոոպերատիվի՝ պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջով:

Վերաքննիչ դատարանը հայցը բավարարել է` վճռել է պարտավորեցնել Կոոպերատիվին կնքելու Երևանի Սարկավագի փողոցի 72 շենքի թիվ 4 բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիր՝ 8000 (ութ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, ինչպես նաև վերացնելու Մանուշակ Մխիթարյանին հատկացված բնակարանից օգտվելու խոչընդոտները՝ բացել դռան փականը և թույլատրել անարգել մուտքը բնակարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել և որոնք չեն պարզվել: Վերոնշյալ հոդվածով սահմանվում է գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները պարզելու դատարանի պարտականությունը:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով վճիռ կայացնելիս Վերաքննիչ դատարանն ամբողջ ծավալով չի պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, մասնավորապես չի պարզել վիճելի գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձանց շրջանակը, որի արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի պահանջները: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել Մհեր Այվազյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ՝ առանց գործի քննությանը նրան մասնակից դարձնելու:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մաuնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես` Գյումրու քաղաքապետարան ընդդեմ Ֆելիքս Թորոսյան, 17.11.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):

Վերը նշվածի հիման վրա` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

2) Բողոքի մյուս հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել Մհեր Այվազյանի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար դրանք չեն կարող քննարկվել Վճռաբեկ դատարանի կողմից:

Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 25.04.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան