Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.10.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-2277

Քաղաքացիական գործ թիվ 3-1483 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան
դատավորներ՝ Ն. Հովսեփյան
  Մ. Ասատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Հայկարամ Գալոյանի և Արփենիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Հայկարամ Գալոյանի ընդդեմ Հասմիկ Սիմոնյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` տան մասի և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և բաժինն առանձնացնելու, վեճի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող Արփենիկ Հովհաննիսյանի դիմումի ընդդեմ Հասմիկ Սիմոնյանի և ՀՀ կառավարությանն առընթեր աշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` տան մասի և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և բաժինն առանձնացնելու, և ըստ Հասմիկ Սիմոնյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Հայկարամ Գալոյանի, Կարինե, Էլմիրա, Հայկ Գալոյանների, Արփենիկ Հովհաննիսյանի, Արաքսյա Գալոյանի և Էմմա Մարտիրոսյանի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ, ինչպես նաև անհատույց դադարեցնելու և վտարելու պահանջների պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Հայկարամ Գալոյանը պահանջել է ճանաչել Երևանի Նոր Արեշի 34 փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տան մասի և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը և առանձնացնել իր բաժինը:

Դիմելով դատարան՝ Արփենիկ Հովհաննիսյանը պահանջել է ճանաչել Երևանի Նոր Արեշի 34 փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տան մասի և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը և առանձնացնել իր բաժինը:

Հակընդդեմ հայցով Հասմիկ Սիմոնյանը պահանջել է փոխհատուցմամբ դադարեցնել Հայկարամ Գալոյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը վերը նշված տան նկատմամբ, իսկ Կարինե, Էլմիրա, Հայկ Գալոյանների, Արփենիկ Հովհաննիսյանի, Արաքսյա Գալոյանի և Էմմա Մարտիրոսյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնել առանց փոխհատուցման:

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.05.2007 թվականի վճռով հայցը` տան մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է, հայցը մնացած մասով մերժվել է, Արփենիկ Հովհաննիսյանի դիմումը մերժվել է, իսկ Հասմիկ Սիմոնյանի հակընդդեմ հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.07.2007 թվականի վճռով հայցը` տան մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է, հայցը մնացած մասով մերժվել է, Արփենիկ Հովհաննիսյանի դիմումը մերժվել է, իսկ Հասմիկ Սիմոնյանի հակընդդեմ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հայկարամ Գալոյանը և Արփենիկ Հովհաննիսյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը և 109-րդ հոդվածի 2-րդ կետը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետը, 187-րդ հոդվածի 1-ին կետը և 280-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը և կարճելով գործի վարույթը, դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված պահանջի հիմքում ընկած է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը, իսկ 1995 թվականին քննված գործով այդ հիմքը բացակայում էր: Այսինքն, առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որը նույն անձանց միջև է, նույն առարկայի մասին է, սակայն հիմքերը տարբեր են:

Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի և 109-րդ հոդվածի պահանջները, չի հետազոտել ոչ մի ապացույց, որի արդյունքում գնահատման առարկա չի դարձրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով Հայկարամ Գալոյանի և Արփենիկ Հովհաննիսյանի կողմից վեճի առարկա տան մասի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հանգամանքը:

Մասնավորապես, սույն քաղաքացիական գործով հատկանշական է այն հանգամանքը, որ Պատասխանողը իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ դրսևորել է անտարբեր վերաբերմունք, այսինքն հրաժարվել է գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից` առանց գույքի նկատմամբ որևէ իրավունքը պահպանելու մտադրության: Իսկ բողոք բերած անձինք և նրանց ընտանիքների անդամները տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում են իրենց կողմից առանձնացված և օգտագործվող տարածքները՝ որպես սեփական գույք:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Էրեբունու շրջանի ժողդատարանի թիվ 2-258 քաղաքացիական գործով 18.04.1995 թվականի վճռով բավարարվել է Հայկարամ Գալոյանի հայցը ընդդեմ Հասմիկ Սիմոնյանի` տան մասի նկատմամբ կառուցման հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջով:

2) ՀՀ Գերագույն դատարանի քաղաքացիական դատական կոլեգիայի 23.06.1995 թվականի որոշմամբ մասնակիորեն բեկանվել է Էրեբունու շրջանի ժողդատարանի 18.04.1995 թվականի վճիռը` Հ. Գալոյանի մասով, իսկ մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:

3) Վերաքննիչ դատարանը կարճել է ձեռքբերման վաղեմության ուժով տան մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասով գործի վարույթը, վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մաuին և միևնույն հիմքերով առկա է Էրեբունու շրջանի ժողդատարանի թիվ 2-258 քաղաքացիական գործով 18.04.1995 թվականի oրինական ուժի մեջ մտած վճիռ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մաuին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճիռ:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը կարճել է ձեռքբերման վաղեմության ուժով տան մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասով գործի վարույթը, վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մաuին և միևնույն հիմքերով առկա է Էրեբունու շրջանի ժողդատարանի թիվ 2-258 քաղաքացիական գործով 18.04.1995 թվականի oրինական ուժի մեջ մտած վճիռ:

Մինչդեռ 18.04.1995 թվականի Էրեբունու շրջանի ժողդատարանի վճռից հետևում է, որ այդ քաղաքացիական գործով հայցապահանջի հիմքը գույքի կառուցումն է, իսկ սույն քաղաքացիական գործով՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչումը: Հետևաբար, Էրեբունու շրջանի ժողդատարանի թիվ 2-258 գործով 18.04.1995 թվականին կայացված վճռով և սույն քաղաքացիական գործով վեճի հիմքերը տարբեր են: Բացի այդ տարբեր է նաև գործին մասնակցող անձանց կազմը: Մասնավորապես, Էրեբունու շրջանի ժողդատարանի թիվ 2-258 գործով բացակայում է սույն քաղաքացիական գործով վեճի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ՝ Արփենիկ Հովհաննիսյանը: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառման հիմքերըԽսույն քաղաքացիական գործով բացակայում են:

Հիմք ընդունելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար և գնահատման առարկա դարձներ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով Հայկարամ Գալոյանի և Արփենիկ Հովհաննիսյանի կողմից վեճի առարկա տան մասի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հարցը:

Այսպիսով, բողոքի հիմքի հիմնավոր լինելը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածների համաձայն վճռաբեկ բողոքը բավարարելու և ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան