Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.10.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-1633/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1452 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան
դատավորներ՝ Տ. Սահակյան
  Ն. Հովսեփյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Հունանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.06.2007 թվականի թիվ 07-1633 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Արթուր Հունանյանի հայցի ընդդեմ Գայանե Աղաջանյանի և Հովհաննես Գրիգորյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 11.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև այդ գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկման ենթակա տոկոսները:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 06.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 12.06.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Հունանյանը:

Վճռաբեկ բողոքին Գայանե Աղաջանյանը և Հովհաննես Գրիգորյանը ներկայացրել են պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները չի գնահատել բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, ճիշտ չի գնահատել կողմերի միջև ծագած իրավահարաբերությունը:

Այսպես, Վերաքննիչ դատարանը մի դեպքում հիմք ընդունելով Արթուր Հունանյանի և Վարդան Մինասյանի միջև կնքված և նոտարական կարգով վավերացված փոխառության պայմանագիրը, որի համաձայն՝ Վարդան Մինասյանը պետք է 11.000 ԱՄՆ դոլար վճարեր Արթուր Հունանյանին մինչև 29.06.2001 թվականը և համարելով, որ դա հանդիսանում է Հովհաննես Գրիգորյանին տրված վիճարկվող գումարը, մյուս դեպքում հաշվի չի առել այն հանգամանքը, որ այդ պայմանագրի կնքումից մեկ տարի անց Գայանե Աղաջանյանն այդ նույն վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորագիր է տվել Արթուր Հունանյանին և պարտքի մարումը վերցրել իր վրա այն պատճառով, որ ամուսինը գտնվում է արտասահմանում:

Վերաքննիչ դատարանը կողմերի միջև ծագած իրավահարաբերությունը գնահատել է որպես պարտքի փոխանցում, այնինչ Հովհաննես Գրիգորյանն Արթուր Հունանյանի նկատմամբ ունեցած 11.000 ԱՄՆ դոլար գումարի պարտքը Վարդան Մինասյանին չի փոխանցել: Վարդան Մինասյանն Արթուր Հունանյանին պարտավորագիր է տվել այն բանից հետո, երբ իմացել է, որ գումարի մի մասը Հովհաննես Գրիգորյանը վճարել է Վարդան Մինասյանին: Պարտքի փոխանցման ժամանակ պարտատիրոջ համաձայնությամբ պարտավորությունը մեկ անձից անցնում է մեկ այլ անձի: Մինչդեռ, տվյալ դեպքում, Վարդան Մինասյանը կամավոր ստանձնել է պարտավորության կատարումը՝ չկապելով այն Հովհաննես Գրիգորյանի և Արթուր Հունանյանի միջև ունեցած պարտավորության հետ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արթուր Հունանյանի գումարները միասին ձեռնարկատիրական նպատակներով օգտագործել են Հովհաննես Գրիգորյանը և Վարդան Մինասյանը, նշված անձինք Արթուր Հունանյանի առջև համապարտ պարտականություն են ստանձնել գումարները վերադարձնելու հարցում:

Բացի այդ, վճիռը բավարար պատճառաբանված չէ, քանի որ վճռում ոչ միայն պետք է նշել նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը, ինչը դատարանի կողմից չի արվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 12.06.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

04.12.2001 թվականի պարտավորագիրը Գայանե Աղաջանյանի կողմից ստորագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում՝ ճնշման արդյունքում:

Վերաքննիչ դատարանը ճիշտ է գնահատել գործում եղած օրինական ճանապարհով ձեռք բերված միակ օրինական փաստաթուղթը՝ Արթուր Հունանյանի և Վարդան Միանասյանի միջև նոտարական կարգով վավերացված պայմանագիրը և ճիշտ է գնահատել այն: Ինչ վերաբերում է համապարտ պարտավորություններին, ապա տվյալ պարտավորությունները պետք է լինեն գրավոր, այնինչ Հովհաննես Գրիգորյանի և Արթուր Հունանյանի միջև ինչպես նաև Հովհաննես Գրիգորյանի և Վարդան Մինասյանի միջև համապարտ պարտավորություններ ձեռք բերելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի կնքվել: Նման պայմաններում ընդհանրապես խոսք չէր կարող լինել Հովհաննես Գրիգորյանի պարտքի փոխանցումը նրա հետ փաստական ամուսնության մեջ գտնվող Գայանե Աղաջանյանին:

Միաժամանակ, վճռաբեկ բողոքի պատասխանին է կցվել Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի՝ նույն հայցվորի կողմից ներկայացված մեկ այլ հայցով 08.08.2007 թվականին կայացված վճիռ, որտեղ հայցվորը նույն հարցն այլ կերպ է ներկայացնում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Քրեական գործի հարուցումը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության քննիչի 04.12.2001 թվականի որոշման, ինչպես նաև 20.01.2002 թվականի քրեական գործի վարույթը կարճելու և Հովհաննես Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչի որոշման համաձայն՝ Արթուր Հունանյանը «Առեկսիմբանկ» ՓԲԸ-ից 1999 թվականի նոյեմբեր ամսին ստացել է 20.000 ԱՄՆ դոլար վարկ՝ մեկ տարվա մարման ժամկետով: Վերջինս բանկից տարբեր ժամանակահատվածներում ստացած գումարների մի մասը տվել է ընկերոջը՝ Հովհաննես Գրիգորյանին և պայմանավորվել վարկը մարել միասին՝ պայմանագրով նախատեսված ժամկետում: Հովհաննես Գրիգորյանն էլ իր հերթին գումարի մի մասը հանձնել է Վարդան Մինասյանին:

2) 29.09.2000 թվականին Արթուր Հունանյանի և Վարդան Մինասյանի միջև կնքված և նոտարական վավերացման ենթարկված փոխառության պայմանագրի համաձայն՝ Արթուր Հունանյանը Վարդան Մինասյանին տրամադրել է 11.000 ԱՄՆ դոլար մինչև 29.06.2001 թվականը վերադարձնելու պայմանով՝ առանց տոկոսների վճարման:

3) 04.12.2001 թվականին Գայանե Աղաջանյանը տվել է գրավոր պարտավորագիր, որով պարտավորվել է իր ամուսնու փոխարեն վեցամսյա ժամկետում վճարել նրա կողմից Արթուր Հունանյանից վերցրած 11.000 ԱՄՆ դոլարը:

4) Թիվ 2-1287 քաղաքացիական գործով ըստ Արթուր Հունանյանի հայցի ընդդեմ Հովհաննես Գրիգորյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 08.08.2007 թվականի վճռով Արթուր Հունանյանի հայցը մերժվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը՝ նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտքի փոխանցման ձևի նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում ամրագրված կանոնները, այն է՝ հասարակ գրավոր կամ նոտարական ձևով կնքված գործարքի վրա հիմնված պահանջը պետք է զիջվի նույն ձևով, իսկ այն գործարքով, որից ծագող իրավունքներն ենթակա են պետական գրանցման, պահանջի զիջումը պետք է գրանցվի այդ իրավունքների գրանցման համար սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Տվյալ դեպքում, Հովհաննես Գրիգորյանի մոտ Արթուր Հունանյանին գումար վճարելու պարտավորության առկայության փաստը չհիմնավորելու պայմաններում հիմնավոր է վճռաբեկ բողոքի՝ սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածը կիրառման ենթակա չլինելու վերաբերյալ հիմքը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացված իր բազմաթիվ որոշումներում արդեն՝ անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն, 21.12.2006թ. քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի բողոքարկվող վճռում հաստատված չեն կիրառված իրավական նորմերի համար անհրաժեշտ և բավարար փաստական հանգամանքներ:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի կիրառման ենթակա լինելու մասին վճռաբեկ բողոքի հիմքին, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում այն պատճառաբանությամբ, որ տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը չի հաստատել Հովհաննես Գրիգորյանի մոտ համապատասխան պարտավորության առկայության հանգամանքը, իսկ տվյալ հոդվածով կարգավորվում են պարտատիրոջ իրավունքները համապարտ պարտավորության դեպքում: Հետևաբար, համապարտ պարտավորության կանոնները տվյալ դեպքում ենթակա չեն կիրառման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը նույնպես անհիմն է համարում, քանի որ նշված հիմքի պնդումն հիմնավորող որևէ փաստարկ բողոք բերած անձը չի ներկայացրել:

Սակայն, բողոքի 4-րդ կետում նշված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածը կիրառելի չլինելու հիմքը բավարար չէ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար, քանի որ տվյալ դեպքում, գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտի առկայության պայմաններում դրա բեկանումը չի բխում արդարադատության արդյունավետության շահերից:

Նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը պատճառաբանելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Սահմանադրության և Կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը պատճառաբանելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը պատճառաբանելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում հետևյալ պատճառաբանությունները.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման առարկա է հանդիսանում Գայանե Աղաջանյանի և Հովհաննես Գրիգորյանի մոտ Արթուր Հունանյանին 11.000 ԱՄՆ դոլար գումար վերադարձնելու պարտավորության առկայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին մասի՝ փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի՝ ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների՝ կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ: Այսինքն, փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթղթերը կարող են հանդիսանալ փոխառության պայմանագրի և դրա պայմանների մասին հավաստող թույլատրելի ապացույցներ:

Մինչդեռ, գործում բացակայում է որևէ թույլատրելի կամ վերաբերելի ապացույց, որը կհավաստեր Հովհաննես Գրիգորյանի կամ Գայանե Աղաջանյանի կողմից Արթուր Հունանյանից փոխառության պայմանագրով գումար վերցրած լինելու և տվյալ գումարը վերադարձնելու պարտավորության առկայության հանգամանքը:

Ինչ վերաբերում է 04.12.2001 թվականին Գայանե Աղաջանյանի կողմից տրված գրավոր պարտավորագրին, ապա դա Գայանե Աղաջանյանի մոտ պարտավորության առկայության մասով ոչ վերաբերելի ապացույց է, իսկ Հովհաննես Գրիգորյանի մոտ գումար վճարելու պարտավորության առկայության մասով հանդիսանում է ոչ թույլատրելի ապացույց՝ հետևյալ պատճառաբանությամբ՝

- Տվյալ պարտավորագրով պատասխանող Գայանե Աղաջանյանը չի ընդունել իր կողմից Արթուր Հունանյանից փոխառության պայմանագրով գումար վերցնելու և իր մոտ վերջինիս տվյալ գումարը վճարելու պարտավորության առկայության հանգամանքը,

- Հովհաննես Գրիգորյանի մոտ Արթուր Հունանյանից գումար վերցնելու և վերադարձնելու պարտավորության առկայության մասով Գայանե Աղաջանյանի կողմից տրված պարտավորագիրը հանդիսանում է ոչ թույլատրելի ապացույց, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով տվյալ դեպքում թույլատրելի ապացույց կարող էր հանդիսանալ փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ (այսինքն՝ միայն փոխառուի կողմից որոշակի գումար ստացած լինելու մասին որևէ ուղղակի գրավոր ապացույց):

Տվյալ դեպքում, Հովհաննես Գրիգորյանի մոտ Արթուր Հունանյանին գումար վճարելու պարտավորության առկայության մասին տրված պարտավորագիրը Հովհաննես Գրիգորյանի մոտ պարտավորության առկայության մասով կարելի է հավասարեցնել վկայի ցուցմունքին, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն գործով հանդիսանում է ոչ թույլատրելի ապացույց, քանի որ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների՝ վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը մասնակիորեն հիմնավոր համարելով՝ Վճռաբեկ դատարանն այն բավարար չի դիտում ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 12.06.2007 թվականի վճիռը բեկանելու համար: Հետևաբար, սույն վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 12.06.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան