Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.10.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 2-1947/2005թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1455 (Ա)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ժ. Վարդանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Միխաիլ Մինասբեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 25.05.2005 թվականի վճռի դեմ՝ ըստ Կարինե Վասիլյանի դիմումի՝ բազմաբնակարան շենքի բաժնային սեփականության ներքո գտնվող տանիքային տարածքը սեփականության իրավունքով տիրապետելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին,


ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ դիմումատուն պահանջել է հաստատել Երևանի Մաշտոցի պողոտայի 50ա բազմաբնակարան շենքի թիվ 19 բնակարանի վրա գտնվող 150 քմ մակերեսով տանիքային հատվածը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը:

ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.05.2005 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միխաիլ Մինասբեկյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ դատաքննությանը մասնակից դարձվելու անձի իրավունքը, չի կիրառել նույն օրենսգրքի 192-րդ հոդվածը և 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տանիքային տարածքը, որի նկատմամբ ճանաչվել է Կարինե Վասիլյանի սեփականության իրավունքը, գտնվում է բողոք բերած անձի բնակարանի վերևում: Վերջինս Երևանի Մաշտոցի պողոտայի 50ա բազմաբնակարան շենքի բնակիչ է և չի տվել համաձայնություն իր տան վերևում գտնվող տանիքային տարածքն այլ անձի կողմից տիրապետելու, օգտագործելու և սեփականաշնորհելու համար:

Դատարանը դիմումը պետք է թողներ առանց քննության, քանի որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի վերաբերյալ:

2) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ և 187-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատաքննությամբ չի հիմնավորվել, որ դիմումատուն տասը տարուց ավելի անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ կերպով տիրապետում է Երևանի Մաշտոցի պողոտայի 50ա բազմաբնակարան շենքի թիվ 19 բնակարանի վերևում գտնվող տարածքը: Տվյալ տարածքը մինչև օրս գտնվում է Միխաիլ Մինասբեկյանի տիրապետման ներքո:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.05.2005 թվականի վճիռը և դիմումը թողնել առանց քննության կամ մերժել ամբողջությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 50ա շենքի թիվ 17, 20, 14, 6, 16, 13 բնակարանների սեփականատերերը «Կենտրոն» համատիրության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից համատիրության կնիքով հաստատված համաձայնագրով տվել են համաձայնություն այն մասին, որ նույն շենքի բնակիչ Կարինե Վասիլյանը սեփականաշնորհի թիվ 19 բնակարանի վրա գտնվող տանիքային տարածքը՝ 137 քմ մակերեսով:

Միաժամանակ, հայտնել են, որ թիվ 19 բնակարանի սեփականատերն ավելի քան 15 տարի չի բնակվում այդ շենքում և բնակարանի վրա գտնվող տանիքային տարածքը մշտապես օգտագործվել է Կարինե Վասիլյանի կողմից:

2) Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 50ա շենքի թիվ 19 բնակարանը թիվ 756406 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն պատկանում է Միխաիլ Մինասբեկյանին:

3) Միխաիլ Մինասբեկյանին 25.05.2005 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացնելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ, դատարանը գործը քննել է Միխաիլ Մինասբեկյանի բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածներն ամրագրում են բազմաբնակարան շենքի բանակարանների և /կամ/ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի՝ շենքը կրող կառուցվածքների, շենքի միջհարկային ծածկերի, նկուղների, ձեղնահարկի, տեխնիկական հարկերի, տանիքի, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերի, աստիճանավանդակների, աստիճանների, վերելակների, վերելակային և այլ հորերի, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումների ու տարածքների նկատմամբ բաժնային սեփականության իրավունքը:

Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով կարող է պատկանել նաև տվյալ կամ այլ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք, ինչպես նաև հողամաս, շարժական, անշարժ կամ ցանկացած այլ գույք:

Նշված օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ շինության սեփականատերերն ընդհանուր բաժնային սեփականությունը տիրապետում, օգտագործում և տնօրինում են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բազմաբնակարան շենքերի տանիքը պատկանում է շենքի բոլոր սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով և, հետևաբար, այն կարող է տնօրինվել, օգտագործվել կամ տիրապետվել միայն բոլոր սեփականատերերի համաձայնությամբ:

Սույն գործով Կարինե Վասիլյանը դիմում է ներկայացրել Դատարան՝ բազմաբնակարան շենքի բաժնային սեփականության ներքո գտնվող տանիքային տարածքը սեփականության իրավունքով տիրապետելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջով: Դատարանը, բավարարելով դիմումը, վճռել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Կարինե Վասիլյանը սեփականության իրավունքով տիրապետում է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 50ա շենքի թիվ 19 բնակարանի վերևում գտնվող տանիքային տարածքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտում: Մասնավորապես, վիճելի տարածքը սեփականության իրավունքով տիրապետելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու մասին վճիռ կայացնելով, փաստորեն, դատարանը վճիռ է կայացրել Երևանի Մաշտոցի պողոտայի 50ա բազմաբնակարան շենքի բնակիչ՝ Միխաիլ Մինասբեկյանի, իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված խախտումը հանգեցրել է բողոք բերած անձի՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ հայցն առանց քննության թողնելու լիազորությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա (Տես՝ «Ֆիրմա ՄՄ» ՍՊԸ-ի դիմումը, 02.03.2007թ, քաղաքացիական գործ թիվ 3-445/Ա (հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով):

Այսպիսով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործում բացակայում է Միխաիլ Մինասբեկյանի համաձայնությունը Կարինե Վասիլյանի կողմից շենքի թիվ 19 բնակարանի վրա գտնվող տանիքային տարածքը սեփականաշնորհելու վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի դատական քննության ժամանակ առերևույթ առկա է եղել փոխադարձ կապ քննարկվող փաստի և Միխաիլ Մինասբեկյանի իրավունքների միջև: Հետևաբար, սույն գործի դատական քննության ժամանակ առկա է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հայցն առանց քննության թողնելու հիմքը:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել Միխայիլ Մինասբեկյանի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն կարող քննարկվել Վճռաբեկ դատարանի կողմից:

Սույն բողոքի առաջին հիմքի հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի և 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն Դատարանի վճիռը բեկանելու և դիմումն առանց քննության թողնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.05.2005 թվականի վճիռը և դիմումը թողնել առանց քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:


Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան