ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1434 (ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Լ. Գրիգորյան |
դատավորներ՝ | Կ. Հակոբյան |
Մ. Ասատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի հոկտեմբերի 10-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռաֆիկ Եգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.07.2007 թվականի թիվ 07-1208/07-1987/2007թ. քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Ռաֆիկ Եգորյանի հայցի ընդդեմ Նարինե Առաքելյանի՝ ավտոտնակի ազատ օգտագործումն ապահովելու պահանջի մասին և ըստ Նարինե Առաքելյանի, Նելլի Դրամպյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ռաֆիկ Եգորյանի՝ Երևանի Երզնկյան 24 հասցեում գտնվող ինքնակամ կառույցը Ռաֆիկ Եգորյանին քանդելուն պարտավորեցնելու կամ հայցվորների հաշվին այն քանդելու թույլտվություն տալու պահանջի մասին և ըստ Ռաֆիկ Եգորյանի հայցի ընդդեմ Նարինե Առաքելյանի, Նելլի Դրամպյանի, երրորդ անձ՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման, Արաբկիրի թաղապետարանի՝ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, վիճելի հողատարածքի մասով պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ռաֆիկ Եգորյանը պահանջել է հարկադրել պատասխանողին չխոչընդոտել ավտոտնակի օգտագործմանը և ապահովել իր ավտոտնակի ազատ օգտագործումը, ինչպես նաև դրանով զբաղեցված հողամասի 37,6 քմ մակերեսի մասով մասնակի անվավեր ճանաչել Նարինե Առաքելյանի՝ 23.03.2007 թվականի՝ Երզնկյան փողոցի թիվ 24 բնակելի տան և կից հողատարածքի ու Նելլի Դրամպյանի՝ 23.03.2007 թվականի՝ Երզնկյան փողոցի թիվ 24 տան և կից հողատարածքի սեփականության իրավունքի պետական գրանցումները, ճանաչել սեփականության իրավունքը ավտոտնակով զբաղեցված 37,6 քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 27.12.2007 թվականի վճռով Ռաֆիկ Եգորյանի հայցն ընդդեմ Նարինե Առաքելյանի՝ ավտոտնակի ազատ օգտագործումն ապահովելու պահանջի մասին մերժվել է, իսկ Նարինե Առաքելյանի և Նելլի Դրամպյանի հակընդդեմ հայցը բավարարվել է՝ վճռվել է Ռաֆիկ Եգորյանին պարտավորեցնել քանդելու իր կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը և հողամասը բերել նախկին վիճակի:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.04.2007 թվականի վճռով ճանաչվել է Ռաֆիկ Եգորյանի սեփականության իրավունքը Երևանի Երզնկյան փողոցի թիվ 24 տան 538 քմ մակերեսով ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողատարածքի՝ Ռ.Եգորյանի կողմից օգտագործվող ավտոտնակով զբաղեցված 37.6 քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ: Մասնակի՝ Ռ.Եգորյանի ավտոտնակի զբաղեցրած 37.6 քմ մակերեսով հողատարածքի մասով անվավեր են ճանաչվել Նարինե Առաքելյանի և Նելլի Դրամպյանի՝ 23.03.2007 թվականին կատարված՝ Երզնկյան փողոցի թիվ 24 տան և կից հողատարածքի սեփականության իրավունքի պետական գրանցումները:
Վերաքննիչ դատարանի 09.07.2007 թվականի վճռով Ռաֆիկ Եգորյանի հայցն ընդդեմ Նարինե Առաքելյանի՝ ավտոտնակի ազատ օգտագործումն ապահովելու պահանջի մասին մերժվել է: Ռաֆիկ Եգորյանի հայցն ընդդեմ Նարինե Առաքելյանի, Նելլի Դրամպյանի՝ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, վիճելի հողատարածքի մասով պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին մերժվել է: Նարինե Առաքելյանի, Նելլի Դրամպյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Ռաֆիկ Եգորյանի՝ Երևանի Երզնկյան 24 հասցեում գտնվող ավտոտնակը Ռաֆիկ Եգորյանին քանդելուն պարտավորեցնելու կամ հայցվորների հաշվին այն քանդելու թույլտվություն տալու պահանջի մասին բավարարվել է և Ն.Առաքելյանին ու Ն.Դրամպյանին թույլատրվել է քանդել նրանց սեփականությամբ պատկանող հողամասում գտնվող 37,6 քմ մակերեսով ավտոտնակը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռաֆիկ Եգորյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան են ներկայացրել Նելլի Դրամպյանը և Նարինե Առաքելյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորմամբ.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի, 109-րդ հոդվածի 1-ին ենթակետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանի վճիռը հիմնավորված չէ դատական նիստում հետազոտված ապացույցներով, մասնավորապես, դատարանը պատշաճ գնահատության չի արժանացրել գործում առկա՝ սեփականության իրավունքի վկայագրերը և այդ կապակցությամբ հայցվոր կողմի ներկայացրած բացատրությունն ու միջնորդությունը:
Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, գործում առկա ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել, դրանք չի գնահատել գործում առկա մյուս ապացույցների համադրությամբ, ինչի հետևանքով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանք է դիտել գործի քննության հետ առնչություն չունեցող այն փաստը, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հասցեների բյուրոյի կողմից տրված տեղեկանքն այն մասին, որ Ռաֆիկ Եգորյանը 10.02.1991 թվականից հաշվառված է Երևանի Նոր Արեշի 50 փողոցի 8 տանը: Դրա միջոցով դատարանը եզրահանգել է և հաստատված է համարել այն փաստը, որ Ռաֆիկ Եգորյանը չի բնակվում Օրբելի փողոցի 8 շենքի թիվ 35 բնակարանում, հետևաբար, և չի օգտագործում նշված ավտոտնակը, այն դեպքում, երբ հաշվառված լինելու կամ չլինելու փաստը որևէ առնչություն չունի գույքն օգտագործելու հետ, քանի որ առարկայական կապ չկա տվյալ հասցեում հաշվառված լինելու և ավտոտնակին տիրապետելու միջև:
Հակընդդեմ հայցը բավարարելիս դատարանը հաստատված է համարել և հիմք է ընդունել այն փաստը, որ Սարգիս Շիր-Հակոբյանի մահից հետո վերջինիս ժառանգն էր կինը՝ Նելլի Դրամպյանը, սակայն ժառանգության իրավունքի վկայագրից բխող իրավունքը պետական գրանցում չի ստացել: Սակայն գործում առկա են թիվ 4773 ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա կատարված իրավունքների գրանցման մասին վկայող սեփականության իրավունքի վկայագրերը, որոնք ուղղակի ապացույց են այն մասին, որ Նելլի Դրամպյանի իրավունքները չեն խախտվել և նրա կողմից ստացված ժառանգական գույքի նկատմամբ իրավունքները գրանցվել են:
Գործում առկա՝ սեփականության իրավունքի թիվ 2245154 և 2245155 վկայականները, գրավոր ապացույցներ են առ այն, որ հակընդդեմ հայցն անհիմն է, հետևաբար, գործի վարույթն այդ մասով ենթակա էր կարճման: Առարկայազուրկ հայցով վեճն ըստ էության լուծելով և կայացնելով վճիռ՝ դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետի, 131-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերի, 132-րդ հոդվածի 1-ին կետի չորրորդ և հինգերորդ պարբերության պահանջները:
2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, 187-րդ հոդվածի 1-ին մասը, 278-րդ և 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և կիրառել է նույն օրենսգրքի 274-րդ հոդվածը, 277-րդ և 188-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:
Վիճելի ավտոտնակով զբաղեցված հողամասը 1991 թվականից մինչ օրս բացահայտ, անընդմեջ որպես սեփական գույք տիրապետվում և օգտագործվում է Ռ.Եգորյանի կողմից, ինչի մասին է վկայում այն հանգամանքը, որ ավտոտնակը կառուցվել է վերջինիս կողմից, այն 1991 թվականից մինչև 2003 թվականը՝ Սարգիս Շիր-Հակոբյանի մահը օգտագործվել է հողի սեփականատիրոջ համաձայնության պայմաններում: Հետևաբար, հայցվոր Ռ.Եգորյանը ձեռքբերման վաղեմության ուժով վիճելի ավտոտնակով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:
Բողոք բերած անձը պահանջել է հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճել, իսկ հայցի մասով փոփոխել վճիռը և այն բավարարել, կամ օրինական ուժ տալ սույն գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի թիվ 2-778 քաղաքացիական գործով 16.04.2007 թվականին կայացված վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանը.
ՀՍՍՀ Երևանի 26 կոմիսարների շրջանային սովետի գործկոմի 09.07.1977 թվականի թիվ 14 որոշմամբ ք.Երևան, Օրբելի 8, բն. 35 հասցեի բնակիչ քաղաքացի Ռաֆիկ Հայրապետի Եգորյանին թույլատրվել է ք.Երևան, Երզնկյան 24 հասցեի Նարինե Առաքելյանի և Նելլի Դրամպյանի սեփական տան հողամասում իրեն անձնական օգտագործման մեքենայի համար ժամանակավոր տեղադրել 3.5 X 5.5 քմ մակերեսով ավտոտնակ: Որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ ավտոտնակի չափերը խախտելու կամ այլ նպատակի օգտագործելու դեպքում թույլտվությունը չեղյալ կհամարվի և այն կքանդվի վարչական կարգով: Ավտոտնակը կառուցվել է որոշմամբ սահմանված չափերի խախտմամբ, որը հաստատվում է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման կողմից 02.04.2007 թվականին տրված թիվ 1206ա գրությամբ, որում Ռ.Եգորյանի կողմից կառուցված ավտոտնակի փաստացի չափերը հետևյալն են. երկարությունը՝ 8.4 քմ, լայնությունը՝ 4.48 քմ, ընդհանուր մակերեսը՝ 37.6 քմ: Ռ.Եգորյանը ոչ միայն խախտել է որոշման պահանջը, այլև համապատասխան չափերով տեղադրելու փոխարեն կառուցել է ավտոտնակը 37.6 քմ ընդհանուր մակերեսով, չունենալով Նարինե Առաքելյանի և Նելլի Դրամպյանի իրավանախորդի գրավոր համաձայնությունը կառուցելու մասին: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Ներկայումս հայցվորի կողմից կառուցված ավտոտնակը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով ինքնակամ կառույց է: Ավելին, նույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն՝ ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը: Ներկայումս այն հողամասը, որի վրա գտնվում է ավտոտնակը, ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է Ն.Առաքելյանին և Ն.Դրամպյանին: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությունը կիրառելի չէ ներկայիս իրավահարաբերության նկատմամբ, քանի որ ավտոտնակի կառուցմամբ չեն պահպանվել օրենքի և այլ իրավական ակտերի պահանջները՝ տվյալ դեպքում որոշման պահանջները: Նույն հոդվածի 5-րդ պարբերությունը կիրառելի չէ նույնպես ներկայիս իրավահարաբերության նկատմամբ, քանի որ պատասխանողները երբևիցե չեն հրաժարվել կամ կորցրել իրենց սեփականության իրավունքը այդ հողամասի նկատմամբ: Ավելին, պատասխանողները բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում են այդ հողատարածքը որպես սեփական գույք, որը ապացուցվում է տարիների ընթացքում վճարված ՀՀ հարկային պետական տեսչության հողի հարկի և գույքահարկի վճարման անդորրագրերով: Հայցվորին թույլատրվել է ընդամենը վիճելի հասցեի հողամասում տեղադրել ավտոտնակ: Այսինքն, հայցվորը որպես սեփական գույք չի տիրապետել ավտոտնակի տակ գտնվող հողամասը: Հետևապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը ներկայիս իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չէ: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի՝ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից, նույն օրենսգրքի 277-րդ հոդվածի՝ սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ: Նույն օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՍՍՀ ժողովրդական դեպուտատների Երևանի 26 կոմիսարների անվան շրջսովետի գործկոմի 09.06.1977 թվականի թիվ 14 որոշմամբ Երևանի Օրբելի փողոցի թիվ 8 հասցեի 35-րդ բնակարանի բնակիչ Ռաֆիկ Հայրապետի Եգորյանին թույլատրվել է Երզնկյան փողոցի 24 հասցեի՝ Սարգիս Շիր-Հակոբյանի սեփական տան հողամասում տեղադրել 19.25 քմ (3.5 X 5.5) մակերեսով ավտոտնակ:
2) Նույն որոշման համար հիմք է ծառայել նաև հողօգտագործող Սարգիս Շիր-Հակոբյանի գրավոր համաձայնությունը:
3) Սարգիս Շիր-Հակոբյանը մահացել է 2003 թվականին:
4) 23.03.2007 թվականին վիճելի հասցեի ժառանգական գույքի նկատմամբ Սարգիս Շիր-Հակոբյանի ժառանգ Նելլի Դրամպյանի իրավունքները պետական գրանցում են ստացել:
5) Ներկայումս ավտոտնակը փաստացի զբաղեցնում է 37.6 քմ մակերես, ինչի վերաբերյալ հողի սեփականատերեր Սարգիս Շիր-Հակոբյանը, Նելլի Դրամփյանը և Նարինե Առաքելյանը մինչև 2002 թվականը որևէ առարկություն չեն ներկայացրել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատել է բոլոր ապացույցները, ինչի հետևանքով գործում առկա՝ Ռաֆիկ Եգորյանի բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ռ.Եգորյանը չի տիրապետել վիճելի ավտոտնակը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ավտոտնակը տիրապետելու հանգամանքը քաղաքացու հաշվառման վայրի մասին տեղեկանքով չի կարող հաստատվել, քանի որ տվյալ դեպքում խոսքը գնում է ավտոտնակի տիրապետման մասին: Դատարանը պատշաճ գնահատության չի արժանացրել ՀՍՍՀ ժողովրդական դեպուտատների Երևանի 26 կոմիսարների անվան շրջսովետի գործկոմի 09.06.1977 թվականի թիվ 14 որոշումը, որի համաձայն՝ Ռ.Եգորյանին թույլատրվել է վիճելի հասցեի հողամասում տեղադրել ավտոտնակ:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 130-րդ հոդվածի 3-րդ մասի, 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերի խախտման մասին բողոքի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանք անհիմն է համարում այն պատճառաբանությամբ, որ սույն գործով ներկայացված հակընդդեմ հայցապահանջը ներկայացվել է մի քանի հիմքերով և այդ հիմքերից մեկի ենթադրյալ բացակայության դեպքում հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը ենթակա չէ կարճման:
2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Նույն օրենսգրքի 277-րդ և 280-րդ հոդվածների համաձայն՝ գույքը օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով տիրապետող անձն իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաև ընդդեմ սեփականատիրոջ: Քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի 26 կոմիսարների անվան շրջսովետի գործկոմի 09.06.1977 թվականի թիվ 14 որոշմամբ Ռաֆիկ Եգորյանին թույլատրվել է վիճելի հասցեի՝ Սարգիս Շիր-Հակոբյանի սեփական տան հողամասում տեղադրել 3.5X5.5 քմ մակերեսով ավտոտնակ:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանի այն փաստարկներին, թե Ռ.Եգորյանին ժամանակավոր է թույլատրվել ավտոտնակի կառուցումը, իսկ ավտոտնակը ինքնակամ կառույց է համարվում, հետևաբար, ենթակա է քանդման՝ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում այն պատճառաբանությամբ, որ թույլտվության մասին որոշմամբ որևէ ժամկետային սահմանափակում նախատեսված չէ, իսկ ավտոտնակով զբաղեցված և սեփականության իրավունքով պատասխանողներին և նրանց իրավանախորդներին պատկանող հողամասը Ռաֆիկ Եգորյանը 1991 թվականից մինչ այժմ (ավելի քան 10 տարի) բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, հետևապես, ձեռքբերման վաղեմության հիմքով այդ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:
Ձեռքբերման վաղեմության տարր հանդիսացող՝ բարեխղճության առկայությունը հաստատվում է վերը նշված ավտոտնակի թույլտվության մասին որոշմամբ: Իսկ այն հանգամանքը, որ Ռաֆիկ Եգորյանի ավտոտնակը կառուցման պահից՝ 1977 թվականից գտնվել է տվյալ հողամասի վրա, խոսում է հողամասի սեփականատիրոջ փաստացի համաձայնությամբ վիճելի հողամասի բացահայտ և անընդմեջ տիրապետման մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճելի հողամասի սեփականատերերի կողմից ավտոտնակի 37.6 քմ մակերեսով կառուցման հարցում որևէ առարկություն չի ներկայացվել, ապա Վճռաբեկ դատարանը դա դիտում է որպես պատասխանողների (նաև՝ իրավանախորդների) կողմից իրենց պատկանող հողամասի 37.6 քմ մակերեսով մասի սեփականության իրավունքից հրաժարում, քանի որ ավտոտնակի առկա չափերով կառուցման նկատմամբ համաձայնությունը այնպիսի գործողություն է, որը ակնհայտ վկայում է գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ և 277-րդ հոդվածների համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից: Սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ նշված հոդվածները կիրառելի չեն, քանի որ վիճելի ավտոտնակով ծանրաբեռնված հողամասը Ռ.Եգորյանի կողմից տիրապետվում է օրինական հիմքերով, հետևաբար, վերջինս իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաև ընդդեմ սեփականատիրոջ: Հետևաբար, վիճելի ավտոտնակի քանդման պահանջը՝ ներկայացված հիմքերով՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում:
Նույն օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Ավտոտնակով զբաղեցված հողամասի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի ձեռքբերման պայմաններում նշված հոդվածը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ այն սահմանում է հողամասի սեփականատիրոջ իրավունքը և ոչ՝ պարտականությունը, իսկ տվյալ դեպքում որպես հողամասի սեփականատեր է հանդես գալիս Ռ.Եգորյանը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև վճռաբեկ բողոքի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի, 274-րդ և 277-րդ հոդվածների կիրառելի չլինելու վերաբերյալ հիմքը:
Սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սեփական հողամասի վրա տեղադրված ավտոտնակի ազատ օգտագործումն ապահովելու՝ Ռաֆիկ Եգորյանի պահանջը ենթակա է բավարարման, իսկ Նարինե Առաքելյանի և Նելլի Դրամպյանի՝ Երևանի Երզնկյան 24 հասցեում գտնվող ավտոտնակը Ռաֆիկ Եգորյանին քանդելուն պարտավորեցնելու կամ հայցվորների հաշվին այն քանդելու թույլտվություն տալու պահանջի մասին հակընդդեմ հայցը՝ մերժման:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքը մասնակի, իսկ երկրորդ հիմքն ամբողջությամբ հիմնավոր է համարում և դրանց առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ, 227-րդ հոդվածների և 236-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 09.07.2007 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանելու և այն փոփոխելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 09.07.2007 թվականի թիվ 07-1208/07-1987/2007թ. քաղաքացիական գործով կայացված վճիռն ամբողջությամբ և այն փոփոխել:
2. Ռաֆիկ Եգորյանի հայցն ընդդեմ Նարինե Առաքելյանի՝ ավտոտնակի ազատ օգտագործումն ապահովելու պահանջի մասին՝ բավարարել:
3. Նարինե Առաքելյանի, Նելլի Դրամպյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Ռաֆիկ Եգորյանի՝ Երևանի Երզնկյան 24 հասցեում գտնվող ավտոտնակը Ռաֆիկ Եգորյանին քանդելուն պարտավորեցնելու կամ հայցվորների հաշվին այն քանդելու թույլտվություն տալու պահանջի մասին՝ մերժել:
4. Ճանաչել Ռաֆիկ Եգորյանի սեփականության իրավունքը Երևանի Երզնկյան փողոցի թիվ 24 տան 538 քմ մակերեսով ընդհանուր սեփականություն հանդիսացող հողատարածքի՝ Ռ.Եգորյանի կողմից օգտագործվող ավտոտնակով զբաղեցված 37.6 քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ:
5. Մասնակի՝ Ռաֆիկ Եգորյանի ավտոտնակի զբաղեցրած 37.6 քմ մակերեսով հողատարածքի մասով անվավեր ճանաչել Նարինե Առաքելյանի և Նելլի Դրամպյանի՝ 23.03.2007 թվականին՝ Երևանի Երզնկյան փողոցի թիվ 24 բնակելի տան և կից հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումները:
6. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Վ. Աբելյան |
Ս. Անտոնյան | |
Ս. Գյուրջյան | |
Ս. Սարգսյան |