Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.10.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ Տ1-90/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1425 (ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Էդ. Նահապետյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Մարալիկի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 31.05.2007 թվականի թիվ Տ1-90/2007թ. քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Մարալիկի «Բնակարանային կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի անվճարունակության գործով կառավարիչ Ս.Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Մարալիկի քաղաքապետարանի՝ 22.750.000 դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է Մարալիկի քաղաքապետարանից հօգուտ Մարալիկի «Բնակարանային կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի բռնագանձել ընկերության կանոնադրական կապիտալի արժեքը՝ 22.750.000 դրամ:

ՀՀ տնտեսական դատարանի 31.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Մարալիկի քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչի հետևանքով խախտվել են պատասխանողի՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 6-րդ հոդվածներով երաշխավորված՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և արդար դատաքննության իրավունքները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բողոք բերողը իրավունք ուներ հայցադիմումը ստանալու օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ՝ դրան կցելով հայցի դեմ իր առարկությունները հաստատող փաստաթղթեր կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն՝ մինչև երկու շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ: Դա նշանակում է, որ դատարանը պետք է գործի քննությունը այնպիսի հաշվարկով նշանակեր, որ ծանուցագիրը պատասխանողին հասնելուց հետո վերջինս առնվազն երկշաբաթյա ժամկետ ունենար պատասխան, հակընդդեմ հայց կամ ևս երկու շաբաթ տևողությամբ ժամկետ տրամադրելու միջնորդություն ներկայացնելու համար: Դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը քաղաքապետարանը ստացել է 22.05.2007 թվականին, այսինքն 25.05.2007 թվականին նշանակված (դատական նիստը նշանակվել է 2007 թվականի մայիսի 25-ի, որին պատասխանողը չի մասնակցել, իսկ վճիռը հրապարակվել է 2007 թվականի մայիսի 31-ին, ինչի վերաբերյալ պատասխանողը ծանուցված չի եղել) դատական նիստից ընդամենը 3 օր առաջ, ինչը հաստատվում է քաղաքացիական գործում առկա դատական նիստի մասին ծանուցման վերաբերյալ փաստաթղթից:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52 հոդվածի 2-րդ մասի և 31-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Քաղաքապետարանից 22.750.000 դրամ գումար բռնագանձելու մասին վճիռ է կայացվել, այն դեպքում, երբ այդ վճռի հիմքում դրված՝ ՀՀ տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած 02.03.2007 թվականի թիվ Տ1-1199 վճռով հաստատված է այն հանգամանքը, որ պարտավորական հարաբերությունները ծագել են Մարալիկի քաղաքային համայնքի և Մարալիկի «Բնակարանային կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի միջև: Նման պայմաններում Մարալիկի քաղաքապետարանը պատշաճ պատասխանող չէ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց (երրորդ անձանց) համար, 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքների անունից իրենց գործողություններով կարող են սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինները՝ իրենց իրավասության շրջանակներում, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 72-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներն առ այն, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն հանդես գալ որպես տնտեսական ընկերակցությունների ու ընկերությունների մասնակիցներ, այսինքն լինել բաժնետեր, հետևաբար, կրել բաժնետոմսերի դիմաց վճարելու պարտականություն:

3) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը գումար բռնագանձելու վճիռ է կայացրել այն դեպքում, երբ վճռի հիմքում դրված օրինական ուժի մեջ մտած վճռով և Ընկերության կանոնադրությամբ հաստատված է, որ պարտավորական հարաբերությունները ծագել են բաժնետոմսերի դիմաց կոնկրետ, որոշակի գույք հանձնելու հետ կապված, իսկ այդ գույքը չի հանձնվել, ինչը նշանակում է, որ դատարանը այս մասով ևս խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52 հոդվածի 2-րդ մասը:

4) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Սույն գործը քննող նախագահող դատավորը պետք է ինքնաբացարկ հայտներ, ինչը չի արել, այսինքն դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, ինչի արդյունքում թույլ է տվել նաև նյութական և դատավարական իրավունքի, այդ թվում՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և արդար դատաքննության իրավունքների խախտումներ: Նախագահող դատավորը տեղյակ էր, որ նույն անձանց միջև մեկ այլ գործով ի սկզբանե նախագահող դատավոր է եղել ինքը, սակայն պատասխանող Մարալիկի քաղաքապետարանն իրեն բացարկ է հայտնել և ՀՀ տնտեսական դատարանի նախագահի 2006 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումով բացարկն ընդունվել է, ու գործը փոխանցվել է այլ դատավորի:

5) Առկա է գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

05.01.2002 թվականի փոխադարձ ստուգման ակտով հաստատվում է, որ Մարալիկի քաղաքապետարանի պարտքը Բնակարանային կոմունալ տնտեսությանը տվյալ ժամանակահատվածում կազմել է ընդամենը՝ 740.300 դրամ:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 31.05.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի այն փաստը, որ քաղաքացիական գործում առկա փոստային ծանուցման համաձայն՝ Մարալիկի քաղաքապետարանին ուղղված պատվիրված նամակը վերջինիս կողմից ստացվել է 27.05.2007 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ստանալու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում պատասխանողը պարտավոր է դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ՝ դրան կցելով հայցի դեմ իր առարկությունները հաստատող փաստաթղթեր կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն՝ մինչև երկու շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ: Նշված հոդվածով հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելը պատասխանողի դատավարական պարտականությունն է, սակայն միաժամանակ դա վերջինիս դատավարական իրավունքն է, քանի որ դատավարական այդ ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ սահմանված հայցադիմումին պատասխան ներկայացնելը դիտում է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալից հետևում է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը: (տես՝ Վճռաբեկ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 3-1894(ՏԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումը):

Դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը քաղաքապետարանը ստացել է 22.05.2007 թվականին, այսինքն՝ 31.05.2007 թվականին նշանակված դատական նիստից ընդամենը 3 օր առաջ, ինչը հաստատվում է քաղաքացիական գործում առկա դատական նիստի մասին ծանուցման վերաբերյալ փաստաթղթից:

Այսպիսով, պատասխանողը զրկվել է դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից և արդյունքում խախտվել է անձի՝ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված» հավաuարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը» (արդար դատաքննության իրավունք):

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին, ապա Վճռաբեկ դատարանն անհնար է համարում դրանք քննության առարկա դարձնել, քանի որ կողմի փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել՝ կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում:

Վերը շարադրված պատճառաբանությունների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը բողոքի առաջին հիմքը հիմնավոր է համարում և այն դիտում է որպես բավարար հիմք ՀՀ քաղքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով ՀՀ տնտեսական դատարանի 31.05.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 31.05.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան