ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն |
Քաղաքացիական գործ թիվ 3-1423 (Ա) |
Նախագահող դատավոր՝ | Ս. Հովսեփյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Սարգսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի |
2007 թվականի հոկտեմբերի 10-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գալյա Ավդալյանի վճռաբեկ բողոքը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 06.03.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ընդդեմ Գալյա Ավդալյանի՝ տուգանքի, պետական տուրքի գումարները բռնագանձելու և մաքսային պարտավորության կատարումը պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Գալյա Ավդալյանից բռնգանձել 1.163.259 (մեկ միլիոն հարյուր վաթսուներեք հազար երկու հարյուր հիսունինը) ՀՀ դրամ, որից 1.136.528 (մեկ միլիոն հարյուր երեսունվեց հազար հինգ հարյուր քսանութ) ՀՀ դրամը` տուգանքի գումար, իսկ 26.731 (քսանվեց հազար յոթ հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամը` վճարված պետական տուրքի փոխհատուցում և պարտավորեցնել Գալյա Ավդալյանին ներկայացնելու «Բի Էմ Դաբլյու 5201» մակնիշի Սի 1977 Էմ Տի («BMW 5201» մակնիշի C 1977 MT) պետհամարանիշի ավտոմեքենայի հայտարարագիրը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 06.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գալյա Ավդալյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 94-րդ հոդվածի 1-ին մասը և 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված անձի՝ դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գործը քննել է պատասխանող Գալյա Ավդալյանի բացակայությամբ, առանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու:
Ինչ վերաբերում է գործում առկա հեռախոսագրին, ապա դրանում չի նշվել, թե այն երբ է ուղարկվել և ով է ստացել: Գալյա Ավդալյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով չտեղեկացնելու արդյունքում խախտվել են ՀՀ Սահմանադրության 14.1-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված Գ.Ավդալյանի բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ իրականացնելու իրավունքները, որոնք հանգեցրել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 06.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1) 08.02.2007 թվականի դիմումով Գալյա Ավդալյանի որդին՝ Գուրգեն Ավդալյանը, Դատարանին հայտնել է, որ Գալյա Ավդալյանը գտնվում է Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում և Հայաստան կվերադառնա նույն ամսվա վերջին:
2) Գործում առկա «Հեռախոսագիր» վերնագրված փաստաթղթում նշված է. «25-42-55 հեռախոսահամարով զանգահարել եմ պատասխանողին և տեղեկացրել եմ 6.03.07թ. կայանալիք դատական նիստի մասին»: «Հեռախոսագիրը» ստորագրված է քարտուղարի կողմից:
3) 06.03.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Դատարանի կողմից Գալյա Ավդալյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, Դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Գալյա Ավդալյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել 06.03.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ և կայացրել վճիռ: Քաղաքացիական գործում առկա չէ 06.03.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Գալյա Ավդալյանին ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ձևով ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:
Ինչ վերաբերում է «Հեռախոսագիր» վերնագրված փաստաթղթին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով այն չի կարող համարվել պատշաճ ծանուցում, քանի որ հեռախոսազանգը տվյալ դեպքում իրենից չի ներկայացնում հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի միջոց:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որը չպահպանելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի էական խախտում: Այս մասին Վճռաբեկ դատարանն իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշմամբ (տես քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի ընդդեմ Շահեն Բաբայանի՝ գումարի պահանջի մասին):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 06.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Ս. Գյուրջյան |