Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.10.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ Տ-345/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1412 (ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 12.03.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` Վարչություն) ընդդեմ «Հար-Բոջ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 2.618.803 (երկու միլիոն վեց հարյուր տասնութ հազար ութ հարյուր երեք) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Վարչությունը խնդրել է Ընկերությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 2.618.803 (երկու միլիոն վեց հարյուր տասնութ հազար ութ հարյուր երեք) ՀՀ դրամ, որից 2.542.527 (երկու միլիոն հինգ հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր քսանյոթ) ՀՀ դրամը` վճարման ենթակա տարաժամկետ գումար, 76.276 (յոթանասունվեց հազար երկու հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամը` տույժ:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 12.03.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել ՀՀ նախկին քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ ՀՀ սեփականաշնորհման նախարարության (հետագայում` Վարչության) կողմից կնքված 15.07.1998 թվականի թիվ 6467 մասնավորեցման պայմանագիրն ուժի մեջ չի մտել, քանի որ այն ստորագրած Արամ Ղուկասյանի լիազորությունները` նախարար Պավել Ղալթախչյանի անունից հանդես գալու, չեն ապացուցվել:

Մինչդեռ, 15.07.1998 թվականի թիվ 6467 մասնավորեցման պայմանագրով որպես վաճառող հանդես է եկել ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը (հետագայում՝ Վարչությունը), որը որպես մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմին հանդես է եկել ՀՀ կառավարության անունից, որը, ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, կառավարում է պետական սեփականությունը: Հետևաբար, պայմանագրի կողմ է հանդիսացել պետական գույքի սեփականատեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը, որն ուղղակիորեն չի հրաժարվել այդ պայմանագրից և նույն պայմանագրի հիման վրա, ընդունելով օբյեկտի հաշվարկված գնի մասնակի վճարումները, ուղղակի հավանություն է տվել այդ գործարքին: Նշված պայմանագրով կարգավորված են դրա բոլոր էական պայմանները, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքով այլ բան նախատեսված չէ, հետևաբար, վիճելի պայմանագիրը համարվում է կնքված կողմերի կողմից այն ստորագրելու պահից:

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 348-րդ, 369-րդ, 408-րդ, 421-րդ, 504-րդ հոդվածները, ինչպես նաև «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված հոդվածների խախտման մասին հիմնավորումներ չի ներկայացրել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 12.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ սեփականաշնորհման նախարարության (հետագայում` Վարչություն) և «Վարդան-86» լիակատար տնտեսական ընկերակցության (հետագայում` վերագրանցված «Հար Բոջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) միջև 15.07.1998 թվականին կնքվել է Երևանի Արցախի թիվ 42 հասցեում գտնվող 287,24քմ մակերեսով տարածքի մասնավորեցման (սեփականաշնորհման) թիվ 6467 պայմանագիրը: Օբյեկտի հաշվարկված գինը ՀՀ կառավարության 17.06.1997 թվականի թիվ 281 որոշմամբ կազմել է 6.060.753 (վեց միլիոն վաթսուն հազար յոթ հարյուր հիսուներեք) ՀՀ դրամ:

2) Պայմանագրով սահմանվել է օբյեկտի մասնավորեցման արժեքի տարաժամկետ վճարումներ մինչև 09.07.2000 թվականը տարին մեկ անգամ` տարաժամկետ վճարման սանդղակին համապատասխան:

3) Ընկերությունը կատարել է առաջին՝ 1998 թվականի համար նախատեսված 3.518.226 (երեք միլիոն հինգ հարյուր տասնութ հազար երկու հարյուր քսանվեց) ՀՀ դրամի վճարումը:

4) Հայցի ներկայացման պահին պետական բյուջեի նկատմամբ Ընկերության պարտքը կազմում է 2.618.803 (երկու միլիոն վեց հարյուր տասնութ հազար ութ հարյուր երեք) ՀՀ դրամ, որից վճարման ենթակա տարաժամկետ գումարը՝ 2.542.527 (երկու միլիոն հինգ հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ և այդ գումարը չվճարելու համար հաշվարկված տույժը՝ 76.276 (յոթանասունվեց հազար երկու հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (տես` «Մասիս» ԱՁ-ի տնօրեն Այվազ Թամրազյան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, 30.03.2007թ., քաղաքացիական գործ թիվ 3-337(ՏԴ), (սեփականաշնորհման պայմանագրով ձեռք բերված օբյետի հաշվարկված գնի չվճարված մասի վճարումներից ազատելու պահանջով)):

Սակայն կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ այլ անձի անունից գործելու լիազորության բացակայության կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն կնքած անձի անունից և ի շահ նրա, եթե մյուս անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին:

Հետագայում ներկայացվողի կողմից գործարքին հավանություն տալը տվյալ գործարքով նրա համար քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ է ստեղծում, փոփոխում և դադարեցնում` այն կնքելու պահից:

Սույն գործի փաստերի համաձայն՝ մասնավորեցման պայմանագրով որպես վաճառող հանդես է եկել ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը (հետագայում՝ Վարչությունը), որը որպես մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմին հանդես է եկել ՀՀ կառավարության անունից: Հետևաբար, պայմանագրի կողմ է հանդիսացել Հայաստանի Հանրապետությունը, որն ուղղակիորեն չի հրաժարվել այդ պայմանագրից: Դեռ ավելին, այդ պայմանագրի հիման վրա ընդունելով օբյեկտի հաշվարկված գնի մասնակի վճարումները, ուղղակի հավանություն է տվել այդ գործարքին:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի համաձայն՝ իրավական ակտը հետադարձ ուժ կարող է ունենալ միայն նույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում: Ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

17.06.1998 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ 1999 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կիրառվում է քաղաքացիական այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո՝ բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի: Մինչև 01.01.1999 թվականը ծագած պայմանագրային և այլ քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների և պարտականությունների մասով, որոնք կծագեն օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո:

Վիճելի պայմանագրի կնքման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն` պայմանագիրը կնքված է համարվում, երբ պատշաճ դեպքերում պահանջվող ձևով կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել նրա բոլոր էական կետերում:

Հաշվի առնելով, որ թիվ 6467 մասնավորեցման պայմանագրով կարգավորված են դրա բոլոր էական պայմանները, իսկ «Իրավական ակտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներով այլ բան նախատեսված չէ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի պայմանագիրը կնքված է կողմերի կողմից ստորագրելու պահից, հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441-րդ և 449-րդ հոդվածները սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն:

2) Վճռաբեկ դատարանը բողոքի երկրորդ հիմքի իրավական գնահատականին չի անդրադառնում, քանի որ բողոք բերած անձը չի հիմնավորել, թե ինչում է կայանում նշված հոդվածների խախտումները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Դատարանի 12.03.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 12.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան