Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.10.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Արմավիրի մարզի առաջին
ատյանի դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 2-712/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1404 (Ա)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Մ. Սիմոնյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Հրաչյա, Լորիկ, Լուսինե և Խորեն Շիրվանյանների վճռաբեկ բողոքը ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ 20.06.2007 թվականի թիվ 2-712/2007թ. քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ անհատ ձեռնարկատեր Խորեն Շիրվանյանի անվճարունակության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի հայցի ընդդեմ Հրաչյա, Լորիկ, Լուսինե և Խորեն Շիրվանյանների՝ բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի 3բ շենքի թիվ 10 հասցեում գտնվող բնակարանը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել և Խորեն Շիրվանյանի բաժնի դիմաց ստացված գումարի վրա բռնագանձում տարածել, իսկ մնացած գումարը բաշխել մյուս համասեփականատերերի միջև:

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 20.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել պատասխանողներ Հրաչյա, Լորիկ, Լուսինե և Խորեն Շիրվանյանները:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի և 109-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Գործում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 13.03.2006 թվականի թիվ 2-41/2006թ. քաղաքացիական գործով կայացված վճիռը, որպիսի պայմաններում դատարանը պետք է ղեկավարվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետով և գործի վարույթը կարճեր:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 60-րդ և 132-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

Նշված հոդվածների պահանջներից հետևում է, որ հայցվորի կողմից ենթակա է ապացուցման հետևյալ հանգամանքները.

ա) առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանները,

բ) բնակարանից բաժնի առանձնացումն անհնար է,

գ) պարտատերը մյուս համասեփականատերերից պահանջել է, իսկ վերջիններս հրաժարվել են ձեռք բերել այդ բաժինը:

Գործի նյութերում վերը նշվածը հիմնավորող ապացույցները բացակայում են: Հետևաբար, նման պայմաններում հայցը ենթակա էր մերժման:

3) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասը, դրանում նշված որոշակի հիմքերի, նախապայմանների միաժամանակյա առկայության պայմաններում է պարտատիրոջն իրավունք վերապահում պահանջելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 20.06.2007 թվականի թիվ 2-712/2007թ. քաղաքացիական գործով կայացրած վճիռը և գործի վարույթը կարճել կամ վճիռը փոփոխել և հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) ՀՀ տնտեսական դատարանի 03.03.2005 թվականի վճռով ա/ձ Խորեն Շիրվանյանը ճանաչվել է անվճարունակ: 15.07.2005 թվականին անվճարունակության գործով կառավարիչ է նշանակվել Խաչիկ Նազարյանը:

2) Խորեն Շիրվանյանը հանդիսանում է Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի 3բ շենքի 10-րդ բնակարանի համասեփականատեր:

3) Դեռևս 2006 թվականին սույն գործով հայցվորը դիմել է դատարան ընդդեմ բնակարանի համասեփականատերեր Հրաչյա, Լորիկ, Լուսինե և Խորեն Շիրվանյանների՝ բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր գույքից Խորեն Շիրվանյանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջով:

4) ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ 13.03.2006 թվականի թիվ 2-41/2006թ. քաղաքացիական գործով կայացված վճռով բավարարվել է Խ.Նազարյանի հայցը և վճռվել է Խորեն Շիրվանյանի բաժնի վրա բռնագանձում տարածել՝ այդ բաժինը հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի առաջին հիմքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 2006 թվականին Խ.Նազարյանը հայցով դիմել է դատարան ընդդեմ Հրաչյա, Լորիկ, Լուսինե և Խորեն Շիրվանյանների՝ բռնագանձում տարածելու նպատակով բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջներով: ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 13.03.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով նշված հայցը բավարարվել է և վճռվել է Խ.Շիրվանյանի բաժնի վրա բռնագանձում տարածել՝ այդ բաժինը հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով:

Այնուհետև 2007 թվականին Խ.Նազարյանը կրկին հայցով դիմել է առաջին ատյանի դատարան ընդդեմ Հրաչյա, Լորիկ, Լուսինե և Խորեն Շիրվանյանների՝ բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու և Խորեն Շիրվանյանի բաժնի դիմաց ստացված գումարի վրա բռնագանձում տարածելու, իսկ մնացած գումարը մյուս համասեփականատերերի միջև բաշխելու պահանջով:

Այսինքն՝ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ: Հետևաբար, սույն գործի վարույթը ենթակա է կարճման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթի կարճման հիմքն ի հայտ է եկել գործի՝ առաջին ատյանի դատարանում քննության ժամանակ, հետևաբար, Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման:

Քաղաքացիական գործի վարույթի կարճման պայմաններում սույն բողոքի մյուս հիմքերին Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում անդրադառնալ, քանի որ դրանց հիմնավոր կամ անհիմն լինելու հանգամանքը սույն գործի լուծման հարցում որևէ էական նշանակություն չի կարող ունենալ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 20.06.2007 թվականի վճիռը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան