Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.08.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.07/54(578)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.08.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վերաքննիչ դատարանում դատավճիռ
կայացրած դատարանի կազմը

ՎԲ-139/07

Նախագահող դատավոր՝ Ս. Ղազարյան
Դատավորներ՝ Ա. Խաչատրյան, Ս. Համբարձումյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

30 օգոստոսի 2007 թ.

 

ք. Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղար՝

Ք. Մարտիրոսյանի

 

դատախազ՝

Ա. Ավագյանի

 

պաշտպան՝

Ա. Եսայանի

 

դատապարտյալ՝

Ա. Դավթյանի

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Արարատ Հովելի Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատավճռի և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 11-ի դատավճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Արարատ Հովելի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատավճռով Ա.Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով` պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա դատարանը որոշել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով: Նրանից հօգուտ պետական բյուջեի որոշվել է բռնագանձել 11.297.500 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պետությանը պատճառված նյութական վնասի հատուցում: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրողը, խնդրելով Ա.Դավթյանի նկատմամբ «պատիժ սահմանել ազատազրկման ձևով»: Վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև պաշտպանը, խնդրելով կայացնել արդարացման դատավճիռ: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 11-ի դատավճռով Ա.Դավթյանի վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատավճիռը քաղաքացիական հայցի մասով բեկանվել է այն պատճառաբանությամբ, որ «քաղհայց չի ներկայացվել», գործում չկա հայցադիմում, այսինքն խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխի, մասնավորապես 158-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Ջհանգիրյանը վերոհիշյալ դատավճիռների դեմ բերել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանը, 2007 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, բողոքն ընդունել է վարույթ:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

«Դիլիջան» Ազգային պարկի տեղամասի պետ Արարատ Դավթյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2005-2006 թվականներին, իր ենթակայությամբ աշխատող, թիվ 5 պահաբաժնի տեսուչ Գևորգ Անտինյանից պարբերաբար պահանջել է կենդանի խոզեր և դրանց դիմաց թույլատրել է կտրել ծառեր ու փայտանյութը տանել: 2006 թվականի օգոստոսի 25-ին, ստացված ահազանգի հիման վրա, Ազգային պարկի տնօրինության կողմից կազմվել է հանձնաժողով, որը թիվ 5 պահաբաժնում հայտնաբերել է 59 ծառերի ապօրինի անտառահատում: Կատարված հաշվարկի համաձայն պետությանը պատճառված վնասը սակագնային արժեքով կազմում է 2.874.500 ՀՀ դրամ, իսկ ընդհանուր վնասը` 14.300.000 ՀՀ դրամ:

 

3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ Ա.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով դատարանները խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածների պահանջները: Հաշվի չեն առնվել Ա.Դավթյանի կատարած արարքի հասարակական վտանգավորության աստիճանն ու բնույթը, վրա հասած հանրորեն վտանգավոր հետևանքները` այն, որ ապօրինի ծառահատվել է մի ամբողջ անտառամաս, և պատճառված էկոլոգիական վնասի վերականգման համար անհրաժեշտ են տասնյակ տարիներ: Դատարանները անտեսել են նաև այն, որ Ա.Դավթյանը չի ընդունում մեղքը և չի հատուցել պատճառված վնասը:

Ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանի կողմից դատավճիռը քաղաքացիական հայցի մասով բեկանելուն, այն պատճառաբանությամբ, որ ոչ նախաքննական մարմնին, ոչ առաջին ատյանի դատարանում, ոչ էլ վերաքննիչ դատարանում քաղաքացիական հայց չի ներկայացվել, ապա բողոքաբերը նշում է, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննությունների ժամանակ որպես քաղաքացիական հայցվորի ներկայացուցիչ մասնակցել է «Դիլիջան» Ազգային պարկի աշխատակից Ա.Բեգլարյանը, որն էլ իր ցուցմունքներում պնդել է պետությանը նյութական վնաս պատճառված լինելու փաստը և այն վերականգնելու պահանջը: Բողոքի հեղինակը այդ առնչությամբ նշել է նաև հետևյալը` «նկատի ունենալով, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ծավալը ընդգրկել է նաև Ա.Դավթյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը, հետևաբար, առանձին քաղաքացիական հայց ներկայացնելու անհրաժեշտություն չի եղել»:

Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Արարատ Հովելի Դավթյանի վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատավճիռը և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 11-ի դատավճիռն ու Ա.Դավթյանի մասով քրեական գործն ուղարկել վերաքննիչ դատարան՝ այլ կազմով նոր քննության` նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, առանց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման, ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և քաղաքացիական հայցը բավարարելու համար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` եթե դատարանը, ազատազրկման ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին: Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Արարատ Հովելի Դավթյանի վերաբերյալ կայացված դատավճռում որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ նշվել են նրա նախկինում արատավորված չլինելը, դրական բնութագրվելը, խնամքին մեկ անձի առկայությունը, ինչպես նաև հաշվի է առնվել վերջինիս վատառողջ լինելը:

Պալատը գտնում է, որ հանցավորի անձը բնութագրող վերոհիշյալ տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող նշված հանգամանքներն իրենց համակցությամբ բավարար չեն հանգելու այն հետևության, որ Ա.Դավթյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու: Ա.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի չեն առնվել կատարված արարքի ծանրությունը և վրա հասած վնասակար հետևանքները: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս բոլոր դեպքերում պետք է բազմակողմանի և օբյեկտիվ գնահատվեն քրեական պատասխանատվության և պատժի ենթարկելու համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները և պարտադիր մատնանշվեն ընդունված որոշման շարժառիթները:

Պալատը գտնում է, որ Ա.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով խախտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը, համաձայն որի` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: Բացի այդ, Ա.Դավթյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելով դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածը, համաձայն որի` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները: Նկատի ունենալով, որ Ա.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը, այս պայմաններում, չի բխում օրենքի պահանջից, և այդ հիմքով վճռաբեկ բողոք է բերել դատախազը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա Ա.Դավթյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի դատավճիռը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Ինչ վերաբերում է բողոքի` քաղաքացիական հայցին վերաբերող մասին, ապա համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի` «քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով»: Նույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «հայցադիմումում նշվում է, թե որ քրեական գործով, ով, ում, ինչի հիման վրա և ինչ չափով է հարուցում քաղաքացիական հայց, ինչպես նաև պետք է բովանդակի խնդրանք՝ վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի և գույքի բռնագանձման մասին»: Ինչպես երևում է գործի նյութերից, քրեական գործի քննության ընթացքում հայցադիմում չի ներկայացվել, իսկ հայցադիմումի բացակայության պայմաններում, «Դիլիջան» Ազգային պարկի աշխատակցի ցուցմունքի հիման վրա, քաղաքացիական հայցի բավարարումը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից: Ուստի, վերաքննիչ դատարանը իրավացի է գտնվել, բեկանելով դատավճռի այն մասը, որով, առանց հայցադիմումի առկայության, լուծում է տրվել քաղաքացիական հայցին: Սակայն վերաքննիչ դատարանը, բեկանելով դատավճիռը քաղաքացիական հայցի մասով, անորոշ է թողել, չի մատնանշել, թե ինչպիսի հանգուցալուծում պետք է ունենա պետությանը պատճառված վնասի հատուցման հարցը: Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածին, որի 2-րդ մասի համաձայն` «Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի քաղաքացիական հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով»:

Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բեկանելը պայմանավորված է այն բանով, որ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետում և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի թիվ 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին:

Սույն գործով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը, որով անհիմն և չարդարացված կերպով բարելավվել է դատապարտյալի վիճակը, հանգեցրել է դատական սխալի, որի արդյունքում կայացված դատական ակտը չի համապատասխանում արդարության պահանջներին: Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատավճռի՝ որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Վճռաբեկ բողոքը բավարարել:

Արարատ Հովելի Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 11-ի դատավճիռը ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել վերաքննիչ դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Տ. Սահակյան

Դատավորներ՝

Հ. Ասատրյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան