Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.09.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.07/54(578)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.09.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
տնտեսական
դատարան
Քաղաքացիական գործ թիվ Տ4-90

Քաղաքացիական գործ թիվ 3-1340 (ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի սեպտեմբերի 5-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության վռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 31.05.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արմենուշ Ավետիսյանի՝ գույքի վերադարձման պահանջի վերաբերյալ և ըստ անհատ ձեռնարկատեր Արմենուշ Ավետիսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվոր ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը պահանջել է հարկադրել պատասխանողին վերադարձնել Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան 38 հասցեում գտնվող 103,36 քմ մակերեսով տարածքը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:

Հակընդդեմ հայցով պատասխանող Արմենուշ Ավետիսյանը պահանջել է ««Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարման արտոնություններից օգտվելու բաց թողնված ժամկետը համարել հարգելի:

ՀՀ տնտեսական դատարանի 31.05.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը՝ կարճվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

Դատարանը հայցը բավարարելիս հիմք է ընդունել «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետը, համաձայն որի՝ մասնավորեցվող օբյեկտի գնի չվճարված մասի վճարումներից ազատվում են մասնավորեցման նախորդ ծրագրերով մասնավորեցված և տարաժամկետ վճարման իրավունք ստացած այն սուբյեկտները, որոնք վճարել են օբյեկտի արժեքի 30 և ավելի տոկոսը և մինչև 31.12.2004 թվականը կվճարեն օբյեկտի արժեքի վճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի և այդ արտադրյալի 3 տոկոսի հանրագումարի չափով գումար: Սակայն, ըստ բողոք բերած անձի, նշված օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված «չվճարված» եզրույթը դատարանի կողմից մեկնաբանվել է որպես «վճարված»:

2) դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

Վճռում դատարանը նշել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Արմանուշ Ավետիսյանի միջև կնքվել է ոչ թե ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագիր, այլ սեփականաշնորհման պայմանագիր, հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածի դրույթները նշված իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չեն: Դատարանի նման եզրահանգումն անհիմն է, քանի որ ինչպես «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ նախորդ պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին օրենքներով նախատեսվել է պետական գույք ձեռք բերողների համար տարաժամկետ վճարումներ կատարելու իրավունք: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 505-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքի համար տարաժամկետ վճարելու գնորդի իրավունքը: Տարաժամկետ վճարելու պայմանով ապառիկ վաճառքի պայմանագիրը համարվում է կնքված, եթե դրանում առուվաճառքի պայմանագրի այլ էական պայմանների հետ միասին նշված են ապրանքի գինը, վճարելու կարգը, ժամկետները և չափը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ տարաժմկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-6-րդ կետերով նախատեսված կանոնները: Հետևաբար, սույն դեպքում ևս կողմերի միջև կնքված սեփականաշնորհման թիվ 4993 պայմանագրի նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ և 505-րդ հոդվածների դրույթները:

Նշված պատճառաբանությամբ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 31.05.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) 12.08.1997 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության և անհատ ձեռներեց Արմենուշ Ավետիսյանի միջև կնքվել է սեփականաշնորհման թիվ 4993 պայմանագիրը, որով Արմենուշ Ավետիսյանին վաճառվել է Վեդի քաղաքի Արարատյան 38 հասցեում գտնվող տարածքը:

2) Համաձայն նշված պայմանագրի՝ օբյեկտի գնահատված արժեքը կազմել է 2.634.388 դրամ:

3) Օբյեկտը մասնավորեցվել է տարաժամկետ վճարման պայմանով: Մինչև 11.08.2000 թվականը նախատեսվել է տարին մեկ անգամ սահմանված չափերով կատարել վճարումներ:

4) Արմենուշ Ավետիսյանի կողմից վճարվել է 11.08.1997 թվականին 1.280.000 դրամ և 04.01.2001 թվականին՝ 366.224 դրամ, ընդամենը՝ 1.646.224 դրամ, որը կազմում է օբյեկտի արժեքի մոտ 62,5 տոկոսը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (28.12.2001թ. ՀՕ-292) 1-ին հոդվածով «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝

«Օբյեկտի գնի չվճարված մասի վճարումներից ազատվում են մասնավորեցման նախորդ ծրագրերով մասնավորեցված և տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտները, որոնք՝

ա) վճարել են օբյեկտի արժեքի 30 և ավելի տոկոսը և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ը կվճարեն օբյեկտի արժեքի չվճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի չափով գումար.

բ) վճարել են օբյեկտի արժեքի 30 տոկոսից պակաս գումար և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ը կվճարեն օբյեկտի արժեքի 30 տոկոսը և այդ վճարումը կատարելուց հետո չվճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի չափով գումար»:

«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (23.10.2002թ. ՀՕ-434-Ն) 1-ին հոդվածի համաձայն՝ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրվել են հետևյալ խմբագրությամբ՝

«ա) վճարել են օբյեկտի արժեքի 30 և ավելի տոկոսը և մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը կվճարեն օբյեկտի արժեքի չվճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի և այդ արտադրյալի 3 տոկոսի հանրագումարի չափով գումար.

բ) վճարել են օբյեկտի արժեքի 30 տոկոսից պակաս գումար և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ը կվճարեն օբյեկտի արժեքի 30 տոկոսը և այդ վճարումը կատարելուց հետո չվճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի և այդ արտադրյալի 3 տոկոսի հանրագումարի չափով գումար»:

«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (03.12.2003թ. ՀՕ-41-Ն)՝ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի «2003 թվականի ապրիլի 1» բառերը փոխարինվել են «2004 թվականի դեկտեմբերի 31» բառերով:

Վերը նշված օրենքներով տարաժամկետ վճարումների պայմանով մասնավորեցված օբյեկտների գնորդների համար սահմանվել է արտոնություն, որով տարաժամկետ վճարումների պայմանով մասնավորեցված օբյեկտի գնի չվճարված մասի վճարումներից գնորդը կարող էր ազատվել, եթե 28.12.2001 թվականի դրությամբ վճարած լիներ օբյեկտի արժեքի 30 և ավելի տոկոսը և մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ը վճարեր օբյեկտի արժեքի չվճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի չափով գումար, և 23.10.2002 թվականի դրությամբ վճարած լիներ օբյեկտի արժեքի 30 և ավելի տոկոսը և մինչև 31.12.2004 թվականը վճարեր օբյեկտի արժեքի չվճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի և այդ արտադրյալի 3 տոկոսի հանրագումարի չափով գումար:

Ուսումնասիրելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ տնտեսական դատարանը մասնավորեցման սուբյեկների համար «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված արտոնության կիրառման հիմք համարելով հայցվորի կողմից օբյեկտի արժեքի վճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի և այդ արտադրյալի 3 տոկոսի հանրագումարի չափով գումար վճարած լինելու փաստը, սխալ է մեկնաբանել «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետը:

Բացի այդ, սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորի կողմից վճարվել է միայն օբյեկտի հաշվարկված գնի մի մասը (մոտ 62,5 տոկոսը): Գործի առաջին ատյանի կարգով քննության ընթացքում չի պարզվել հայցվորի կողմից կատարված վճարումների նպատակը, այն է՝ անհատ ձեռներեց Արմենուշ Ավետիսյանի կողմից վճարված 1.646.224 ՀՀ դրամ գումարը վճարվել է որպես օբյեկտի արժեք, ինդեքսացիայի գումար, թե՞ որպես օբյեկտի արժեքի չվճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի և այդ արտադրյալի 3 տոկոսի հանրագումարի չափով գումար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օբյեկտի արժեքի 30 և ավելի տոկոսը վճարելու և մինչև 31.12.2004 թվականի օբյեկտի արժեքի չվճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի և այդ արտադրյալի 3 տոկոսի հանրագումարի չափով գումարի վճարման հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունի, քանի որ դա վերը նշված արտոնության կիրառման նախապայման է հանդիսանում: Մինչդեռ, առանց այդ հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը դատաքննությամբ պարզելու, «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետը չէր կարող կիրառվել:

««ՀՀ պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքից բխող առաջնահերթ միջոցառումների իրականացման կարգը և մասնավորեցման պայմանագրի փոփոխությունների ձևը հաստատելու մասին 22.01.2002 թվականի թիվ 016-Հ հրամանով հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունը առաջին կամ հերթական վճարումը կատարելու ժամանակ սուբյեկտներին տեղեկացնում է վճարման ենթակա տարաժամկետ մնացած գումարները միանվագ մուծելու դեպքում կիրառվող զեղչի մասին՝ պարզաբանելով օրենքով սահմանված կարգը: ՀՀ տնտեսական դատարանի եզրահանգումն այն մասին, որ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության կողմից նշված կարգին համապատասխան՝ պատասխանողին պատշաճ ծանուցելու դեպքում պատասխանողը, վճարելով օրենքով սահմանված կարգով հաշվարկված գումարը՝ կազատվեր հետագա վճարումները կատարելու պարտականությունից, անհիմն է, հետևյալ պատճառաբանությամբ.

««ՀՀ պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվել են մասնավորեցված օբյեկտների տարաժամկետ վճարումների հետ կապված արտոնություններ՝ ընդունվել է 28.12.2001 թվականին, սահմանված կարգով հրապարակվել և ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարին: Այսինքն՝ վերը նշված օրենքի մասին պատասխանողը օրենքով սահմանված կարգով հրապարակայնորեն ծանուցվել է:

Համաձայն ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության՝ ««ՀՀ պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքից բխող առաջնահերթ միջոցառումների իրականացման կարգը և մասնավորեցման պայմանագրի փոփոխությունների ձևը հաստատելու մասին թիվ 016-Հ հրամանով հաստատված կարգի 2-րդ կետի «բ» ենթակետի՝ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունը առաջին կամ հերթական վճարումը կատարելու ժամանակ սուբյեկտներին տեղեկացնում է վճարման ենթակա տարաժամկետ մնացած գումարները միանվագ մուծելու դեպքում կիրառվող զեղչի մասին՝ պարզաբանելով օրենքով սահմանված կարգը: Նշված նորմի տրամաբանության համաձայն՝ սուբյեկտը պետք է ներկայանար առաջին կամ հերթական վճարում կատարելու համար, որպեսզի ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունը վերջինիս տեղեկացներ վճարման ենթակա տարաժամկետ մնացած գումարները միանվագ մուծելու դեպքում կիրառվող զեղչի մասին: Նշված հրամանը սահմանված կարգով հրապարակվել է և ուժի մեջ է մտել 22.01.2002 թվականին:

Սակայն, նշված հրամանը` սահմանելով ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության պարտականությունը՝ առաջին կամ հերթական վճարումը կատարելու ժամանակ սուբյեկտներին վճարման ենթակա տարաժամկետ մնացած գումարները միանվագ մուծելու դեպքում կիրառվող զեղչի մասին տեղեկացնելու պարտականությունը չի նախատեսել սուբյեկտի կողմից վճարումներ կատարելու համար չներկայանալու դեպքում վերջինիս տեղեկացնելու պարտականություն:

Սույն գործի փաստերի համաձայն՝ պատասխանողի կողմից թիվ 4993 սեփականաշնորհման պայմանագրի շրջանակներում ««ՀՀ պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո հերթական վճարում չի կատարվել, հետևաբար, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունը) ուղղակի պարտավորություն չի ունեցել իր նախաձեռնությամբ պայմանագրի կողմին (տվյալ դեպքում՝ պատասխանողին) օրենքով սահմանված զեչերի մասին տեղեկացնելու: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ պատասխանողը օրենքի գործողության մասին տեղեկացված լինելու պայմաններում հնարավորություն ունեցել է համապատասխան դիմումով դիմելու նախարարությանը՝ օրենքով սահմանված զեղչերն իր նկատմամբ կիրառելու պահանջով:

Նշված պատճառաբանությամբ դատարանի կողմից «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սխալ մեկնաբանելու մասին բողոքում նշված պատճառաբանությունները Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում:

2) բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի համաձայն՝ իրավական ակտը հետադարձ ուժ կարող է ունենալ միայն նույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում: Ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

17.06.1998 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ 1999 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կիրառվում է քաղաքացիական այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո՝ բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի: Մինչև 01.01.1999 թվականը ծագած պայմանագրային և այլ քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների և պարտականությունների մասով, որոնք կծագեն օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո:

Նույն օրենքի 5-րդ և 14-րդ հոդվածների համաձայն՝ մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը կնքված պայմանագրերով պարտավորությունները պահպանվում են, եթե կողմերն այդ պայմանագրերի պայմանները կամովին չեն համապատասխանեցնում օրենսգրքի պահանջներին: Պայմանագրի կողմերի համար պարտադիր պայմանագրային պարտավորությունները խախտելու համար պատասխանատվության մասին օրենսգրքի նորմերը կիրառվում են, եթե համապատասխան խախտումները թույլ են տրվել օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ նման խախտումների համար պատասխանատվություն է նախատեսվել մինչև 01.01.1999 թվականը կնքված պայմանագրերում:

Վիճելի պայմանագրի կնքման պահին գործող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն, պայմանագիրը կնքված է համարվում, երբ պատշաճ դեպքերում պահանջվող ձևով կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել նրա բոլոր էական կետերում, իսկ վճարումների ժամկետների խախտման դեպքի համար մասնավորեցման պայմանագրի 17-րդ կետով սահմանված է պատասխանատվություն, այն է՝ չվճարված յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 2 տոկոսի չափով տույժի վճարում:

Հաշվի առնելով, որ թիվ 4993 մասնավորեցման պայմանագրով կարգավորված են դրա բոլոր էական պայմանները, իսկ «Իրավական ակտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներով այլ բան նախատեսված չէ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի պայմանագիրը կնքված է կողմերի կողմից ստորագրելու պահից, հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ, այլ կիրառելի է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, որի համաձայն՝ մասնավորեցման համար վճարումը, այդ թվում՝ հերթական վճարումը, ինչպես նաև մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում լիազորված պետական մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու կամ մասնավորեցման պայմանագրով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ կիրառելու մասին:

Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով պատասխանողը առաջին ատյանի կարգով գործի քննության ընթացքում մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը հրաժարվել է հակընդդեմ հայցից, ինչի հիման վրա ՀՀ տնտեսական դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով Արմենուշ Ավետիսյանի հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով ՀՀ տնտեսական դատարանի վճիռը հիմնավոր է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն ՀՀ տնտեսական դատարանի վճիռը մասնակի բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 31.05.2007 թվականի վճռի՝ հայցը մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Հակընդդեմ հայցով գործի վարույթը կարճելու մասով ՀՀ տնտեսական դատարանի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
  Վ. Աբելյան
  Ս. Գյուրջյան
 

Է. Հայրիյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան