Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.09.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.07/54(578)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.09.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական
վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-1873/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1417 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան
դատավորներ՝ Կ. Հակոբյան
Մ. Ասատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

Ս. Գյուրջյանի

2007 թվականի սեպտեմբերի 5-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Միկոյանի, Պարույր Տեր-Ոսկանյանի, Սամվել Կոստանյանի վճռաբեկ բողոքը՝ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (Վերաքննիչ դատարան) 03.07.2007 թվականի թիվ 07-1873/2007թ. քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Հայկ Գրիգորյանի, Վիկտորիա Սարգսյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման, Արմեն Միկոյանի, Պարույր Տեր-Ոսկանյանի և Սամվել Կոստանյանի՝ պետական մարմինների ակտերն անվավեր ճանաչելու, ժառանգության վկայագրով սեփականության իրավունքը գրանցել պարտավորեցնելու և ուրիշի ապօրինի տիրապետումից գույքն ազատելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորները պահանջել են՝

- անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 839-Ա որոշումը և Երևանի քաղաքապետարանի ու քաղաքացիներ՝ Արմեն Միկոյանի և Պարույր Տեր-Ոսկանյանի հետ 22.08.2005 թվականի թիվ 6125 և 18.08.2005 թվականի թիվ 5793 հողի վարձակալության պայմանագրերը,

- հողատարածքը ազատել ապօրինի կերպով Արմեն Միկոյանի, Պարույր Տեր-Ոսկանյանի և Մանվել Կոստանյանի կողմից տեղադրված և օգտագործվող ավտոտնակներից,

- ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցնել կատարելու Երևանի Սևաստոպոլյան փողոցի թիվ 35 տան՝ 600 քմ հողատարածքով ժառանգության վկայագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցում:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 21.03.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել են պատասխանողներ Արմեն Միկոյանը, Պարույր Տեր-Ոսկանյանը և Սամվել Կոստանյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի, 53-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաստատված հանգամանք համարելով այն, որ Երևանի 26 կոմիսարների շրջսովետի գործկոմի 29.03.1958 թվականի թույլտվությամբ Երևանի Կիևյան փողոցի թիվ 7 շենքի բնակիչ Կարապետ Տիգրանյանին թույլատրվել է նույն շենքի բակում թիթեղյա ավտոտնակերի շարքում տեղադրել թիթեղյա 5.5 X 2.7 մ չափսերով ավտոտնակ, իսկ «նույն մարմնի 09.01.1961 թվականի թույլտվությամբ Կիևյան փողոցի թիվ 7 շենքի բնակիչ Ալբերտ Ներսիսյանին թույլատրվել է տեղադրել թիթեղյա ավտոտնակ շենքի բակում 5.5 X 3.0 մետր չափերով՝ ջրավազանից 1,5 մետր հեռավորության վրա, դատարանը, այնուամենայնիվ, հիմնավորված չի համարել, որ ավտոտնակները տեղադրվել են վերը նշված թույլտվություններով, պատճառաբանելով, որ դատարանին չեն ներկայացվել ապացույցներ, որոնք կհիմնավորեն այն հանգամանքը, որ ներկայիս պատասխանողները՝ Ա.Միկոյանը, Պ.Տեր-Ոսկանյանը կամ Ս.Կոստանյանը հանդիսանում են նշված թույլտվություններում նշված անձանց իրավահաջորդները, այն դեպքում, երբ պատասխանողների լիազորված անձանց կողմից ներկայացված Արաբկիրի համայնքի «Շենքերի կառավարում» համատիրության թիվ 2-րդ մասնաճյուղի տեղեկանքների համաձայն թիվ 47 ավտոտնակն անվանափոխվել է Ալբերտ Ներսիսյանի անունից Սամվել Կոստանյանի անվամբ, թիվ 48 ավտոտնակը՝ Կարապետ Տիգրանյանի անունից Արմեն Միկոյանի անվամբ: Վերաքննիչ դատարանը Արաբկիրի համայնքի «Շենքերի կառավարում» համատիրության թիվ 2-րդ մասնաճյուղի տեղեկանքներին առհասարակ չի անդրադարձել, չի գնահատել դրանք լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանիորեն:

Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն, որ համաձայն հաշվառման վկայականի՝ Երևանի Սևաստոպոլյան 35 տնատիրությունը ստեղծվել է 28.05.1959 թվականին, սակայն պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ Արմեն Միկոյանի իրավանախորդ Կարապետ Տիգրանյանին արդեն իսկ գոյություն ունեցող թիթեղյա ավտոտնակների շարքում դեռևս 29.03.1958 թվականին է թույլատրվել տեղադրել թիթեղյա ավտոտնակ, այսինքն՝ Երևանի Սևաստոպոլյան 35 տնատիրությունը ստեղծվելուց առաջ: Ավտոտնակները տեղադրվել են պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, պետական համապատասխան մարմինների թույլտվությամբ, որոնց նկատմամբ հետագայում Երևանի քաղաքապետի որոշմամբ ճանաչվել է պատասխանողների սեփականության իրավունքը, իսկ ավտոտնակներով զբաղեցված հողամասը, որպես պետական հողատարածք, ավտոտնակների սեփականատերերին տրամադրվել է վարձակալության: Հետևաբար, ավտոտնակներով զբաղեցված հողամասը հետագայում ոչ հայցվորներին, ոչ նրանց իրավանախորդներին հատկացվել չէր կարող:

Քաղաքացիական գործում առկա բոլոր ապացույցները Վերաքննիչ դատարանի կողմից լրիվ չեն հետազոտվել, քանի որ վճռի պատճառաբանական մասում նշվել է, որ անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից թիթեղյա ավտոտնակների վերաբերյալ Ա.Միկոյանի և Պ.Տեր-Ոսկանյանի իրավունքի գրանցում չի կատարվել, մինչդեռ քաղաքացիական գործում առկա են Արմեն Միկոյանի և Պարույր Տեր-Ոսկանյանի անվամբ տրված 24.08.2005 թվականի թիվ 2004480 և 28.08.2005 թվականի թիվ 1980498 սեփականության իրավունքի վկայականները:

Ըստ բողոք բերած անձանց՝ նշված դատավարական իրավունքի խախտումները հանգեցրել են գործի սխալ լուծման, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի վճիռը բեկանելու հիմք է:

2) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերը, 274-րդ հոդվածը, 1225-րդ հոդվածի 5-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր, և չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերը, 274-րդ հոդվածի պահանջները Վերաքննիչ դատարանի կողմից չպետք է կիրառվեին, քանի որ հայցվորը բավարար ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակներով զբաղեցված, նույն պատասխանողներին վարձակալության իրավունքով հանձնված հողատարածքը հենց այն հողատարածքն է, որը 600 քմ մակերեսով արտացոլված է հայցվորների իրավանախորդների անվամբ տրված տեխնիկական անձնագրում: Նման ապացույց կարող էր հանդիսանալ միայն հատակագիծը, որը դատաքննությամբ չի ներկայացվել, սակայն գործի նյութերում են գտնվում պատասխանողների անվամբ գլխավոր հատակագծեր:

Սույն վեճի նկատմամբ ենթակա էր կիրառման ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերության պահանջը, որի համաձայն՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող, պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության են տրամադրում համայնքների ղեկավարները (Երևանում՝ Երևանի քաղաքապետը):

3) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով:

Երևանի քաղաքապետարանը գրավոր ապացույցներով հիմնավորել է այն հանգամանքը, որ վիճարկվող հողամասը հանդիսանում է պետության սեփականություն, որը հանձնված է տնօրինման Երևանի քաղաքապետարանին: Հենց այս առումով դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը կիրառել է սխալ մեկնաբանությամբ, քանի որ տվյալ պարագայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով պաշտպանված է հողի սեփականատեր պետությունը:

Ի հիմնավորումն դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի սխալ մեկնաբանության վերաբերյալ փաստարկի՝ բողոք բերած անձինք որևէ փաստարկ չեն ներկայացրել:

Բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-1873 քաղաքացիական գործով կայացված վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 29.03.1958 թվականի թիվ Տ-3 թույլտվությամբ ՀՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջսովետի գործադիր կոմիտեի կողմից Կիևյան փողոցի 7 շենքի բնակիչ քաղաքացի Կարապետ Տիգրանյանին թույլատրվել է նույն շենքի բակում թիթեղյա ավտոտնակների շարքում տեղադրելու 5.5X2.7 մետր չափով թիթեղյա ավտոտնակ:

2) 09.01.1961 թվականի թիվ 1 թույլտվությամբ ՀՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջսովետի գործադիր կոմիտեի կողմից Կիևյան փողոցի 7 շենքի բնակիչ քաղաքացի Ալբերտ Ներսիսյանին թույլատրվել է նույն շենքի բակում թիթեղյա ավտոտնակների շարքում տեղադրելու 5.5 X 2.7 մետր չափով թիթեղյա ավտոտնակ:

3) Երևանի քաղաքապետը 20.04.2005 թվականի թիվ 839 որոշմամբ ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, Երևանի քաղաքապետի 27.02.2003 թվականի թիվ 379-L որոշմամբ և հիմք ընդունելով Երևանի վարչական սահմաններում գտնվող ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակը որոշող հանձնաժողովի 29.03.2005 թվականի նիստի թիվ 101 արձանագրությունը, ճանաչել է պատասխանողներ՝ Ա.Միկոյանի, Պ.Տեր-Ոսկանյանի, Ս.Կոստանյանի սեփականության իրավունքը Երևանի Կիևյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց գտնվող համապատասխանաբար՝ 22.7 քմ, 22 քմ և 20.6 քմ մակերեսով թիթեղյա ավտոտնակների նկատմամբ, ինչպես նաև որոշում է կայացրել զբաղեցրած հողատարածքները 3 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին:

4) Համաձայն Արաբկիրի համայնքի «Շենքերի կառավարում» համատիրության թիվ 2-րդ մասնաճյուղի տեղեկանքների թիվ 47 ավտոտնակն անվանափոխվել է Ալբերտ Ներսիսյանի անունից Սամվել Կոստանյանի անվամբ, թիվ 48 ավտոտնակը՝ Կարապետ Տիգրանյանի անունից Արմեն Միկոյանի անվամբ:

5) Ա.Միկոյանի և Պ.Տեր-Ոսկանյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքվել են հողի վարձակալության պայմանագրեր, որոնցով 3 տարի ժամկետով նրանց վարձակալության են հանձնվել ավտոտնակներով զբաղեցրած Երևանի վարչական սահմաններում գտնվող հողամասերը և վերջիններիս օրենքով սահմանված կարգով տրվել է սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականներ:

6) Համաձայն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից կատարված տեղատեսության արձանագրության՝ Երևան քաղաքի Սևաստոպոլյան 35 տան հողամասը պատասխանողներին պատկանող ավտոտնակներով զբաղեցված հողամասից գտնվում է 1.8 մետր բարձրության վրա և սահմանազատված է պատով:

7) Համաձայն գործում գտնվող վճարման անդորրագրերի՝ բոլոր պատասխանողների կողմից ավտոտնակների տարածքի համար կատարվել է վարձավճարների մուծում:

8) Երևանի Սևաստոպոլյան 35 տնատիրությունը ստեղծվել է 28.05.1959 թվականին, որը սեփականության իրավունքով պատկանել է Արամայիս Գրիգորյանին: Սկսած 1991 թվականից Արամայիս Գրիգորյանը հանդիսացել է նաև Սևաստոպոլյան 35 հասցեում գտնվող տնատիրությամբ զբաղեցված 600 քմ հողամասի սեփականատերը: Նշված տնատիրությունը Արամայիս Գրիգորյանին պատկանել է մինչև 2001 թվականը:

9) Արամայիս Գրիգորյանը մահացել է 10.10.2001 թվականին: Նրա ժառանգները՝ կինը (Վիկտորիա Սարգսյանը) և որդին (Հայկ Գրիգորյանը), 25.04.2002 թվականին ստացել են ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, որի համաձայն՝ ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Սևաստոպոլյան փողոցի թիվ 35 տնից, որը գտնվում է 600 քմ հողամասի վրա:

10) Հայցվորները դիմել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանում՝ ժառանգության իրավունքի վկայագրից բխող իրավունքների պետական գրանցում կատարելու խնդրանքով: Սակայն ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 15.07.2002 թվականի թիվ ԳՇ-1087, 09.07.2003 թվականի թիվ ԳՇ-2864, 24.10.2006 թվականի թիվ Ս/Շ-2658 գրություններով ժառանգության իրավունքի վկայագրից բխող իրավունքների պետական գրանցումը մերժվել է: Վերջին անգամ գրանցումը մերժվել է այն հիմքով, որ վիճելի հողամասում առկա ավտոտնակների վերաբերյալ իրավահաստատող փաստատթղթեր չեն ներկայացվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նշված հոդվածի խախտման վերաբերյալ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում հետևյալ պատճառաբանությամբ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արամայիս Գրիգորյանին Երևանի Սևաստոպոլյան 35 հասցեում բնակելի տուն կառուցելու նպատակով հատկացվել է 600 քմ հողամաս: Հողամասը մինչև 1991 թվականը հանդիսացել է պետական սեփականություն: Սույն գործով պատասխանողների իրավանախորդներին վիճելի ավտոտնակները տեղադրելու թույլտվությունները պետական իշխանության իրավասու մարմինների կողմից տրվել են 1958-1961 թվականներին:

1991 թվականին ընդունված՝ ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տնամերձ հողամաuերը, ինչպեu նաեւ այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա uպաuարկման համար ՀՀ քաղաքացիների ունեցած հողամաuերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպեu uեփականություն:

Սույն գործի փաստերով հիմնավորվում է, որ պետությունը՝ հանդիսանալով վիճելի հողամասի սեփականատեր՝ 1958-1961 թվականների ընթացքում օգտվելով իր սեփականության տնօրինման իրավազորությունից, ավտոտնակների տեղադրման համար հատկացրել է հողամասեր: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ալբերտ Ներսիսյանի և Կարապետ Տիգրանյանի ավտոտնակների տեղադրման համար տրամադրված վիճելի հողամասերը 1991 թվականի հողային օրենսգրքով չէին կարող անցնել հայցվորների իրավանախորդին, քանի որ հայցվորների իրավանախորդը 1991 թվականի դրությամբ բնակելի տան շինարարության ու դրա uպաuարկման համար վիճելի հողամասը չէր կարող ունենալ թեկուզև այն պարզ պատճառով, որ դրանք 1958-1961 թվականներին հատկացվել են այլ անձանց՝ անժամկետ օգտագործման (ավտոտնակներ տեղադրելու նպատակով), ավտոտնակները սահմանված կարգով տեղադրվել են և մինչև օրս օգտագործվում են (իրավահաջորդությամբ անցել են պատասխանողներ Արմեն Միկոյանին և Սամվել Կոստանյանին):

Ինչ վերաբերում է Պարույր Տեր-Ոսկանյանի ավտոտնակով զբաղեցված հողամասին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն եղել նշված հողամասը հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված լինելու հանգամանքը ապացուցված համարելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի հիմքում ընկած հանգամանքները հիմնավորող ապացույցների բացակայության պայմաններում Հայկ Գրիգորյանի և Վիկտորիա Սարգսյանի հայցը վերաքննիչ դատարանի կողմից ենթակա էր մերժման:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի խախտման վերաբերյալ սույն բողոքի հիմքին, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ:

Համաձայն նշված հոդվածի՝ գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Բողոք բերած անձինք որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի խախտման փաստարկ են նշել այն, որ հայցվոր կողմը չի ներկայացրել այն ապացույցները, որ պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակներով զբաղեցված հողատարածքը հենց այն հողատարածքն է, որն արտացոլված է հայցվորների իրավանախորդների անվամբ տեխնիկական անձնագրում 600 քմ մակերեսի նշումով: Բողոք բերած անձինք նշել են, որ այդպիսի ապացույց կարող էր հանդիսանալ միայն հատակագիծը, որը դատաքննությամբ չի ներկայացվել: Բողոք բերած անձանց այս փաստարկները Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում, քանի որ առանց օրենքով սահմանված կարգով կազմված համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի լիաժեք ուսումնասիրության՝ սույն գործով հնարավոր չէ եզրակացություններ կատարել կոնկրետ վիճելի հողամասի անհատականացման վերաբերյալ:

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով, պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված նորմերը սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն որոշման 4.1 կետում նշված Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունների հիման վրա՝ Արամայիս Գրիգորյանը (նաև նրա իրավահաջորդները) Ալբերտ Ներսիսյանի և Կարապետ Տիգրանյանի ավտոտնակներով զբաղեցված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք չի բերել: Հետևաբար, նշված հողամասերի նկատմամբ Արամայիս Գրիգորյանի ժառանգները չեն կարող համարվել սեփականատերեր, հետևաբար, վերջիններիս սեփականության իրավունքի խախտման մասին խոսք լինել չի կարող:

ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող, պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության են տրամադրում համայնքների ղեկավարները (Երևանում՝ Երևանի քաղաքապետը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմեն Միկոյանի և Սամվել Կոստանյանի ավտոտնակներով զբաղեցված հողամասերը Երևանի քաղաքապետի կողմից օրենքով սահմանված կարգով վերը նշված անձանց տրամադրվել են վարձակալության: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ սույն բողոքի հիմքը հիմնավոր է:

3) բողոքի երրորդ հիմքը Վճռաբեկ դատարանը քննարկման առարկա չի դարձնում հետևյալ պատճառաբանությամբ.

1. Ի հիմնավորումն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի սխալ մեկնաբանության վերաբերյալ սույն բողոքի հիմքի՝ բողոք բերած անձինք նշել են, թե Երևանի քաղաքապետարանը գրավոր ապացույցներով հիմնավորել է այն հանգամանքը, որ վիճարկվող հողամասը հանդիսանում է պետության սեփականություն, որը հանձնված է տնօրինման Երևանի քաղաքապետարանին: Այդ առումով, ըստ բողոք բերած անձանց, դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը կիրառել է սխալ մեկնաբանությամբ, քանի որ տվյալ պարագայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով պաշտպանված է հողի սեփականատեր պետությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են գործին մաuնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը: Նույն օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը վերանայում է դատարանների վճիռները և որոշումները՝ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի uահմաններում: Նույն օրենսգրքի 231.1-րդ հոդվածի համաձայն՝ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, եթե վճռաբեկ բողոքը բերել է այն անձը, որի իրավունքը չի խախտվել:

Վճռաբեկ բողոքի սույն հիմքը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի իրավունքներին և պարտականություններին, հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հիմքով բողոք կարող է ներկայացնել միայն Երևանի քաղաքապետարանը: Գործին մասնակցող այլ անձանց կողմից ներկայացված բողոքում նման հիմքի վկայակոչման պայմաններում այն Վճռաբեկ դատարանի կողմից քննարկման ենթակա չէ, քանի որ բողոքի տվյալ հիմքում վկայակոչված ենթադրյալ խախտմամբ բողոք բերած անձանց իրավունքը չի խախտվել:

2. Վճռաբեկ բողոքի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի սխալ մեկնաբանության վերաբերյալ հիմքը վճռաբեկ դատարանը քննարկման առարկա չի դարձնում այն պատճառաբանությամբ, որ ի հիմնավորումն դատարանի կողմից նշված հոդվածի խախտման՝ բողոք բերած անձինք որևէ փաստարկ չեն ներկայացրել:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը սույն գործով յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և 21.03.2007 թվականին կայացրել է հիմնավորված և օրինական վճիռ: Հետևաբար, ելնելով դատական քննության արդյունավետության սկզբունքից՝ Վճռաբեկ դատարանը սույն գործով հարկ է համարում կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին oրինական ուժ տալու լիազորությունը, քանի որ առաջին ատյանի դատարանի կողմից սույն գործով կայացված հիմնավոր և օրինական վճռի առկայության պայմաններում բացակայում է գործի նոր քննության անհրաժեշտությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի հիմքը վերը նշված պատճառաբանություններով հիմնավոր է համարում և այն բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ, 227-րդ հոդվածների ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի վճիռը բեկանելու և նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 21.03.2007 թվականի վճռին օրինական ուժ տալու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի թիվ 07-1873/2007թ. քաղաքացիական գործով 03.07.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ սույն գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 21.03.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
 

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Գյուրջյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան