ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ Քաղաքացիական գործ թիվ 2-1420/2006 թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-1265 (Ա) |
Նախագահող դատավոր՝ Գ. Կարախանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
Ս. Գյուրջյանի | ||
Վ. Աբելյանի | ||
Է. Հայրիյանի |
2007 թվականի սեպտեմբերի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նաիրա Հայրապետյանի վճռաբեկ բողոքն ըստ Արթուր Հայրապետյանի հայցի ընդդեմ Նաիրա Հայրապետյանի՝ երեխաների խնամքի ու դաստիարակության պահանջի մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.07.2006 թվականի վճռի դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Արթուր Հայրապետյանը պահանջել է երեխաների խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն:
ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.07.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նաիրա Հայրապետյանը:
Արթուր Հայրապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
1) Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գործը քննել է պատասխանող Նաիրա Հայրապետյանի բացակայությամբ, որը ոչ միայն պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին, այլ նաև ընդհանրապես տեղեկացված չի եղել նման հայցի առկայության մասին:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գործը քննել է հայցվորի կողմից ներկայացրած ոչ ճիշտ փաստարկների հիման վրա, մասնավորապես, հայցվորը դատարանին հայտնել է, թե իբր պատասխանողը և երեխաները Հունաստանում գտնվում են անլեգալ, այնինչ ինչպես պատասխանողը, այնպես էլ երեխաները սկսած 2006 թվականի ապրիլ ամսից ստացել են Հունաստանում բնակվելու օրինական թույլտվություն, երեխաները Հունաստանում հաճախում են միջնակարգ դպրոց, իսկ նա ունի մշտական աշխատանք:
Բացի այդ, դատարանի վճիռը կայացվել է առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի նման վեճերով կազմված հանձաժողովի եզրակացության:
3) Դատարանը խախտել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ, 51-րդ և 54-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ: Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ շփմանը, եթե շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական և հոգևոր առողջությանը, նրա բարոյական զարգացմանը, իսկ նման վճռի առկայության պայմաններում իր և երեխաների նշված իրավունքները խախտվում են:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանը.
Վճռաբեկ բողոքում Ն.Հայրապետյանի կողմից ներկայացված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հունաստանի գլխավող հյուպատոսի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մի շարք գրություններով հավաստվում է այն փաստը, որ Ն.Հայրապետյանը Հունաստանում ձերբակալվել է երկրում անլեգալ կարգով բնակվելու համար և վարչական դատարանի որոշմամբ նրան տրվել է 30-օրյա ժամկետ՝ երկիրը լքելու պայմանով, սակայն վերջինս շարունակել է երեխաների հետ անլեգալ կարգով բնակվել Հունաստանում, գտնվել է հետախուզման մեջ և այդ պատճառով Հունաստանի համապատասխան մարմիններին չի հաջողվել դատական ծանուցագիրը հանձնել նրան:
Բացի այդ, ամուսնուն անհայտ բացակայող ճանաչելու դիմումի մեջ Ն.Հայրապետյանը որպես իր բնակության վայր նշել է Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի Իպոկրիցիուս 7 հասցեն, այն նույն հասցեն, որը նշված է դատական հանձնարարության և ՀՀ արդարադատության նախարարության կողմից դատարանի վճռի ճանաչման և կատարման մասին խնդրանքում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Նաիրա և Արթուր Հայրապետյանները 29.11.1996 թվականից սկսած գտնվել են գրանցված ամուսնության մեջ: Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են երկու երեխա՝ Մերի և Արթուր Հայրապետյաններին:
2) 2005 թվականին ընտանիքով մեկնել են Հունաստանի Հանրապետություն: Ուղևորության ժամկետը լրանալուց հետո Արթուր Հայրապետյանը վերադարձել է Հայաստան, իսկ Նաիրա Հայրապետյանը երկու երեխաների հետ մնացել է Հունաստանում:
3) Առաջին ատյանի դատարանին Արթուր Հայրապետյանի կողմից սույն գործով ներկայացված հայցադիմումի ներածական մասում որպես Նաիրա Հայրապետյանի հասցե նշված է ք.Երևան, Բրյուսովի փողոց, 165 շենք, բնակարան 21 (հաշվառման հասցե): Միևնույն ժամանակ դատաքննության ընթացքում պարզվել է, որ Նաիրա Հայրապետյանի փաստացի գտնվելու վայրը գործի քննության պահին եղել է Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքում (մոր հասցեն՝ Հունաստանի Հանրապետություն, քաղաք Սալոնիկ, Անթեոն 31, 5-րդ հարկ, նրա եղբոր՝ Դավիթ Դանիելյանի հասցեն՝ քաղաք Սալոնիկ, Իպոկրիցիուս 7, բնակարան 9, 3-րդ հարկ):
4) Սույն գործով դատավարության ընթացքում՝ 12.04.2006 թվականին դատարանը կայացրել է «Դատական հանձնարարության մասին» որոշում, որով հանձնարարվել է՝
ա) Արթուր Հայրապետյանի կողմից ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը թարգմանված ուղարկել Հունաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ ըստ պատասխանողի բնակության վայրի դատարան ուղարկելու համար:
բ) Պատասխանող Նաիրա Հայրապետյանին հանձնել հայցադիմումը և կից փաստաթղթերը «5» թերթից: Որպես պատասխանողի հասցե՝ նշվել են Նաիրա Հայրապետյանի եղբոր և մոր հասցեները:
գ) Պատասխանող Նաիրա Հայրապետյանից վերցնել բացատրություն հայցադիմումի շուրջ:
դ) Հայցադիմումը և փաստաթղթերը ստանալուն հավաստող փաստաթուղթը և բացատրությունը ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Քաղաքացիական դատավարությունում դատական նիստի մասին ծանուցելու վերաբերյալ կանոնները սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 79-րդ, 80-րդ և 94-րդ հոդվածներով:
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ պատասխանող Նաիրա Հայրապետյանի հաշվառման հասցեն հանդիսացել է ՀՀ, ք. Երևան, Բրյուսովի 165 շենք, թիվ 21 բնակարանը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը պետք է պատասխանողին առաջին հերթին ծանուցեր հայցվորի նշած հասցեով, որից հետո դատարանը պետք է միջոցներ ձեռնարկեր պատասխանողին ըստ փաստացի գտնվելու վայրի ծանուցելու ուղղությամբ, ինչը, սակայն, չի կատարվել: Քաղաքացիական գործում բացակայում են համապատասխան ծանուցագրերը:
Պատասխանողի փաստացի գտնվելու վայրը սույն գործով ևս չի պարզվել, քանի որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին» համաձայնագրի հիման վրա Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 12.04.2006 թվականին կայացված «Դատական հանձնարարության մասին» որոշման կատարման մասին տեղեկություններ չեն ստացվել: Փաստորեն սույն գործով պատասխանողի գտնվելու վայրն անհայտ է եղել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:
Սույն գործով վճիռը կայացվել է առանց պատասխանող Նաիրա Հայրապետյանի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության ծանուցման:
Քաղաքացիական գործում բացակայում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին կամ վերջին հայտնի աշխատավայրի տնօրինությանը սույն քաղաքացիական գործի քննության վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցելու մասին փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է քաղաքացիական դատավարության օրենսգրքի էական խախտում: Այս մասին Վճռաբեկ դատարանն իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշմամբ (տես քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի ընդդեմ Շահեն Բաբայանի՝ գումարի պահանջի մասին):
Այսպիսով, դատավարական նորմերի խախտման վերաբերյալ սույն վճռաբեկ բողոքում նշված փաստարկները հիմնավոր համարելով, Վճռաբեկ դատարանն այն դիտում է որպես բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
2) Բողոքի երկրորդ և երրորդ հիմքերին Վճռաբեկ դատարանը անհնար է համարում անդրադառնալ հետևյալ պատճառաբանությամբ.
Դատավարական այլ նորմերի և նյութական իրավունքի խախտման մասին պատասխանողի պատճառաբանությունները չեն կարող դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ այն պայմաններում, երբ կողմի փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել՝ կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պատճառաբանությունները չեն կարող լինել նաև Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի առաջին հիմքը հիմնավոր համարելով՝ դրա առկայությունը բավարար է գտնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Նաիրա Հայրապետյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.07.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
Ս. Գյուրջյան | |
Վ. Աբելյան | |
Է. Հայրիյան |