Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.09.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.07/54(578)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.09.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ 3-2633(ՏԴ)

Քաղաքացիական գործ թիվ 3-1570 (ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Մանուկյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի սեպտեմբերի 5-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «Բիկսա» ՍՊԸ-ի տնօրեն Բորիս Վանյանի դիմումը Վճռաբեկ դատարանի 15.12.2006 թվականի թիվ 3-2633(ՏԴ) որոշումը նոր հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով ՀՀ տնտեսական դատարան՝ «Կոնտակտ-Լույս» ՓԲԸ-ն պահանջել է «Բիկսա» ՍՊԸ-ից բռնագանձել 453Խ200 դրամ, որպես պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով տոկոսներ և վերջինիս վտարել զբաղեցրած տարածքից:

ՀՀ տնտեսական դատարանի 15.11.2005 թվականի թիվ Տ-1522 վճռով հայցը բավարարվել է մասնակի. վճռվել է «Բիկսա» ՍՊԸ-ից հօգուտ «Կոնտակտ-Լույս» ՓԲԸ-ի բռնագանձել 680Խ000 դրամ, որպես պայմանագրով նախատեսված վարձավճար և պատճառված վնաս, և 14Խ000 դրամ, որպես պետական տուրքի գումար, «Բիկսա» ՍՊԸ-ին վտարել «Կոնտակտ-Լույս» ՓԲԸ-ին պատկանող ք. Երևան, Ավան-Առինջ, 1-ին մկշ., շ. 2/8 հասցեում գտնվող տարածքից, իսկ «Կոնտակտ-Լույս» ՓԲԸ-ի պահանջը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով տոկոսներ բռնագանձելու մասով մերժել:

ՀՀ վճռաբեկ դատարանի 15.12..2006 թվականի թիվ 3-2633(ՏԴ) որոշմամբ «Բիկսա» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

«Բիկսա» ՍՊԸ-ի տնօրեն Բորիս Վանյանն անհատական դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան:

ՀՀ սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար, նաև արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ, 6-րդ (1-ին և 2-րդ մասեր), 18-րդ (1-ին մաս) և 19-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

 

2. Դիմումի հիմքերը.

 

ՀՀ սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար, նաև արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ, 6-րդ (1-ին և 2-րդ մասեր), 18-րդ (1-ին մաս) և 19-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

 

3. Դիմումի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքները.

 

Դիմումի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ հանգամանքները՝

Վճռաբեկ դատարանը դիմում ներկայացրած անձի վճռաբեկ բողոքը վերադարձնելիս հիմք է ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230-րդ, 231.1-րդ, 231.2-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով դիմումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի 15.12.2006 թվականի թիվ 3-2633(ՏԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումը պետք է թողնել ուժի մեջ, իսկ դիմումը՝ առանց բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետը հակասահմանադրական է ճանաչվել վճռաբեկ բողոքների վերադարձման մասին որոշումներում պատճառաբանման պարտադիր պայման օրենքով նախատեսված չլինելու պատճառաբանությամբ, ինչը չի նշանակում, որ Վճռաբեկ դատարանի 15.12.2006 թվականի թիվ 3-2633(ՏԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումը չի պատճառաբանվել: Վճռաբեկ դատարանը 15.12.2006 թվականի թիվ 3-2633(ՏԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումն ընդունելու համար հիմք է ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230-րդ, 231.1-րդ, 231.2-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները, և նշել, որ վճռաբեկ բողոքում նշված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասի հիմնավորումները բավարար չեն գործը վարույթ ընդունելու համար: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, վերադարձրել է ներկայացված վճռաբեկ բողոքը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690 որոշումը չի կարող հիմք հանդիսանալ Վճռաբեկ դատարանի 15.12.2006 թվականի թիվ 3-2633(ՏԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումը բեկանելու կամ փոփոխելու համար, քանի որ այդ որոշումը կայացնելիս Վճռաբեկ դատարանը ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ և 231.2-րդ հոդվածներով, իսկ կայացված որոշումն իրավական առումով պատճառաբանված է: Հետևաբար, սույն դիմումը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ, 238-րդ և 241.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ դատարանի 15.12.2006 թվականի թիվ 3-2633(ՏԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումը թողնել օրինական ուժի մեջ, իսկ դիմումը՝ առանց բավարարման:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան