Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 311-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2008-11.08.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հոդ.420
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.10.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007419

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 հոկտեմբերի 2007 թ.

թիվ 311-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/02-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2008 թվականի հունվարի 1-ը գործում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 30-ը հաստատելու մասին թիվ 663-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 30-ը հաստատելու մասին թիվ 663-Ն որոշումը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2007 թ. հոկտեմբերի 5

Երևան

  

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թվականի հոկտեմբերի 2-ի

թիվ 311-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  3/02

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների (այսուհետ` ապահովագրական ընկերություն) գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների (այսուհետ` նորմատիվ) սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ապահովագրական ընկերությունների համար սահմանում է հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները`

2.1) համալրված կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը,

2.2) վճարունակության նորմատիվները՝

ա. ընդհանուր կապիտալի նվազագույն չափը (Ն11 նորմատիվ),

բ. վճարունակության պահանջվող սահմանաչափը (Ն12 նորմատիվ),

2.3) իրացվելիության նորմատիվը (Ն2 նորմատիվ),

2.4) ստանձնած ապահովագրական ռիսկերի գծով առավելագույն չափի նորմատիվը (Ն3 նորմատիվ),

2.5) առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվը (Ն4 նորմատիվ):

3. Ապահովագրական ընկերությունների համալրված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը հիսուն միլիոն դրամ է: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և նոր ստեղծվող ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալը կարող է համալրվել բացառապես ՀՀ դրամով:

4. Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է`

4.1) 2007 թվականի ապրիլի 1-ից մինչև 2008 թվականի հունվարի 1-ը՝ երեք հարյուր հիսուն միլիոն (350 000 000) դրամ գումար,

4.2) 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո՝ հինգ հարյուր միլիոն (500.000.000) դրամ գումար:

5. Վճարունակության պահանջվող սահմանաչափը (Ն12 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի մեծությունը:

6. Իրացվելիության նորմատիվը (Ն2 նորմատիվ)՝ ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների ու վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկային մեծության գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը, սահմանվում է 1:

7. Ստանձնած ապահովագրական ռիսկերի առավելագույն չափի և ընդհանուր կապիտալի միջին օրական մեծության գումարների միջև առավելագույն հարաբերակցությունը (Ն3 նորմատիվ) սահմանվում է 10 տոկոս:

8. Առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվը (Ն4 նորմատիվ) սահմանվում է գլուխ 7-ում՝ ըստ ակտիվների առանձին տեսակների:

9. Ն11, Ն12, Ն4 նորմատիվները հաշվարկվում են ամսական կտրվածքով, Ն2 նորմատիվը՝ շաբաթական կտրվածքով, Ն3 նորմատիվը` օրական, ամսական կտրվածքով և յուրաքանչյուր նոր ապահովագրության պայմանագիր կնքելու պահին:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

10. Ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալը (Ն11 նորմատիվ) հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է` համապատասխան նվազեցումները կատարելուց հետո: Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի համաձայն կատարվող նվազեցումներից հետո) առավելագույնը 50%-ի չափով:

11. Հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունն է`

11.1) վճարված կանոնադրական կապիտալ, ներառյալ՝ բաժնետոմսերի հավելավճարը,

11.2) գլխավոր պահուստ,

11.3) չբաշխված շահույթ (եկամուտների պահուստ):

12. Հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերն են`

12.1) ապահովագրական ընկերության կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխատվությունների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք՝ հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով,

12.2) ապահովագրական ընկերության կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի, փայամասնակցության կամ մասնակցության գումարի չափով,

12.3) ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ շահագործումից դուրս գտնվող) հաշվեկշռային արժեքի չափով, բացառությամբ՝ ապահովագրական գործունեության համար օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների հաշվեկշռային արժեքի,

12.4) այլ ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների, բանկերի, ապահովագրական միջնորդային ընկերությունների, ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79 հոդվածի 1-ին մասի 1-ից 10 ենթակետերով նախատեսված գործունեություն և գործառնություններ իրականացնելու լիցենզիա (արտոնագիր) ունեցող անձանց կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների գումարի չափով.

ա. եթե կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսը կամ ավելին, կամ

բ. եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսից, սակայն գերազանցում է ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

գ. եթե բոլոր անձանց կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 35 տոկոսը.

12.5) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման կամ սուբրոգացիայի արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ապահովագրական գործունեության համար չօգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվներն օրենքով սահմանված կարգով ապահովագրական ընկերության սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո,

12.6) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող այն նյութական ակտիվների (ներառյալ այդ ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքը, որոնց որևէ մասը վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել է այլ անձանց,

12.7) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի, կապիտալ ներդրումների հանրագումարի և դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների (առանց հաշվի առնելու վերագնահատումը` եթե առկա է) ու արժեզրկումից կորստի տարբերությունը (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ապահովագրական գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության (վճարված կանոնադրական կապիտալի, ներառյալ՝ բաժնետոմսերի հավելավճարի, գլխավոր պահուստի և չբաշխված շահույթի (եկամուտների պահուստի) հանրագումար) 25 տոկոսը գերազանցող գումարի չափով,

12.8) ապահովագրական ընկերության կողմից վարձակալված կամ անհատույց օգտագործման պայմանագրով օգտագործվող հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով,

12.9) ապահովագրական ընկերության հետ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառությունները, կանխավճարներ և ցանկացած այլ գումարներ, նրանց նկատմամբ այլ պահանջներ, բացառությամբ՝ նրանց նկատմամբ ապահովագրության (վերաապահովագրության) պայմանագրերից բխող դեբիտորական պարտքերի, փոխկապակցված բանկերում բանկային հաշիվների և ավանդների,

12.10) ցանկացած անձի տրամադրված փոխառություններ, կանխավճարներ և այլ գումարներ, նրա նկատմամբ այլ պահանջներ, ինչպես նաև այլ անձանց պարտավորությունների կատարումն ապահովող միջոցներ, որոնք հանդիսանում են բարձր ռիսկային ակտիվներ (միջոցներ) և չեն հանդիսանում ապահովագրության (համաապահովագրության, վերաապահովագրության) պայմանագրեր կամ այդ պայմանագրերից բխող դեբիտորական պարտքեր, բացառությամբ՝ հրապարակայնորեն վաճառվող այն արժեթղթերի ու բանկերին տրամադրված այն միջոցների, որոնք չեն հանդիսանում այլ անձանց պարտավորությունների կատարումն ապահովող միջոցներ,

12.11) աշխատակիցներին տրված առհաշիվ գումարներ և կանխավճարներ, որոնք գերազանցում են ընդհանուր կապիտալի 1 տոկոսը,

12.12) ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերման համար կատարված կանխավճար կամ առհաշիվ տրված գումար այլ անձանց, որոնք գերազանցում են ընդհանուր կապիտալի 1 տոկոսը,

12.13) 30 օրից ավելի ժամկետանց, վերանայված պայմաններով կամ վերաֆինանսավորված ստացվելիք ցանկացած գումարները: Վերանայված պայմաններով ակտիվներն այն ակտիվներն են, որոնք պայմանագրի համաձայն վերաֆինանսավորվել են, կամ որոնց մարման ժամկետները կամ այլ պայմանները վերանայվել (վերաձևակերպվել) են, գումարները փոխանցվել են ակտիվային (վարկային) նոր գործիքներին, կամ պայմանները վերանայվել են այլ կերպ: Վերաֆինանսավորված ակտիվներն այն ակտիվներն են, որոնց մարումն իրականացվել է նոր ստանձնած պարտավորությունների աղբյուրների հաշվին:

13. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է`

13.1) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստից՝ ոչ ավելի, քան ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվեկշռային արժեքի 25 տոկոսի և ապահովագարական ընկերության սեփականությունը հանդիսացող ու ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի, կապիտալ ներդրումների հանրագումարի և դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների (առանց հաշվի առնելու վերագնահատումը` եթե առկա է) ու արժեզրկումից կորստի տարբերության` տարբերության չափը: Եթե նշված տարբերությունը բացասական մեծություն է, ապա ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական ընկերության գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստը չի ներառվում լրացուցիչ կապիտալի հաշվարկում: Նշվածը արտահայտվում է ստորև ներկայացված բանաձևով՝

min(ՎՊՀ, ՀԿ*0.25 - (ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ)), եթե ՀԿ*0.25 - (ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ) ≥ 0

ՎՊ=

0, եթե ՀԿ*0.25- (ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ) < 0

որտեղ՝

ՎՊ - լրացուցիչ կապիտալի հաշվարկում ներառվող՝ ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստն է,

ՎՊՀ - ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստի հաշվեկշռային մեծությունն է,

ՀԿ - ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվեկշռային արժեքն է,

ՆԱՍԿ - ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող ու ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքն է,

ՆԱԿՆ - ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող ու ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների կապիտալ ներդրումների արժեքն է,

ՆԱԱՄ - ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող ու ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդումների գծով կատարված ամորտիզացիոն հատկացումներն են (առանց հաշվի առնելու վերագնահատումը` եթե առկա է),

ՆԱԱԶ - ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող ու ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդումների գծով արժեզրկումից կորուստը,

13.2) հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստից,

13.3) այլ պահուստներից:

14. Լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում ապահովագրական գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական և ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստները:

15. Բարձր ռիսկային են համարվում այն ակտիվները (կամ դրանց մասերը), որոնք բավարարում են սույն կետում նշված պայմաններից գոնե մեկին՝

15.1) ապահովված չեն գրավով, բյուջետային երաշխիքով, առնվազն նախորդ հաշվետու և ընթացիկ ժամանակաշրջանում շահույթով աշխատած իրավաբանական անձի երաշխավորությամբ կամ երաշխիքով, որի զուտ ակտիվները (սեփական կապիտալը) գերազանցում են այդ երաշխավորության կամ երաշխիքի մեծությունը: Սույն ենթակետը չի տարածվում վարկային կազմակերպությունների նկատմամբ ձևավորված ակտիվների վրա,

15.2) ապահովված չեն փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը (այդ թվում՝ ֆինանսական հոսքերը) բնութագրող բավարար տեղեկատվությամբ,

15.3) ապահովված չեն փոխառության (պարտքի) նպատակն ու նպատակային օգտագործումը, վերադարձելիությունը հիմնավորող տեղեկատվությամբ (գործարար ծրագրեր, պայմանագրեր, պարտքի մարման համար բավարար ֆինանսական հոսքերի առկայության հաշվարկ և այլ հիմնավոր փաստաթղթերով):

16. Սույն կանոնակարգի իմաստով՝ ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ են համարվում այն ակտիվները, որոնք օգտագործվում են ապահովագրական գործունեության համար: Ընդ որում, ապահովագրական գործունեության համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ ապահովագարական ընկերությունը և դրա մասնաճյուղերը իրականացնում են ապահովագրական գործունեություն, ինչպես նաև այն շենքերը և շինությունները, որոնք զբաղեցված են ապահովագրական ընկերության ներկայացուցչությունների կողմից:

17. Ապահովագրական ընկերությունը սույն կանոնակարգի 4-րդ կետում սահմանված ժամանակացույցի առաջին օրերին, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովում է ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

18. Երեք տարուց ավելի գործունեություն ծավալած ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար վճարունակության պահանջվող սահմանաչափը (Ն12) ապահովագրավճարների մեթոդով և ապահովագրական հատուցումների մեթոդով հաշվարկվող մեծություններից առավելագույնն է:

19. Մինչև երեք տարի գործունեություն ծավալած ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար վճարունակության պահանջվող սահմանաչափ (Ն12) է համարվում ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող մեծությունը:

20. Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար վճարունակության պահանջվող սահմանաչափը (Ն12) մաթեմատիկական պահուստների մեթոդով և ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունների հանրագումարն է:

21. Ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ԱՄ=Ա*ԳՍ*0.2,

 

որտեղ՝

ԱՄ -ն ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,

Ա -ն ոչ կյանքի ապահովագրության գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում հաշվեգրված ապահովագրավճարների հանրագումարն է` նվազեցված հաշվետու ամսին և դրան նախորդող տասնմեկ ամիսներին դադարեցված (լուծված) ապահովագրության պայմանագրերի գծով վերադարձված և վերադարձման ենթակա ապահովագրավճարների գումարի չափով: Եթե ապահովագրական ընկերությունն իրականացնում է ոչ կյանքի ապահովագրություն մինչև մեկ տարի տևողությամբ, ապա Ա-ի հաշվարկում ընդգրկվում է տվյալ տարվա համար գործարար ծրագրով նախատեսված ապահովագրավճարների գումարից և փաստացի գործունեության ամբողջ ժամանակահատվածում հաշվեգրված ապահովագրավճարների գումարից առավելագույնը:

ԳՍ - սեփական պահման գործակից՝ հաշվետու ամսին և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով վճարված ընդհանուր ապահովագրական հատուցումների և այդ հատուցումների մեջ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողների մասնակցության բաժնի տարբերության (զուտ հատուցումներ) հարաբերությունն է հաշվետու ամսին և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով վճարված ընդհանուր ապահովագրական հատուցումներին: Եթե ԳՍ-ն փոքր է 0,5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,5 մեծությամբ:

22. Ապահովագրական հատուցումների մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՀՄ=Պ*ԳՍ*0.3,

 

որտեղ՝

ՀՄ -ն ապահովագրական հատուցումների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,

Պ -ն պահանջների ընդհանուր ծավալն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Պ = Հ/3,

որտեղ՝

Հ-ն հաշվետու ամսին և դրան նախորդող երեսունհինգ ամիսներին ապահովագրական ընկերության կողմից ոչ կյանքի ապահովագրության գծով վճարված ապահովագրական հատուցումների հանրագումարն է,

ԳՍ - սեփական պահման գործակից՝ հաշվետու ամսվա և դրան նախորդող երեսունհինգ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով վճարված ընդհանուր ապահովագրական հատուցումների և այդ հատուցումների մեջ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողների մասնակցության բաժնի տարբերության (զուտ հատուցումներ) հարաբերությունն է հաշվետու ամսվա և դրան նախորդող երեսունհինգ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով վճարված ընդհանուր ապահովագրական հատուցումներին: Եթե ԳՍ-ն փոքր է 0,5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,5 մեծությամբ:

23. Կյանքի ապահովագրության դեպքում մաթեմատիկական պահուստների մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ԱՊՄ=ՄՊ*ԳՊ*0.04,

 

որտեղ՝

ԱՊՄ -ն կյանքի ապահովագրության դեպքում մաթեմատիկական պահուստների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,

ՄՊ - մաթեմատիկական պահուստներ, որը հաշվետու ամսում միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) կյանքի կուտակային և խառը ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստների մեծությունն է (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը):

ԳՊ - վերաապահովագրության գործակից` հաշվետու ամսում միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) կյանքի կուտակային և խառը ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստների (առանց օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնակցության բաժնի) հարաբերությունն է հաշվետու ամսում միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստների մեծությանը (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը): Եթե ԳՊ-ն փոքր է 0,85-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,85 մեծությամբ:

24. Կյանքի ապահովագրության դեպքում ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՌԿՄ=ՌԿ*ԳՌ*0.003,

 

որտեղ՝

ՌԿՄ-ն կյանքի ապահովագրության դեպքում ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունն է,

ՌԿ - ռիսկային կապիտալ. կյանքի ռիսկային ապահովագրության պայմանագրերի համար հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող պայմանագրերի գծով նախատեսված ապահովագրական գումարների մեծության (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) և կյանքի ռիսկային ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված չվաստակած ապահովագրավճարների մեծության (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) տարբերությունն է, իսկ կյանքի խառը ապահովագրության պայմանագրերի գծով` ապահովագրական գումարների մեծությունից (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) հանած կյանքի խառը ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված չվաստակած ապահովագրավճարների մեծությունը (ներառյալ՝ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) ու մաթեմատիկական պահուստի մեծությունը,

ԳՌ - վերաապահովագրության գործակից, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ԳՌ= (ՌԶՎ+ԽԶՎ)/(ՌՀՎ+ՀՀՎ),

որտեղ՝

ՌԶՎ - հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող կյանքի ռիսկային ապահովագրության պայմանագրերի գծով նախատեսված ապահովագրական գումարների մեծության (առանց օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնակցության բաժնի) ու կյանքի ռիսկային ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված չվաստակած ապահովագրավճարների մեծության (առանց օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնակցության բաժնի) տարբերությունը,

ԽԶՎ - հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող կյանքի խառը ապահովագրության պայմանագրերի գծով նախատեսված ապահովագրական գումարների մեծության (առանց օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնակցության բաժնի) և կյանքի խառը ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված չվաստակած ապահովագրավճարների ու մաթեմատիկական պահուստի մեծությունների (առանց օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնակցության բաժնի) տարբերությունը,

ՌՀՎ - հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող կյանքի ռիսկային ապահովագրության պայմանագրերի գծով նախատեսված ապահովագրական գումարների մեծության (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) ու կյանքի ռիսկային ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված չվաստակած ապահովագրավճարների մեծության (ներառյալ՝ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) տարբերությունը,

ՀՀՎ - հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող կյանքի խառը ապահովագրության պայմանագրերի գծով նախատեսված ապահովագրական գումարների մեծության (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) ու կյանքի խառը ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված չվաստակած ապահովագրավճարների և մաթեմատիկական պահուստի մեծությունների (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության բաժինը) տարբերությունը:

25. Եթե ԳՌ-ն փոքր է 0,5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,5 մեծությամբ: Եթե ռիսկային կապիտալը (ՌԿ-ն) բացասական մեծություն է, ապա ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունը վերցվում է 0 արժեքով:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

26. Ապահովագրական ընկերության համար, որպես իրացվելիության նորմատիվ (Ն2 նորմատիվ), սահմանվում է ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների ու վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկային մեծության գումարների միջև սահմանային հարաբերակցությունը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Ն2=ԱԲԻ/ԸՊ,

 

որտեղ՝

ԱԲԻ-ն ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների մեծությունն է,

ԸՊ-ն ապահովագրական ընկերության վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկային մեծությունն է:

27. Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները (առանց այդ ակտիվների (բացառությամբ սույն կետի 27.2), 27.3), 27.4) ենթակետերով նշված ակտիվների) գծով հաշվեգրված տոկոսների, որոնց վրա չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման: Բարձր իրացվելի ակտիվներում չեն ընդգրկվում գրավադրված, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը:

27.1) կանխիկ դրամական միջոցներ,

27.2) Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,

27.3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա», «Բ» և «Գ» վարկանիշ ստացած կազմակերպությունների պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,

27.4) Ստանդարտ և Փուրզ, Ֆիտչ կամ Մուդիզ վարկանշային կազմակերպությունների կողմից տրամադրած Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող պետությունների պետական գանձնապետական պարտատոմսեր ու Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ արժեթղթեր, որոնք ցուցակված են ֆոնդային բորսայի վերին հարթակում` ընթացիկ (շուկայական) արժեքով,

27.5) ընթացիկ հաշիվների մնացորդ և ցպահանջ ավանդների գումարներ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում,

27.6) ընթացիկ հաշիվների մնացորդ և ցպահանջ ավանդների գումարներ Ստանդարտ և Փուրզ, Ֆիտչ կամ Մուդիզ վարկանշային կազմակերպությունների կողմից տրամադրած Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերում:

28. Բարձր իրացվելի ակտիվների գումարը հաշվարկվում է միջին օրական հաշվարկով (հաշվետու շաբաթվա ընթացքում բարձր իրացվելի ակտիվների օրական մեծությունների հանրագումարը հարաբերվում է 7-ի):

29. Վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված պարտավորությունները`

29.1) ապահովագրական հատուցման հետ չառնչվող բոլոր պարտավորությունները, որոնց մարումը ենթակա է կատարման Ն2 նորմատիվի հաշվարկման օրը և հաշվարկման օրվան հաջորդող վեց օրվա ընթացքում,

29.2) մինչև Ն2 նորմատիվի հաշվարկման օրը ապահովագրական ընկերությանը ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստը (ՆՉՊՊ),

29.3) ապահովագրական հատուցումների գծով կրեդիտորական պարտավորությունների մեծությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՍՏԱՆՁՆԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

30. Ստանձնած ապահովագրական ռիսկերի առավելագույն չափի նորմատիվը (Ն3) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Ն3=(Պ/ԸԿ)*100,

 

որտեղ՝

Պ-ն մեկ ապահովագրության օբյեկտը ծածկող ապահովագրության պայմանագրի (պայմանագրերի) գծով ապահովագրական ընկերության կողմից ստանձնած պարտավորության (ապահովագրական գումարի) չափն է՝ նվազեցված այդ պայմանագրի (պայմանագրերի) գծով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի պարտավորության չափով,

ԸԿ -ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի միջին օրական մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի:

31. Ն3 նորմատիվի հաշվարկում ընդգրկվող տարրերի ծագման պահին, ինչպես նաև այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում Ն3 նորմատիվը հաշվարկվում է տվյալ օրվա վերջի դրությամբ ընդհանուր կապիտալի նկատմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

32. Ապահովագրական ընկերության ակտիվներն ապահովագրական ընկերության կողմից ձևավորված տեխնիկական պահուստների և վճարվելիք ապահովագրական հատուցումների մեծությունների չափով (տեխնիկական պահուստների համարժեք ակտիվներ) տեղաբաշխվում են հետևյալ ուղղություններով`

 

Տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները Առավելագույն սահմանաչափը տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների գումարի մեջ բոլոր սուբյեկտներով (փոխառուներով) Առավելագույն սահմանաչափը տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների գումարի մեջ մեկ սուբյեկտով (փոխառուով)

(1)

(2)

(3)

1. Կանխիկ դրամարկղում 3% 3%
2. Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր 100 % 100 %
3. Ստանդարտ և Փուրզ, Ֆիտչ կամ Մուդիզ վարկանշային կազմակերպությունների տրամադրած ԲԲ-(Բա2) և բարձր վարկանիշ ունեցող պետությունների պետական գանձնապետական պարտատոմսեր, ԲԲ-(Բա2) ու բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ արժեթղթեր, ԲԲ-(Բա2) ու բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերում բանկային հաշիվներ, ցպահանջ և ժամկետային ավանդներ 40 % 5 %
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա», «Բ» կամ «Գ» վարկանիշ ստացած կազմակերպությունների արժեթղթեր 40 % 5 %
5. Բանկային հաշիվներ, ցպահանջ և ժամկետային ավանդներ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրված փոխառություններ, որոնք չեն հանդիսանում բարձր ռիսկային ակտիվներ (միջոցներ), նրանց կողմից թողարկված պարտատոմսեր 100 % 20%

 

33. Ապահովագրական ընկերությունը չի կարող տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները տեղաբաշխել ածանցյալ արժեթղթերում:

34. Եթե ապահովագրական ընկերությունը հաշվարկում է տեխնիկական պահուստներն օրական կտրվածքով, ապա Ն4 նորմատիվի հաշվարկում տեխնիկական պահուստներն ընդգրկվում են միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում տեխնիկական պահուստների օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին): Եթե տեխնիկական պահուստները չեն հաշվարկվում օրական կտրվածքով, ապա Ն4 նորմատիվի հաշվարկում տեխնիկական պահուստներն ընդգրկվում են հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ:

35. Տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները Ն4 նորմատիվի հաշվարկում ընդգրկվում են միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին):