Գլխավոր տեղեկություն
Համար
N 187
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.28/34.1 Հոդ.460.4
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
21.12.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 

 

21 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան

N 187

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 18-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետի և 72-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով և հիմք ընդունելով այն, որ.

1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացիները, Հանրապետության Նախագահի թեկնածուի կարգավիճակ ստանում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում որպես Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածները սահմանում են այն փաստաթղթերի ցանկը, որ անհրաժեշտ է ներկայացնել Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվելու համար, իսկ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածը սպառիչ թվարկում է Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացիների իրավունքները, որպես Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացիներից պահանջել և ստանալ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված փաստաթղթերը, իսկ թեկնածու առաջադրված քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում որպես Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցելու վերաբերյալ որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետի համաձայն կազմակերպել նրանց կենսագրական տվյալների հրապարակումը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն պարզաբանում է.

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետի դրույթը չի կարող վերաբերել Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացիներին:

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները պետք է ընկալել դրանցում պարունակող բառերի տառացի նշանակությամբ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջները և չփոխելով դրանց իմաստը: 

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան