Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.26/66.1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ Տ-2066

Քաղաքացիական թիվ 3-1657(ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Լ.Սոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Շանթ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 10.08.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ՝ Վարչություն) հայցի ընդդեմ Շանթ Խաչատրյանի՝ գումար բռնագանձելու, ինչպես նաև հակըննդեմ հայցի՝ կողմերի միջև կնքված պետական գույքի մասնավորեցման 27.09.2006 թվականի թիվ 257-Մ պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 10-րդ կետի 1-ին ենթակետն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը. 

 

Դիմելով դատարան՝ Վարչությունը պահանջել է Շանթ Խաչատրյանից բռնագանձել 3.980.000 ՀՀ դրամ՝ որպես պայմանագրային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տուգանքի գումար, ինչպես նաև Վարչության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 79.600 ՀՀ դրամ:

Դիմելով դատարան՝ Շանթ Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել պետական գույքի մասնավորեցման 27.09.2006 թվականի թիվ 257-Մ պայմանագրի 10-րդ կետի 1-ին ենթակետը:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Տնտեսական դատարան) 10.08.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Շանթ Խաչատրյանը։

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել: 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝

Տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 171-րդ հոդվածը, 441-րդ հոդվածի 2-րդ մասը, 438-րդ հոդվածի 1-ին մասը, 449-րդ հոդվածի 3-րդ մասը, «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, ինչպես նաև «Պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում պարտավորությունների ամրագրման և դրանց կատարման վերահսկման գործընթացը կանոնակարգելու մասին» ՀՀ կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) 25.08.2004 թվականի թիվ 1955-Ն որոշումը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, ինչպես նաև սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ Պայմանագրի առարկան անշարժ գույք է, եկել է այն եզրահանգման, որ Պայմանագրի պայմանների կատարման ժամկետ է համարվում կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետը:

Անհիմն են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառելիության վերաբերյալ Տնտեսական դատարանի պատճառաբանությունները, քանի որ պայմանագրով նախատեսված չէ դրույթ, որի համաձայն այն կիրառելի է նաև մինչև պայմանագրի կնքելն իրենց մինչև ծագած հարաբերությունների նկատմամբ:

Այսինքն, սույն քաղաքացիական գործով կիրառելի իրավական ակտ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրանից ծագող իրավունքների պետական գրանցման պահից:

Այսպիսով, Տնտեսական դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ Պայմանագրի առարկան «Ախուրյանի ավտոտրանսպորտ» ՊՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) գույքի կազմից առանձնացված Թալինի տեղամասի գույքն է, այդ թվում՝ 393,7 քմ շենքը, և որ Պայմանագիրը, անշարժ գույքի առուվաճառքի պայմանանգիր է:

Վճռաբեկ բողոքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 171-րդ հոդվածի սխալ կիրառման վերաբերյալ հիմնավորումները բացակայում են:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 10.08.2007 թվականի վճիռը: 

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 23.12.2005 թվականին Վարչության և Շանթ Խաչատրյանի միջև կազմվել և ստորագրվել է, իսկ 27.09.2006 թվականին նոտարական վավերացում է ստացել պայմանագիր, որի համաձայն Ընկերության գույքի կազմից առանձնացված Թալինի տեղամասի գույքը, այդ թվում՝ 393.7 քմ մակերեսով շենքը, օտարվել է Շանթ Խաչատրյանին:

Պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցմումը կատարվել է 30.11.2006 թվականին:

2) Պայմանագրի 5.3.2 կետով գնորդը պարտավորվել է պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում կատարել 15.000.000 ՀՀ դրամի ներդրում, այդ թվում՝ առաջին տարվա ընթացքում՝ 2.500.000 ՀՀ դրամի, երկրորդ տարում՝ 3.500.000 ՀՀ դրամի , երրորդ տարում՝ 9.000.000 ՀՀ դրամի չափով:

Պայմանագրի 5.3.3 կետով գնորդը պարտավորվել է Պայմանագրի ուժի մեջ մտնելուց երեք տարվա ընթացքում ապահովել սոցիալական երաշխիքների իրականացումը հետևյալ համամասնությամբ և ժամանակահատվածներում՝ առաջին տարվա ընթացքում ապահովել աշխատատեղերով 60 մարդ՝ 40.000 ՀՀ դրամ ամսեկան աշխատավարձով, երկրորդ տարում՝ 84 մարդ 45.000 ՀՀ դրամ ամսեկան աշխատավարձով, երրորդ տարում՝ 240 մարդ՝ 50.000 ՀՀ դրամ ամսեկան աշխատավարձով:

3) Պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման համար Շանթ Խաչատրյանին առաջադրվել է 3.980.000 ՀՀ դրամ տուգանք: Պայմանագրով պարտավորությունների ծագման պահ է համարվել պայմանագիրն ստորագրելու պահը՝ 23.12.2005 թվականը:

4) Պայմանագրի 10.1 կետի համաձայն՝ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

5) Քաղաքացիական գործում բացակայում է Պայմանագրով անշարժ գույքից բացի այլ գույք օտարված լինելու մասին ապացույց:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումն ենթակա են պետական գրանցման, իսկ 301-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքներն ենթակա են պետական գրանցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն պայմանագիրը, որից ծագող իրավունքներն ենթակա են պետական գրանցման, կնքված են համարվում այդ իրավունքի գրանցման պահից:

«Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնավորեցման հետևանքով սեփականության իրավունքի փոխանցումը վավերացվում է պետական գույքի մասնավորեցման գործարքով, որը գրավոր կնքում են լիազորված պետական մարմինը և գնորդը՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով, իսկ Պայմանագրի 10.1 կետի համաձայն՝ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական, և թե՜ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Սույն քաղաքացիական գործի նյութերում բացակայում է Պայմանագրով օտարված գույքի կազմում բացի անշարժ գույքից նաև այլ գույքի առկայության հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց, ուստի տվյալ դեպքում պայմանագրի կնքված համարվելու և դրանից իրավունքներ ու պարտականություններ ծագելու պահի նկատմամբ պետք է կիրառվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ անշարժ գույքի հետ կատարվող գործարքների ուժի մեջ մտնելու և դրանցից իրավունքներ և պարտականություններ ծագելու կանոնները:

Մինչդեռ, տվյալ դեպքում, Տնտեսական դատարանը հաստատված համարելով այն հանգամանքը որ Պայմանագրի առարկան բացի անշարժ գույքից ներառում է նաև շարժական գույք, չի նշել այդ հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց: Հետևաբար, Տնտեսական դատարանի վճիռը՝ 23.12.2005 թվականից տուգանք հաշվարկելու մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն:

 

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելի չլինելու վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա այն նույնպես հիմնավոր է: Այսպես, ըստ վերոհիշյալ նորմի՝ կողմերն իրավունք ունեն սահմանելու, որ իրենց կնքած պայմանագրի պայմանները կիրառվում են մինչև պայմանագիր կնքելն իրենց միջև ծագած հարաբերությունների նկատմամբ:

Մինչդեռ, Տնտեսական դատարանը, կիրառելով այս նորմը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքված պայմանագրով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագրի կիրառելության հնարավորություն նախատեսված չէ:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 171-րդ հոդվածը կիրառելի չլինելու բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն այն գնահատման առարկա չի դարձնում, քանի որ վերոնշյալ նորմի սխալ կիրառման հիմնավորումները բողոք բերած անձի կողմից չեն ներկայացվել:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, Տնտեսական դատարանի վճիռը բեկանելու համար: 

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը 

 

Ո Ր Ո Շ Ե Ց 

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 10.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման: 

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան