Գլխավոր տեղեկություն
Համար
N 1538-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2008-28.04.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.16/3(593) Հոդ.52
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

20 դեկտեմբերի 2007 թվականի N 1538-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գործունեության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1538-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գործունեության ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում՝ ելնելով «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 433-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերով ազգային անվտանգության մարմինների առջև դրված խնդիրներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը (այսուհետ` ազգային անվտանգության ծառայություն) առնչվող տեղեկատվության զգալի մասը պետական ու ծառայողական գաղտնիք է և օժտված է գաղտնիության համապատասխան աստիճանով, սույն ռազմավարությունը մշակվել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան` հրապարակային տեղեկատվության հաղորդման թույլատրելիության սահմաններում:

2. Ծրագիրը նախանշելու համար անհրաժեշտ է նախ ամրագրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն հասկացությունը և ազգային անվտանգության մարմինների դերն ու նշանակությունը: Այսպես, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացություն է, երբ ապահովված են անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործառույթներն իրենց իրավասությունների սահմաններում իրականացնում են պետական կառավարման համապատասխան մարմինները: Ազգային անվտանգության ծառայությունը, որպես պետական կառավարման մարմին, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է և իր իրավասության սահմաններում ապահովում է անձի, հասարակության ու պետության անվտանգությունը:

3. Ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններն են`

1) հետախուզական գործունեությունը.

2) հակահետախուզական (այդ թվում՝ ռազմական հակահետախուզական) գործունեությունը.

3) պետական սահմանի պահպանությունը.

4) սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարը.

5) հանցագործությունների դեմ պայքարը:

4. Ազգային անվտանգության ծառայությունն իր գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններում նախանշված խնդիրներն իրականացնելիս` ղեկավարվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու սկզբունքների ապահովմամբ:

 

II. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 

 

Ազգային անվտանգության ծառայությունը, իր իրավասության սահմաններում իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, լուծում է հետևյալ հիմնական հետախուզական և հակահետախուզական ռազմավարական խնդիրները`

5. Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն ու, նրանց հանձնարարությամբ, այլ պետական մարմիններ և կազմակերպություններ Հայաստանի Հանրապետությանն սպառնացող վտանգների մասին տեղեկատվություն ներկայացնելը:

6. Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման, պետության անվտանգության ամրապնդման նպատակով հետախուզական տեղեկությունների հավաքում, հետախուզական գործունեությունը կանոնակարգող օրենսդրական բազայի ամրապնդում և դրա իրականացման իրավական հիմնավորում:

Հետախուզական գործունեությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող գործունեություն է` ուղղված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ինչպես նաև անձի, հասարակության և պետության կենսական շահերի դեմ ուղղված սպառնալիքների մասին տեղեկությունների ստացմանը, պետության հիմքերի ամրապնդմանը, Հայաստանի Հանրապետության շահերի ու խնդիրների իրագործմանն աջակցելուն:

Հետախուզական գործունեության նպատակներն են`

1) պետական իշխանության բարձրագույն մարմիններն ապահովելը հետախուզական տեղեկատվությամբ, որն անհրաժեշտ է քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտատեխնիկական, բնապահպանական և այլ ոլորտներում որոշումներ ընդունելու համար.

2) անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության խնդիրների հաջող լուծմանը նպաստող պայմանների ստեղծումը.

3) Հայաստանի Հանրապետության տնտեսական, գիտատեխնիկական առաջընթացին, Հայաստանի Հանրապետության շահերի, խնդիրների իրագործմանն ու ապահովմանն օժանդակելը.

4) արտաքին վտանգներից անձի, հասարակության, պետության անվտանգության ապահովումը:

Հետախուզական գործունեության ուղղություններն են`

1) քաղաքական հետախուզությունը` քաղաքական, ռազմաքաղաքական ոլորտների մասին հետախուզական տեղեկատվության հայթայթումը և Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը նպաստող միջոցառումների իրականացումը.

2) տնտեսական հետախուզությունը` հետախուզական-տնտեսական տեղեկատվության հայթայթումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականությանը նպաստող միջոցառումների իրականացումը.

3) գիտատեխնիկական հետախուզությունը` հետախուզական-գիտատեխնիկական տեղեկատվության հայթայթումը և այս ոլորտում Հայաստանի Հանրապետության շահերի ու գիտատեխնիկական անվտանգության ապահովման միջոցառումների իրականացումը.

4) բնապահպանական հետախուզությունը` բնապահպանության ոլորտի մասին հետախուզական տեղեկատվության հայթայթումը և այս ոլորտում Հայաստանի Հանրապետության շահերի ու բնապահպանական անվտանգության ապահովման միջոցառումների իրականացումը.

5) արտաքին հակահետախուզությունը` Հայաստանի Հանրապետության, անձի և հասարակության կենսական կարևոր շահերի դեմ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, միջազգային ահաբեկչության ու միջազգային կազմակերպված հանցավորության այլ կառույցների, ինչպես նաև առանձին անձանց գործողություններին հակազդեցությունը, արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունների, պետական գաղտնիքներին իրազեկ քաղաքացիների անվտանգության ապահովումը:

Հայեցակարգային առումով` արտաքին սպառնալիքների դեմ պայքարի հետախուզության տեղեկատվական գործառույթի արդի հիմնահարցերն են`

1) Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ հնարավոր ոտնձգությունները.

2) ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի ռազմական լուծման նպատակով Ադրբեջանի Հանրապետության կողմից մարտական գործողությունների հնարավոր վերսկսումը և դրանց մասին վկայող նախանշանները.

3) Հայաստանի Հանրապետության շրջափակումը, քաղաքական, տնտեսական, մշակութային, հաղորդակցային մեկուսացումը.

4) Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության դեմ ուղղված արտաքին ոտնձգությունները.

5) Հայաստանի Հանրապետության շուրջ միջազգային հանրության բացասական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետության միջազգային դերի նվազեցմանը միտված ծրագրերը, գործողությունները:

Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային անվտանգության խնդիրներին առնչվող` հետախուզական գործունեություն ծավալող բոլոր պետական մարմինների և ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը:

7. Օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության դեմ ուղղված հետախուզական և այլ քայքայիչ գործունեության բացահայտումը, կանխումը և խափանումը:

8. Ի կատարումն ազգային անվտանգության ծառայության հիմնական գործառույթների` հետախուզական և հակահետախուզական համալիր միջոցառումների իրականացումը հետևյալ տեղեկատվության ստացման համար`

1) Հայաստանի Հանրապետության դեմ զինված հարձակման վտանգի մասին.

2) Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության դեմ ոտնձգությունների մասին.

3) Ադրբեջանի Հանրապետության կողմից մարտական գործողությունների վերսկսման ծրագրերի տրամադրությունների և սահմանային միջադեպերի հրահրման մասին.

4) Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական դաշինքների կազմավորման ծրագրերի մշակման մասին.

5) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում ուժերի հարաբերակցությունը խախտող ռազմական ուժի և այլ միջոցների կենտրոնացման մասին.

6) Հայաստանի Հանրապետության սահմանների հարևանությամբ` Հայաստանի Հանրապետության դաշնակից չհանդիսացող պետությունների ռազմական հանգրվանների և ռազմական միավորումների, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների տեղաբաշխման ծրագրերի մասին.

7) oտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու և ներքաղաքական իրադրությունն ապակայունացնելու փորձերի մասին:

9. Ազգային անվտանգության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը գործնական աջակցությունը:

10. Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների (պետական դավաճանություն, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր, լրտեսություն, դիվերսիա և այլն) բացահայտումը, կանխումը և խափանումը:

11. Իր իրավասության սահմաններում մասնակցությունը հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների (բանդիտիզմ, պատանդ վերցնելը, հանցավոր համագործակցության ստեղծում կամ հանցավոր համագործակցությանը մասնակցություն, օրենքով չնախատեսված զինված միավորումների ստեղծում կամ դրանց մասնակցություն, զանգվածային անկարգություններ, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանքի հարուցում, ատոմային էներգետիկայի օբյեկտներում անվտանգության կանոնների խախտում և այլն) բացահայտմանը, կանխմանը, խափանմանը:

12. Իր իրավասության սահմաններում մասնակցությունն ահաբեկչության դեմ պայքարին, ահաբեկչական գործունեության կամ ահաբեկչական գործողությունների նախազգուշացումը, բացահայտումը, կանխումը, խափանումը և դրանց հետևանքների նվազեցումը: Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքար իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

13. Իր իրավասության սահմաններում թմրանյութերի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի տարածման, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության կանխումն ու խափանումը:

14. Իր իրավասության սահմաններում աջակցությունը հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի ներդրման և իրականացման կազմակերպչական ապահովմանը, մասնակցությունը կոռուպցիայի, ինչպես նաև կոռուպցիայի հետ կապված իրավախախտումների դեմ պայքարի հիմնական ուղղությունների (տնտեսական քաղաքականություն, օրենսդրական դաշտ, դատաիրավական համակարգ, պետական կառավարման համակարգ) պոտենցիալի առավելագույնս կիրարկմանը:

15. Իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության, ռազմավարական օբյեկտների, ինչպես նաև առաջնային գիտական մշակումների ոլորտների անվտանգության ապահովումը:

16. Մասնակցությունը պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, պետական մարմիններում, զինվորական կազմավորումներում, կազմակերպություններում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման նկատմամբ վերահսկողությանը:

17. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում և այլ զինվորական կազմավորումներում, ինչպես նաև դրանց կառավարման մարմիններում` իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների բացահայտումը, կանխումն ու խափանումը, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներթափանցումից պաշտպանելը, ինչպես նաև մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս` հրամանատարությանն աջակցելը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զինվորական կազմավորումների հակահետախուզական ապահովումը:

18. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկների անվտանգության ապահովումը:

19. Ազգային անվտանգության ծառայության մարմինների մոբիլիզացիոն պատրաստականության պահպանումը:

20. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության իրականացումը: Այդ նպատակով ապահովել`

1) սահմանային անվտանգության, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար պայմանների ստեղծումը.

2) սահմանային անվտանգության սպառնալիքների կանխատեսումը և գնահատումը.

3) սահմանային քաղաքականության հիմնական ուղղությունների և դրա ռազմավարության մշակումը.

4) սահմանային գոտում և շերտում պետական կառավարման մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների համակարգումը:

21. Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի ապահովումը:

22. Իր իրավասության սահմաններում մասնակցությունն օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների մարմինների անվտանգության ապահովմանը:

23. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` այլ պաշտոնյաների, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչների անվտանգության ապահովումը և պաշտպանությունը:

24. Ներքին անվտանգության համալիր ծրագրի հետագա կատարելագործումը և իրականացումը:

25. Ազգային անվտանգության մարմինների պրոֆիլակտիկ գործունեության իրավական հիմքի կատարելագործումը, պրոֆիլակտիկ միջոցների ընտրության մեթոդաբանական բարելավումը:

26. Օպերատիվ իրադրության հիմնական տարրերի գնահատման չափանիշների և ուսումնասիրման մեթոդիկայի գիտական կազմակերպումը, օպերատիվ-հետախուզական ու հակահետախուզական գործունեության կազմակերպման և կառավարման գործում օպերատիվ իրադրության կանխատեսման դերի բարձրացումը:

27. Ռազմավարական մարտահրավերների արդի պայմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստումը, նրանց վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:

28. Սույն ծրագրում նախատեսված ազգային անվտանգության ծառայության խնդիրներն արդեն իսկ ամրագրված են Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներով և այլ իրավական ակտերով ու կենսագործվել և կենսագործվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների ամենօրյա գործունեության ընթացքում: Ծրագրում նշված միջոցառումներն իրականացվելու են յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին:

29. Ազգային անվտանգության ծառայության գործունեության ծրագրի ապահովման մեթոդները, ուժերն ու միջոցները կանոնակարգվում են համապատասխան իրավական ակտերով, որոնք ենթակա չեն հրապարակման:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1538-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Նպատակը և ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

1.

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգում համակարգիչներով, «Արաքս–3PCI» ծածկագրային համալիրներով, տպիչներով և անդադար սնուցման սարքերով համալրված 23 նոր բաժանորդային կետերի բացում և շահագործման հանձնում

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պաշտպանված էլեկտրոնային փոստի համակարգի ընդլայնում

2008 թ.`
7 բաժանորդային կետ,
2009-2010 թթ.` 16 բաժանորդային կետ

ՀՀ պետական բյուջե

2.

Ժամանակավոր կայունության գաղտնագրային սարքավորումների փոխարինում 44 լրակազմ երաշխավորված կայունությամբ գաղտնագրային սարքավորումներով և 60 կմ մալուխների փոխարինում

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության օպերատիվ և կառավարական քաղաքային կապի անվտանգության, որակի և հուսալիության բարձրացում

2008 թ.`
10 լրակազմ, 20 կմ մալուխ,
2009-2010 թթ.` 34 լրակազմ, 40 կմ մալուխ

ՀՀ պետական բյուջե

3.

ՀՀ նախարարություններում և պետական կառավարման այլ մարմիններում պաշտպանված էլեկտրոնային փոխանակման համակարգի ներդրման շրջանակներում համակարգիչներով, «Արաքս–3PCI» ծածկագրային համալիրներով, տպիչներով և անդադար սնուցման սարքերով համալրված 27 բաժանորդային կետի բացում և շահագործման հանձնում, ընդ որում`

ՀՀ նախարարություններում և պետական կառավարման այլ մարմիններում պաշտպանված էլեկտրոնային փոխանակման համակարգի ներդրում

2008-2010 թթ.  

ՀՀ պետական բյուջե
(ՀՀ նախարարություններին և պետական կառավարման այլ մարմիններին ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին)

1) իրավական ակտերի նախագծերի մշակում և հաստատում, բաժանորդային կետեր շահագործողների ու պատասխանատուների ուսուցում, հավաստագրման կենտրոնի, հեռահաղորդակցական և ցանցային ենթակառուցվածքի ստեղծում ու ներդրում.

 

2008 թ.

 

2) ՀՀ նախարարություններում և պետական կառավարման այլ մարմիններում համակարգի ներդրման աշխատանքի ավարտ և շահագործման հանձնում

 

2009-2010 թթ.

 

4.

Հայաստանի Հանրապետությունում առկա հատուկ նշանակության և պոտենցիալ վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանվածության մակարդակի փորձարարական ուսումնասիրություն և թերությունների հայտնաբերման դեպքում դրանք վերացնելու վերաբերյալ առաջարկությունների մշակում: Պահպանվող օբյեկտներում ֆիզիկական պաշտպանության և հակազդման ուժերի ու միջոցների վերահաշվարկի և դրանց կառավարման շտաբային վարժանքների իրականացում: Վարժանքների ընթացքում ուսումնական օպերատիվ իրավիճակի մոդելավորում` իրականացնելով պահպանվող գոտիների պայմանական խախտումներ

հնարավոր ահաբեկչական գործողություններից Հայաստանի Հանրապետությունում առկա հատուկ նշանակության և պոտենցիալ վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանվածության մակարդակի բարձրացում

2008 թ.

ՀՀ պետական բյուջե

5.

Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում օտարերկրացիներին պահելու նպատակով հատուկ կացարանների ստեղծում

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի կիրարկման ապահովում

2008-2009 թթ.

ՀՀ պետական բյուջե

6.

Սահմանային վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելը` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) բացահայտման համար, այդ թվում նաև՝ տեխնիկական հագեցվածությունն ավելացնելու և համապատասխան ուսուցողական դասընթացներ կազմակերպելու միջոցով

մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի արդյունավետության բարձրացում

2008-2009 թթ.

ՀՀ պետական բյուջե

7.

Մարդկանց շահագործում (թրաֆիքինգ) իրականացնողների և զոհերի հայտնաբերման նպատակով օտարերկրյա իրավապահ մարմինների, ինչպես նաև սահմանային վերահսկողության մարմինների միջև համագործակցության ընդլայնում

մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի արդյունավետության բարձրացում

շարունակական

ՀՀ պետական բյուջե

8.

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի ամրացման միջոցառումների իրականացում

ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում և արդյունավետության բարձրացում

2007-2011 թթ.

ՀՀ պետական բյուջե

9.

ՀՀ Լոռու մարզում սահմանապահ 2 ուղեկալի շինարարություն (Սարչապետ և Ջիլիզա բնակավայրերում)

ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում և արդյունավետության բարձրացում

2008-2009 թթ.

ՀՀ պետական բյուջե

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան