ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1276(ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 07-1743 | |
Նախագահող դատավոր՝ | Տ. Սահակյան |
դատավորներ՝ | Ն. Հովսեփյան |
Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Աբելյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Ճշմարիտյանի` Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Կարեն Անդրեասյանի միջոցով ներկայացված բերված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ նաև դատարան) 2007 թվականի մայիսի 4-ի վճռի դեմ՝ ըստ Սիրանուշ և Սաթենիկ Ճշմարիտյանների օրինական ներկայացուցիչ Անահիտ Ալեքսանյանի դիմումի՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Անահիտ Ալեքսանյանը պահանջել է հարգելի համարել անչափահասներ Սիրանուշ և Սաթենիկ Ճշմարիտյանների կողմից Տիգրան Ճշմարիտյանի ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը և նրանց ճանաչել Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 16 տան՝ Սիրանուշ Ղազարյանի բաժնի և նույն հասցեի ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 9-ի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.05.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Ճշմարիտյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի՝ նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որի չպահպանելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի խախտում:
Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջները, երրորդ անձ Հ. Ճշմարիտյանին զրկել է դատարանում իր դատավարական իրավունքից օգտվելու և դատական պաշտպանության հնարավորությունից, որի արդյունքում խախտվել է Հ. Ճշմարիտյանի` ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված կողմերի հավասարության և մրցակցության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ժամկետում իրենց գործի հրապարակային քննության իրավունքը:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները և չի կիրառել ՀՀ քաղաքացիական 1216-րդ, 1225-րդ և 1226-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը, մասնավորապես՝ գործով ապացույցներ են նշված օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:
Սույն գործով երրորդ անձ Հ. Ճշմարիտյանը կամ նրա ներկայացուցիչ Մ. Ամիրյանը 2007 թվականի մայիսի 4-ի դատական նիստի և վայրի մասին պատշաճ ծանուցված կհամարվեին այն դեպքում, երբ դատարանում հավաստի տեղեկություն կստացվեր դատական ծանուցագիրը հասցեատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնելու մասին:
Հասմիկ Ճշմարիտյանն առ այսօր փաստացի տիրապետում և օգտագործում է Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 16 հասցեով գտնվող ժառանգական գույքը: Իսկ վերաքննիչ դատարանը, հաստատված է համարել, որ հանգուցյալ Տ. Ճշմարիտյանի երեխաների օրինական ներկայացուցիչ Անահիտ Արշակյանի դիմումի համաձայն՝ միայն իրենք են համարվել ժառանգությունն ընդունած ժառանգներ: Ավելին, դատարանը վճռի հիմքում դրել է այն ենթադրությունը, որ Հասմիկ Ճշմարիտյանի՝ որպես առաջին հերթի ժառանգի, ժառանգությունը չընդունելը հանգեցրել է նույն հետևանքների, ինչը ժառանգությունից հրաժարվելն է:
Վերաքննիչ դատարանը թերի և ոչ օբյեկտիվ քննության արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետը, անտեսել է այն հանգամանքը, որ միայն տան գույքահարկի նախորդ տարիների և 2007 թվականի վճարումները չեն կարող դիտվել որպես Անահիտ Ալեքսանյանի Հ.Ճշմարիտյանին պատկանող 1/2 բաժնեմասի և ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասը պահպանելու ծախսեր:
Դատարանը չի գնահատել այն հանգամանքը, որ 1994 թվականից Տ. Ճշմարիտյանը 06.07.1994 թվականի թիվ 195 ամուսնալուծության վկայականի համաձայն՝ ամուսնալուծվել է դիմող Ա. Ալեքսանյանից: Գտնում եմ, որ Ա.Ալեքսանյանը լինելով ամուսնալուծված՝ միաժամանակ տասը տարուց ավելի բացակայելով ՀՀ-ից չէր կարող այդ տարիներին փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 4-ի թիվ 07-1743 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 04.05.2007 թվականին կայացած դատական նիստը անցկացվել է Հ. Ճշմարիտյանի բացակայությամբ:
2) Քաղաքացիական գործում բացակայում է 04.05.2007 թվականին կայանալիք դատական նիստի մասին դատական ծանուցագիրը:
3) 04.05.2007 թվականին կայանալիք դատական նիստի վերաբերյալ պատասխանողին ծանուցագիր չի ուղարկվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը գործը քննել է անձի բացակայությամբ, որը պատշաճ կարգով չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Վճռաբեկ դատարանն իր 26.10.2006 թվականի թիվ 2-2128 որոշմամբ անդրադարձել է բողոքի սույն հիմքում առաջ քաշված իրավական հարցի գնահատականին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը հայտնել է այն իրավական դիրքորոշումը, որ գործին մասնակցող անձանց՝ դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է (իրավական հիմանավորումները տե´ս քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի ընդդեմ Շահեն Բաբայանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, «Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի», հատոր առաջին, էջ 225-229):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
2) Վճռաբեկ դատարանը բողոքի առաջին հիմքի մնացած մասերին և երկրորդ հիմքին չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն կարող քննարկվել Վճռաբեկ դատարանի կողմից:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի առաջին հիմքը հիմնավոր համարելով՝ դրա առկայությունը բավարար հիմք է դիտում ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Հասմիկ Ճշմարիտյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.05.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Գյուրջյան |
|
Է. Հայրիյան |
|
Ս. Սարգսյան |