ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1179 (ՎԴ) |
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-583/2007
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան
դատավորներ՝ Կ. Հակոբյան |
Ն. Հովսեփյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ՝ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ՝ |
Ա. Մկրտումյանի |
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 17.01.2007 թվականի թիվ 07-583/2007 գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Արմեն Հայրապետյանի հայցի ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, Արմեն Ճուղուրյանի և թիվ 1 նոտարական գրասենյակի՝ ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի վկայականը, բնակարանի առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու և բնակարանի սեփականատեր ճանաչելու պահանջի մասին և ըստ Արմեն Ճուղուրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արմեն Հայրապետյանի՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և բնակարանից վտարելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Արմեն Հայրապետյանը պահանջել է անվավեր ճանաչել Ռ.Հայրապետյանին 24.10.2001 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա 29.10.2001 թվականին տրված թիվ 493702 սեփականության իրավունքի վկայականը, Ռ.Հայրապետյանի և Ա.Ճուղուրյանի միջև 30.04.2002 թվականի Երևանի Լեփսիուսի փողոցի 14 շենքի թիվ 22 բնակարանի 30.04.2002 թվականի առուծախի պայմանագիրը և այդ պայմանագրի հիման վրա Ա.Ճուղուրյանին 03.12.2002 թվականին տրված թիվ 445693 սեփականության իրավունքի վկայականը:
Մեկ այլ քաղաքացիական գործով Արմեն Հայրապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ա.Ճուղուրյանի՝ իրեն վեճի առարկա հանդիսացող բնակարանի նկատմամբ սեփականատեր ճանաչելու պահանջով:
Առաջին հայցի դեմ ներկայացված հակընդդեմ հայցով Ա.Ճուղուրյանը պահանջել է հատուցմամբ դադարեցնել Ա.Հայրապետյանի՝ Երևանի Լեփսիուսի փողոցի 14 շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ ունեցած անհատույց օգտագործման իրավունքը, վտարել Ա.Հայրապետյանին նշված բնակարանից և հատուցել բնակարանի գույքի փչացմամբ իրեն պատճառված վնասը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 11.08.2004 թվականի վճռով Ա.Հայրապետյանի առաջին հայցը բավարարվել է, իսկ Ա.Ճուղուրյանի հակընդդեմ հայցը՝ մերժվել:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.10.2004 թվականի վճռով Ա.Հայրապետյանի առաջին հայցը մերժվել է, իսկ Ա.Ճուղուրյանի հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակի՝ բնակարանի նկատմամբ Ա.Հայրապետյանի անհատույց օգտագործման իրավունքը հատուցմամբ դադարեցնելու և բնակարանից վտարելու մասով:
ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2004 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.10.2004 թվականի վճիռը մասնակի բեկանվել է. ուժի մեջ է թողնվել հակընդդեմ հայցի՝ Ա.Ճուղուրյանին պատճառված վնասի հատուցման մասը: Մնացած մասով գործն ուղարկվել է նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 20.01.2006 թվականի վճռով Ա.Հայրապետյանի կողմից ներկայացված երկրորդ հայցը բավարարվել է. վճռվել է վիճելի բնակարանը վերադարձնել Ա.Հայրապետյանին՝ որպես միակ սեփականատիրոջ:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.12.2006 թվականի որոշմամբ թիվ 06-3979 և 06-3596 քաղաքացիական գործերով վարույթները միացվել են մեկ վարույթում:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 17.01.2007 թվականի վճռով Ա.Հայրապետյանի հայցը մասնակի բավարարվել է: Վճռվել է 1/2-րդ մասով անվավեր ճանաչել Ռ.Հայրապետյանին 24.10.2001 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագիրը, մասնակի անվավեր ճանաչել Ռ.Հայրապետյանի և Ա.Ճուղուրյանի միջև 30.04.2002 թվականին կնքված Երևանի Լեփսիուսի փողոցի 14 շենքի 22-րդ բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և որպես անվավերության հետևանք՝ Ռ.Հայրապետյանից հօգուտ Ա.Ճուղուրյանի բռնագանձել 2 միլիոն ՀՀ դրամ, բնակարանի 1/2-րդ մասը հանձնել Ա.Հայրապետյանի տնօրինությանը, սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճել:
Նույն վճռով Ա.Ճուղուրյանի հակընդդեմ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա.Հայրապետյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը:
Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.
Մեկ տարվա ընթացքում Ա.Ճուղուրյանը, զբաղվելով Ռ.Հայրապետյանի բազմաբնույթ գործերով, չէր կարող չիմանալ Ռ.Հայրապետյանի՝ կեղծ ճանապարհով Ա.Հայրապետյանին փաստացի պատկանող բնակարանի յուրացման և իրացման մասին:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի ուժով սեփականատերն իրավունք ունի բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջել այն դեպքում, երբ գույքը նրա տիրապետումից դուրս է եկել անկախ նրա կամքից: Սույն գործում առկա ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 20.10.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ վիճելի բնակարանը Ա.Հայրապետյանի տնօրինությունից դուրս է եկել նրա կամքից անկախ:
2) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ նախկին քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է այն փաստարկով, որ Ա.Հայրապետյանը ժառանգությունն ընդունած է համարվում անկախ բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման փաստից:
Սույն իրավահարաբերությունները ծագել են նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործողության ժամանակաշրջանում:
3) Դատարանը չի կիրառել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը:
Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է այն փաստարկով, որ վիճելի բնակարանը 1998 թվականից պատկանել է Ա.Հայրապետյանին, և նա չի կարող զրկվել այդ սեփականությունից հանցավոր գործողությունների հետևանքով:
4) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը և 53-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել քաղաքացիական գործում առկա՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և Ա.Ճուղուրյանին ճանաչել է բարեխիղճ ձեռք բերող:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ քրեական գործով քննության ընթացքում Ռ.Հայրապետյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ նա հրաժարվել է ժառանգությունն ընդունելուց:
5) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկով.
Ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո առանց դատարան դիմելու ժառանգությունը կարող է ընդունվել միայն ժառանգությունն ընդունած մնացած ժառանգների գրավոր համաձայնությամբ, որպիսի համաձայնություն դեռևս 07.11.1997 թվականին ժառանգությունն ընդունած Արմեն Հայրապետյանը չէր տվել դրանից 4 տարի անց՝ 24.10.2001 թվականին ապօրինի ճանապարհով ժառանգության իրավունքի վկայագիր ստացած Ռուբեն Հայրապետյանին:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 17.01.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 20.06.2006 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Արմեն Հայրապետյանի հայրը՝ Արսեն Հայրապետյանը, մահացել է 13.05.1997 թվականին: Արսեն Հայրապետյանի գույքը ժառանգել է Արմեն Հայրապետյանը, որին էլ 28.09.1998 թվականին տրվել է ժառանգության իրավունքի վկայագիր: Նշված վկայագրով որպես ժառանգական գույք է նշվել Երևանի Լեփսիուսի փողոցի 14 շենքի 22-րդ բնակարանը: Արմեն Հայրապետյանի՝ 28.09.1998 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագրից ծագած իր իրավունքները պետական գրանցման չեն ենթարկվել:
2) Ռուբեն Հայրապետյանը՝ Արմեն Հայրապետյանի հարազատ եղբայրը, 24.10.2001 թվականին ժառանգության իրավունքի վկայագիր է ստացել նույն գույքի նկատմամբ (ամբողջ գույքի նկատմամբ): Ռ.Հայրապետյանը 24.10.2001 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագրից բխող իր իրավունքները գրանցել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանումում (այսուհետ նաև՝ Կադաստր) և 29.10.2001 թվականին ստացել է Երևանի Լեփսիուսի փողոցի 14 շենքի 22-րդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3) Ռ.Հայրապետյանը 30.04.2002 թվականին վիճելի բնակարանը վաճառել է Ա.Ճուղուրյանին: Ա.Ճուղուրյանը 30.04.2002 թվականի առուծախի պայմանագրից բխող իրավունքները գրանցել է Կադաստրում և 03.12.2002 թվականին ստացել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4) Ռուբեն Հայրապետյանը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 20.10.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 2-րդ մասի 2-րդ կետով և 3-րդ կետով, 1-ին մասով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 192-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքներ կատարելու համար: Նշված դատավճռի համաձայն՝ Ռ.Հայրապետյանը խարդախությամբ տիրացել է Արմեն Հայրապետյանին փաստացի պատկանող Երևանի Լեփսիուսի փողոցի 14 շենքի 22-րդ բնակարանին:
Բացի այդ, նշված քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ Արմեն Ճուղուրյանը Ռուբեն Հայրապետյանին ճանաչել է՝ սկսած 2001 թվականից, նրան ցույց է տվել իրավաբանական օգնություն, տեղյակ է եղել, որ վիճելի բնակարանում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանքը կազմել է Ռուբեն Հայրապետյանը, իսկ ինքը Ռ.Հայրապետյանի կողմից ռուսերենով կազմած տեղեկանքը թարգմանել է հայերեն:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ, ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով՝ անկախ նրանց կամքից:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմեն Հայրապետյանը հոր՝ Արսեն Հայրապետյանի մահվանից հետո, նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածին համապատասխան ընդունել է ժառանգությունը: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին, ապա վերջինս նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում չի ընդունել ժառանգությունը: Ասվածը հիմնավորվում է նրանով, որ Արմեն Հայրապետյանին 28.09.1998 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագրում Երևանի Լեփսիուսի փողոցի 14 շենքի 22-րդ բնակարանի միակ ժառանգ է ճանաչվել Արմեն Հայրապետյանը:
Միևնույն ժամանակ սույն գործում առկա՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 20.10.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է այն հանգամանքը, որ Երևանի Լեփսիուսի փողոցի 14 շենքի թիվ 22 բնակարանը Արմեն Հայրապետյանից հափշտակել է Ռուբեն Հայրապետյանը: Նույն դատավճռով հաստատված է համարվել այն, որ Արմեն Ճուղուրյանը ծանոթ է եղել Ռուբեն Հայրապետյանի հետ մինչև վիճելի բնակարանի առուվաճառքի պայմանագրի կնքումը, նրան մատուցել է իրավաբանական ծառայություններ, աջակցել է կեղծ փաստաթուղթ կազմելու գործում:
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով գործով հաստատված նշված փաստերը, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի ուժով Երևանի Լեփսիուսի փողոցի 14 շենքի 22-րդ բնակարանի նկատմամբ պետք է ճանաչվի Արմեն Հայրապետյանի սեփականության իրավունքը, քանի որ այդ բնակարանը նրանից հափշտակել են, և բացի այդ, Արմեն Ճուղուրյանը չի կարող բարեխիղճ ձեռք բերող համարվել, քանի որ պատշաճ հոգածություն չի ցուցաբերել Ռուբեն Հայրապետյանի՝ նշված բնակարանն օտարելու լիազորությունները պարզելու համար:
Նշված պատճառաբանությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի սխալ մեկնաբանության վերաբերյալ հիմքը հիմնավոր է համարում:
2) Արմեն Հայրապետյանի բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ Արսեն Հայրապետյանը մահացել է 13.05.1997 թվականին: Հետևաբար նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 531-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգության բացման օր պետք է համարել 13.05.1997 թվականը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ քաղաքացիական օրենսդրության ակտերը և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն ու կիրառվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
Գործող ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ուժի մեջ է մտել 01.01.1999 թվականին, հետևաբար դրանով կարող են կարգավորվել միայն այն հարաբերությունները, որոնք ծագել են՝ սկսած 01.01.1999 թվականից:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասը սույն գործով կիրառելի չէ:
Համաձայն նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ընդունված ժառանգությունը ժառանգի սեփականությունն է համարվում ժառանգության բացման պահից:
Հաշվի առնելով նշված հոդվածը և նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 4-րդ հոդվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Լեփսիուսի փողոցի 14 շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Արմեն Հայրապետյանի սեփականության իրավունքը ծագել է 28.09.1998 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա:
3) Բողոքն երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության 1-ին հոդվածի առաջին մասի՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր գույքից անարգել օգտվելու իրավունք ունի: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից՝ բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով:
Սույն գործի փաստերի ուսումնասիրումից պարզ է դառնում, որ Արմեն Հայրապետյանը հանդիսացել է Երևանի Լեփսիուսի փողոցի 14 շենքի թիվ 22 բնակարանի սեփականատեր: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 20.10.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ Ռուբեն Հայրապետյանը վիճելի բնակարանին տիրացել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հակաօրինական արարքով:
Նման պայմաններում խախտվում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության 1-ին հոդվածը, քանի որ նշված հոդվածը սեփականության իրավունքից զրկելու համար պահանջում է բացարձակապես միայն օրենքով նախատեսված որոշակի գործողությունների կատարում և պայմանների պահպանում, որոնց խստագույն իրականացման դեպքում միայն անձը կարող է զրկվել իր գույքից: Քննարկվող գործով անձը զրկվել է իր գույքից առանց որևէ իրավական հիմքի:
4) Բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի՝ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց՝ հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը անտեսել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի՝ 20.10.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված այն հանգամանքները, որ Ռ.Հայրապետյանը քննարկվող բնակարանը հափշտակել է, Ա.Ճուղուրյանը աջակցել է Ռ.Հայրապետյանին տեղեկանք կեղծելու հարցում: Այս փաստերն էական նշանակություն ունեն սույն գործի քննության համար և ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից հաշվի առնվելու դեպքում կհանգեցնեին սույն քաղաքացիական գործի այլ լուծման:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը վերը նշված կանոնը չի պահպանել մասնավորապես Արմեն Հայրապետյանին 28.09.1998 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագրի առումով: Այսպես՝ նշված վկայագրով հաստատվում է այն հանգամանքը, որ Երևանի Լեփսիուսի փողոցի 14 շենքի թիվ 22 բնակարանի միակ սեփականատեր է հանդիսանում Արմեն Հայրապետյանը: Հետևաբար այդ վկայագրի առկայության պայմաններում այլ անձը այլևս չէր կարող ժառանգության իրավունքի վկայագիր ստանալ նույն գույքի նկատմամբ:
5) Բողոքը հինգերորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի՝ ժառանգության ընդունման հետ կապված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում:
Սույն գործով հաստատված է այն հանգամանքը, որ Ռուբեն Հայրապետյանը Արսեն Հայրապետյանի մահից հետո՝ ժառանգության բացման պահից սկսած վեց ամսվա ընթացքում՝ չի ընդունել ժառանգությունը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի՝ ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը: Նման համաձայնություն պարունակող փաստաթղթերի վրա ժառանգների դրած ստորագրությունները պետք է վավերացվեն սույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված կարգով:
Ռուբեն Հայրապետյանը կարող էր Արսեն Հայրապետյանի ժառանգությունն ընդունել միայն Արմեն Հայրապետյանի կողմից վկայակոչված համաձայնությունը տալու պարագայում, քանի որ Ռ.Հայրապետյանը բաց է թողել ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործի նյութերում նման համաձայնությունը բացակայում է՝ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 1-ին մասը չկիրառելու մասին բողոքի հիմքը հիմնավոր է համարում:
Այսպիսով, սույն բողոքի հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 17.01.2007 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք են հանդիսանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արմեն Հայրապետյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 17.01.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|