ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1261(ՏԴ) |
Քաղաքացիական գործ թիվ Տ-706 | |
Նախագահող դատավոր՝ | Ե. Սողոմոնյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Աբելյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սեյրան Մելիքյանի ներկայացուցիչ Գ. Գալոյանի` Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Մնացական Ղազարյանի միջոցով ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ նաև՝ դատարան) 2007 թվականի մարտի 12-ի թիվ Տ-706 վճռի դեմ՝ ըստ անհատ ձեռնարկատեր Սեյրան Մելիքյանի (այսուհետ նաև՝ հայցվոր) դիմումի ընդդեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ Կոտայքի տարածքային տեսչության (այսուհետ նաև՝ պատասխանող)՝ պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին իրեն դիտել որպես պարզեցված հարկ վճարող:
ՀՀ տնտեսական դատարանի 12.03.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվորի ներկայացուցիչ Գ. Գալոյանը՝ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Մնացական Ղազարյանի միջոցով:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, կիրառել է «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել «Պարզեցված հարկով հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ հայցվորի լիազորված անձը 17.01.2006 թվականին օրենքով սահմանված կարգով և ժամանակին ներկայացրել է հայտարարագիր՝ պարզեցված հարկով հարկ վճարելու համար: Գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2005 թվականի դեկտեմբերին Ս. Մելիքյանը ինքը չի դիմել իրեն հաստատագրված վճարով հարկատու դիտելու համար: Պատասխանողի ներկայացուցիչները ընդունել են այն փաստը, որ հայտարարագիրը տրվել է ոչ թե դիմումատուի կողմից, այլ՝ Արամ Ավետիսյանի: Դատարանը չի կարևորել այն հանգամանքը, որ 27.12.2005 թվականին հաստատագրված վճար վճարող համարվելու դիմում հայցվորը չի ներկայացրել: Տվյալ դեպքում հաստատագրված վճար վճարող դիտելու հայտարարագիրը լրացրել է դիմումատուի հետ կապ չունեցող անձ, և եթե դիմողը տեղյակ լիներ, որ ինքը գործունեությունն իրականացնելիս պետք է դիտվեր հաստատագրված վճար վճարող, ապա այն չէր իրականացնի: Հայցվորը միայն բազմաթիվ գրավոր հարցումներից հետո է տեղեկացել, որ ինքը նաև հաստատագրված վճար վճարող է:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 12.03.2007 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. 23.12.2005 թվականին հաստատագրված վճար վճարող դիտելու վերաբերյալ դիմումը պատասխանողին ներկայացրել է նման լիզորություն չունեցող Արամ Ավետիսյանը:
2. Դիմումատուի ներկայացուցիչը 2006 թվականի հունվարին պատասխանողին ներկայացրել է Ս. Մելիքյանին պարզեցված հարկ վճարողի հայտարարագիր, որը պատասխանողի կողմից ընդունվել է:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Նշված հիմքերի սահմաններում քննելով վճռաբեկ բողոքը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պարզեցված հարկ վճարողներ չեն կարող համարվել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարող անձինք՝ գործունեության այդ մասով:
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունից հետևում է, որ հաստատագրված վճար վճարելու համար հիմք է հանդիսանում տնտեսվարող սուբյեկտի հայտարարագիրը և հաստատագրված վճարով հարկման օբյեկտի առկայությունը:
Սույն քաղաքացիական գործի փաստերով հիմնավորվում է այն հանգամանքը, որ հայցվորը համապատասխան հայտարարագիր չի ներկայացրել իրեն հաստատագրված վճար վճարող համարելու վերաբերյալ: Ս. Մելիքյանի անունից նշված հայտարարագիրը ներկայացրել է Արամ Ավետիսյանը, որը նման գործողություն կատարելու համար լիազորված չի եղել: Սակայն դատարանը նշված հանգամանքին պատշաճ իրավական գնահատական չի տվել:
Բացի այդ, սույն քաղաքացիական գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ հայցվորը հաստատագրված վճար վճարելու վերաբերյալ հայտարարագիրը (23.12.2005 թվականին) ներկայացնելու պահին և դրանից հետո զբաղվել է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեությամբ: Այնինչ, հաստատագրված վճարը հաշվարկելու համար հիմք է հանդիսանում նաև գործունեությամբ զբաղվելու հանգամանքը:
Գործում առկա ապացույցներն այն մասին, որ հայցվորը նման գործունեությամբ զբաղվել է 2005 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում, չեն կարող հայցը մերժելու հիմք հանդիսանալ, քանի որ նշված ժամանակահատվածը նախորդել է հայցվորի անունից՝ դրա լիազորությունը չունեցող անձի կողմից հարկային մարմնին հայտարարագիր ներկայացնելուն: Ավելին, պատասխանողի կողմից հաստատագրված վճարի հաշվարկումը սկսվել է հայտարարագիրը ներկայացնելու պահից, որպիսի հանգամանքը ևս հաստատում է, որ հաստատագրված վճար հաշվարկելու համար հարկային մարմնի համար հիմք է հանդիսանում հայտարարագրի ներկայացումը, որում նշվում է գործունեությունը ծավալելու սկիզբը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձը չի կարող համարվել հաստատագրված վճար վճարող, քանի դեռ պահպանված չեն վերը նշված վավերապայմանները, մասնավորապես՝ առկա չէ համապատասխան գործունեության իրականացման փաստը և ներկայացված չէ հայտարարագիրը:
Նման պայմաններում հիմնավոր է բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ դատարանը կատարելով թերի քննություն, բազմակողմանի հետազոտության չի ենթարկել քաղաքացիական գործում առկա այն ապացույցները, որոնցով հաստատվում է այն հանգամանքը, որ հայտարարագիրը հարկային մարմնին ներկայացրել է դրա լիազորությունը չունեցող անձը, բացի այդ, չի ապացուցվել հայցվորի կողմից 23.12.2005 թվականից հաստատագրված վճարով հարկման ենթակա գործունեությամբ զբաղվելու փաստը: Հետևաբար, նաև հիմնավոր է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 53-րդ հոդվածի խախտման և «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման ենթակա չլինելու վերաբերյալ սույն բողոքի հիմքը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառելիության վերաբերյալ բողոքի փաստարկն անհիմն է, քանի որ նշված նորմը որևէ առնչություն չունի սույն քաղաքացիական գործի շրջանակներում քննվող վեճի առարկայի հետ:
Ինչ վերաբերում է «Պարզեցված հարկով հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի կիրառելիության հարցին, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ բողոքում նշված չէ, թե մասնավորապես Հրահանգի որ նորմը պետք է կիրառվեր:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքի մասնակի հիմնավոր լինելը բավարար պայման է բողոքը բավարարելու և ՀՀ տնտեսական դատարանի 12.03.2007 թվականի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ս. Մելիքյանի ներկայացուցիչ Գ. Գալոյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 12.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Գյուրջյան |
|
Է. Հայրիյան |
|
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|