Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.08.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.03/49(573)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.08.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 3-1244(ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ (Ա)-09/07
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայիրյանի

2007 թվականի օգոստոսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Գևորգ Դավթյանի միջոցով «Զորավիգ» թերթի խմբագիր Պուշկին Սերոբյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 14-ի որոշման դեմ՝ ըստ Պուշկին Սերոբյանի դիմումի ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի՝ որոշակի տեղեկություններ հայտնել հանձնարարելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործով կայացված դատական ակտի էությունը.

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ Պուշկին Սերոբյանի՝ ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի՝ որոշակի տեղեկություններ հայտնելուն հանձնարարելու պահանջի մասին դիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 2007 թվականի մայիսի 14-ի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 16-ի որոշումը թողնվել է անփոփոխ:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը չպետք է կիրառվեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ «Զորավիգ» թերթի խմբագիր Պուշկին Սերոբյանի դիմումի ընդունումը մերժվել է վեճը դատարանում քննության ենթակա չլինելու պատճառաբանությամբ` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դիմումատուն վիճարկում է պետական մարմնի պաշտոնատար անձի անգործությունը: Իսկ Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ և 160-րդ հոդվածները, գտել է, որ իրավունքի խախտման մասին վերաքննիչ բողոքի պատճառաբանությունները հիմնավոր չեն և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 16-ի որոշումը վերացնելու հիմք չեն:

 

2) Վճռաբեկ բողոքի մյուս հիմքերը չեն վկայակոչվում, քանի որ դրանք սույն գործով դիմումը վարույթ ընդունելու համար որևէ նշանակություն չունեն:

 

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 14-ի որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունները (անգործությունը) վիճարկելու դիմումները, գործերի ենթակայությանը համապատասխան, տրվում են քաղաքացիական գործեր քննող դատարան կամ տնտեսական դատարան: Դատարանի քննությանը ենթակա չեն պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ գործողությունը (անգործությունը) վիճարկելու վերաբերյալ այն դիմումները, որոնց՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի որոշելը, սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է:

Սույն գործով «Զորավիգ» թերթի խմբագիր Պուշկին Սերոբյանն իր դիմումով վիճարկում է պաշտոնատար անձի՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի անգործությունը: Հետևաբար, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի ուժով Դատարանը լիազորված չէ պետական մարմնի պաշտոնատար անձին պարտավորեցնել կատարելու դիմումում նշված գործողությունները:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջարկել է 6-րդ հոդվածի լայն մեկնաբանություն` հաստատելով, որ արդարացի և հրապարակային դատաքննության անձի իրավունքը ենթադրում է նաև արդարադատության իրականացման այնպիսի երաշխիք, ինչպիսին է դատարան դիմելու անձի իրավունքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաժամանակ նշել է, որ դատարան դիմելու անձի իրավունքը բացարձակ իրավունք չէ: Այս իրավունքն իր բնույթով պետական կարգավորում է պահանջում, ինչն իր հերթին չպետք է վնասի այդ իրավունքի էությանը և չպետք է հակասության մեջ մտնի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում ամրագրված այլ իրավունքների հետ (Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության 21.02.1975թ.):

 

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը Պուշկին Սերոբյանի դիմումի ընդունման մերժումը պայմանավորել է վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հանգամանքով և պատճառաբանել է այն փաստարկով, որ դատարանն օժտված չէ պետական մարմնին տեղեկություններ հայտնելուն պարտադրելու լիազորությամբ: Մինչդեռ դատարանի նման լիազորությունը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով: Այսինքն՝ դատարան դիմելու անձի իրավունքը սահմանափակող պետական կարգավորման բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով սահմանափակել է Պուշկին Սերոբյանի կողմից այդ իրավունքի իրականացումը:

Սույն գործի փաստերի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ և 160-րդ հոդվածները, որն առաջացրել է «Մարդու իրավունքների և հիմանարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ անձի դատարան դիմելու իրավունքի խախտում:

 

2) բողոքի մյուս հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ դրանք վերաբերում են հայցապահանջի հիմնավորումներին:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 14-ի որոշումը:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Է. Հայրիյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան