Գլխավոր տեղեկություն
Համար
N 1716-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.09.2007-30.10.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.16/71(443) Հոդ.1342
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 31 հոկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2005 թվականի N 1716-Ն

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 681-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 681-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 21
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 15-ի N 1716-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` համալսարան) կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է բժշկական, դեղագիտական, հասարակագիտական, հումանիտար, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերի ձևերով:

2. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

Համալսարանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 703 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 450 որոշմամբ վերակազմակերպվել է պետական ոչ առևտրային կազմակերպության:

2.1. Համալսարանը հանդիսանում է «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` համաձայն փոխանցման ակտի:

(2.1 կետը լրաց. 19.07.07 N 958-Ն)

3. Համալսարանը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, պետական ոչ առևտրային, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կրթական ու գիտական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:

Համալսարանն իր գործունեության նպատակներին համապատասխան` կարող է իրականացնել ուսումնական, հետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, գիտաարտադրական, կանխարգելիչ, բուժական վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Համալսարանն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվ:

Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, մեդալ և բժշկի երդում:

4. Համալսարանի անվանումն է`

հայերեն լրիվ` «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «ԵՊԲՀ» ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` «Ереванский государственный медицинский университет имени Мхитара Гераци» государственная некоммерческая организация,

ռուսերեն կրճատ` «ЕГМУ» ГНО,

անգլերեն լրիվ` «Yerevan State Medical Սniversity after Mkhitar Heratsi» state non-commercial organization,

անգլերեն կրճատ` «YSMU» SNCO:

5. Համալսարանի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, 375025, Կորյունի 2:

II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6. Համալսարանի խնդիրներն են`

ա) առողջապահության համակարգի բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը.

բ) բժշկական բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպումը.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, մասնագիտական որակավորման բարձրացումը.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացումը.

ե) բնակչության բժշկական օգնության կազմակերպումը.

զ) բժշկականխարգելիչ գործունեության ծավալումը.

է) բժշկական փորձագիտական գործունեության կազմակերպումը.

ը) բժշկական խորհրդատվական ծառայության կազմակերպումը.

թ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմաբժշկական բարձրագույն կրթությամբ սպաների պատրաստումը.

ժ) բժշկական, բնական, հասարակագիտական և հումանիտար գիտությունների բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական ու գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը.

ժա) կրթության ու գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների և մասնագիտացման համակարգերի մշակումն ու արմատավորումը, ուսումնաարտադրական և ուսումնագիտաարտադրական համալիրների ստեղծումը.

ժբ) բժշկագիտության և դեղագիտության, ինչպես նաև գործնական առողջապահության նվաճումների քարոզչությունը, լուսավորչական գործունեությունը.

ժգ) արտասահմանցի դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպումը:

7. Համալսարանն իրավասու է`

ա) որոշելու իր կառուցվածքը, կառավարման սկզբունքները, կազմելու ուսումնական պլաններ և ծրագրեր.

բ) սահմանված կարգով իր կազմում ստեղծելու հիմնարկներ, բաժանմունքներ, ֆակուլտետներ, գիտահետազոտական կենտրոններ, կլինիկաներ, քոլեջներ, մասնագիտական թեքում ունեցող վարժարաններ, ուսումնափորձարարական, ուսումնաարտադրական տնտեսություններ և այլ առողջապահական ստորաբաժանումներ (դեղատներ, ճամբար-առողջարաններ և այլն).

գ) շնորհելու համալսարանի պատվավոր կոչումներ, սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու համալսարանի մեդալով.

դ) իր կողմից կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական հիմնարկների, գերատեսչությունների, այլ կազմակերպությունների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ հաստատելու կապեր, կատարելու տարատեսակ աշխատանքներ (կադրերի պատրաստում, ուսանողների և ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային-լուսավորչական և այլ գործունեություն).

ե) կազմակերպելու կլինիկական օրդինատորների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների ընդունելությունը համալսարան.

զ) իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն և վճարովի ծառայություններ.

է) իրականացնելու բարեգործական գործունեություն:

8. Համալսարանն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բժշկական բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում,

բ) արտասահմանցի դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում,

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում,

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում,

ե) բնակչությանը բժշկական օգնության կազմակերպում,

զ) բժշկականխարգելիչ գործունեության ծավալում,

է) բժշկական փորձագիտական գործունեության կազմակերպում,

է1) շրջակա միջավայրի օբյեկտներում (հող, օդ, ջուր, սննդային հումք, սննդամթերքներ, կենդանի օրգանիզմի կենսաբանական միջավայրեր) հիգիենիկ և թունաբանական փորձագիտական հետազոտությունների իրականացում` դրանց պիտանիության վերաբերյալ, այդ թվում` քիմիական նյութերի մնացորդային քանակների որոշում,

է2) զանազան մածուկների, բալասանների, բուժիչ մաստակների թունաբանական փորձագիտական հետազոտություններ,

է3) բնական և սինթետիկ պոլիմերային նյութերի, ներկանյութերի փորձագիտական հետազոտություններ,

է4) դեղամիջոցների թունաբանական հետազոտություններ,

է5) մանկական և արդյունաբերական հումքի ու արտադրանքի փորձագիտական հետազոտություններ,

է6) պոլիմերային հումքից պատրաստված կենցաղային իրերի (ամանեղեն, փաթեթավորման իրեր, թաղանթներ, շինանյութեր, ներկեր և այլն) հիգիենիկ, քիմիական և թունաբանական փորձաքննություն,

է7) բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատներ) հանքային պարարտանյութերի և աճի կարգավորիչների փորձագիտական հետազոտություններ,

ը) բժշկական խորհրդատվական ծառայության կազմակերպում,

թ) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում,

ժ) հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում,

ժա) սովորողների սննդի կազմակերպում,

ժբ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում,

ժգ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում,

ժդ) ուսումնագիտաարտադրական բազաներում և առողջարարական կենտրոնում հանգստի կազմակերպում,

ժե) մշակութային գործունեության ծավալում:

(8-րդ կետը լրաց. 14.12.06 N 1880-Ն)

III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

9. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:

10. Լիազոր պետական մարմինը`

ա) իրականացնում է վերահսկողություն համալսարանի գործունեության նկատմամբ.

բ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համալսարանի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու որոշումները.

գ) լսում է համալսարանի գործունեության մասին հաշվետվությունները.

դ) վերահսկողություն է իրականացնում համալսարանին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ, համաձայնություն տալիս համալսարանի սեփական գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

11. Համալսարանի կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

12. Խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից:

13. Խորհրդի անդամների թիվը 32-ն է:

14. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում համալսարանի կառուցվածքային միավորները`

ա) համալսարանի կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել համալսարանի ցանկացած աշխատող.

բ) համալսարանի կառուցվածքային միավորների կողմից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են համալսարանի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.

գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը։

15. Համալսարանի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`

ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ).

բ) համալսարանի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետների կողմից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին.

գ) ուսանողական խորհրդի կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

16. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):

17. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):

18. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

19. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

20. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`

ա) իր դիմումի համաձայն,

բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով,

գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ,

դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով,

ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:

21. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

22. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 14-18-րդ կետերի պահանջներին համապատասխան:

23. Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:

24. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են հիմնադրի, լիազոր մարմնի, համալսարանի գիտական խորհրդի, խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

25. Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահ.

բ) հաստատում է իր աշխատակարգը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում ու հաստատում է ռեկտորի ընտրության կանոնակարգը և կազմակերպում ռեկտորի ընտրությունը.

դ) սահմանված կարգով մշակում և հաստատում է համալսարանի գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի (այսուհետ` վերահսկողություն իրականացնող մարմին) ընտրության կարգն ու աշխատակարգը և կազմակերպում դրա անդամների ընտրությունը.

ե) ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է համալսարանի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունները.

զ) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում առաջարկություններ համալսարանի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ.

է) քննարկում և հաստատում է վերահսկողություն իրականացնող մարմնի տարեկան հաշվետվությունը.

ը) վերահսկող մարմնի ներկայացմամբ` քննարկում է համալսարանի տարեկան գործունեության մասին ռեկտորի տարեկան հաշվետվությունը և հաստատում այն.

թ) քննարկում ու հաստատում է համալսարանի կառուցվածքը և դրանում կատարվող փոփոխությունները.

ժ) քննարկում և հաստատում է համալսարանի բյուջեն:

26. Համալսարանի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

27. Համալսարանի գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող կարևորագույն գիտահետազոտական ու գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

գ) ընդունում է «Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր», «Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի պատվավոր վարիչ», «Երևանի պետական բժշկական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր», «Երևանի պետական բժշկական համալսարանի վաստակավոր դասախոս», «Երևանի պետական բժշկական համալսարանի վաստակավոր աշխատող» կոչումները շնորհելու, համալսարանի մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, համալսարանի մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ.

դ) իր սահմանած կարգին համապատասխան` իրականացնում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրությունը.

ե) սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի կոչումներ.

զ) հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները.

է) նոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին.

ը) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ.

թ) հաստատում է համալսարանի ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների ընտրությունների կարգերը։

28. Համալսարանի գիտական խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 80-ը:

Համալսարանի գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, գրադարանի տնօրենը, արհմիութենական կազմակերպության նախագահը, ուսանողական խորհրդի նախագահը` ի պաշտոնե, ինչպես նաև, ռեկտորի նշանակմամբ, այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, համալսարանի առանձին դասախոսներ և գիտաշխատողներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):

Ի պաշտոնե առաջադրվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների թվի 50 տոկոսը: Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են համալսարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:

29. Համալսարանի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցել է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

30. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իր կանոնակարգի համաձայն և իր լիազորությունների սահմաններում քննարկում է համալսարանի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր:

31. Ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորի խորհրդականը, ուսումնական մասի վարիչը, գլխավոր հաշվապահը, ֆակուլտետների դեկանները, մասնաճյուղերի ղեկավարները:

32. Համալսարանի ընթացիկ ղեկավարումն իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրությանը համապատասխան իրականացնում է ռեկտորը, որն ընտրվում է 5 տարի ժամկետով, ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ:

33. Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող թեկնածուն:

34. Ռեկտորի ընտրությունները կատարվում են բաց մրցույթի կարգով` ուսումնական հաստատության խորհրդում գաղտնի քվեարկությամբ, խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն 2/3-ը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:

35. Համալսարանի ռեկտորը`

ա) ղեկավարում է համալսարանի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը, առանց լիազորագրի հանդես է գալիս համալսարանի անունից, ներկայացնում նրա շահերը.

բ) կազմակերպում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

գ) հրավիրում է համալսարանի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր.

դ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում տարեկան հաշվետվություն.

ե) ապահովում է համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

զ) համալսարանի խորհրդի հաստատմանն է ներկայացնում համալսարանի կառուցվածքը, ինչպես նաև առաջարկություններ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ.

է) հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

ը) սույն կանոնադրությանը համապատասխան` աշխատանքային պայմանագրեր է կնքում սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ.

թ) արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, նրանց նույն կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու վերաբերյալ.

ժ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համալսարանի պրոռեկտորներին, համալսարանի կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտներն ու իրավասությունները.

ժա) պետական լիազորված մարմնի համաձայնությամբ` կնքում է խոշոր գործարքներ.

ժբ) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարում է պրոռեկտորներից մեկին.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

36. Պրոռեկտորներն իրականացնում են համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարությունը` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

37. Ռեկտորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

38. Ռեկտորը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով համալսարանին պատճառված վնասի համար:

IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

39. Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներն են մասնաճյուղերը, գիտական կենտրոնները, ֆակուլտետները, ռազմաբժշկական ֆակուլտետը, կլինիկական համալիրները, ամբիոնները, քոլեջը, բաժինները, գիտական գրադարանը, հրատարակչությունը, ուսումնաարտադրական բազաները և այլ ստորաբաժանումներ:

Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված իրենց կանոնադրություններով:

40. Ֆակուլտետը համալսարանի ուսումնագիտական ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որը ձևավորվում է ըստ ընդհանուր մասնագիտական կողմնորոշման կամ գործունեության բնույթի: Ֆակուլտետի կազմում գործում են ամբիոններ և այլ ուսումնագիտական ստորաբաժանումներ:

Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը: Ֆակուլտետի խորհուրդը կազմավորվում է մինչև 5 տարի ժամկետով` ֆակուլտետի ընդհանուր ժողովում, և հաստատվում համալսարանի գիտական խորհրդում:

Ֆակուլտետի խորհուրդն ընդունում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը, լսում նրա ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը:

Ֆակուլտետի խորհուրդը`

ա) ռեկտորին ներկայացնում է առաջարկություն`

ֆակուլտետի դեկանի թեկնածության կամ նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման,

ֆակուլտետի կառուցվածքում նոր ամբիոններ, լաբորատորիաներ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու,

ամբիոնի վարիչի, պրոֆեսորի, դոցենտի, դասախոսի, ասիստենտի թափուր պաշտոններն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու վերաբերյալ.

բ) համալսարանի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլաններն ու ծրագրերը.

գ) լուծում է ֆակուլտետի կրթական, բուժական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր.

դ) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին:

Ֆակուլտետի խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամների 2/3-ը:

Ֆակուլտետի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, որոնք պարտադիր են ֆակուլտետի բոլոր աշխատողների և ուսանողների համար:

41. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է դեկանը, որը համալսարանի գիտական խորհրդի կողմից սահմանված կարգով ընտրվում է մինչև 5 տարի ժամկետով:

42. Ֆակուլտետի դեկանը`

ա) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.

բ) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, բուժական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.

գ) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների, ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածությունները.

դ) սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

43. Ռազմաբժշկական ֆակուլտետը, որը միաժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բարձրագույն ռազմաուսումնական ստորաբաժանում է, ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

Ռազմաբժշկական ֆակուլտետը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար պատրաստում է ռազմաբժշկական բարձրագույն կրթությամբ սպաներ, կազմակերպում հետբուհական և հետդիպլոմային մասնագիտական կրթությունը, պատրաստում ֆակուլտետի համար գիտամանկավարժական կադրեր և կազմակերպում գիտահետազոտական աշխատանքները: Ֆակուլտետի կազմում գործում են նեղ մասնագիտական ամբիոններ և այլ ստորաբաժանումներ: Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և ֆակուլտետի պետը:

44. Ռազմաբժշկական ֆակուլտետի խորհուրդը կազմավորվում է մինչև 5 տարի ժամկետով` ֆակուլտետի ընդհանուր ժողովում և հաստատվում համալսարանի գիտական խորհրդում:

45. Ռազմաբժշկական ֆակուլտետի խորհուրդը`

ա) ընդունում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և ռեկտորի հաստատմանը.

բ) լսում է ֆակուլտետի պետի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը.

գ) ներկայացնում է առաջարկություններ ֆակուլտետի կազմում նոր ամբիոններ, լաբորատորիաներ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու վերաբերյալ, որոնք հաստատվում են ռեկտորի կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ.

դ) համալսարանի գիտական խորհուրդ է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլաններն ու ծրագրերը, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և ռեկտորի կողմից.

ե) լուծում է ֆակուլտետի գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

Ֆակուլտետի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի բոլոր աշխատողների և ուսանողների համար.

զ) իրականացնում է ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

46. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը`

ա) ռեկտորի հետ համատեղ հաստատում է ռազմաբժշկական ֆակուլտետի հաստիքացուցակները, ռազմաբժշկական և զինվորական պատրաստության ավարտական ու պետական քննական հանձնաժողովների կազմերը, ինչպես նաև ֆակուլտետի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական և մյուս անձնակազմի, կուրսանտների դրամական բավարարման, կրթաթոշակների, սննդի ու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափերը, որոնք հատկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից.

բ) իրականացնում է ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

47. Ռազմաբժշկական ֆակուլտետը ղեկավարում է պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` համաձայնեցնելով ռեկտորի հետ:

48. Ռազմաբժշկական ֆակուլտետի պետը`

ա) համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի անդամ է.

բ) կենսագործում է ֆակուլտետի խորհրդի որոշումները.

գ) կազմակերպում է ֆակուլտետի ուսումնամեթոդական, ինչպես նաև կուրսանտների, ունկնդիրների, ուսանողների և սովորողների զինվորական դաստիարակության, աշխատանքային, զինվորական կարգապահության, ֆակուլտետի անձնակազմի մշտական ու զորահավաքային պատրաստականության և ուսումնանյութական բազաների ամրապնդման հետ կապված աշխատանքները.

դ) սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ կուրսանտներին, ունկնդիրներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ.

ե) ռեկտորի հետ համաձայնեցնում է ամբիոնի պետի, պրոֆեսորի, դոցենտի, ավագ դասախոսի, դասախոսի, ասիստենտի թափուր պաշտոններում թեկնածուների առաջադրման հարցերը:

49. Համալսարանի կլինիկական համալիրն ընդգրկում է ուսումնական, գիտական, բժշկաախտորոշիչ ստորաբաժանումներ, որոնք, բացի ուսումնագիտական աշխատանքից, ապահովում են նաև բնակչությանը ցույց տրվող բարձրորակ բժշկական օգնությունը:

50. Համալսարանական կլինիկաների կառուցվածքն ու կառավարումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և համալսարանական կլինիկաների կանոնադրություններով:

51. Ամբիոնը (բաժինը, լաբորատորիան) համալսարանի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման հիմնական կառուցվածքային ստորաբաժանումն է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող դասախոսներին ու հետազոտողներին:

52. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է մրցութային հիմունքներով, մինչև 5 տարի ժամկետով, համալսարանի գիտական խորհրդի սահմանած կարգով` ամբիոնի կոլեկտիվի երաշխավորության ստացումից հետո, որից հետո ռեկտորի հրամանով նշանակվում է ամբիոնի վարիչ` կնքելով աշխատանքային պայմանագիր:

53. Ռազմաբժշկական ֆակուլտետի ամբիոնի պետը նշանակվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` համաձայնեցնելով ռեկտորի հետ:

54. Ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմն աշխատանքի է ընդունվում մրցութային կարգով, որից հետո կնքվում է աշխատանքային պայմանագիր: Ռազմաբժշկական ֆակուլտետի ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմն աշխատանքի է ընդունվում մրցութային կարգով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և ռեկտորի հրամաններով:

55. Համալսարանի կազմում գործում է քոլեջ, որտեղ իրականացվում է միջին մասնագիտական կրթություն:

Քոլեջի կառուցվածքը և կառավարման կարգը սահմանվում են սույն կանոնադրությամբ և քոլեջի կանոնադրությամբ:

56. Գիտահետազոտական կենտրոնը համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է, որտեղ գիտական աշխատանք են կատարում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, գիտաշխատողները, ասպիրանտները, կլինիկական օրդինատորները, հետազոտողները, ուսանողները, ինչպես նաև` պայմանագրային կարգով աշխատող այլ անձինք:

V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

57. Կրթության գործընթացը կազմակերպվում և կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, ուսումնական ժամանակացույցին և դասացուցակներին համապատասխան:

58. Ուսանողների ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

59. Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը պետական պատվերի շրջանակներում կատարվում է ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, այնպես էլ` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կանոնակարգերով:

60. Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը պայմանագրային ու վճարովի հիմունքներով կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

61. Համալսարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով։ Յուրաքանչյուր կիսամյակն ավարտվում է քննաշրջանով:

62. Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:

63. Համալսարանում հետդիպլոմային ուսուցումն իրականացվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

64. Համալսարանը կարող է անցնել բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի: Ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում են համապատասխան մասնագիտական որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ): Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

65. Համալսարանի քոլեջի շրջանավարտներին տրվում են միջին մասնագետի որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ): Քոլեջի շրջանավարտները համալսարան են տեղափոխվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

66. Համալսարանի գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

67. Համալսարանի գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման աղբյուրները սահմանվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

68. Համալսարանին իրավունք է վերապահվում կազմակերպելու գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ:

69. Գիտական աստիճաններ շնորհում են համալսարանում գործող մասնագիտական խորհուրդները` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդներն ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

70. Համալսարանի աշխատողներն են պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական, ուսումնաօժանդակ և վարչատնտեսական աշխատողները: Համալսարանի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով և համալսարանի այլ կանոնակարգող փաստաթղթերով:

71. Համալսարանի սովորողներն են ուսանողները, ինտերնները, կլինիկական օրդինատորները, ասպիրանտները, հետազոտողները և հայցորդները: Համալսարանը նրանց ընձեռում է դասընթացների, մասնագիտացումների, ուսումնառության ձևերի ու մեթոդների այլընտրանքի հնարավորություններ:

72. Ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով համալսարան ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի թվին և կարգին համապատասխան:

73. Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար: Պետական կրթաթոշակ տալու կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

74. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է համալսարանի կառավարման մարմիններում ուսանողների մասնակցությունը, քննարկման ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր: Ուսանողական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է խորհրդի կանոնակարգով:

VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

75. Համալսարանի սեփականությունը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև համալսարանի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից: Որպես սեփականություն հանձնվող գույքի չափը սահմանվում է պետական կազմակերպության հիմնադրման մասին որոշմամբ:

76. Համալսարանն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

77. Համալսարանը կարող է անժամկետ և անհատույց օգտագործել հիմնադրի կողմից իրեն ամրացված ցանկացած գույք: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները համալսարանի սեփականությունն են` բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

78. Համալսարանի գույքի ստեղծման աղբյուրներն են`

ա) հիմնադրի կողմից համալսարանին սեփականության իրավունքով հատկացված գույքը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցները.

գ) միջոցներ, որոնք գոյանում են վճարովի ուսումնական, հետազոտական, գիտաարտադրական, խորհրդատվական, հրատարակչական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից.

դ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած նվիրատվությունները, բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումները և կտակված գույքը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներ:

79. Համալսարանի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է միայն նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

80. Համալսարանի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից:

VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

81. Համալսարանի վերակազմակերպումը (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են օրենքով սահմանված կարգով: Համալսարանի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան