Գլխավոր տեղեկություն
Համար
N 965-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.09.2007-15.11.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.09.12/46(570) Հոդ.955
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 օգոստոսի 2007 թվականի N 965-Ն

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով Գյումրու «Շիրակ» օդանավակայանի արդիականացման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Գյումրու «Շիրակ» օդանավակայանը կոնցեսիոն կառավարման վերցնելու առաջարկով, և նկատի ունենալով այն, որ օդանավակայանի թռիչքուղու վերանորոգման և լուսաազդանշանային համակարգի բարելավման համար անհրաժեշտ է կատարել ֆինանսական ներդրումներ, իսկ «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներդրումների կատարման հնարավորությունները սահմանափակ են, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված պայմանագրի թիվ 3 լրացմանը (այսուհետ` լրացում)` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել լրացումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում վերագնահատել ընկերության հիմնական միջոցները:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ընկերությունը:

5. Ընկերության լուծարումից հետո մնացած գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:

6. Ընկերության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային հաշիվ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին`

1) ստեղծել լուծարման հանձնաժողով` ներգրավելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և ընկերության ներկայացուցիչներին ու «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել ընկերության լուծարման աշխատանքների կատարումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1380-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը հատկացված և այդ վարչության համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացված արտաբյուջետային հաշվին փոխանցված 1,700,000.0 հազ. դրամը նշված հաշվից երկօրյա ժամկետում վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ոչ հարկային եկամուտների համապատասխան գանձապետական հաշվին.

3) սույն որոշման 6-րդ կետում նշված դրամական միջոցների հաշվին, պահանջների զիջման պայմանագրով գնել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության սնանկացման վարույթում պարտատերերի ցուցակում «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` ընկերության լուծարման նպատակով իրականացվող ստուգումների արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում լուծարման հանձնաժողով ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ընկերության պարտավորությունների մասին տեղեկություններ:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` եռամսյա ժամկետում, քննարկելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ներկայումս ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության գրանցման և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից զբաղեցված հողամասերի տարանջատման և օգտագործման իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

10. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` հաշվի առնելով լրացման 5-րդ կետի պահանջները` «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով ապահովել Գյումրու «Շիրակ» օդանավակայանի օդերևութաբանական սպասարկումը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 31
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 965-Ն որոշման

 

ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԹԻՎ 3 ԼՐԱՑՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն), որի անունից, որպես լիազոր ներկայացուցիչ, հանդես է գալիս Արտյոմ Մովսեսյանը, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Լիազորություն վերապահելու և «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 965-Ն որոշման հիման վրա (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, 1), մի կողմից, և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` կառավարիչ) (հարկ վճարողի հաշվառման համարը` 02562664, իրավաբանական հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան-42, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» ԱՄՕ-ի շենք) ի դեմս տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի, գործում է կանոնադրության հիման վրա և օժտված է բավականաչափ լիազորություններով` ստորագրելու սույն փաստաթուղթը, մյուս կողմից (կառավարությունը և կառավարիչը միասին` այսուհետ` կողմեր), հաշվի առնելով այն հանգամանքը, որ`

A. 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կառավարությունը և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ն կնքել են պայմանագիր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի (այսուհետ` օդանավակայան) կոնցեսիայի` կառավարման, շահագործման և օգտագործման մասին (այսուհետ` պայմանագիր).

B. համաձայն 2002 թվականի մայիսի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի լրացման և նշված լրացման կատարման նպատակով 2002 թվականի մայիսի 22-ին կոնցեսիոն պայմանագրով սահմանված «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի իրավունքներն ու և պարտականությունները փոխանցվել են կառավարչին.

C. կառավարությունը կառավարչի հետ քննարկել է, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում կատարվելիք աշխատանքների նպատակն առկա տեխնիկական միջոցների բարելավումն է` ներկայումս գործող և հետագայում գործունեություն իրականացնող ավիաընկերություններին մատուցվող ծառայությունների մակարդակը բարձրացնելու նպատակով: Սույն բարելավումը Գյումրու «Շիրակ» օդանավակայանին թույլ կտա անհրաժեշտության դեպքում ծառայել որպես Զվարթնոցի և Թբիլիսիի օդանավակայանների այլընտրանքային օդանավակայան.

D. կառավարիչը պատրաստակամություն է հայտնում իր ռիսկով, միջոցներով և հաշվին վերանորոգել Գյումրու «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղին և տեղադրել լուսատեխնիկական սարքավորումներ.

E. կառավարչի կողմից Գյումրու «Շիրակ» օդանավակայանի շահագործումն անմիջականորեն կապված կլինի Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի շահագործման հետ.

F. սույն թիվ 3 լրացման իմաստով «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» հասկացության համար կիրառելի կլինեն պայմանագրով սահմանված` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համար տրված հասկացության խմբագրման տարրերը, ինչպես նաև սույն կետում նշված հասկացության մեջ չի ներառվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տիրապետմանը և օգտագործմանը հանձնված առանձնացված հողամասը, որը ներառում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից փաստացի զբաղեցված հողատարածքը և գույքը.

G. սույն թիվ 3 լրացման իմաստով Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գույքը կհամապատասխանի պայմանագրով սահմանված` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գույքի համար տրված հասկացությանը:

Կողմերը համաձայնվեցին`

1. Կառավարությունը սույնով ընդլայնում է կոնցեսիոն պայմանագրով կառավարչին տրված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիան և կառավարչին կոնցեսիոն կառավարման է հանձնում Գյումրու «Շիրակ» օդանավակայանը (այսուհետ` Գյումրու «Շիրակ» օդանավակայանի կոնցեսիա), ինչը ներառում է ներկայումս գոյություն ունեցող և ապագայում ծագող` պայմանագրի 5-րդ կետում նշված բոլոր ավիացիոն և ոչ ավիացիոն գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքները:

2. Սույն թիվ 3 լրացմամբ Գյումրու «Շիրակ» օդանավակայանի կոնցեսիայի համար կիրառելի են պայմանագրով սահմանված նույն ժամկետները` լրացման բոլոր հնարավորություններով:

3. Գյումրու «Շիրակ» օդանավակայանը կոնցեսիայի հանձնելու նպատակով կառավարությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան ձեռք կբերի ու կապահովի Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զբաղեցրած հողակտորի, բոլոր շենքերի, շինությունների, այլ անշարժ և շարժական գույքի նկատմամբ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև կառավարչին կփոխանցի նշված գույքի օգտագործման իրավունքը` ապահովելով կառավարչի օգտագործման իրավունքի պատշաճ գրանցումը:

4. Սույն թիվ 3 լրացման նոտարական վավերացման և լրացումից բխող պետական գրանցման բոլոր ծախսերը կիրականացվեն կառավարչի կողմից:

5. Սույն թիվ 3 լրացմամբ Գյումրու «Շիրակ» օդանավակայանի կոնցեսիան կառավարչի կողմից ստանձնելու պահին ներկայիս իրավիճակը հետևյալն է`

թռիչքուղին ունի երկայնակի անկանոն թեքություն` մինչև i=2 % բացարձակ մեծությամբ թեքության շեշտակի տատանումներով` առանց անցման ուղղահայաց կորերի: Որոշ հատվածներում թեքությունը հասնում է 1,5 %-ի,

ինչ վերաբերում է լայնակի մակերևույթին, այն ամբողջովին ձևախախտված է և անկանոն թեքություն է: Կենտրոնական 16 մ վրա այն հասնում է առավելագույնը 3,3 %-ի, իսկ նվազագույն բացասականը` մինչև -2 %-ի (իջվածք), մինչդեռ ոչ ճգնաժամային գոտում (առանցքից 8 մ հեռավորության վրա` մինչև վերջինիս սահմանը) այն հասնում է առավելագույնը 5 %-ից ավելիի, իսկ նվազագույն բացասականը` մինչև -1 %-ի (իջվածքներ),

շատ դեպքերում ծածկույթի վրա նկատվում են իջվածքներ, խորդուբորդեր կամ ելունդներ, որոնք խանգարում են մակերեսի ջրահեռացմանը և կառուցվածքային անհարմարություններ են առաջացնում ինքնաթիռների համար` առկա անհարթությունների պատճառով: Անհրաժեշտ է առանձնացնել ակնհայտ թեքությունները, որոնք առաջացել են տարբեր մասերում որոշ հատվածների և տեղային փոսերի կրկնակի ասֆալտապատման հետևանքով:

Թռիչքուղու նորոգման և լուսատեխնիկական սարքավորումների տեղադրման աշխատանքների արդյունքում կառավարիչը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները` ապահովելու օդանավակայանի աերոդրոմի համապատասխանությունն ԻԿԱՕ-ի 1-ին կարգախմբին և կապահովի աերոդրոմի ներկայիս ֆիզիկական պարամետրերը, իսկ կառավարությունն օդանավակայանը կապահովի ԻԿԱՕ-ի 1-ին կարգախմբի չափանիշներին համապատասխան աերոնավիգացիոն սարքավորումներով և օդերևութաբանական սպասարկմամբ:

Կառավարիչը պարտավորվում է`

ա) իր ռիսկով, միջոցներով և հաշվին վերանորոգել Գյումրու «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղին և տեղադրել լուսատեխնիկական սարքավորումներ.

բ) պահպանել կառավարության կողմից ստացված շենքերի, շինությունների, ուղևորային համալիրի և օդանավակայանի բնականոն գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, իրականացնել դրանց ընթացիկ տեխնիկական սպասարկումը, կառավարչի հայեցողությամբ կատարել վերանորոգում, ինչպես նաև իրականացնել թռիչքուղու և գլխավոր ղեկուղու մաքրման աշխատանքները.

գ) կառավարիչը, իր բացառիկ հայեցողությամբ, առանց ժամկետային սահմանափակումների, ելնելով առևտրային անհրաժեշտությունից, կիրականացնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ամբողջական կամ մասնակի վերակառուցումներ` իր ռիսկով, միջոցներով և հաշվին:

6. Կառավարության կողմից սույն թիվ 3 լրացման 5-րդ կետում սահմանվածից դուրս Գյումրու «Շիրակ» օդանավակայանի կատարելագործման վերաբերյալ առաջարկի դեպքում կառավարությունը կառավարչի հետ համատեղ կքննարկի նման առաջարկի ֆինանսավորման և իրականացման հնարավորությունները:

7. Կառավարչի կողմից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում կատարված ներդրումների համար կիրառելի կլինի պայմանագրի 3.1-ին կետում նշված «ներքին շահութաբերություն» (IRR) հասկացությունը, որը սահմանվում է 10 % (տասը տոկոս):

8. Գույքի օգտագործման համար կիրառելի կլինեն պայմանագրի 13-րդ հոդվածի դրույթները:

9. Սույն թիվ 3 լրացման 5-րդ կետում Գյումրու «Շիրակ» օդանավակայանի վերանորոգումները կկազմեն պայմանագրով նախատեսված «Մաստեր պլանի» մասը և ենթակա կլինեն կառավարության հաստատմանը` պայմանագրի 10-րդ կետով սահմանված կարգով:

10. Թռիչքուղու վերանորոգման ժամանակահատվածի ընթացքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում թռիչքուղին, անկախ իր` տվյալ պահի փաստացի վիճակից, տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պահանջով:

11. Կառավարությունը գույքի նկատմամբ կառավարչի օգտագործման իրավունքի պետական գրանցումը կկատարի սույն թիվ 3 լրացման ստորագրման պահից 3 (երեք) ամսվա ընթացքում:

12. Սույն թիվ 3 լրացմամբ նախատեսված թռիչքուղու վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակահատվածում կառավարիչը կստեղծի բոլոր հնարավոր պայմանները` Գյումրու «Շիրակ» օդանավակայանում շաբաթական մեկ օր ռազմական չվերթեր իրականացնելու նպատակով: Շինարարության ընթացքում, ելնելով հնարավորությունից, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պահանջով կապահովվի նաև երկրորդ օրը:

13. Կառավարիչն ընդունում և հավաստում է, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը համատեղ բազավորման աերոդրոմ է և վերջինիս կոնցեսիայի փոխանցումը բոլոր դեպքերում չի կարող մեկնաբանվել որպես համատեղ բազավորման կարգավորման դադարում: Կառավարիչը, Գյումրու «Շիրակ» օդանավակայանի կոնցեսիան իրականացնելիս` կղեկավարվի «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1448-Ն որոշմամբ:

14. Գյումրու «Շիրակ» օդանավակայանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված է որպես միջազգային օդանավակայան և այն դեպի Հայաստանի Հանրապետություն ու Հայաստանի Հանրապետությունից չվերթեր իրականացնելու համար կծառայի որպես նշանակման օդանավակայան, և կառավարչի իրավունքների իրականացումը չի հանգեցնի նման նշանակության դադարմանը: Կառավարությունն իր հերթին Գյումրու «Շիրակ» օդանավակայանի կոնցեսիայի ամբողջ ժամանակահատվածում կպահպանի Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նման կարգավիճակը:

15. Կառավարությունը և կառավարիչը ջանքեր կգործադրեն Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորաշրջանառության ավելացման համար: Ընդ որում, նման ջանքերը որևէ կերպ չեն խոչընդոտի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորաշրջանառության աճը:

16. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նպատակների համար իրականացվող չվերթերը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գրության հիման վրա, կառավարչի կողմից կսպասարկվեն անվճար:

17. Սույն թիվ 3 լրացումը պայմանագրի անբաժանելի մասն է:

18. Այն ամենը, ինչը նախատեսված չէ սույն թիվ 3 լրացմամբ, կկարգավորվի պայմանագրի համապատասխան դրույթներով:

19. Կողմերը համաձայնվում են, որ սույն թիվ 3 լրացումը ենթակա է նոտարական վավերացման:

20. Սույն լրացումը կազմված է հայերենով և անգլերենով` ...... (.........................) հավասարազոր ուժ ունեցող օրինակներից։

Ի վկայություն դրա` կողմերը 2007 թվականի _________________  _____ -ին Երևան քաղաքում կնքեցին սույն լրացումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
______________________
Արտյոմ Մովսեսյան
ՀՀ կառավարության լիազոր
ներկայացուցիչ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

_______________________
Խուան Պաբլո Գեչիջյան
«Արմենիա» միջազգային
օդանավակայաններ» ՓԲԸ-ի
տնօրեն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան