Գլխավոր տեղեկություն
Համար
N 1953-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (29.09.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.09/17(389) Հոդ.277
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2004 թվականի N 1953-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան, ինչպես նաև միջուկային և ճառագայթային վթարների հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստվածության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2006 թվականի հուլիսին կազմակերպել և անցկացնել ստուգողական վարժանք` «Հայկական ատոմային էլեկտրակայանի ընդհանուր վթարի հակազդումը» թեմայով:

(1-ին կետը փոփ. 08.09.05 N 1467-Ն)

2. Ստուգողական վարժանքի կազմակերպման և անցկացման պատասխանատու նշանակել վթարային հակազդման ազգային համակարգողին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությանը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետին`

ա) մինչև 2006 թվականի ապրիլի 15-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ստուգողական վարժանքի կազմակերպման ու անցկացման միջոցառումների ժամանակացույցը.

բ) լրամշակել և մինչև 2005 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլանը).

գ) Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) մշակման համար ստեղծել միջգերատեսչական խումբ.

դ) Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարային պլանավորման գոտիները սահմանելուց հետո ճշտել վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների կազմը:

(3-րդ կետը փոփ. 08.09.05 N 1467-Ն)

4. Վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարներին` լրամշակել, իսկ վթարային հակազդման պլաններ չունեցող պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների համար` մշակել ու սահմանված կարգով հաստատել վթարային հակազդման պլաններ` Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում, և մինչև 2006 թվականի փետրվարի 28-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլանով սահմանված վթարային հակազդման գործառույթների կատարմանն իրենց պատրաստվածության մասին տեղեկատվություն:

(4-րդ կետը փոփ. 08.09.05 N 1467-Ն)

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ ստուգողական վարժանքի ֆինանսական ապահովման վերաբերյալ:

(5-րդ կետը փոփ. 08.09.05 N 1467-Ն)

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` մինչև 2005 թվականի սեպտեմբերի 30-ը ապահովել լրամշակված Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների հակազդման` Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործող կազմակերպության պլանի (Հայկական ատոմային էլեկտրակայանի ներքին վթարային պլան) առկայությունը:

(6-րդ կետը փոփ. 08.09.05 N 1467-Ն)

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության (ՀՀ պետատոմհսկողություն) պետին`

ա) մինչև 2005 թվականի մարտի 31-ը սահմանել Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարային պլանավորման գոտիները.

բ) մինչև 2006 թվականի մարտի 15-ը ապահովել ստուգողական վարժանքի սցենարի առկայությունը:

(7-րդ կետը փոփ. 08.09.05 N 1467-Ն)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 18
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.09.2005, N 1467-Ն 29.09.2005, N 1953-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան