Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական
վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-1914

Քաղաքացիական գործ թիվ 3-1345 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան
դատավորներ՝ Վ. Ավանեսյան
Գ. Մատինյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Է. Հայրիյանի

Ս. Գյուրջյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով Զոյա Գրիգորյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.06.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Սամսոն Շահվերդյանի հայցի ընդդեմ Զոյա Գրիգորյանի, Մարգարիտա և Սոննա Շահվերդյանների՝ ժառանգության և սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու, ժառանգ ճանաչելու և բնակարանից վտարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից 13.01.2006 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության վկայագիրը, դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայագիրը, հարգելի համարել ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը, իրեն համարել ժառանգությունն ընդունած ժառանգ և պատասխանողներին վտարել Երևանի Ծովակալ Իսակովի փողոցի 52/1 շենքի թիվ 28 բնակարանից:

ՀՀ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 02.04.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Զոյա Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Սամսոն Շահվերդյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասը և 1228-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Սամսոն Շահվերդյանի նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու հանգամանքը վերջինիս կողմից ժառանգությունը չընդունելու համար հարգելի պատճառ չի կարող հանդիսանալ, քանի որ նշվածը Սամսոն Շահվերդյանի կամքից անկախ հանգամանք չի եղել, որովհետև և՜ իսկական զինվորական ծառայությունից խուսափելը, և՜ քրեական գործի կարճումը, հայցվորի կամքից կախված սուբյեկտիվ հանգամանքներ են, քանի որ վերջինիս կողմից զինվորական ծառայության ներկայանալու դեպքում հետախուզում չէր հայտարարվի, իսկ ներկայանալու և սահմանված կարգով գումարը վճարելու դեպքում քրեական գործով վարույթը կարող էր կարճվել: Բացի այդ, քրեական գործի հարուցված լինելու հանգամանքը խոչընդոտ չէր Սամսոն Շահվերդյանի՝ ներկայացուցչի միջոցով դատարան դիմելու կամ ժառանգությունն ընդունելու հարցում:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի, 53-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև 218-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Վերաքննիչ դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվորեն չի գնահատել գործում առկա ապացույցներն այն մասին, որ Սամսոն Շահվերդյանը դեռևս 2004 թվականի ամռանը տեղյակ է եղել կտակի առկայության մասին:

Միաժամանակ, հիմք ընդունելով հայցվորի ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ Սամսոն Շահվերդյանը կտակի մասին իմացել է 2006 թվականի ապրիլին, վերաքննիչ դատարանը, ըստ էության, խախտել է ապացույցների թույլատրելիության պահանջը:

Բացի այդ, վճռի պատճառաբանական մասում վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Զոյա Գրիգորյանի և վերջինիս ներկայացուցչի կողմից սույն գործի դատաքննության ժամանակ տրված բացատրությանն այն մասին, որ Սամսոն Շահվերդյանը կտակի մասին իմացել է դեռևս 2004 թվականի ամռանը, ինչպես նաև չի նշել այն փաստարկները, որոնցով մերժել է տվյալ ապացույցը:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ դատաքննությանը մասնակից դարձվելու անձի իրավունքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը, անվավեր ճանաչելով սեփականության իրավունքի գրանցման վկայականը, ըստ էության վճիռ է կայացրել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր) իրավունքների և պարտականությունների վերաբերյալ՝ առանց վերջինիս գործի քննությանը մասնակից դարձնելու:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջը դատական քննության ենթակա չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

 

Անհիմն է վճռաբեկ բողոքի փաստարկն այն մասին, որ Սամսոն Շահվերդյանն իմացել է կտակի մասին և բաց է թողել նոտարական մարմիններին դիմելու՝ օրենքով սահմանված ժամկետը: Այն հանգամանքը, որ Սամսոն Շահվերդյանը չի իմացել կտակի մասին, հիմնավորվել է դատաքննության ընթացքում: Կտակի մասին չեն իմացել նաև պատասխանողները, քանի որ վերջիններս դիմել են նոտարական գրասենյակ և ստացել են ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայական, ինչը հակառակ դեպքում չէին անի, այլապես կստացվեր, որ նրանք Սամսոն Շահվերդյանին ժառանգությունից զրկելու դիտավորություն են ունեցել:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունից բացակայելու ժամանակ Սամսոն Շահվերդյանի նկատմամբ հարուցված էր քրեական գործ, ինչը վերջինիս զրկել է հյուպատոսական մարմիններին ներկայանալու հնարավորությունից:

Անհիմն է նաև վճռաբեկ բողոքի այն պնդումը, որ Սերգեյ Շահվերդյանի մահից հետո Սամսոն Շահվերդյանը, լինելով ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգ, չի դիմել ժառանգությունն ընդունելու համար, քանի որ կտակի առկայության պայմաններում ըստ օրենքի ժառանգության մասին խոսք չի կարող լինել: Սույն գործով ժառանգատուն կտակով որոշել է իր ունեցվածքի ճակատագիրը՝ այն կտակելով Սամսոն Շահվերդյանին:

Հետևաբար, սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն վճռաբեկ բողոքում հիշատակված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 3-2305 (ՎԴ) քաղաքացիական գործով կայացված որոշմամբ արված դատողությունները, քանի որ տվյալ որոշման մեջ խոսքը գնում է ըստ օրենքի ժառանգության իրավունքին, իսկ սույն գործով առկա է ըստ կտակի ժառանգություն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 10.07.2004 թվականին կազմված կտակի համաձայն՝ Սերգեյ Շահվերդյանը մահվան պահին իրեն պատկանող ողջ գույքը կտակել է որդուն՝ Սամսոն Շահվերդյանին:

2) Սերգեյ Շահվերդյանը մահացել է 07.03.2005 թվականին:

3) 13.01.2006 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր է տրվել Զոյա Գրիգորյանին, Սոննա և Մարգարիտա Շահվերդյաններին, որից ծագող վերջիններիս իրավունքները պետական գրանցում են ստացել:

4) Սամսոն Շահվերդյանը իսկական զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով գտնվել է հետախուզման մեջ և Սերգեյ Շահվերդյանի մահից հետո մինչև 2006 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:

5) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազության 2006 թվականի սեպտեմբերի 12-ի որոշման համաձայն՝ Սամսոն Շահվերդյանի կողմից ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ հարուցված թիվ 14203300 քրեական գործի վարույթը կարճվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո, 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում, իսկ նույն օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած՝ հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր, և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Այսինքն, ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետի բաց թողնելու պատճառը պետք է հիմնավոր լինի: Այն կարող է դատարանի կողմից հարգելի ճանաչվել, եթե ժառանգության բացման, կտակի առկայության մասին ժառանգը տեղյակ չի եղել, կամ ժառանգության ընդունման համար օրենքով սահմանված ժամկետը բաց է թողել այլ հարգելի պատճառներով (ժառանգի անչափահաս լինելը, ժառանգի ծանր հիվանդությունը, նրա անօգնական վիճակում գտնվելը, անգրագիտությունը, իրավաբանական գործողություններ կատարելու հնարավորությունը բացառող կամ սահմանափակող պայմաններում երկարատև գործուղման մեջ գտնվելը և այլն):

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի է համարել՝ պատճառաբանելով, որ Սամսոն Շահվերդյանի նկատմամբ հարուցված է եղել քրեական գործ, որը գտնվել է քննության փուլում, ինքը գտնվել է հետախուզման մեջ, իսկ քրեական գործի վարույթի կարճումից հետո անմիջապես վերջինս եկել է Հայաստանի Հանրապետություն և վեցամսյա ժամկետում դիմել է դատարան՝ ժամկետի բացթողման պատճառը հարգելի ճանաչելու պահանջով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական հետախուզման մեջ գտնվելը չի կարող դիտվել որպես ժառանգությունն ընդունելու ժամկետի բացթողման հարգելի պատճառ:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկն այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքում կոնկրետ չի նշվել, թե վերաքննիչ դատարանն ո՞ր ապացույցը չի հետազոտել բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և որ ենթադրյալ խախտումն արդյո՞ք հանգեցրել է գործի սխալ լուծման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Բողոք բերած անձի պատճառաբանությունը վերոհիշյալ հոդվածի խախտման կապակցությամբ անհիմն է, քանի որ բացակայում է սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի որևէ օրենք կամ այլ իրավական ակտ, որով սահմանված է ժառանգի կողմից կտակի առկայության մասին իմանալու հանգամանքը միայն որոշակի ապացույցներով ապացուցման ենթակա լինելու պահանջը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական և թե՜ իրավական հիմնավորումը:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Հակառակ դեպքում դատարանի վճիռը չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանի վճիռը հիմնավորված չէ (իրավական հիմնավորումները տե՜ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» ՍՊԸ, 21.12.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջի մասին):

3) Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը, քանի որ դատաքննությանը մասնակից չդարձվելու հիմքով բողոք կարող է ներկայացնել միայն այն անձը, որի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացվել: Մինչդեռ, կադաստրի ենթադրյալ խախտման հիմքով բողոքը ներկայացրել է սույն գործով պատասխանողը:

Վերը նշված հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի և 1228-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները սխալ մեկնաբանելու վերաբերյալ հիմքերը հիմնավոր համարելով՝ դրանց առկայությունը բավարար է գտնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման առաջին հիմքի պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը՝ Զոյա Գրիգորյանի, Մարգարիտա և Սոննա Շահվերդյանների անվամբ տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով ենթակա է կարճման այն պատճառաբանությամբ, որ սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջը դատական քննության ենթակա չէ, քանի որ վարչական ակտ է հանդիսանում Կադաստրի պետական գրանցամատյանի գրառումը, իսկ վկայականն անվավեր ճանաչելու դեպքում միևնույնն է՝ իրավունքի գրանցումը պահպանվում է:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է սույն հիմքով առաջադրված այն իրավական հարցին, որ սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջը դատական քննության ենթակա չէ և սույն գործով նպատակահարմար չի գտնում կրկին անդրադառնալ դրան (իրավական հիմնավորումները տե՜ս օրինակ՝ Սիսիանի քաղաքապետարան ընդդեմ Շահեն Սարգսյան, երրորդ անձինք ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Սիսիանի ստորաբաժանում, Կորյուն Օհանյան, 26.10.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-1920/ՎԴ (2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջներով):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճիռը՝ հայցը բավարարելու մասով բեկանել և այն փոփոխել: ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից 13.01.2006 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու, ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու, Սամսոն Շահվերդյանին ժառանգությունն ընդունած ժառանգ համարելու և պատասխանողներին Երևանի Ծովակալ Իսակովի փողոցի 52/1 շենքի թիվ 28 բնակարանից վտարելու պահանջների մասով, հայցը մերժել:

2. Սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Վճիռը՝ հայցը մերժելու մասով թողնել օրինական ուժի մեջ:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Գյուրջյան