Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ Տ3-210/2006 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1317 (ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Գյուրջյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքն ըստ «Սյուզի-Հրաչյա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային հաշվանցումների հսկողության վարչության՝ ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ դատարան) 14.12.2006 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային հաշվանցումների հսկողության վարչության 24.03.2006 թվականի թիվ 1007390 ստուգման ակտը:

Դատարանի 14.12.2006 թվականի վճռով Ընկերության դիմումը բավարարվել է մասնակիորեն՝ անվավեր է ճանաչվել 24.03.2006 թվականի թիվ 1007390 ստուգման ակտի 14-րդ կետը, իսկ 4-րդ, 8-րդ և 9-րդ կետերն անվավեր ճանաչելու Ընկերության պահանջը մերժվել է: Միաժամանակ, դատարանի վճռով պարտադրվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային հաշվանցումների հսկողության վարչությանը կատարելու վերահաշվարկ և Ընկերության անձնական հաշվի քարտից դուրս գրել 24.03.2006 թվականի թիվ 1007390 ստուգման ակտի 14-րդ կետով հաշվարկված 2.860.000 դրամ լրացուցիչ պարտավորության գումարը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորմամբ.

Դատարանը կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը և չի կիրառել «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետը և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ընկերությունում կատարված ստուգումն իրականացվել է ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը ստուգման ժամանակահատվածում զբաղվել է պեռլիտային ավազի և բազալտի արդյունահանմամբ, որի համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից 06.05.2005 թվականին տրվել են թիվ ՀԱ-Լ-14/339 և ՀԱ-Լ-14/340 լիցենզիաները: Պարզվել է նաև, որ վերոհիշյալ լիցենզիաներից թիվ ՀԱ-Լ-14/339 լիցենզիան ուժի մեջ է մտել 08.09.2005 թվականին, այսինքն՝ լիցենզային պայմանագիրը կնքելուց հետո, իսկ ստուգման ժամանակաշրջանում թիվ ՀԱ-Լ-14/340 լիցենզիայի պայմանագիր չի կնքվել: Ընկերությունը 06.05.2005 թվականից մինչև 08.09.2005 թվականը և մինչև ստուգվող ժամանակաշրջանի ավարտն առանց լիցենզիայի իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է դիմումը բավարարելու մասով բեկանել դատարանի 14.12.2006 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային հաշվանցումների հսկողության վարչության 24.03.2006 թվականի թիվ 1007390 ստուգման ակտի 14-րդ կետով Ընկերությանը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի հիման վրա առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն՝ 2.865.000 ՀՀ դրամ գումարի չափով:

2) 06.05.2005 թվականին Ընկերությանը տրամադրվել են հանքարդյունահանման թիվ ՀԱ-Լ-14/339 և ՀԱ-Լ-14/340 լիցենզիաները: Թիվ ՀԱ-Լ-14/339 լիցենզիան ուժի մեջ է մտել 08.09.2005 թվականին, լիցենզիայի ուժի մեջ մտնելու համար պարտադիր համարվող լիցենզային պայմանագիրը կնքելուց հետո, իսկ թիվ ՀԱ-Լ-14/340 լիցենզիայով ստուգվող ժամանակահատվածում լիցենզային պայմանագիր չի կնքվել:

3) Ընկերությունը մի դեպքում՝ 06.05.2005 թվականից մինչև 08.09.2005 թվականն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս դեպքում՝ մինչև ստուգվող ժամանակաշրջանի ավարտն առանց լիցենզիայի ծավալել է լիցենզավորման ենթակա գործունեություն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբ է համարվում լիցենզիայի պայմանագրի կնքման պահը:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում, ընկերությունից գանձման ենթակա է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության 50%-ի չափով, որը կազմում է 2.865.000 դրամ (5.730.000 դրամի 50%-ը), որը և հանդիսանում է ապօրինի գործունեության մասով հարկային պարտավորության գումար:

Սույն գործի փաստերի համաձայն՝ ստուգմամբ պարզվել է, որ ստուգվող ժամանակահատվածում ընկերությունն զբաղվել է պեռլիտային ավազի և բազալտի հանքերի արդյունահանմամբ, որի համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից 06.05.2005 թվականին տրվել են թիվ ՀԱ-Լ-14/339 և ՀԱ-Լ-14/340 լիցենզիաները: Պարզվել է նաև, որ վերոհիշյալ լիցենզիաներից թիվ ՀԱ-Լ-14/339 լիցենզիան ուժի մեջ է մտել 08.09.2005 թվականին, լիցենզային պայմանագիրը կնքելուց հետո, իսկ ստուգման ժամանակաշրջանում թիվ ՀԱ-Լ 14/340 լիցենզիայի լիցենզային պայմանագիր չի կնքվել: Ընկերությունը 06.05.2005 թվականից մինչև 08.09.2005 թվականը, ինչպես նաև մինչև ստուգվող ժամանակաշրջանի ավարտն առանց լիցենզիայի իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետը և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը սույն գործով կիրառելի են:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր է և դրա առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով ՀՀ տնտեսական դատարանի 14.12.2006 թվականի վճիռը՝ դիմումը բավարարելու մասով բեկանելու բավարար հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 14.12.2006 թվականի վճիռը՝ դիմումը բավարարելու մասով և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ս. Գյուրջյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան