Գլխավոր տեղեկություն
Համար
N 1269-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2007-26.07.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.19/56(580) Հոդ.1174
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2007 թվականի N 1269-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գիտության պետական կոմիտե ստեղծելու մասին» ՆՀ-231-Ն հրամանագրի 1-ին և 2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում գործող գիտության պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի`

ա. «զ» ենթակետը «աշխատակազմի ղեկավարի» բառերից հետո լրացնել «և նախարարության համակարգում գործող պետական մարմնի ղեկավարի» բառերով,

բ. «ժա» ենթակետը «աշխատակազմի ղեկավարի» բառերից հետո լրացնել «նախարարության համակարգում գործող պետական մարմնի ղեկավարի,» բառերով,

գ. «ժբ» ենթակետը «նախարարության աշխատակազմի» բառերից հետո լրացնել «և նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերով, իսկ «քննում է դրա» բառերը փոխարինել «ուսումնասիրում է դրանց» բառերով,

դ. «ժդ» ենթակետը «նախարարության» բառից հետո լրացնել «ինչպես նաև նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերով,

ե. «ժե» ենթակետը «նախարարության» բառից հետո լրացնել «ինչպես նաև նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի I բաժնի 1-ին կետից հանել «Գիտության և հետբուհական կրթության վարչություն» բառերը, և կետը «Բարձրագույն» բառից հետո լրացնել «և հետբուհական» բառերով.

3) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.

«III. ՀՀ կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում

գործող պետական մարմին

Գիտության պետական կոմիտե»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. նոյեմբերի 8

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1269-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում գործող գիտության պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե) պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է գիտության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Կոմիտեն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Կոմիտեի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Կոմիտեի անվանումն է`

հայերեն` Գիտության պետական կոմիտե,

ռուսերեն` Государственный комитет по науке,

անգլերեն` State Committee of Science:

6. Կոմիտեի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3:

7. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, կոմիտեի հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

8. Կոմիտեն կազմված է նախագահից և կոմիտեի աշխատակազմից: Կոմիտեի ենթակայության ներքո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են գործել պետական ոչ առևտրային կազմակերպություններ և հիմնարկներ:

9. Կոմիտեի նպատակները և խնդիրներն են`

1) հանրապետության գիտական և գիտատեխնիկական ներուժի զարգացումը, դրա ռացիոնալ տեղաբաշխումը և պահպանումը, գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորումը, հասարակության մտավոր ներուժի վերարտադրումը.

2) գիտության ոլորտի զարգացման ու բնականոն գործունեության ապահովումը՝ որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.

3) գիտական և գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

4) նորամուծական (ինովացիոն) քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակցելը, Հայաստանի Հանրապետությունում հիմնարար ու կիրառական գիտության և գիտատեխնիկական արդյունքի ու բարձր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելը:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) գիտության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության ու գիտության ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի մշակում.

2) գիտության ոլորտի կառուցվածքային բարեփոխումների մշակում և իրականացման կազմակերպում, ոլորտի առաջանցիկ զարգացման ապահովում.

3) գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրերի մշակում ու դրանց իրականացման կազմակերպում.

4) միջազգային կապերի զարգացմանը նպաստելը, կոմիտեի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը սահմանված կարգով մասնակցություն.

5) իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգում և վերահսկում.

6) գիտության, կրթության և արտադրության ինտեգրմանը, սոցիալական խնդիրների լուծմանն ու մարդու, հասարակության և պետության անվտանգության ապահովմանն ուղղված գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացման կազմակերպում.

7) հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի վերարտադրության և զարգացման ապահովում, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման պատվերի ձևավորում.

8) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, տնտեսության համար անհրաժեշտ` բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի պատրաստման նպատակով շուկայի ուսումնասիրում.

9) գիտատեխնիկական համակարգի զարգացման և տարածման, միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրման ապահովում.

10) գիտության ժամանակակից ենթակառուցվածքի ու տեղեկատվական համակարգի ձևավորում և զարգացում.

11) գիտական գրականության ձեռքբերման, հրատարակման, գրադարանային գործի արդի պահանջները բավարարող աշխատանքի կազմակերպման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից նվաճումների` գիտական և գիտակրթական կազմակերպություններում ներդրման ապահովում.

12) գիտական աստիճանաշնորհման համակարգի բարեփոխումների մշակում.

13) օրենքով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

14) կոմիտեի և դրա համակարգի բյուջետային գործընթացի ապահովում.

15) գիտական արդյունքի ապրանքայնացմանը և ներքին ու արտաքին շուկայում դրա ներդրմանն աջակցելը.

16) գիտության ոլորտի գիտական փորձաքննության անկախ համակարգի ստեղծման վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

17) գիտության և տեխնոլոգիաների գերակա ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

18) Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորությունների իրականացում:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Կոմիտեն կառավարում է կոմիտեի նախագահը (այսուհետ` նախագահ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ներկայացմամբ: Նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

12. Նախագահը`

1) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության ոլորտներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ առաջարկություն.

6) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություն աշխատակազմի ղեկավարի նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

7) օրենքով սահմանված կարգով նշանակումներ է կատարում կոմիտեի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

8) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

10) լսում և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է աշխատակազմի գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

11) վերահսկողություն է իրականացնում կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

12) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

13) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թիվը.

14) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

15) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Նախագահն իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված ոլորտներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

14. Նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին:

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

15. Կոմիտեի աշխատակազմի նպատակը և խնդիրը կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին դրա մասնակցության ապահովումն է:

16. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

17. Կոմիտեի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության և սույն կանոնադրության հիման վրա:

18. Կոմիտեի աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

19. Կոմիտեի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

20. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

21. Կոմիտեի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Կոմիտեի աշխատակազմի կատարած գործառնությունների ու մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

22. Կոմիտեի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև կոմիտեի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

23. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

24. Կոմիտեի աշխատակազմի անվանումն է` Գիտության պետական կոմիտեի աշխատակազմ:

25. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

26. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու կոմիտեի աշխատակազմի գույքը կամ գույքի մի մասը:

28. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

29. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):

 

VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

30. Կոմիտեի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը և նախագահը, իսկ ղեկավարումը` կոմիտեի աշխատակազմի ղեկավարը:

31. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

32. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախագահի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախագահի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

33. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

34. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի, նախագահի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:

35. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

36. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է կոմիտեի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

6) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

7) նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

8) նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

9) կազմակերպում է կոմիտեի աշխատակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

10) կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) նախագահի ստորագրությանն է ներկայացնում նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

13) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է կոմիտեի գործավարությունը և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

37. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

38. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

39. Կոմիտեի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում վիճակագրական հաշվետվություններ, ֆինանսական, հարկային, մաքսային և պարտադիր վճարների հաշվարկներ, հայտարարագրեր:

40. Կոմիտեի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

41. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1269-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Գիտական քաղաքականության վարչություն

Գիտական գործունեության կազմակերպման վարչություն

 

2. Բաժիններ

 

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

 

3. Քարտուղարություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան