Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.07/54(578)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.09.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական
վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-640/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1125 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան
դատավորներ՝ Կ. Հակոբյան
Ա. Խառատյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

Ս. Գյուրջյանի

Վ. Աբելյանի

Է. Հայրիյանի

2007 թվականի սեպտեմբերի 5-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Գառնիկ Նազարյանի վճռաբեկ բողոքն ըստ Գառնիկ Նազարյանի հայցի ընդդեմ Գագիկ Նազարյանի, Արտաշատի նոտարական տարածքի նոտարի՝ փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ճանաչելու և Գագիկ Նազարյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 08.02.2007 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է փաստացի տիրապետման ուժով ընդունած ճանաչել ժառանգությունը և մասնակիորեն անվավեր ճանաչել Գագիկ Նազարյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 14.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 08.02.2007 թվականի վճռով հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գառնիկ Նազարյանը։

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը, ինչի հետևանքով չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, մերժելով հայցը, համարժեք գնահատական չի տվել առաջին հերթի ժառանգների կողմից փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ լինելու հանգամանքը հիմնավորող ապացույցներին: Բողոք բերած անձի կարծիքով հայցվորը դատարանին ներկայացրել է բավարար ապացույցներ, որոնք հիմնավորում են փաստացի տիրապետման ուժով 1993 թվականից հոր, իսկ 2000 թվականից՝ մոր ժառանգության ընդունումը, ինչպես նաև այն ապացույցները, որպիսիք հիմնավորում են հայցվորի և հանգուցյալ Մառլենա Մանասերյանի (Նազարյանի) ազգակցական կապը: Այդպիսի ապացույցներ են հանդիսացել կողմերի բացատրություններն այն մասին, որ իրենք հարազատ եղբայրներ են, ծնվել են նույն մորից և ծնողների մահից հետո շարունակել են փաստացի զբաղեցնել ժառանգական գույքը: Այսինքն՝ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետը և նույն կետի երեք ենթակետերն այն պայմաններում, երբ երկու կողմ հանդես եկող եղբայրները փաստացի տիրապետմամբ հավասարապես ընդունել են 1993 թվականից իրենց հոր, իսկ 2000 թվականից՝ մոր ժառանգությունը: Բացի այդ, դատարանը պահանջը մերժելու հիմքում դնելով Գառնիկ Նազարյանի և Մառլենա Մանասերյանի (Նազարյանի) ազգակցական կապը հաստատող ապացույցներ չներկայացնելու պատճառաբանությունը, իրավասու չէր Գառնիկ Նազարյանին զրկելու դեռևս 1993 թվականից հորից փաստացի տիրապետման ուժով ընդունած ժառանգության իրավունքից, քանի որ այս պարագայում ազգակցական կապի հաստատման անհրաժեշտություն չկար:

2) Գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 15.03.2007 թվականի վճռով բավարարվել է Գառնիկ Նազարյանի պահանջը, որով հաստատվել է Գառնիկ Նազարյանի և Մառլենա Մանասերյանի (Նազարյանի) ազգակցական կապը:

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 08.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Գառնիկ և Գագիկ Նազարյանների ծնողները՝ Գրիշա Նազարյանը և Մառլենա Մանասերյանն Արարատի մարզի Գետազատ գյուղում ունեցել են սեփական տուն:

2) Գրիշա Նազարյանը մահացել է 1993 թվականին և նրա մահից հետո Գառնիկ Նազարյանը, Գագիկ Նազարյանը և Մառլենա Մանասերյանը փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ընդունել են ժառանգական գույքը:

3) 05.07.2000 թվականին մահացել է Մառլենա Մանասերյանը՝ Գառնիկ և Գագիկ Նազարյանների մայրը:

4) Մառլենա Մանասերյանի մահից առաջ և հետո Գառնիկ և Գագիկ Նազարյանները բնակվել են ժառանգական գույք հանդիսացող տանն ու փաստացի տիրապետել և կառավարել են Մառլենա Մանասերյանի ժառանգությունը:

5) 16.02.2006 թվականին Գագիկ Նազարյանին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր:

6) Գառնիկ Նազարյանի և նրա ընտանիքի ժառանգական գույք հանդիսացող բնակելի տանը շարունակաբար բնակվելու փաստը տրված բացատրություններով հաստատել են գործի քննությանը մասնակից դարձված անձինք և վկաները:

7) Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 15.03.2007 թվականի վճռով հաստատվել է Գառնիկ Նազարյանի և Մառլենա Մանասերյանի (Նազարյանի) ազգակցական կապը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը՝ միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց բացատրություններով:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գառնիկ Նազարյանի կողմից ժառանգական գույք հանդիսացող բնակելի տանը մշտապես բնակվելու, այն տիրապետելու և կառավարելու հանգամանքը ապացուցված է գործին մասնակցող անձանց բացատրություններով և վկաների ցուցմունքներով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձանց բացատրությունները և վկաների ցուցմունքները որպես ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել, դրանք միմյանց հետ համակցության մեջ չի գնահատել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերաքննիչ դատարանը սույն գործով ձեռք բերված ապացույցներով (գրավոր ապացույցներ և կողմերի բանավոր բացատրություններ, վկաների ցուցմունքներ) պարզել է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները: Սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել գործին մասնակցած անձանց, ներառյալ պատասխանող Գագիկ Նազարյանի բացատրությունները, վկաների ցուցմունքները, որոնցով հաստատվում է Գառնիկ Նազարյանի կողմից ժառանգական գույքի փաստացի տիրապետումը, ինչպես նաև Գառնիկ Նազարյանի և Մառլենա Մանասերյանի ազգակցական կապը: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածների և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի խախտման վերաբերյալ սույն վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման հիմք են:

Վերաքննիչ դատարանը Գառնիկ Նազարյանի պահանջը մերժել է հայցվորի՝ Մառլենա Մանասերյանի որդին լինելու հանգամանքն ապացուցված չլինելու հիմքով:

Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 15.03.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է այն իրավաբանական փաստը, որ Գառնիկ Նազարյանը հանդիսանում է հանգուցյալ Մառլենա Մանասերյանի (Նազարյանի) հարազատ որդին:

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված վճռով հաստատված իրավաբանական փաստը սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու հիմք։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի հիմքերը հիմնավոր համարելով, գտնում է, որ դրանց առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի հիման վրա ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 08.02.2007 թվականի վճիռը վերանայելու, իսկ նույն օրենսգրքի 226-րդ, 227-րդ հոդվածների ուժով այն բեկանելու բավարար հիմք է։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 08.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
  Ս. Գյուրջյան
  Վ. Աբելյան
 

Է. Հայրիյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան