Գլխավոր տեղեկություն
Համար
N 780-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (15.09.2005-28.07.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.16/37(272) Հոդ.670
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2024

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2003 թվականի N 780-Ն

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 1
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 13-ի N 780-Ն որոշման

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

I. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ա) հաշմանդամություն՝ հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետևանքով առաջացած սոցիալական անբավարարություն, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության.

բ) առողջություն՝ անձի ֆիզիկական, հոգեկան և սոցիալական լիակատար բարեկեցիկ վիճակ (այլ ոչ միայն հիվանդության և ֆիզիկական արատների բացակայություն).

գ) առողջության խաթարում՝ անձի օրգանիզմի հոգեբանական, ֆիզիոլոգիական, անատոմիական կառուցվածքի և (կամ) ֆունկցիայի անոմալիայի, խանգարման, կորստի հետ կապված ֆիզիկական, հոգեկան, ֆիզիոլոգիական անբարեկեցություն.

դ) կենսագործունեություն՝ անձի ինքնասպասարկման ապահովման ունակություն, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառության և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների համար՝ նաև խաղալու) կարողություն.

ե) կենսագործունեության սահմանափակման աստիճան՝ անձի գործունեության նորմալ կարողություններից կամ հնարավորություններից շեղման աստիճան.

զ) սոցիալական անբավարարություն՝ առողջության խաթարման սոցիալական հետևանք, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության կամ օգնության անհրաժեշտության.

է) սոցիալական օժանդակություն՝ կարճաժամկետ բնույթի միանգամյա կամ էպիզոդիկ միջոցառում՝ սոցիալական անբավարարության հատկանիշների բացակայությամբ.

ը) սոցիալական օգնություն՝ սոցիալական անբավարարության վերացմանը կամ նվազեցմանը նպաստող պարբերական և (կամ) կանոնավոր միջոցառումներ.

թ) հաշմանդամի վերականգնում՝ բժշկական, հոգեբանական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական միջոցառումների համակարգ՝ ուղղված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորության սահմաններում առավել լիակատար փոխհատուցմանը: Վերականգնման նպատակը հաշմանդամի սոցիալական վիճակի վերականգնումն է, սոցիալական հարմարեցումը և նյութական անկախությունը.

ժ) վերականգնողական կարողություն՝ անձի կենսաբանական, հոգեֆիզիոլոգիական և անհատական հատկանիշների, ինչպես նաև սոցիալ-միջավայրային գործոնների համալիր, որը հնարավորություն է տալիս այս կամ այն չափով փոխհատուցել նրա կենսագործունեության սահմանափակումները և իրականացնել պահեստային (պոտենցիալ) հնարավորությունները.

ժա) վերականգնողական կանխատեսում՝ վերականգնողական կարողության իրականացման ենթադրվող հնարավորություն.

ժբ) աշխատանքային, կենցաղային և հասարակական գործունեության հատուկ ստեղծված պայմաններ՝ առանձնահատուկ սանիտարահիգիենիկ, կազմակերպչական, տեխնիկական, տեխնոլոգիական, իրավական, տնտեսական, միկրոսոցիալական գործոններ, որոնք հաշամանդամին հնարավորություն են տալիս իրականացնել աշխատանքային, կենցաղային և հասարակական գործունեություն՝ նրա վերականգնողական անհատական ծրագրին և կարողությանը համապատասխան.

ժգ) մասնագիտություն՝ կրթության, ուսումնառության, հատուկ վերապատրաստման, աշխատանքային փորձի ճանապարհով ստացած հատուկ գիտելիքների, կարողությունների և հմտությունների համալիրը տիրապետող անձի աշխատանքային գործունեության (զբաղմունքի) տեսակ, գիտելիքների և աշխատանքի որոշակի բնագավառ: Հիմնական մասնագիտությունը համարվում է առավել բարձր որակավորմամբ կամ ավելի երկար ժամանակ կատարվող աշխատանքը.

ժդ) որակավորում՝ կարգով, դասով, կոչումով և այլ որակավորման չափանիշներով որոշվող որոշակի մասնագիտությամբ, արհեստով կամ պաշտոնում պատրաստվածության մակարդակ, վարպետության, աշխատանք կատարելու պիտանելության աստիճան:

 

II. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ

 

2. Անձի օրգանիզմի հիմնական ֆունկցիաների խանգարումները դասակարգվում են՝

ա) հոգեկան ֆունկցիաների խանգարում՝ ընկալման, հիշողության, մտածողության, ինտելեկտի, բարձրագույն կեղևային ֆունկցիաների, հույզերի, կամքի, գիտակցության և առույգության, վարքի, հոգեշարժական ֆունկցիաների խանգարումներ.

բ) լեզվական և խոսքի խանգարումներ՝ հոգեկան խանգարումներով չպայմանավորված գրավոր և բանավոր, բերանացի ու ոչ բերանացի խոսքի խանգարումներ, ձայնագոյացման և խոսքի ձևի խանգարումներ՝ կակազում, դիզարթրիա և այլն.

գ) զգայական ֆունկցիաների խանգարում՝ տեսողության, լսողության, հոտառության, շոշափելիքի, վեստիբուլյար ֆունկցիաների, հպման, ցավային, ջերմային ու այլ տեսակի զգացողությունների խանգարումներ և ցավային համախտանիշ.

դ) հենաշարժական ֆունկցիաների խանգարումներ՝ գլխի, մարմնի, վերջույթների շարժողական ֆունկցիաների, կանգուն կեցվածքի, շարժումների կոորդինացիայի խանգարումներ.

ե) ընդերային և նյութափոխանակության խանգարումներ՝ սնուցման խանգարում (արյան շրջանառության, շնչառության, մարսողության, արտազատման, արյունա-ստեղծման, էներգիայի և նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի, իմունիտետի խանգարումներ).

զ) այլանդակող խանգարումներ՝ դեմքի, գլխի, մարմնի, վերջույթների կառուցվածքային դեֆորմացիա, արտահայտված արտաքին այլանդակություն, մարսողական, միզ-արձակման, շնչառական ուղիների ոչ նորմալ բացվածքներ, մարմնի չափսերի խանգարումներ՝ գիգանտիզմ, գաճաճություն, կախեքսիա, գերգիրություն։

 

III. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

3. Կենսագործունեության հիմնական տեսակները դասակարգվում են՝

ա) ինքնասպասարկման ապահովման ունակություն՝ հիմնական ֆիզիոլոգիական պահանջմունքներն ինքնուրույն բավարարելու, ամենօրյա կենցաղային գործունեություն և անձնական հիգիենա իրականացնելու ունակություն.

բ) ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ կենցաղային, հասարակական և մասնագիտական գործունեության իրականացման շրջանակներում տարածության մեջ ինքնուրույն տեղափոխվելու, խոչընդոտներ հաղթահարելու, քայլելու, վազելու, տեղաշարժվելու, մարմնի հավասարակշռությունը պահելու կարողություն.

գ) ուսումնառության կարողություն՝ հանրակրթական, մասնագիտական և այլ գիտելիքների ընկալման ու վերարտադրության, սոցիալական, մշակութային, կենցաղային հմտությունների և ունակությունների տիրապետման կարողություն.

դ) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն՝ աշխատանքի բովանդակության, ծավալի և կատարման պայմանների պահանջներին համապատասխան գործունեության իրականացման կարողություն.

ե) կողմնորոշվելու կարողություն՝ ժամանակի և տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն.

զ) հաղորդակցվելու կարողություն՝ տեղեկատվության ընկալման, վերամշակման և փոխանցման միջոցով մարդկանց միջև կապ հաստատելու ունակություն.

է) սեփական վարքը հսկելու կարողություն՝ բարոյաէթիկական և սոցիալ-իրավական նորմերից ելնելով ինքնաճանաչման և համապատասխան վարքի դրսևորման կարողություն.

ը) խաղալու կարողություն՝ խաղի ընդունակություն, որի շնորհիվ ի հայտ է գալիս արտաքին աշխարհի հետ երեխայի հաղորդակցվելու կարիքը, ձևավորվում և զարգանում են ինտելեկտուալ, ֆիզիկական, բարոյական ու կամային հատկանիշներ, աշխատանքային և այլ ունակությունների տարրեր (տարիքային նորմերին համապատասխան):

 

IV. ՕՐԳԱՆԻԶՄԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ

 

4. Օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումները բնութագրող տարբեր որակական և քանակական ցուցանիշների համալիր գնահատումը նախատեսում է առավելապես խանգարման չորս աստիճան՝

1-ին աստիճան՝ ֆունկցիայի աննշան խանգարումներ,

2-րդ աստիճան՝ ֆունկցիայի չափավոր խանգարումներ,

3-րդ աստիճան՝ ֆունկցիայի արտահայտված խանգարումներ,

4-րդ աստիճան՝ ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ։

 

V. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ

 

5. Ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն.

2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն.

3-րդ աստիճան՝ ինքնասպասարկման ապահովման ունակության անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն։

6. Տեղաշարժվելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ առավել երկարատև ժամանակի ծախսումով, ընդհատումներով և տարածության կրճատմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ.

2-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ.

3-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն:

(6-րդ կետը փոփ. 18.08.05 N 1304-Ն)

7. Ուսումնառության կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթության ձևերի ուսումնական հաստատություններում ուսուցման գործընթացի հատուկ կանոնակարգի պայմաններում և (կամ) օժանդակ միջոցների օգտագործմամբ ուսումնառության կարողություն.

2-րդ աստիճան՝ միայն հատուկ ուսումնական հաստատություններում կամ հատուկ ծրագրերով օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ (բացի ուսուցանող անձնակազմից) ուսումնառության կարողություն.

3-րդ աստիճան՝ ուսումնառության անկարողություն:

8. Կողմնորոշվելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործման պայմաններում կողմնորոշվելու կարողություն.

2-րդ աստիճան՝ այլ անձանց օգնությամբ կողմնորոշվելու կարողություն.

3-րդ աստիճան՝ կողմնորոշվելու անկարողություն:

9. Հաղորդակցվելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ տեղեկատվության ստացման, յուրացման և հաղորդման արագության դանդաղեցմամբ, ծավալի փոքրացմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ հաղորդակցվելու կարողություն.

2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների և այլ անձանց օգնությամբ հաղորդակցվելու կարողություն.

3-րդ աստիճան՝ հաղորդակցվելու անկարողություն:

10. Սեփական վարքը հսկելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ սեփական վարքն ինքնուրույն հսկելու կարողության ժամանակավոր, պարբերական նվազում.

2-րդ աստիճան՝ սեփական վարքը հսկելու կարողության մշտական մասնակի նվազում, որը պայմանավորում է կողմնակի անձանց կողմից օգնության անհրաժեշտությունը.

3-րդ աստիճան՝ սեփական վարքը հսկելու լիովին անկարողություն և կողմնակի հսկողության անհրաժեշտություն:

11. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ սովորական աշխատանքային պայմաններում որակավորման իջեցման կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն, սեփական մասնագիտությամբ աշխատանք կատարելու անհնարինություն.

2-րդ աստիճան՝ հատուկ ստեղծված պայմաններում օժանդակ միջոցների և (կամ) հատուկ սարքավորված աշխատատեղերի օգտագործմամբ, այլ անձանց օգնությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն.

3-րդ աստիճան՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անկարողություն, անհնարինություն կամ հակացուցվածություն:

12. Խաղալու կարողության սահմանափակում՝ տարիքային նորմերին համապատասխան:

13. Կենսագործունեության առանձին տեսակների սահմանափակումների աստիճանը կարող է մեծանալ օրգանիզմի տարբեր ֆունկցիաների խանգարմանը զուգահեռ, հատկապես, իրենց փոխհատուցման անհնարինության դեպքում։

14. Անբարենպաստ կամ կասկածելի (անբարենպաստ հակումով) կլինիկական և վերականգնողական կանխատեսումների առկայությունը (անգամ օրգանիզմի ժամանակավոր պահպանված ֆունկցիաների ու կենսագործունեության վիճակի դեպքում) հիմք է հանդիսանում հաշմանդամության որոշման կամ դրա ծանրության աստիճանի գնահատման փոփոխման համար:

 

VI. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ

 

15. Կենսագործունեության հիմնական տեսակները երեխաների մոտ դասակարգվում են՝

ա) ինքնասպասարկման ապահովման ունակություն՝ հիմնական ֆիզիոլոգիական պահանջմունքները (սննդի ընդունման, ֆիզիոլոգիական արտաթորման, հագնվելու, հանվելու) ինքնուրույն բավարարելու, ամենօրյա կենցաղային գործունեություն և անձնական հիգիենա իրականացնելու ունակություն (տարիքային նորմերին համապատասխան).

բ) տեղաշարժվելու կարողություն՝ տարածության մեջ ինքնուրույն տեղափոխվելու, խոչընդոտները հաղթահարելու, մարմնի հավասարակշռությունը պահպանելու կարողություն խաղի, կենցաղային գործունեության շրջանակներում (տարիքային նորմերին համապատասխան).

գ) ուսումնառության կարողություն՝ գիտելիքների ընկալման և վերարտադրության, սոցիալական, մշակութային, կենցաղային հմտությունների տիրապետման, հանրա-կրթական և մասնագիտական գիտելիքների ձեռքբերման կարողություն՝ հետագայում աշխատանքային գործունեությանը մասնակցելու համար (տարիքային նորմերին համապատասխան).

դ) խաղալու կարողություն՝ խաղի ընդունակություն, որի շնորհիվ դրսևորվում է երեխայի՝ աշխարհի հետ շփվելու պահանջը, զարգանում և ձևավորվում են երեխայի անձի մտավոր, կամային ու բարոյական արժանիքները, աշխատանքային հմտության տարրերը (տարիքային նորմերին համապատասխան).

ե) կողմնորոշվելու կարողություն՝ ժամանակի և տարածության մեջ կողմնորոշվելու, շրջակա աշխարհի առարկաների և երևույթների արտացոլման կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).

զ) հաղորդակցվելու կարողություն՝ տեղեկատվության ընկալման, վերամշակման ու փոխանցման միջոցով մարդկանց միջև կապ հաստատելու և զարգացնելու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).

է) սեփական վարքը հսկելու կարողություն՝ ինքնաճանաչման, սոցիալ-իրավական և բարոյաէթիկական նորմերից ելնելով՝ համապատասխան վարքի դրսևորման կարողություն (տարիքային նորմերին համապատասխան)։

 

VII. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՐԵԽԱՅԻ ՄՈՏ

 

16. Երեխաների մոտ կենսագործունեության սահմանափակման գնահատման հիմք են հանդիսանում՝

ա) կենսագործունեության սահմանափակման հանգեցնող օրգանիզմի ֆունկցիաների խանգարման ձևի և աստիճանի որոշումը,

բ) կենսագործունեության սահմանափակման աստիճանի և տեսակի որոշումը,

գ) վերականգնողական ներուժի և կանխատեսման որոշումը:

17. Կենսագործունեությունը սահմանափակող ֆունկցիաների հիմնական խանգարումներն են՝

ա) հոգեկան ֆունկցիաների խանգարում՝ ընկալման, ուշադրության, հիշողության, մտածելակերպի, խոսքի, հույզերի, կամքի, գիտակցության խանգարումներ.

բ) զգայական ֆունկցիաների խանգարում՝ տեսողության, լսողության, հոտառության, շոշափելիքի և այլ խանգարումներ.

գ) հենաշարժական ֆունկցիաների խանգարում.

դ) արյան շրջանառության, շնչառական, մարսողական, արտաթորման, էներգիայի և նյութափոխանակության, ներքին սեկրեցիայի և այլ ֆունկցիաների խանգարումներ:

 

VIII. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ

 

18. Օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումները բնութագրող տարբեր որակական և քանակական ցուցանիշների համալիր գնահատումը նախատեսում է խանգարումների չորս աստիճան՝

1-ին աստիճան՝ ֆունկցիայի աննշան խանգարումներ,

2-րդ աստիճան՝ ֆունկցիայի չափավոր խանգարումներ,

3-րդ աստիճան՝ ֆունկցիայի արտահայտված խանգարումներ,

4-րդ աստիճան՝ ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ։

 

IX. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ

 

19. Ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն (տարիքային նորմերին համապատասխան).

2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն (տարիքային նորմերին համապատասխան).

3-րդ աստիճան՝ ինքնասպասարկման ապահովման անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն (տարիքային նորմերին համապատասխան):

20. Տեղաշարժվելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ ընդհատումներով, տարածության կրճատմամբ, ավելի երկարատև ժամանակի ծախսումով (տարիքային նորմերին համապատասխան).

2-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ (տարիքային նորմերին համապատասխան).

3-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու անկարողություն և այլ անձանցից լիարժեք կախվածություն (տարիքային նորմերին համապատասխան):

21. Ուսումնառության կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ ընդհանուր տիպի ուսումնական հաստատություններում ուսուցման գործընթացի հատուկ կանոնակարգի պահպանման պայմաններում (տարիքային նորմերին համապատասխան) և (կամ) օժանդակ միջոցների օգտագործմամբ, այլ անձանց օգնությամբ (բացի ուսուցանող անձնակազմից) ուսումնառության կարողություն.

2-րդ աստիճան՝ միայն հատուկ ուսումնական հաստատություններում կամ հատուկ ծրագրերով տնային պայմաններում ուսումնառության կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).

3-րդ աստիճան՝ ուսումնառության անկարողություն (տարիքային նորմերին համապատասխան)։

22. Խաղալու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ խաղին ինքնուրույն մասնակցության դժվարություններ՝ ավելի երկարատև ժամանակի ծախսում՝ ընդհատումներով, ծավալի կրճատմամբ (տարիքային նորմերին համապատասխան).

2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ խաղալու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).

3-րդ աստիճան՝ խաղալու անկարողություն (տարիքային նորմերին համապատասխան):

23. Կողմնորոշվելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ կողմնորոշվելու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).

2-րդ աստիճան՝ այլ անձանց օգնությամբ կողմնորոշվելու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).

3-րդ աստիճան՝ կողմնորոշվելու անկարողություն (տարիքային նորմերին համապատասխան)։

24. Հաղորդակցվելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ տեղեկատվության ստացման, յուրացման և հաղորդման արագության դանդաղեցմամբ, ծավալի փոքրացմամբ հաղորդակցվելու կարողություն.

2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների և (կամ) այլ անձանց օգնությամբ հաղորդակցվելու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).

3-րդ աստիճան՝ հաղորդակցվելու անկարողություն (տարիքային նորմերին համապատասխան)։

25. Սեփական վարքը հսկելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ սեփական վարքն ինքնուրույն հսկելու կարողության մասնակի նվազում (տարիքային նորմերին համապատասխան).

2-րդ աստիճան՝ միայն կողմնակի անձանց օգնությամբ սեփական վարքը մասնակի կամ լիովին հսկելու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).

3-րդ աստիճան՝ սեփական վարքը հսկելու անկարողություն (տարիքային նորմերին համապատասխան)։

 

X. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

26. Հաշմանդամության 1-ին խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն, խիստ արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որը հանգեցնում է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝

ինքնասպասարկման ապահովման 3-րդ աստիճանի ունակություն,

տեղաշարժվելու 3-րդ աստիճանի կարողություն,

կողմնորոշվելու 3-րդ աստիճանի կարողություն,

հաղորդակցվելու 3-րդ աստիճանի կարողություն,

սեփական վարքը հսկելու 3-րդ աստիճանի կարողություն։

27. Հաշմանդամության 2-րդ խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարմամբ առողջության խաթարման, որոնք հանգեցնում են կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝

ինքնասպասարկման ապահովման 2-րդ աստիճանի ունակություն,

տեղաշարժվելու 2-րդ աստիճանի կարողություն,

աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 3-րդ և 2-րդ աստիճանների կարողություն,

ուսումնառության 3-րդ և 2-րդ աստիճանների կարողություն,

կողմնորոշվելու 2-րդ աստիճանի կարողություն,

հաղորդակցվելու 2-րդ աստիճանի կարողություն,

սեփական վարքը հսկելու 2-րդ աստիճանի կարողություն։

Ուսումնառության 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են հաշմանդամության 2-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակման զուգակցման դեպքում՝ բացառությամբ սովորողների, որոնց մոտ ուսումնառության միայն 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են պայմանավորել հաշմանդամության 2-րդ խմբի որոշման անհրաժեշտությունը:

28. Հաշմանդամության 3-րդ խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որոնք հանգեցնում են կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝

ինքնասպասարկման ապահովման 1-ին աստիճանի ունակություն,

տեղաշարժվելու 1-ին աստիճանի կարողություն,

աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 1-ին աստիճանի կարողություն,

ուսումնառության 1-ին աստիճանի կարողություն,

կողմնորոշվելու 1-ին աստիճանի կարողություն,

հաղորդակցվելու 1-ին աստիճանի կարողություն,

սեփական վարքը հսկելու 1-ին աստիճանի կարողություն։

Հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը կարող է հաշմանդամության 3-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ առավելապես կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների զուգակցման դեպքում:

(28-րդ կետը փոփ. 18.08.05 N 1304-Ն)

29. «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը տրվում է ցանկացած տեսակի և արտահայտվածության աստիճանի կենսագործունեության սահմանափակման առկայության դեպքում (VI և VII գլուխներին համապատասխան):

 

XI. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

30. Հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչև 18 տարին լրանալը և անժամկետ:

1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:

(30-րդ կետը խմբ. 18.08.05 N 1304-Ն)

31. Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝

ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց.

բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, որոնք հետևանք են անատոմիական արատով կամ անդառնալի կառուցվածքային փոփոխություններով կամ օրգանիզմի օրգանների կամ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման.

գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում).

դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:

(31-րդ կետը լրաց. 18.08.05 N 1304-Ն)

32. Հաշմանդամ երեխա» կարգավիճակ մինչև 18 տարին լրանալը ժամկետով սահմանվում է օրգանիզմի օրգանների և օրգան-համակարգերի կայուն անդառնալի կառուցվածքային փոփոխություններով ու խանգարումներով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության մշտական սահմանափակման դեպքում (առնվազն 4 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում), ինչպես նաև մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:

(32-րդ կետը խմբ. 18.08.05 N 1304-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան