ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2007 թվականի N 826-Ն
ԱՌԱՆՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԳԱՆՁՄԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՐՈԼԵՅԲՈՒՍՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա էլեկտրատրանսպորտի զարգացմանը և բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման` Հայաստանի Հանրապետություն տրոլեյբուսների ներմուծման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՌԱՆՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԳԱՆՁՄԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՐՈԼԵՅԲՈՒՍՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքին դասվող տրոլեյբուսների համար մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկ չի հաշվարկվում և չի գանձվում՝ համապատասխան լիազոր մարմնի (Երևան քաղաքի համար ներմուծվող տրոլեյբուսների մասով՝ Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերի համար՝ համապատասխան մարզպետարանի) (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից տրված դրական եզրակացության հիման վրա:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է տրոլեյբուսներ ներմուծող բոլոր կազմակերպությունների վրա, անկախ նրանց կազմակերպական-իրավական ձևերից, ներմուծվող տրոլեյբուսների թվաքանակից և թողարկման տարեթվերից, եթե դրանք պիտանի են տեխնիկական շահագործման համար և իրենց տեխնիկական հնարավորություններով շահագործելի են Հայաստանի Հանրապետության պայմաններում:
II. ԱՌԱՆՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԳԱՆՁՄԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՐՈԼԵՅԲՈՒՍՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
3. Հայաստանի Հանրապետություն տրոլեյբուսներ ներմուծողը մինչև ներմուծումը դիմում է լիազոր մարմին և 3 աշխատանքային օրվա ընթացքում ստանում գրավոր տեղեկատվություն վերգետնյա էլեկտրատրանսպորտի երթուղային ցանցի, տրոլեյբուսների պահանջարկի, տրոլեյբուսների ներմուծման դեպքում դրանց շահագործման, ցանցի ընդլայնման հնարավորությունների և երաշխիքների մասին:
4. Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման և գանձման` Հայաստանի Հանրապետություն տրոլեյբուսներ ներմուծողը գրավոր դիմում է համապատասխան լիազոր մարմին` ներկայացնելով`
1) պետական ռեգիստրում օրենքով սահմանված կարգով գրանցման վկայականը.
2) տեղեկատվություն ներմուծվող (ներմուծվելիք) տրոլեյբուսների մակնիշների, արտադրության (թողարկման) տարեթվերի, տեխնիկական վիճակի, ձեռքբերման եղանակի (բարեգործական, լիզինգ և այլն), հնարավորության դեպքում նաև դրանց տեխնիկական բնութագրերի և ներմուծման ժամկետների մասին.
3) տրոլեյբուսի (տրոլեյբուսների) շահագործումը երաշխավորող՝ էլեկտրական սնուցման համակարգը տնօրինող կազմակերպության հետ պայմանավորվածությանը վերաբերող փաստաթղթերը (համաձայնությունը)` ելնելով էլեկտրատրանսպորտի էլեկտրական սնուցման համակարգի (հպակային ցանցի, քարշի ենթակայանների և այլն) հնարավորություններից (հզորությունից):
5. Լիազոր մարմինը կազմակերպության դիմումը քննարկում է այն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ելնելով տվյալ վարչական տարածքի վերգետնյա էլեկտրատրանսպորտի երթուղային ցանցի հնարավորություններից, պահանջարկից, ընդունելով որոշում ներմուծման նպատակահարմարության մասին`
1) դրական որոշում ընդունելու դեպքում՝ լիազոր մարմինը սահմանված կարգով կազմակերպությանը տալիս է տրոլեյբուսի (տրոլեյբուսների) ներմուծման մասին եզրակացություն (ձևը հաստատում է լիազոր մարմինը).
2) բացասական որոշում ընդունելու դեպքում՝ լիազոր մարմինը դրա մասին տեղյակ է պահում կազմակերպությանը՝ նշելով մերժման հիմնավորումները:
6. Լիազոր մարմնի կողմից կազմակերպությանը եզրակացության տրամադրման մերժման համար հիմք կարող են հանդիսանալ`
1) տվյալ վարչական տարածքի վերգետնյա էլեկտրատրանսպորտի երթուղային ցանցի սահմանափակ հնարավորությունները (հագեցվածությունը), ըստ այդմ, տրոլեյբուսների պահանջարկի բացակայությունը, եթե այդ հիմքերով կազմակերպությունը նախապես իրազեկվել է.
2) կազմակերպության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ դրանց փաստացի տեխնիկական վիճակը, որով չի կարող երաշխավորվել դրանց հետագա շահագործումը.
3) սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տեղեկատվությունը թերի ներկայացնելը, եթե լիազոր մարմնի առաջարկությամբ 10-օրյա ժամկետում կազմակերպության կողմից չեն շտկվել առկա թերությունները:
7. Օրենքով սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից, առանց ավելացված արժեքի հարկը հաշվարկելու և գանձելու, ներմուծվող տրոլեյբուսների համար մաքսային ձևակերպումներն իրականացվում են լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության մեջ նշված գործողության ժամկետում, որը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 6 ամիս:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|