ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2007 թվականի N 842-Ն
ՀԱՆՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԻՆ (ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ, ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ) ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «իբ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հանված հաշվառման համարանիշերը համապատասխան մարմիններ հանձնելու, պահպանելու և վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) վերադարձնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԻՆ (ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ, ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ) ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) կողմից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 182-րդ հոդվածով սահմանված կարգով հանված հաշվառման համարանիշերը համապատասխան մարմիններ հանձնելու, պահպանելու և վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով համապատասխան մարմինը տրանսպորտային միջոցներ հաշվառող և հաշվառման համարանիշեր հատկացնող մարմինն է:
3. Ճանապարհային ոստիկանության ծառայողն իր կողմից հանված հաշվառման համարանիշերը ծառայության ավարտից հետո հանձնում է ճանապարհային ոստիկանության շարային ստորաբաժանման` վարչական իրավախախտումների հաշվառում իրականացնող ծառայողին` բացառությամբ մինչև ծառայության ավարտը շահագործումն արգելելու պատճառները վերացնելուց հետո համարանիշերը վերադարձնելու դեպքերի:
4. Ճանապարհային ոստիկանության շարային ստորաբաժանման` վարչական իրավախախտումների հաշվառում իրականացնող ծառայողը հանված հաշվառման համարանիշերն ստանալու օրվան հաջորդող երրորդ օրը դրանք ուղարկում է համապատասխան մարմին, եթե այդ ընթացքում վարորդը (սեփականատերը, սեփականատիրոջ ներկայացուցիչը) շահագործումն արգելելու պատճառները վերացնելուց հետո չի դիմում` համարանիշերը հետ ստանալու համար:
5. Ճանապարհային ոստիկանությունում հաշվառված տրանսպորտային միջոցների հանված հաշվառման համարանիշերը հանձնվում են տրանսպորտային միջոցը տվյալ պահին տնօրինող անձի կողմից նշված` տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանում:
6. Ճանապարհային ոստիկանությունում հաշվառման ոչ ենթակա տրանսպորտային միջոցների հանված հաշվառման համարանիշերն ուղարկվում են տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառումն իրականացրած համապատասխան մարմին:
7. Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցների հանված հաշվառման համարանիշերը պահպանվում և վերադարձվում են վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) ճանապարհային ոստիկանության` համարանիշերը հանելու վայրի տրանսպորտային միջոցներ հաշվառող ստորաբաժանման կողմից:
8. Համապատասխան մարմիններն իրականացնում են իրենց ուղարկված հաշվառման համարանիշերի հաշվառում` դրանք գրանցելով հաշվառման մատյանում: Հաշվառման մատյանի ձևը սահմանվում է ճանապարհային ոստիկանության ղեկավարի կողմից:
9. Սույն կարգի 5-րդ կետում նշված ստորաբաժանումներից հաշվառման համարանիշերը հետ ստանալու համար մեկամսյա ժամկետում չդիմելու դեպքում դրանք ուղարկվում են տրանսպորտային միջոցը հաշվառող ստորաբաժանում, եթե տվյալ տրանսպորտային միջոցը չի հաշվառվել այդ ստորաբաժանման կողմից:
10. Հանված հաշվառման համարանիշերը վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) վերադարձվում են անմիջապես`
1) տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում տեխնիկական զննություն անցած չլինելու դեպքում` տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում տրանսպորտային միջոցը համապատասխան մարմին կամ պաշտոնատար անձին ներկայացվելուց հետո.
2) տրանսպորտային միջոցն անօրինաբար վերասարքավորելու դեպքում` վերասարքավորումն օրինականացնելու վերաբերյալ փաստաթուղթ ներկայացվելուց կամ վերասարքավորումը վերացրած վիճակում տրանսպորտային միջոցը համապատասխան մարմին կամ պաշտոնատար անձին ներկայացվելուց հետո.
3) տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը և կահավորվածությունը տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ցանկին չհամապատասխանելու դեպքում` շահագործումն արգելելու համար հիմք հանդիսացած անսարքությունը կամ պայմանը վերացված վիճակում տրանսպորտային միջոցը համապատասխան մարմին կամ պաշտոնատար անձին ներկայացվելուց հետո:
11. Սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում տրանսպորտային միջոցի շահագործումն արգելելու համար հիմք հանդիսացած անսարքությունը կամ պայմանը վերացնելուց հետո տրանսպորտային միջոցի վարորդը (սեփականատերը, սեփականատիրոջ ներկայացուցիչը) նախօրոք դիմում է համապատասխան մարմին, որտեղից նրան տրվում են 24-ժամյա գործողության ժամկետով ժամանակավոր համարանիշեր՝ տրանսպորտային միջոցը համապատասխան մարմին հասցնելու և հաշվառման համարանիշերը հետ ստանալու նպատակով:
12. Հանված հաշվառման համարանիշերը վերադարձնելու մասին նշում է կատարվում հաշվառման մատյանում և հաստատվում համարանիշերը հետ ստացող անձի ստորագրությամբ` բացառությամբ մինչև ծառայության ավարտը շահագործումն արգելելու պատճառները վերացնելուց հետո համարանիշերը հետ ստանալու դեպքերի, որոնց մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |