Գլխավոր տեղեկություն
Համար
N 1126-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.17/51(575) Հոդ.1053
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2007 թվականի N 1126-Ն

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) 2008 թվականի Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) 2008 թվականի Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 8
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
սեպտեմբերի 13-ի N 1126-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

Զբոսաշրջությունը, մասնագետների գնահատմամբ, համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից է: Այն ներառված է այնպիսի գլոբալ համակարգերում, ինչպիսիք են կայուն զարգացումը, աղքատության հաղթահարումը, շրջակա միջավայրի պահպանությունը, համայնքների համաչափ զարգացումը, մշակութային արժեքների փոխադարձ արժևորումը և այլն: Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ ԶՀԿ) տվյալների համաձայն բնակչության տեղաշարժն աշխարհում տարեցտարի զգալիորեն աշխուժանում է: Համաշխարհային զբոսաշրջության վիճակագրական տվյալների համաձայն (UNWTO World Tourism Barometer) միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմում է 4-4.5 տոկոս, 2007 թվականի հունվար-ապրիլ ամիսների տվյալներով այն կազմել է 6 տոկոս` 2006 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: ՄԱԿ ԶՀԿ գնահատմամբ 2007 թվականին համաշխարհային զբոսաշրջային այցելությունների աճի առնվազն 4 տոկոս կանխատեսումն իրականանալի է, որի արդյունքում զբոսաշրջային այցելությունների թիվը կգերազանցի 876 միլիոնը: Եվ եթե գնահատենք վերջին տարիներին համաշխարհային, ինչպես նաև Հայաստան զբոսաշրջային այցելությունների դինամիկան, և հաշվի առնենք, որ զբոսաշրջության ոլորտն իր յուրահատկությամբ այնպիսին է, որ ինչպես անմիջական, այնպես էլ միջնորդավորված ազդեցություն ունի տնտեսության մյուս բոլոր ճյուղերի վրա, և այն, որ զբոսաշրջային արդյունաբերությունն ամբողջությամբ ընդգրկված է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում և ներառում է աշխատուժի առումով մարդկային ռեսուրսի սոցիալապես խոցելի այնպիսի խավեր, ինչպիսիք են երիտասարդներն ու կանայք, ապա վստահորեն կարելի է եզրակացնել, որ զբոսաշրջության զարգացման արդյունավետ ծրագրումն ու կառավարումը զգալի դեր ու նշանակություն կունենա երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովման և այնպիսի սոցիալական խնդիրների լուծման գործընթացում, ինչպիսիք են աշխատատեղերի ստեղծումը, բնակչության եկամուտների ավելացումը, աշխատատեղերի ու եկամուտների արդար վերաբաշխումը, համայնքների համաչափ զարգացումը, աղքատության հաղթահարումը և այլն:

Վերջին տարիներին, շնորհիվ զբոսաշրջության ոլորտում վարվող նպատակային պետական քաղաքականության, ինչպես նաև շահագրգիռ կողմերի` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության համագործակցության, զբոսաշրջությունը Հայաստանում արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: 2001 թվականից ի վեր Հայաստան կատարված միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմում է 25 տոկոս:

2006 թվականին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 381136` 2005 թվականի համեմատ աճելով 20 տոկոսով, իսկ 2007 թվականի 1-ին եռամսյակում 71795` 2006 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 41 տոկոսով: Աճի նույն դինամիկայի պահպանման դեպքում 2008 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կհատի 500000-ի ցուցանիշը:

Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագրային միջոցառումները հիմնականում ուղղված են եղել համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ձևավորմանը: Մասնավորապես, իրականացվել են հետևյալ ծրագրային միջոցառումները՝

ա) հայրենական զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է Բեռլինում, Դուբայում, Միլանում, Վրաստանում, Լոնդոնում, Մադրիդում, Նիդեռլանդներում և Ճապոնիայում անցկացվող միջազգային ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսներում և տոնավաճառներում, որը լուրջ խթան է Հայաստան այցելող միջազգային զբոսաշրջիկների թվի աճի համար,

բ) ապահովվել է մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող ամենամյա «Հայաստանը խոսող քարերի երկիր - 2006» զբոսաշրջային ցուցահանդեսին,

գ) Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պահանջարկի շուկաներում ներկայացնելու և զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվությամբ նախապես ապահովելու նպատակով մշակվել, տպագրվել և տարածվել են բազմատեսակ գովազդատեղեկատվական նյութեր,

դ) 2006 թվականի ընթացքում «Հայաստան» զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, տրամադրելով բազմաբնույթ տեղեկատվություն, սպասարկել է շուրջ 7000 զբոսաշրջիկ, որոնց թիվը 2005 թվականի համեմատ աճել է մոտ 75 տոկոսով,

ե) 2006 թվականին «Ֆրանսիայում Հայաստանի տարի» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է Ֆրանսիայի 172 լրագրողների, զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային արդյունաբերության այլ ներկայացուցիչների ճանաչողական այց Հայաստան,

զ) 2007 թվականին կազմակերպվել է Իտալիայի 10 զբոսաշրջային օպերատորների և 10 լրագրողների, Գերմանիայի 2 լրագրողների ճանաչողական այց Հայաստան,

է) 2007 թվականին Նիդեռլանդների թագավորության արտաքին գործերի նախարարության CBI գործակալության և Վրաստանի Զբոսաշրջության և կուրորտների դեպարտամենտի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել է «Արդյունավետ մասնակցություն զբոսաշրջության ցուցահանդեսին» խորագրով սեմինար-համաժողով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`

ա) Հայաստանի Հանրապետության զբոսաշրջիկության զարգացման հայեցակարգը` հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 20-ի N 15 արձանագրային որոշմամբ,

բ) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի հիմնական նպատակն է`

ա) զբոսաշրջության կայուն զարգացման ապահովման միջոցով Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և բնակչության եկամուտների ավելացմանը, աշխատատեղերի ու եկամուտների արդար վերաբաշխմանը, համայնքների համաչափ զարգացմանը և աղքատության հաղթահարմանը նպաստելը,

բ) Հայաստանը հաճախելի երկրներից մեկը դարձնելը,

գ) Հայաստանի միջազգային ինտեգրացմանը նպաստելը:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է`

ա) պահպանել (շուրջ 20 տոկոս) և զարգացնել Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների աճի տեմպը` 2008 թվականին ապահովելով 500000-ից ավելի զբոսաշրջային այցելություններ,

բ) ապահովել Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ամրապնդումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Համաշխարհային զբոսաշրջության զարգացման միտումների և նախորդ տարիների ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացման պետական ծրագրերի իրականացման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2008 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի նպատակի իրականացումը պայմանավորված է հետևյալ հիմնական խնդիրների լուծմամբ`

ա) հայրենական զբոսաշրջային արդյունքի կայուն որակի և մրցունակության ապահովում,

բ) զբոսաշրջության բնագավառում արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացում, միջազգային զբոսաշրջային շուկայում հայրենական զբոսաշրջային արդյունքը պատշաճ ներկայացնել,

գ) վարչական վիճակագրական համակարգի կատարելագործում և հանրապետության տնտեսական զարգացման վրա զբոսաշրջության քանակական ու որակական ազդեցության իրական գնահատում,

դ) համաշխարհային զբոսաշրջային շուկային Հայաստանի ինտեգրում, ակտիվ և արդյունավետ միջազգային համագործակցություն:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

2008 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է հետևյալ հիմնական ուղղությունները`

1. զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային քաղաքականության իրականացում, գովազդային-տեղեկատվական ապահովման համակարգի շարունակական զարգացում և կատարելագործում,

2. զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ծավալում:

 

1. Զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային քաղաքականության իրականացում, գովազդային-տեղեկատվական ապահովման համակարգի շարունակական զարգացում և կատարելագործում

 

2008 թվականին ծրագրվում է ակտիվացնել և զարգացնել իրականացվող մարքեթինգային քաղաքականությունը, ապահովել Հայաստանի, որպես զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկրի, նկարագրի ամրապնդումը համաշխարհային շուկայում, ինչն իր հերթին կնպաստի Հայաստան զբոսաշրջային այցելությունների կայուն աճի պահպանմանը:

Հայաստանի զբոսաշրջային արդյունքի` համաշխարհային շուկայում ներկայացման հիմնական ձևերից է միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը:

Նախորդ տարիներին Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է շուրջ 30 զբոսաշրջային ցուցահանդեսներում, որի կազմակերպական գործառույթներն իրականացվել են «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով:

Մասնավորապես Հայաստանի զբոսաշրջային արդյունքը, մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ և համաֆինանսավորմամբ, մշտապես ներկայացվում է համաշխարհային ճանաչում ունեցող զբոսաշրջային ցուցահանդեսներում, որոնք ամեն տարի կազմակերպվում են Բեռլինում (2001-2007 թթ.), Լոնդոնում (2001-2007 թթ.), Թբիլիսիում (2002, 2003, 2005, 2006 և 2007 թթ.), Ճապոնիայում (2002, 2004, 2005, 2006 թթ.), Կիևում (2003 թ.), Դուբայում (2005 թ.), Միլանում (2005, 2006 և 2007 թթ.), Հռոմում (2007 թ.), Մադրիդում (2006 թ.), Մայամիում (2003թ.) և Նիդեռլանդներում (2006, 2007 թթ.):

Նշված ցուցահանդեսներին ակտիվ մասնակցության արդյունքում Հայաստանի զբոսաշրջության բնագավառի մասնավոր հատվածի բազմաթիվ ներկայացուցիչներ հնարավորություն են ստանում գովազդելու Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, ներկայացնելու իրենց զբոսաշրջային փաթեթները, ուղղակի շփումների միջոցով գործարար կապեր հաստատելու օտարերկրյա գործընկերների հետ:

Միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի անընդմեջ մասնակցությունը տեսանելի առաջընթաց է ապահովել զբոսաշրջության բնագավառում: Նման միջոցառումների իրականացումն իր նպաստն է բերում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մասին տեղեկատվության տարածմանը, համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետ ավելի սերտ համագործակցությանը և Հայաստան միջազգային զբոսաշրջային այցելությունների կայուն աճի ապահովմանը:

Միջազգային ցուցահանդեսներին մասնակցության արդյունավետությունը գնահատելու նպատակով դիտարկենք մի քանի տվյալներ:

Եթե 2001-2003 թթ. Հայաստանը մասնակցել է ընդամենը երկու ցուցահանդեսների` 3-9 զբոսաշրջային օպերատորներով, ապա ներկայումս Հայաստանը տարվա ընթացքում ներկայանում է 8-10 միջազգային ցուցահանդեսների` նվազագույնը 6 և առավելագույնը 12 զբոսաշրջային օպերատորների մասնակցությամբ: Նշված ցուցանիշները պայմանավորված են այնպիսի գործոններով, ինչպիսիք են մասնավոր հատվածի ներկայացուցիչների (զբոսաշրջային օպերատորների)` նման միջոցառումներին մասնակցելու (համագործակցելով պետության հետ) շահագրգռվածությունը, պատրաստակամությունը և հնարավորությունները, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեջ պետության մասնակցության չափը, ինչպես նաև Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության` անհրաժեշտ մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսներով հագեցվածությունը: Վերջին տարիներին պետության մասնակցության չափն աստիճանաբար աճել է` 2007 թվականին կազմելով 30 տոկոս, ինչը դրական ազդեցություն է ունեցել նաև մյուս գործոնների վրա:

Այդպիսով, նվազագույն հաշվարկներով, մեկ ցուցահանդեսում 6-12 զբոսաշրջային օպերատորների մասնակցության պայմաններում, օտարերկրյա գործընկերների հետ կնքվում են 10 պայմանագրեր` ապահովելով 300 զբոսաշրջիկ: Եվ եթե հաշվի առնենք նաև, որ վիճակագրական տվյալներով (2006 թվականի սեպտեմբերից իրականացվում է զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտություն` համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության, Ազգային վիճակագրական ծառայության և USAID CAPS ծրագրի) մեկ զբոսաշրջիկն այցելության ընթացքում Հայաստանում ծախսում է միջինը 1400 ԱՄՆ-ի դոլար (առանց ավիատոմսի արժեքի), ապա ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մեկ ցուցահանդեսի համար ծախսելով միջինը 3 մլն դրամ, Հայաստանի համար ապահովվում է առնվազն 130 մլն դրամ եկամուտ:

Հարկ է հաշվի առնել սակայն, որ Հայաստանը միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին ներկայանում է նվազագույն պայմաններով: Եթե, օրինակ` Վրաստանի տաղավարի տարածքը կազմում է 90 քառ. մետր, ապա Հայաստանի տաղավարի մակերեսը կազմում է ընդամենը 30-60 քառ. մետր: Ֆինանսական միջոցների սղությունը զգալիորեն սահմանափակում է տաղավարը գրավիչ դարձնելու այնպիսի հնարքները, ինչպիսիք են տաղավարում կազմակերպվող մամլո ասուլիսները, մշակութային միջոցառումներն ու տաղավարի գովազդը:

2008 թվականին նախատեսվում է ապահովել Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությունը տասը միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսների` ավելացնելով պետական մասնակցությունը պետություն-մասնավոր հատված համագործակցության մեջ` ձգտելով այն 30 տոկոսից աստիճանաբար հասցնել 50 տոկոսի: Պետական մասնակցության ավելացումը կնպաստի ցուցահանդեսների մասնակիցների թվի ավելացմանը, Հայաստանի` առավել ներկայանալի և արդյունավետ մասնակցությանը` ապահովելով կնքվող պայմանագրերի թվի և հետևաբար զբոսաշրջային այցելությունների ու եկամուտների բազմապատիկ աճ:

Զբոսաշրջության զարգացման և երկրի զբոսաշրջային արդյունքի խթանման համար խիստ կարևոր է նաև գովազդային-տեղեկատվական նյութերի տպագրումն ու տարածումը: Խիստ կարևորվում է առկա տեղեկատվության մշտապես թարմացումը, ինչպես նաև նոր նյութերի մշակումը և տպագրումը:

2008 թվականի ընթացքում կապահովվեն գովազդային-տեղեկատվական նյութերի նոր որակ, տպաքանակի ավելացում և տարածման աշխարհագրական ընդլայնում: Գովազդային-տեղեկատվական նյութերի առկայությունը հնարավորություն կտա Հայաստանի զբոսաշրջային արդյունքն ազգային մակարդակով ներկայացնելու և գովազդելու միջազգային ցուցահանդեսներում, տոնավաճառներում, համաժողովներում և ոլորտի մի շարք այլ միջոցառումների ժամանակ:

Գովազդային-տեղեկատվական նյութերն ընդգրկում են զբոսաշրջային քարտեզները, տեղեկագրերը, ուղեցույցները, տեսահոլովակները, որոնք ուղղված են թե զբոսաշրջիկներին` մինչ Հայաստան ժամանելը երկրի մասին բավարար տեղեկատվությամբ ապահովմանը, և թե Հայաստանում նրանց շրջագայության դյուրացմանը:

2008 թվականին, ի լրումն նախորդ տարիներին մշակված և տպագրված գովազդային-տեղեկատվական նյութերի, կստեղծվեն այս շարքի նոր նյութեր, տեղեկագրեր և ուղեցույցներ Հայաստանի մարզերի վերաբերյալ:

2008 թվականին կպատրաստվեն նաև տեսանյութեր, որոնք կներկայացնեն Հայաստանի պատմամշակութային արժեքներն ու զբոսաշրջային գրավչությունները:

Գովազդային-տեղեկատվական նյութերն անվճար կտրամադրվեն «ՀԱՅԱՍՏԱՆ Տեղեկատվություն» այցելուների տեղեկատվական կենտրոն այցելած զբոսաշրջիկներին, ինչպես նաև արտերկրից Հայաստանի մասին հարցում կատարող մասնագետներին և զբոսաշրջիկներին:

Հայաստանի վերաբերյալ արդի և պատշաճ տեղեկատվություն տրամադրելու նպատակով 2008 թվականին նույնպես անհրաժեշտ կլինի վերանայել և թարմացնել «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության ինտերնետային էջը (www.armeniainfo.am): Այս աշխատանքները կնպաստեն Հայաստանի մասին անթերի և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելուն` ինչպես օտարերկրյա և տեղացի զբոսաշրջիկներին, այնպես էլ զբոսաշրջության մասնագետներին: Ինտերնետային էջը տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի զբոսաշրջության բոլոր տեսարժան վայրերի, մշակութային գանձերի, ազգային արժեքների, զբոսայգիների, պատկերասրահների մասին, ինչպես նաև այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է Հայաստան ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկի: Ինտերնետի կայքի միջոցով զբոսաշրջիկին ներկայացվում են ինտերակտիվ քարտեզներ, ինչպես նաև տրվում է լիարժեք, ամբողջական տեղեկատվություն զբոսաշրջային գործակալությունների, հյուրանոցների և ռեստորանների մասին: Ինտերնետային էջի բացառիկ հատկանիշներից է նաև շաբաթական իրադարձությունների պարբերաբար նորացվող ցանկը, որը յուրաքանչյուր ոք կարող է ստանալ իր էլեկտրոնային փոստով` մեկ անգամ բաժանորդագրվելուց հետո:

Համագործակցելով մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետության մարզպետարանների հետ` 2008 թվականի ընթացքում կմշակվեն, կձևավորվեն և կտպագրվեն անգլերենով տեղեկատվական ուղեցույցներ Հայաստանի մի շարք մարզերի մասին: Ուղեցույցները կպարունակեն տեղեկատվություն մարզերի տեսարժան վայրերի, թանգարանների, պատկերասրահների, եկեղեցիների, հյուրանոցների, ռեստորանների, զվարճանքի վայրերի և այլնի մասին: Կտպագրվեն նաև մարզերի քարտեզներ և գովազդային թերթիկներ:

Նախորդ տարիներին, ինչպես նաև 2007 թվականին իրականացվել են օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և օտարերկրյա լրագրողների ճանաչողական-ուսուցողական այցեր, որոնք կազմակերպվել են «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով: Նման միջոցառումները նպատակաուղղված են օտարերկրյա զբոսաշրջային օպերատորներին և լրագրողներին Հայաստանի զբոսաշրջային արդյունքին տեղում ծանոթացնելուն և հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ գործնական կապեր հաստատելուն: Այցելելով Հայաստան և ծանոթանալով հայկական զբոսաշրջային արդյունքի հետ` զբոսաշրջային օպերատորները հնարավորություն են ստանում իրենց իսկ տպավորությունների հիման վրա գնահատելու և ներկայացնելու Հայաստանի զբոսաշրջային արդյունքը` պահանջարկի շուկաներում:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երկրի զբոսաշրջության կայուն աճն ու զարգացումն ապահովելու համար խիստ կարևորվում է ճանաչողական միջոցառումների կազմակերպումը, ինչից ելնելով, 2008 թվականին նույնպես նախատեսվում է ճանաչողական այցերի կազմակերպում նպատակային շուկա համարվող մի շարք երկրներից:

Այցերի հիմնական նպատակը հայկական մշակույթի, սովորույթների, պատմական ժառանգության և զբոսաշրջիկներին հետաքրքրող այն ամենը ներկայացնելն է, որը հետագայում օտարերկրյա լրագրողը ներկայացնում է իր երկրում հրատարակվող թերթերում և լուսաբանում ամսագրերում: Սա Հայաստանը` զբոսաշրջության համար գրավիչ երկիր գովազդելու ևս մեկ միջոց է: Այսպիսի այցերի կազմակերպումը նպաստում է Հայաստանի զբոսաշրջության մասին իրազեկության բարձրացմանը և օտարերկրյա զբոսաշրջիկին դեպի Հայաստան գրավելուն: Ճանաչողական այցերի կազմակերպման արդյունքում Հայաստանի մասին տպագրվում են բազմաթիվ ճանապարհորդական ուղղվածության հոդվածներ, ինչն ակնկալվում է նաև 2008 թվականին:

Տարբեր արտասահմանյան երկրների փորձն արդեն իսկ ապացուցել է, որ ամենամյա փառատոնները, որոնք ունեն ազգային, մշակութային բնույթ և կազմակերպվում են զբոսաշրջության համար ակտիվ սեզոնի ընթացքում, գրավում են բազում զբոսաշրջիկների:

2008 թվականին նախատեսվում է կազմակերպել «Կենաց» փառատոնը, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ` ուղղված երկրի մշակույթը և պատմությունը ներկայացնելուն:

Նախատեսվում են նաև միջոցառումներ` ուղղված զբոսաշրջության տարածքային զարգացմանը և ներքին զբոսաշրջության զարգացմանը:

Հանրապետության սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային զարգացման վրա զբոսաշրջության քանակական և որակական փոխազդեցության, երկրի զարգացման համատեքստում զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրության ամբողջականացման և ընդլայնման նպատակով 2008 թվականի ընթացքում նախատեսվում է շարունակել աշխատանքները «Զբոսաշրջային սատելիտային հաշիվ» ժամանակակից համակարգի ներդրման ուղղությամբ, ինչը կընձեռի մանրակրկիտ վիճակագրական տվյալների ստացման հնարավորություն: «Զբոսաշրջային սատելիտային հաշիվ» համակարգի ներդրումը հնարավորություն կտա իրականացնելու բազմակողմանի և մանրամասն վերլուծություններ ու մշակելու հեռանկարային զարգացման ծրագրեր:

Միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չունենալով զբոսաշրջիկների մասին ամբողջական վիճակագրական տվյալներ կատարված դրամական ծախսերի, ժամանման-մեկնման նպատակի, տարիքի, այցելության տևողության, ժամանման-մեկնման տրանսպորտային միջոցների տեսակների, սահմանների անցման կետերի և այլնի մասին, հնարավոր չէ կատարել ոլորտի վերլուծություններ և մշակել հեռանկարային ծրագրեր:

2008 թվականին կշարունակվի վիճակագրական հետազոտությունների իրականացումը` որպես «Զբոսաշրջային սատելիտային հաշիվ» համակարգի ներդրման նախնական փուլ:

 

2. Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ծավալում

 

2008 թվականի ընթացքում նախատեսվում է ավելի ակտիվացնել համագործակցությունը ՄԱԿ ԶՀԿ-ի հետ` առավել ակտիվորեն մասնակցելով այդ կազմակերպության շրջանակներում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև կազմակերպության հանձնաժողովների (ծրագրերի, բյուջետային, տարածաշրջանային) աշխատանքներին: Նախատեսվում է նաև ակտիվացնել համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում կնքված միջազգային պայմանագրերի շրջանակներում:

 

VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, բնակչության, ինչպես նաև զբոսաշրջիկների համագործակցությունն ուղղված`

ա) միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին Հայաստանի առավել ներկայանալի մասնակցության ապահովմանը,

բ) առավել որակյալ, թարմ ու բովանդակալի գովազդատեղեկատվական նյութերի տպագրության, դրանցում ներառված տեղեկատվության հավաստիության, գովազդատեղեկատվական նյութերի տարածման աշխարհագրության ընդլայնման ապահովմանը,

գ) օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և լրագրողների` Հայաստան ճանաչողական այցերի արդյունավետության բարձրացմանը` այցերի առավել գրավիչ ու բովանդակալի ծրագրեր մշակելու միջոցով,

դ) նոր մրցունակ զբոսաշրջային երթուղիների ձևավորմանը` դրանցում ապահովելով նաև տեղական բնակչության ակտիվ մասնակցությունը,

ե) զբոսաշրջության բնագավառի պետական կառավարման, ծրագրերի մշակման ու իրականացման, դրանց մոնիթորինգի արդյունավետությունը և արդյունքների իրական գնահատումն ապահովելու նպատակով տվյալների բազայի ձևավորմանը,

զ) բնակչության` զբոսաշրջության բնագավառի պետական կարգավորման գործընթացների վերաբերյալ իրազեկմանը, ինչպես նաև իրականացվող ծրագրերին ներգրավմանը:

Ծրագրի ընթացքում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ի հայտ եկած խնդիրները` կապված պատմամշակութային ու բնության հուշարձանների, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, մշակութային միջոցառումների առավել արդյունավետ կազմակերպման, մարդկային ռեսուրսների զարգացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների, այդ թվում նաև՝ կապի, ճամապարհների ու դրանց կահավորման հետ, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը քննարկում և համապատասխան առաջարկություններ է ներկայացնում համապատասխան իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` դրանց լուծում տալու նպատակով:

Մոնիթորինգի արդյունքում ի հայտ եկած ծրագրային լուծում պահանջող խնդիրները լուծելու նպատակով շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակվում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն են ներկայացվում համապատասխան ծրագրեր:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

2008 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
սեպտեմբերի 13-ի N 1126-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ Միջոցառումը Կատարողը Կատարման ժամկետը Ֆինանսավորման աղբյուրը
1. Զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային քաղաքականության իրականացում, գովազդային-տեղեկատվական ապահովման
համակարգի շարունակական զարգացում և կատարելագործում
«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
2008 թվականի ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

2. Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ծավալում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

«Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ
2008 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան