ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2007 թվականի N 05-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջները և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 22.1-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ |
Հ. Մանուկյան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Դատական դպրոց) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Դատական դպրոցի գործունեության կարգը սահմանվում է օրենքներով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի որոշումներով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:
3. Դատական դպրոցն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվ: Դպրոցը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
4. Դատական դպրոցն այլ կազմակերպությունների հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
5. Դատական դպրոցն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Դատական դպրոցի անվանումն է` «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, կրճատ` «Դատական դպրոց» ՊՈԱԿ:
7. Դատական դպրոցի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, 0091, Թբիլիսյան խճուղի 3:
II. ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
8. Դատական դպրոցի գործունեության առարկան և նպատակներն են`
ա) դատավորների թեկնածությունների ցուցակի կազմման նպատակով անցկացվող որակավորման ստուգումը, որակավորման ստուգման արդյունքներով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը, Դատական դպրոցն ավարտածների, պաշտոնեական պիտանիության և առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց վերապատրաստումը, վերապատրաստման անհատական դասընթացների անցկացումը, դատական ծառայողների մասնագիտական վերապատրաստումը և դատական կարգադրիչների վերապատրաստումն ու հատուկ ուսուցումը.
բ) գիտատեսական և կիրառական հետազոտությունները, փորձագիտական գնահատումները.
գ) մասնակցությունը միջազգային գիտակրթական համագործակցությանը.
դ) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը:
9. Դատական դպրոցն իր առջև դրված նպատակներին համապատասխան`
ա) կազմակերպում է դատավորների թեկնածությունների ցուցակի կազմման նպատակով անցկացվող որակավորման ստուգում.
բ) կազմակերպում է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստում.
գ) կազմակերպում և անցկացնում է Դատական դպրոցն ավարտածների, պաշտոնեական պիտանիության և առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց վերապատրաստում.
դ) կազմակերպում և անցկացնում է դատավորների թեկնածությունների ցուցակում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով ընդգրկված անձանց վերապատրաստման անհատական դասընթացներ.
ե) կազմակերպում և անցկացնում է դատական ծառայողների մասնագիտական վերապատրաստում.
զ) կազմակերպում և անցկացնում է դատական կարգադրիչների վերապատրաստումն ու հատուկ ուսուցումը.
է) կազմակերպում և անցկացնում է սեմինարներ, գիտաժողովներ, հրատարակում է ուսումնական և այլ գրականություն, կարող է ունենալ մամուլի միջոց.
ը) մշակում է Դատական դպրոցի ուսումնական ծրագրեր.
թ) սահմանված կարգով ստեղծում է գիտական խորհուրդներ կամ համագործակցում է իր իրավական գործառույթներին համապատասխան այլ գիտական խորհուրդների հետ.
ժ) կազմակերպում է իրավաբանական գրադարանային ֆոնդի, ուսումնամեթոդական, ձայնատեսադարանների, ֆիլմադարանների հիմնադրում և կատարում դրանց պահպանման աշխատանքներ.
ժա) կնքում է պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, համագործակցում օտարերկրյա կազմակերպությունների հետ, անդամակցում միջազգային կազմակերպություններին և ցանցերին.
ժբ) իր գործունեության նպատակներին համապատասխան կարող է զբաղվել հիմնադրի կողմից թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով.
ժգ) իրականացնում է օրենքներով, սույն կանոնադրությամբ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումներով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:
10. Դատական դպրոցը որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ կարող է իրականացնել`
ա) հետազոտությունների և տեսությունների մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում.
բ) հրատարակչական և տպագրական աշխատանքների կատարում:
11. Դատական դպրոցը կարող է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
12. Դատական դպրոցը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով, հիմնադրի որոշման հիման վրա, հանդիսանալ այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից:
III. ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
13. Դատական դպրոցի կառավարումն ու ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, հիմնադրի, կառավարման խորհրդի և տնօրենի գործառույթների իրականացմամբ:
14. Հիմնադրի` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի բացառիկ լիազորություններն են`
ա) Դատական դպրոցի հիմնադրումը.
բ) Դատական դպրոցի կանոնադրության հաստատումը ու դրա մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.
գ) Դատական դպրոցի վերակազմակերպումը և լուծարումը.
դ) Դատական դպրոցի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
ե) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը:
15. Դատական դպրոցի ընդհանուր կառավարումը և ընթացիկ գործունեության վերահսկումն իրականացնում է Դատական դպրոցի կառավարման խորհուրդը:
16. Դատական դպրոցի կառավարման խորհուրդը`
ա) հաստատում է Դատական դպրոցի ռազմավարական և ուսումնական ծրագրերը.
բ) սահմանում է Դատական դպրոցի կառուցվածքային ստորաբաժանումները և դրանց գործառույթները.
գ) սահմանում է մրցութային հիմունքներով դատական դպրոցի տնօրենին նշանակելու կարգը, նշանակում և ազատում է Դատական դպրոցի տնօրենին, հաստատում տնօրենի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի պայմանները, սահմանում տնօրենի վարձատրության կարգը և պայմանները.
դ) տարեկան մեկ անգամ լսում է Դատական դպրոցի տնօրենի հաշվետվությունը.
ե) վերահսկողություն է իրականացնում Դատական դպրոցին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
զ) տնօրենի ներկայացմամբ համաձայնություն է տալիս Դատական դպրոցի սեփական գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
է) սահմանում է Դատական դպրոցի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության կարգը, որոշում կայացնում Դատական դպրոցի շահույթի օգտագործման վերաբերյալ.
ը) հաստատում է իր աշխատակարգը, Դատական դպրոցի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, դատավորների թեկնածությունների ցուցակի կազմման նպատակով անցկացվող որակավորման ստուգմանը մասնակցող անձանց երաշխավորագիր-նամակների ձևերը, ինչպես նաև Դատական դպրոցի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.
թ) սահմանում է Դատական դպրոցի ունկնդիրների տարեկետման, ունկնդիրների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառման հիմքերը և կարգը, տնօրենի ներկայացմամբ կիրառում է կարգապահական տույժեր.
ժ) հաստատում է Դատական դպրոցում դասավանդող դասախոսների թվային և անհատական կազմը.
ժա) սահմանում է Դատական դպրոցում քննությունների անցկացման կարգը և պայմանները, ունկնդիրների գիտելիքների գնահատման ու քննական միավորների հաշվարկման, քննությունների վերահանձնման կարգը.
ժբ) սահմանում է դատավորների թեկնածությունների ցուցակում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով ընդգրկված անձանց վերապատրաստման անհատական դասընթացներ անցկացնելու կարգը և պայմանները.
ժգ) դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի մշակված ուղենիշերին համապատասխան հաստատում է դատավորների թեկնածուների և առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձանց վերապատրաստման ծրագրերը և դրանց անցկացման ժամանակացույցը.
ժդ) սահմանում է դատավորների և պաշտոնեական պիտանիության ցուցակներում ընգրկված անձանց վերապատրաստման ծրագրերի իրականացման կարգը, ժամանակացույցը, դրանց մասին ծանուցման կարգը, վերապատրաստում իրականացնող դասախոսների վարձատրության կարգը.
ժե) քննարկում և հիմնադրի հաստատմանն է ներկայացնում սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները.
ժզ) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Դատական դպրոցի կառավարման խորհրդի իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
17. Դատական դպրոցի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Դատական դպրոցի տնօրենը:
18. Դատական դպրոցի տնօրենն օրենքով, հիմնադրի և կառավարման խորհրդի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Դատական դպրոցի գործունեությունը:
19. Դատական դպրոցի տնօրենը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս Դատական դպրոցի անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու կառավարման խորհրդի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Դատական դպրոցի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) տալիս է Դատական դպրոցի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) նշանակում և աշխատանքից ազատում է Դատական դպրոցի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
զ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և Դատական դպրոցի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
IV. ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
20. Դատական դպրոցի սեփականությունը ձևավորվում է Դատական դպրոցի հիմնադրման ժամանակ հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ սահմանված չափով հանձնված գույքից, հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև Դատական դպրոցի գործունեության ընթացքում ձևավորված և ձեռք բերված գույքից: Դատական դպրոցի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել նաև`
ա) պետական բյուջեից ստացվող միջոցները.
բ) ձեռնարկատիրական գործունեության արդյունքները.
գ) դրամաշնորհները.
դ) օրենքով չարգելված այլ միջոցները:
Դատական դպրոցն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է ինքնուրույն` իր առջև դրված նպատակների իրականացման համար:
21. Դատական դպրոցն օրենքին, հիմնադրի որոշումներին կամ սույն կանոնադրությանը համապատասխան տիրապետում, տնօրինում և օգտագործում է Դատական դպրոցի գույքը:
22. Հիմնադիրը կարող է Դատական դպրոցին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք: Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից ամրացված գույքը:
V. ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
23. Դատական դպրոցում ուսուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի որոշումներով սահմանված ձևերով, ինչպես նաև առկա, հեռակա և դրսեկության ձևերով:
24. Դատական դպրոցի ունկնդիրներին տրվում է համապատասխան որակավորում և սահմանված կարգի ավարտական վկայական կամ դիպլոմ:
25. Ուսումնամեթոդական աշխատանքները և գործընթացները մշակվում և համակարգվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
VI. ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
26. Դատական դպրոցի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
* - Ծանոթություն - |
համաձայն ՀՀ դատարանների նախագահների խորհուրդի N 08-Ն որոշման սույն որոշումն ուժի մեջ է մտնում 01.01.2008 թ. |