Գլխավոր տեղեկություն
Համար
N 1897-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (26.07.2007-14.08.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.30/74(446) Հոդ.1417
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 3 նոյեմբերի 2005 թվականի N 1897-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութի հավաստագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութի հավաստագրման մասին հայտի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 14
Երևան


    

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 3-ի N 1897-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության անասնաբուծության բնագավառում արտադրվող և օգտագործվող տոհմանյութի հավաստագրման կարգը՝ «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» և «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութը հավաստագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին): Տոհմանյութի հավաստագրում (այսուհետ` հավաստագիր) նշվում է հետևյալ տեղեկատվությունը՝ տոհմանյութի (կենդանու) տեսակը, ցեղը, համարը, սեռը, ծննդյան տարեթիվն ու վայրը, կենդանի զանգվածը, արտակազմվածքի գնահատականը, ծագումնաբանությունը՝ նշելով 1-2 սերնդի նախնիների մթերատվությունը, տավարի, խոզերի, ոչխարների և ձիերի ծագման գենետիկական վերահսկողության և անոմալիաների տվյալները:

3. Սույն կարգի համաձայն տրվող հավաստագրի ձևը հաստատվում է լիազորված մարմնի կողմից:

4. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութի հավաստագրման համար կարող է դիմել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ (այսուհետ` հայտատու)` սույն կարգին համապատասխան:

II. ԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

5. Սույն կարգի հիմնական նպատակներն ու խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում որակյալ, բարձրարժեք տոհմանյութի արտադրությանն ու օգտագործմանը նպաստելը,

բ) անասնաբուծությամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեությանը նպաստելը` ապրանքային շուկայում, միջազգային առևտրի և միջազգային տնտեսական գիտատեխնիկական համագործակցության բնագավառում,

գ) սպառողներին տոհմանյութի ընտրության գործում աջակցելը,

դ) տոհմանյութի զանազանումն ապահովելը,

ե) տոհմանյութի` հայտարարագրված որակի ցուցանիշներին համապատասխանությունը հաստատելը,

զ) Հայաստանի Հանրապետությունում բուծվող կենդանիների, թռչունների, մեղուների ցեղերի գենոֆոնդի պահպանմանն ու կատարելագործմանը նպաստելը:

III. ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ

6. Հայաստանի Հանրապետությունում որպես տոհմանյութ հավաստագրվում է տոհմային տարբեր կենդանատեսակներից և ցեղերից ստացված տոհմանյութը:

7. Կենդանիների գենոֆոնդը պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութն արտադրվում է տոհմային կենդանիների մաքրացեղ բուծման արդյունքում ստացված կենդանիներից, որոնք բոնիտավորման տվյալներով ճանաչվել են մաքրացեղ և օգտագործման են երաշխավորվել հոտի (նախրի, երամակի) վերարտադրության և տոհմանյութի արտադրության համար:

8. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութը հավաստագրվում է`

ա) արտադրության և իրացման,

բ) ներմուծման և արտահանման,

գ) գիտափորձնական աշխատանքների կատարման նպատակներով:

9. Տոհմային կենդանիների տոհմային արժեքը որոշում, ինչպես նաև դրանցից ստացված տոհմանյութի որակն ստուգում է լիազորված մարմինը:

10. Հավաստագիրը տրվում է յուրաքանչյուր կենդանու համար` 6 ամիս ժամկետով, իսկ մեկ կենդանու սերմնահեղուկի (սպերմա) չափաբաժինների խմբաքանակի և սաղմերի (զիգոտա) համար՝ 12 ամիս ժամկետով:

11. Տոհմանյութի յուրաքանչյուր ապրանքախմբի համար տրված հավաստագիրը միանվագ է:

12. Հավաստագիր տալու համար ստուգվում է տոհմանյութի համապատասխանությունը՝ փաստաթղթային ուսումնասիրության և (կամ) լաբորատոր փորձաքննության միջոցով:

IV. ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

13. Տոհմանյութի հավաստագրման համար հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

ա) լիազորված մարմնի կողմից սահմանված ձևի հայտ,

բ) տոհմային քարտի պատճենը,

գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 06.07.07 N 778-Ն),

դ) արտադրողի կողմից տրված լաբորատոր հետազոտության մասին տեղեկանք:

14. Հավաստագրված տոհմանյութ արտադրողը, ներկրողը, արտահանողը և սպառողն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ներկայացրած տեղեկությունների հավաստիության համար:

(13-րդ կետը փոփ. 06.07.07 N 778-Ն)

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

15. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութը հավաստագրվում է փաստաթղթային ուսումնասիրության և լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա:

16. Տոհմանյութի հավաստագրման մասին հայտը, տոհմանյութի նմուշը և տոհմանյութի փորձաքննության արդյունքները ներկայացվելուց հետո 5 օրվա ընթացքում ընդունվում է որոշում հայտը բավարարելու կամ մերժելու մասին:

17. Հայտատուին կամ նրա ներկայացուցիչներին, նրանց գրավոր խնդրանքով, կարող է տրվել փորձաքննության կատարման պայմաններին և ընթացքին ծանոթանալու հնարավորություն:

18. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութի հավաստագրումը մերժվում է, եթե՝

ա) ներկայացված փաստաթղթերը թերի կամ կեղծ են, կամ չեն համապատասխանում տոհմանյութի իրական և ներկայացված փաստաթղթերի տվյալներին,

բ) իր որակական ցուցանիշներով չի համապատասխանում տվյալ տեսակի տոհմանյութի համար լիազորված մարմնի կողմից սահմանված պահանջներին,

գ) տոհմանյութը ժամկետանց է:

19. Հայտը մերժելու մասին որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում այն հանձնվում է հայտատուին:

20. Տոհմանյութի հավաստագրման մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել` օրենքով սահմանված կարգով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան