Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.07.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.25/37(561)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.07.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական գործերով

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-1175 (ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-3345/2006 թ.
Նախագահող դատավոր՝

Ն. Հովսեփյան

դատավորներ՝

Դ. Խաչատրյան
Տ. Մուկուչյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

 

2007 թվականի հուլիսի 6-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Վարդան Սաֆարյանի միջոցով Դոնարա Սարգսյանի և Իզաբել Փարսադանյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 06-3345 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի Դոնարա Սարգսյանի ընդդեմ Երևանի Կենտրոն թաղապետարանի, Հակոբ Կարապետյանի, երրորդ անձ Բրաբիոն Շահինյանի` Երևանի Հանրապետության փողոցի 78 շենքի թիվ 41 բնակարանի` 23քմ մակերեսով թիվ 146 օրդերի իսկությունը հաստատելու, 8,6քմ բնակելի մակերեսի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և ընդհանուր կոմունալ հարմարությունների օգտագործման կարգ սահմանելու պահանջների մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Դոնարա Սարգսյանը պահանջել է Երևանի Հանրապետության փողոցի 78 շենքի կոմունալ հարմարություններով թիվ 40, 41 և 42 բնակարանների 8,6քմ մակերեսով բնակելի սենյակի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը և սահմանել ընդհանուր կոմունալ հարմարությունների օգտագործման կարգ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2002 թվականի հուլիսի 31-ի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2002 թվականի սեպտեմբերի 9-ի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 2002 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2002 թվականի սեպտեմբերի 9-ի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2003 թվականի ապրիլի 21-ի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 2003 թվականի հունիսի 20-ի որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2003 թվականի ապրիլի 21-ի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 2006 թվականի նոյեմբերի 14-ի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ 8,6 քմ մակերեսով սենյակի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է և թույլատրվել է Դոնարա Սարգսյանին օգտվելու Երևանի Հանրապետության փողոցի 78 շենքի թիվ 41 բնակարանի Բրաբիոն Շահինյանի կողմից օգտագործվող թիվ 2-3,7քմ, թիվ 3-3,2քմ և թիվ 4-5,3քմ մակերեսներով կոմունալ և օժանդակ հարմարություններից:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Վ.Սաֆարյանը՝ Բրաբիոն Շահինյանի և Իզաբել Փարսադանյանի համար:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձի՝ դատաքննությանը մասնակցելու իրավունքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 2001 թվականի օգոստոսի 20-ի թիվ 01-937 վճռով վիճելի տարածքները թողնվել է նաև Իզաբել Փարսադանյանի օգտագործմանը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը գործի քննությանը նրան մասնակից չի դարձրել և նրա իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացրել:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի և 109-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 2001 թվականի օգոստոսի 20-ի թիվ 01-937 վճռով վիճարկվող թիվ 2, 3 և 4 կոմունալ հարմարությունները թողնվել են Բրաբիոն Շահինյանի և Իզաբել Փարսադանյանի օգտագործմանը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի բողոքարկվող վճիռը հակասում է նույն դատարանի կողմից նախկինում կայացրած և օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ վճռին:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 2001 թվականի օգոստոսի 20-ի թիվ 01-937 վճռի (որով վիճարկվող թիվ 2, 3 և 4 կոմունալ հարմարությունները թողնվել են Բրաբիոն Շահինյանի և Իզաբել Փարսադանյանի օգտագործմանը) առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը Դոնարա Սարգսյանի` այդ մակերեսների նկատմամբ պահանջի մասով պետք է գործի վարույթը կարճեր:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի և 218-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 2001 թվականի օգոստոսի 20-ի թիվ 01-937 վճռով հաստատված փաստերը և նույն վճռի վերաբերյալ տրված պարզաբանումը:

Բացի այդ, վճռում չեն նշվել այն ապացույցները, որոնց վրա հիմնված են Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ թիվ 2, 3 և 4 կոմունալ հարմարություններն ընդհանուր են և օգտագործվում են Երևանի Հանրապետության փողոցի 78 շենքի թիվ 40, 41 և 42 բնակարանների բնակիչների կողմից:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 14-ի վճիռը` թիվ 2, 3 և 4 կոմունալ հարմարությունների օգտագործման կարգ սահմանելու մասով և այդ մասով գործի վարույթը կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Իզաբել Փարսադանյանն ունի օգտագործման իրավունք Երևանի Հանրապետության փողոցի 78 շենքի թիվ 41 բնակարանի թիվ 2, 3 և 4 կոմունալ հարմարությունների նկատմամբ (բնակարանի հատակագիծ, գ.թ. 25-26):

2) 2006 թվականի նոյեմբերի 14-ի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Վերաքննիչ դատարանի կողմից Իզաբել Փարսադանյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, Վերաքննիչ դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով Դոնարա Սարգսյանը դիմում է ներկայացրել Դատարան՝ Երևանի Հանրապետության փողոցի 78 շենքի կոմունալ հարմարություններով թիվ 40, 41 և 42 բնակարանների 8,6քմ մակերեսով բնակելի սենյակի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու և ընդհանուր կոմունալ հարմարությունների օգտագործման կարգ սահմանելու պահանջներով: Վերաքննիչ դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն՝ 8,6քմ մակերեսով սենյակի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասով գործի վարույթը կարճել է և թույլատրել Դոնարա Սարգսյանին օգտվելու Երևանի Հանրապետության փողոցի 78 շենքի թիվ 41 բնակարանի` Բրաբիոն Շահինյանի կողմից օգտագործվող թիվ 2-3,7քմ, թիվ 3-3,2քմ և թիվ 4-5,3քմ մակերեսներով կոմունալ և օժանդակ հարմարություններից:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես Գյումրու քաղաքապետարան ընդդեմ Ֆելիքս Թորոսյան, 17.11.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):

Վերը նշվածի հիման վրա` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

 

2) Բողոքի երկրորդ և երրորդ հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն կարող քննարկվել Վճռաբեկ դատարանի կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար վերանայվող դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 14-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան