Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.07.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.25/37(561)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.07.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական գործերով

վերաքննիչ դատարանի վճիռ 

Քաղաքացիական գործ թիվ 3-1140 (ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-675, 06-3093/2006 թ.
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

դատավորներ՝

Ն. Հովսեփյան
Ա. Թումանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

 

2007 թվականի հուլիսի 6-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Գեղամ Մարգարյանի միջոցով Էլմիրա Եգանյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 06-675, 06-3093 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի Գառնիկ Հարությունյանի ընդդեմ Արամայիս Մխիթարյանի և Էլմիրա Եգանյանի` բնակարանից վտարելու և Արամայիս Մխիթարյանի հայցի ընդդեմ Գառնիկ Հարությունյանի` առուվաճառքի պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջների մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Գառնիկ Հարությունյանը պահանջել է Արամայիս Մխիթարյանին և Էլմիրա Եգանյանին վտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Վանաձոր քաղաքի Նարեկացի 3-րդ փակուղի թիվ 3 տնից:

Դիմելով դատարան` Արամայիս Մխիթարյանը պահանջել է պարտավորեցնել Գառնիկ Հարությունյանին իր հետ կնքելու Վանաձոր քաղաքի Նարեկացի 3-րդ փակուղի թիվ 3 տան առուվաճառքի պայմանագիր:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի հոկտեմբերի 21-ի վճռով Գառնիկ Հարությունյանի հայցը բավարարվել է:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հուլիսի 11-ի վճռով Արամայիս Մխիթարյանի հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ երկու քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2006 թվականի նոյեմբերի 1-ի վճռով Գառնիկ Հարությունյանի հայցը բավարարվել է, իսկ Արամայիս Մխիթարյանի հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էլմիրա Եգանյանը` ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Գ. Մարգարյանի միջոցով:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, 118-րդ հոդվածի 2-րդ մասը և 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված անձի՝ դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի ապրիլի 30-ի թիվ 1/ա254 գրության համաձայն` 2006 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Վանաձոր քաղաքի Նարեկացի 3-րդ փակուղի թիվ 3 տան հասցեով Էլմիրա Եգանյանի անվամբ Վանաձորի թիվ 14 փոստային բաժանմունքը պատվիրված նամակ չի ստացել և նրան չի առաքել:

Վերաքննիչ դատարանը դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով Էլմիրա Եգանյանին չտեղեկացնելու պայմաններում գործը քննել է նրա բացակայությամբ, անտեսելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով պատասխանողի բացակայությամբ գործի քննության արգելք չի համարվում դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցելու դեպքում պատասխանողի չներկայանալու հանգամանքը:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ և 218-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, չունենալով որևէ թույլատրելի ապացույց, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման չարժանացնելով գործով ձեռք բերված ապացույցները, հանգել է վեճի սխալ լուծման, ինչպես նաև վճռում չի նշել պարզված գործի հանգամանքները և ապացույցները, որոնց վրա հիմնված են Վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին և փաստարկները, որոնցով մերժել է այս կամ այն ապացույցը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 1-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

1) 2006 թվականի նոյեմբերի 1-ի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Վերաքննիչ դատարանի կողմից Էլմիրա Եգանյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ:

2) Վերաքննիչ դատարանը գործը քննել է Էլմիրա Եգանյանի բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ 

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, բավարարելով Գառնիկ Հարությունյանի հայցը, վճռել է Արամայիս Մխիթարյանին և Էլմիրա Եգանյանին վտարել Վանաձոր քաղաքի Նարեկացի 3-րդ փակուղի թիվ 3 տնից:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Էլմիրա Եգանյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու վճիռ կայացրել:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

Բացի այդ, այն հանգամանքը, որ սույն գործով Էլմիրա Եգանյանն Արամայիս Մխիթարյանի կինն է, բնակվում են միասին և Էլմիրա Եգանյանը կարող էր փաստացի տեղյակ լինել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անգամ նշված պայմանները հիմք չեն Էլմիրա Եգանյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված համարելու համար:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակցի՝ գործի քննության ժամանակի և վայրի մասին նույնիսկ փաստացի իրազեկվածությունը չի կարող համարվել պատշաճ ծանուցում (Կոլոցցան ընդդեմ Իտալիայի 12.02.1985, Ա89, Մարդու իրավունքների Եվրոպական դատարան):

2) Բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները ստորադաս դատարանի քննության առարկա չեն հանդիսացել, հետևաբար, դրանք չեն կարող քննարկվել Վճռաբեկ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 1-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան