ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության |
Քաղաքացիական գործ թիվ 3-1132 (ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 07-1028/2007 թ. | |
Նախագահող դատավոր՝ | Տ. Սահակյան |
դատավորներ՝ |
Ն. Հովսեփյան |
Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի հուլիսի 6-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ժորա Կիչատյանի և Հակոբ Կիչատյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.03.2007 թվականին թիվ 07-1028 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ հայցի Ժորա, Հակոբ Կիչատյանների ընդդեմ Կարինե, Սոնա, Նարեկ Կիչատյանների՝ Երևանի Բաշինջաղյան 173 շենքի 16 բնակարանից Ժորա, Հակոբ Կիչատյանների բաժինն առանձնացնելու և ըստ Կարինե, Սոնա, Նարեկ Կիչատյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Ժորա, Հակոբ Կիչատյանների՝ Երևան, Բաշինջաղյան 173 շենքի 16 բնակարանը սեփականության իրավունքով կողմերի միջև բաժանելու և մուտքերն առանձնացնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորներ Ժորա և Հակոբ Կիչատյանները պահանջել են առանձնացնել և իրենց հատկացնել Երևանի Բաշինջաղյան 173 շենքի թիվ 16 բնակարանի իրենց բաժինը:
Սկզբնական հայցով պատասխանողներ Կարինե, Սոնա, Նարեկ Կիչատյանները հակընդդեմ հայց են ներկայացրել, որով պահանջել են կողմերի միջև բաժանել վիճելի բնակարանը և առանձնացնել մուտքերը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 18.12.2006 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.03.2007 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են մասնակի. վճռվել է Երևանի Բաշինջաղյան 173 շենքի 16 բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը հետագայում բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են բերել Ժորա և Հակոբ Կիչատյանները:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, ինչի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասը, որը չպետք է կիրառեր, և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում գտնվող ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 26.06.2006թ. թիվ 14560607 եզրակացությունը, որով հաստատվում է բնակարանի երկրորդ մուտքի փաստացի առկայությունը:
Բնակարանը հնարավոր էր առանձնացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ մասերում սահմանված կանոններով: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատն իր 26.10.2006թ. թիվ 3-1734 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ արձանագրել է իրավական դիրքորոշումը հետևյալ հարցի վերաբերյալ. բնակարանից բաժինն առանձնացնելու վերաբերյալ պահանջների քննության ժամանակ պետք է հաշվի առնվի ոչ միայն բնակելի, այլ նաև ոչ բնակելի, օժանդակ տարածքների, ինչպես նաև հնարավոր առանձին մուտքի տրամադրման տեխնիկական հնարավորության առկայությունը: Նման հնարավորության բացակայության դեպքում բնակարանի մասի առանձնացումը պետք է դիտել անհնարին:
Ըստ բողոք բերած անձի՝ բնակարանի ինքնակամ հատվածում (որը պարզ երևում է նաև փորձագիտական եզրակացության հավելվածով) արդեն իսկ առկա է երկրորդ դուռը: Հետևաբար առկա է տեխնիկական հնարավորությունը երկու տարբեր մուտքերով ընդհանուր սեփականության մասնակիցներին ապահովելու համար: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հնարավոր առանձին մուտքի տրամադրման տեխնիկական և ոչ թե իրավական հնարավորության առկայությունը:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ և 131-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը դուրս է եկել հայցի առարկայի՝ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջի սահմաններից:
Թեև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանել է ընդհանուր գույքը բաժանելու դրանից բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանի իրավասությունը՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ, սակայն նման հայցապահանջ չունենալու պայմաններում Դատարանը չի կարող այդպիսի հարց լուծել:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.03.2007 թվականի վճիռն ամբողջությամբ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ժորա և Հակոբ Կիչատյանները բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերել Երևանի Մաշտոցի շրջխորհդի գործկոմի 12.10.1995 թվականի թիվ 22/7 որոշման, և նախկին համասեփականատերերի մահից հետո 14.12.2005 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա:
2) Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից 13.09.2005 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն Էդուարդ Կիչատյանի, մահացած 2005 թվականի հունվարի 11-ին, գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում Կարինե, Սոնա և Նարեկ Կիչատյանները:
3) Բնակարանը բաղկացած է 91,3 քմ ընդհանուր մակերեսից, որից 55,0 քմ բնակելի, 36,3 քմ՝ օժանդակ մակերեսներ: Բնակարանի նկատմամբ Ժորա և Հակոբ Կիչատյաններին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասը կազմում է 35,91քմ բնակելի (23,7քմ օժանդակ) մակերես, իսկ Կարինե, Սոնա և Նարեկ Կիչատյաններին պատկանող բաժնեմասը 19,09 քմ բնակելի, 12,6 քմ՝ օժանդակ մակերեսներ:
4) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության համաձայն հնարավոր է առանձնացնել բնակարանը (չհաշված ինքնակամ կառույցները) որոշ վերակառուցումների արդյունքում, բացառությամբ 5,2 քմ մակերեսով տարածքից, որը կարող է թողնվել ընդհանուր օգտագործման:
5) Դատաքննությամբ պատասխանող կողմը համաձայնության չի եկել 5,2 քմ մակերեսով տարածքն օգտագործելու հարցի շուրջ, այն պատճառաբանությամբ, որ հարաբերությունները խիստ լարված են և անհնարին է ընդհանուր մուտքից օգտվել:
6) Բնակարանին կից առկա է առանձին մուտք ունեցող ինքնակամ կառույց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման վերաբերյալ բողոք բերած անձի պնդումն անհիմն է, քանի որ դատարանը բազմակողմանիորեն հետազոտել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 26.06.2006 թվականի թիվ 14560607 եզրակացությունը (մասնավորապես՝ հավելվածները), ինչի արդյունքում հանգել է այն եզրակացության, որ մուտքերի առանձնացումն անհնարին է:
Բողոք բերած անձի այն պատճառաբանությունը, որ բնակարանը հնարավոր էր առանձնացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ մասերում սահմանված կանոններով, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 3-1734 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ արձանագրված է հնարավոր առանձին մուտքի տրամադրման տեխնիկական և ոչ թե իրավական հնարավորության առկայությունը, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում այն պատճառաբանությամբ, որ մուտքերի առանձնացման տեխնիկական հնարավորությունը պետք է լինի ողջամիտ և օրենքով թույլատրելի: Սույն գործի փաստերի համաձայն՝ վիճելի բնակարանի երկրորդ մուտքն ինքնակամ է կառուցված: Ինքնակամ կառույցի մուտքը չի կարող դիտվել որպես ընդհանուր սեփականության մասնակիցներին երկու տարբեր մուտքերով ապահովելու համար տեխնիկական հնարավորություն, քանի որ ինքնակամ կառույցի կարգավիճակը նման օրինական հնարավորություն չի տալիս:
Վճռաբեկ բողոքի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կիրառման ենթակա չլինելու վերաբերյալ հիմքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ այն սահմանում է ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնելու իրավունքը՝ միայն նույն հոդվածի 3-5-րդ մասերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում: Իսկ սույն գործով դատաքննությամբ վիճելի բնակարանից սկզբնական և հակընդդեմ հայցվորների բաժիններն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարությունը չի ապացուցվել.
2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Այսինքն, վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝
- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,
- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:
Վերոգրյալի հիման վրա դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իր իրավունքը կարող է իրականացնել միմիայն համապատասխան հայցապահանջի առկայության դեպքում: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև բողոքի սույն հիմքում նշված այն փաստարկը, թե վերաքննիչ դատարանը վիճելի բնակարանը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու մասին վճիռ կայացնելով դուրս է եկել գործով ներկայացված հայցապահանջների շրջանակից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոփոխելու, հայցից հրաժարվելու (32-րդ հոդվածի 1-ին կետ) կանոնների:
Սույն գործով սկզբնական և հակընդդեմ հայցվորների ներկայացրած հայցերի առարկան ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում բաժնի առանձնացումն է, ինչպես նաև մուտքերի առանձնացումը:
Ոչ սկզբնական և ոչ էլ հակընդդեմ հայցվորները վիճելի բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջ չեն ներկայացրել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը, վճիռ կայացնելով բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին, ըստ էության փոխել է հայցի առարկան, ինչը հանգեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ, 131-րդ, 215-րդ հոդվածներով սահմանված՝ դատարանում գործի քննության կանոնների խախտմանը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարական այս խախտումը հանգեցրել է քաղաքացիական գործի սխալ լուծման: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ uխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե դա հանգեցրել է գործի uխալ լուծման: Հետևաբար սույն բողոքի առաջին հիմքը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման մասով Վճռաբեկ դատարանը բավարար հիմք է համարում վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքերի առկայությունը բավարար հիմք է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.03.2007 թվականի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.03.2007 թվականի թիվ 07-1028 քաղաքացիական գործով կայացված վճիռը բեկանել և քաղաքացիական գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
Է. Հայրիյան | |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Ս. Գյուրջյան | |
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|