Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.07.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.25/37(561)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.07.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
Վճռաբեկ դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 3-1323(ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-2375(ՎԴ)

Նախագահող դատավոր՝ Հ. Մանուկյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի հուլիսի 6-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Հովհաննես Գալյանի միջոցով ներկայացված Սվետլանա Հովհաննիսյանի դիմումը` ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 3-2375(ՎԴ) որոշումը նոր հանգամանքներով վերանայելու և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.12.2004 թվականի թիվ 04-3134 վճիռը բեկանելու մասին դիմումը,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան` Մանվել և Սվետլանա Հովհաննիսյանները պահանջել են պարտավորեցնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանմանը փոփոխել 16.06.2003 թվականի թիվ 1001983 սեփականության իրավունքի վկայականում հողամասի չափերը, առանձնացնել բաժնեմասը ընդհանուր սեփականություն հանդիսացող տանից և հողամասից ու պարտավորեցնել պատասխանողներին քանդել ապօրինի շինությունը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 15.10.2004 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.12.2004 թվականի թիվ 04-3134 վճռով հայցը բավարարվել է մասնակի:

ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 3-2375(ՎԴ) որոշմամբ Մանվել և Սվետլանա Հովհաննիսյանների ներկայացուցիչ Հովհաննես Գալյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սվետլանա Հովհաննիսյանը անհատական դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան:

ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար նաև արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ, 6-րդ (1-ին և 2-րդ մասեր), 18-րդ (1-ին մաս) և 19-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Սույն գործով Սվետլանա Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 3-2375(ՎԴ) որոշումը նոր հանգամանքներով վերանայելու և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.12.2004 թվականի թիվ 04-3134 վճիռը բեկանելու պահանջով:

 

2. Դիմումի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 3-2375(ՎԴ) որոշմամբ Մանվել և Սվետլանա Հովհաննիսյանների ներկայացուցիչ Հովհաննես Գալյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար նաև արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ, 6-րդ (1-ին և 2-րդ մասեր), 18-րդ (1-ին մաս) և 19-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Վերոգրյալի հիման վրա Սվետլանա Հովհաննիսյանը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 17.11.2006 թվականի թիվ 2375(ՎԴ) որոշումը և բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.12.2004 թվականի թիվ 04-3134 վճիռը:

 

3. Դիմումի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքները.

 

Դիմումի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ հանգամանքները՝

Վճռաբեկ դատարանը դիմում ներկայացրած անձի վճռաբեկ բողոքը վերադարձնելիս հիմք է ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230-րդ, 231.1-րդ, 231.2-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով դիմումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 3-2375(ՎԴ) որոշումը պետք է թողնել ուժի մեջ, իսկ դիմումը՝ առանց բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետը հակասահմանադրական է ճանաչվել վճռաբեկ բողոքների վերադարձման մասին որոշումներում պատճառաբանման պարտադիր պայման օրենքով նախատեսված չլինելու պատճառաբանությամբ, ինչը չի նշանակում, որ Վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 3-2375(ՎԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումը չի պատճառաբանվել: Վճռաբեկ դատարանը 17.11.2006 թվականի թիվ 3-2375(ՎԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումն ընդունելու համար հիմք է ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230-րդ, 231.1-րդ, 231.2-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները և նշել, որ վճռաբեկ բողոքում նշված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասի հիմնավորումները բավարար չեն գործը վարույթ ընդունելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, գտնելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, վերադարձրել է ներկայացված վճռաբեկ բողոքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշումը չի կարող հիմք հանդիսանալ Վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 3-2375(ՎԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումը բեկանելու կամ փոփոխելու համար, քանի որ այդ որոշումը կայացնելիս Վճռաբեկ դատարանը ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ և 231.2-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ կայացված որոշումն իրավական առումով պատճառաբանված է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 232-րդ, 233-րդ և 234-րդ հոդվածներով, 237-րդ և 238-րդ հոդվածներով, ինչպես նաև 241.1-241.10-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 3-2375(ՎԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումը թողնել ուժի մեջ, իսկ դիմումը՝ առանց բավարարման:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Ս. Անտոնյան
Վ. Աբելյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան