Գլխավոր տեղեկություն
Համար
N 144-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.08.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.07.16/20(260) Հոդ.267
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.05.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007256


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 մայիսի 2007 թ.

N 144-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ

2007 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը ընդունել է թիվ 32-Ն որոշումը, որով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն է ընձեռվել իրականացնել արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն, ինչպես նաև

2007 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը ընդունել է թիվ 33-Ն որոշումը, որով սահմանվել և կարգավորվել է Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի պահառության գործունեությունը և ներդրվել է արժեթղթերի պահառության երկմակարդակ համակարգ,

 

նկատի ունենալով, որ

նման նոր կառուցակարգերի ներդրումն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի հետագա զարգացման և ընդլայնման համար, սակայն նման կառուցակարգերի ներդրման հետևանքով կարող է ստեղծվել արժեթղթերի շուկայում ներդրողների իրավունքների և օրինական շահերի խախտման իրական վտանգ, որը կարող է էապես ապակայունացնել արժեթղթերի շուկան ու նվազեցնել դրա իրացվելիությունն ու հուսալիությունը, ինչպես նաև այն, որ ներկայումս գործող մի շարք մասնագիտացված անձինք ունեն բացասական կապիտալ,

 

հաշվի առնելով, որ
վերոհիշյալ հանգամանքների առկայությունը սույն որոշման ընդունման պահին առաջացրել է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված արտակարգ դեպք և

 

նպատակ ունենալով

կանխել արժեթղթերի շուկայում տեղի ունենալու բարձր հավանականություն ունեցող ապակայունությունն ու իրացվելիության նվազումը, ապահովել արժեթղթերի շուկայի բնականոն գործունեությունը և խթանել արժեթղթերի շուկայում մասնագիտացված անձանց մրցակցությունը,

 

հիմք ընդունելով

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 

1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց գործունեության հատուկ տնտեսական նորմատիվները»՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշմամբ հաստատված հատուկ տնտեսական նորմատիվները գործում են ուժի մեջ մտնելու պահից հաշված վեց ամիս ժամկետով:

3. Սույն որոշմամբ հաստատված հատուկ տնտեսական նորմատիվները չեն տարածվում արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող բանկերի և վարկային կազմակերպությունների վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ՝

Տ. Սարգսյան


2007 թ. մայիսի 17
Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թվականի մայիսի 15-ի

թիվ 144-Ն որոշմամբ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն ակտը սահմանում է արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց գործունեության հատուկ տնտեսական նորմատիվների (այսուհետ՝ նորմատիվ) սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում օգտագործվող մեծությունների կազմը:


Գ Լ ՈՒ Խ  2

 

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը մասնագիտացված անձանց համար սահմանում է մասնագիտացված անձի սեփական կապիտալի նվազագույն չափի հատուկ տնտեսական նորմատիվը:

3. Մասնագիտացված անձի սեփական կապիտալի նվազագույն չափը մասնագիտացված գործունեության համար սահմանվում է 60 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:


Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ

 

4. Մասնագիտացված անձի սեփական կապիտալը նրա հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է՝ համապատասխան նվազեցումները կատարելուց հետո: Ընդ որում, հատուկ տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալը սեփական կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն ակտի 6-րդ կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) առավելագույնը 50%-ի չափով:

5. Մասնագիտացված անձի հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունն է.

5.1) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումար,

5.2) էմիսիոն եկամուտ,

5.3) կուտակված շահույթ (վնաս),

5.4) պահուստային կապիտալ:

6. Հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող տարրերն են՝

6.1) ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ շահագործումից դուրս) հաշվեկշռային արժեքը (բացառությամբ մասնագիտացված անձի մասնագիտացված գործունեության ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների վճարումների),

6.2) մասնագիտացված անձանց, բանկերի և վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների հաշվեկշռային արժեքը,

6.3) մասնագիտացված անձի սեփականությունը հանդիսացող և մասնագիտացված գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում՝ գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս այլ հիմնական միջոցների, ինչպես նաև մասնագիտացված գործունեության համար չօգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքը՝ այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով մասնագիտացված անձի սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո,

6.4) մասնագիտացված անձի սեփականությունը հանդիսացող և մասնագիտացված գործունեության համար օգտագործվող այն նյութական ակտիվների (ներառյալ այդ ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքը, որոնց որևէ մասը վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել է այլ անձանց,

6.5) մասնագիտացված անձի սեփականությունը հանդիսացող և մասնագիտացված գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև մասնագիտացված գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների)՝ սույն ակտի 5.1-5.4 ենթակետերում նշված մեծությունների հանրագումարի 25 տոկոսը գերազանցող գումարի չափով,

6.6) մասնագիտացված անձի վարձակալած հիմնական միջոցի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդը,

6.7) մասնագիտացված անձի հետ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառությունները և ցանկացած այլ գումարները, նրանց նկատմամբ այլ պահանջները, բացառությամբ նրանց նկատմամբ մասնագիտացված գործունեության շրջանակում մատուցած ծառայությունների պայմանագրերից բխող դեբիտորական պարտքերի, փոխկապակցված բանկերում բանկային հաշիվների և ավանդների,

6.8) ցանկացած անձի տրամադրված փոխառություններ և այլ գումարներ, ինչպես նաև այլ անձանց պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցներ, որոնք չունեն գրավային ապահովվածություն և չեն հանդիսանում մասնագիտացված գործունեության շրջանակում մատուցած ծառայությունների պայմանագրերից բխող դեբիտորական պարտքեր, բացառությամբ ֆոնդային բորսայում առևտրին թույլատրված արժեթղթերի ու բանկերին, վարկային կազմակերպություններին տրամադրված միջոցների,

6.9) աշխատակիցներին տրված առհաշիվ գումարներ, կանխավճարներ և ցանկացած այլ գումարներ, որոնք գերազանցում են կանոնադրական կապիտալի 2 տոկոսը,

6.10) 30 օրից ավելի ժամկետանց, վերանայված պայմաններով կամ վերաֆինանսավորված ստացվելիք ցանկացած գումարները, որոնք չեն հանդիսանում մասնագիտացված գործունեության շրջանակում մատուցած ծառայությունների պայմանագրերից բխող դեբիտորական պարտավորություններ: Վերանայված պայմաններով ակտիվներն այն ակտիվներն են, որոնք պայմանագրի համաձայն վերաֆինանսավորվել են, կամ որոնց մարման ժամկետները կամ այլ պայմանները վերանայվել (վերաձևակերպվել) են, գումարները փոխանցվել են ակտիվային (վարկային) նոր գործիքներին, կամ պայմանները վերանայվել են այլ կերպ: Վերաֆինանսավորված ակտիվներն այն ակտիվներն են, որոնց մարումն իրականացվել է նոր ստանձնած պարտավորությունների աղբյուրների հաշվին:

7. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է վերագնահատումից և վերաչափումից տարբերություններից (բացառությամբ մասնագիտացված անձանց գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճի):

8. Սույն ակտի իմաստով՝ մասնագիտացված գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ են այն ակտիվները, որոնք մասնագիտացված անձը օգտագործում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված գործունեություն իրականացնելու համար: Ընդ որում, մասնագիտացված գործունեության համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ մասնագիտացված անձը և (կամ) նրա ստորաբաժանումներն իրականացնում են «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ մասնագիտացված գործունեություն, ինչպես նաև այն շենքերը և շինությունները, որոնք զբաղեցված են մասնագիտացված անձի ներկայացուցչությունների կողմից:

9. Մասնագիտացված անձը պետք է յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում սեփական կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովի սեփական կապիտալի նվազագույն մեծությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան