Գլխավոր տեղեկություն
Համար
N 58-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.08.2003-25.10.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.10.18/26(112) Հոդ.205
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.06.2002
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.03.2017

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 սեպտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60202217

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 հունիսի 2002 թ.
ք. Երևան 

N 58-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի և ՀՀ Նախագահի 04.02.02թ. կարգադրության 6-րդ կետի «բ» ենթակետի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

Հաստատել քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը (հավելված):

 

Նախագահի տեղակալ

Շ. Աղաբեկյան

 

 

Հավելված
 

 

Հաստատված է
Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի
2002 թ. հունիսի 28-ի թիվ 58-Ն որոշումով

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների (այսուհետ՝ քաղաքացիական ծառայողներ) ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Համակարգչում զետեղելու համար Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներն առաջադրվում են Խորհրդից, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից, տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից:

4. Նախքան Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով ներկայացնելը, վերոհիշյալ ցուցակներում ընդգրկված անձինք, Աշխատակազմի միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

5. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հաստատվում են, որից հետո Աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների, մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:

6. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 9 թեկնածուներից, ատեստավորումն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ՝ հետևյալ հարաբերակցությամբ՝

ա) երեք թեկնածու՝ Խորհրդի ներկայացուցիչներ.

բ) երեք թեկնածու՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչներ.

գ) երեք թեկնածու՝ տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ:

(Պարբերությունն ուժը կորցրել է 31.07.03 N 35-Ն):

(6-րդ կետը փոփ. 31.07.03 N 35-Ն)

7. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմը ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

8. Եթե համակարգչի կողմից ընտրված Հանձնաժողովի անդամի (անդամների) մասնակցությունը Հանձնաժողովի կազմում ընդգրկվելուն (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա Աշխատակազմը մինչև ատեստավորման սկիզբը սույն աշխատակարգով սահմանված կարգով ընտրում է այլ թեկնածու՝ պահպանելով 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:

9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ: Նույն որոշմամբ Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում են անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը՝ համաձայն սույն աշխատակարգի:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Հանձնաժողովի խնդիրներն են՝

ատեստավորման միջոցով որոշել քաղաքացիական ծառայողի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը:

12. Հանձնաժողովը՝

ա) Աշխատակազմից ստանում է ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկը և այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները, ծառայողական բնութագրերը և առարկությունները վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում), ինչպես նաև Հանձնաժողովի կնիքը.

բ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

գ) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.

դ) անցկացնում է փաստաթղթային ատեստավորում.

ե) որոշում է կայացնում փաստաթղթային ատեստավորման արդյունքում Հանձնաժողովի ընդունած՝ «ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով» որոշման հիման վրա քաղաքացիական ծառայողի թեստավորումը և հարցազրույցը նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.

զ) Խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր՝ թեստավորման փուլն անցկացնելու համար.

է) անցկացնում է քաղաքացիական ծառայողների թեստավորում.

ը) ստուգում և գնահատում է քաղաքացիական ծառայողների թեստավորման առաջադրանքները.

թ) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ժ) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված քաղաքացիական ծառայողների բողոքները.

ժա) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած քաղաքացիական ծառայողների ցուցակը.

ժբ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.

ժգ) քաղաքացիական ծառայողների հետ անցկացնում է հարցազրույց.

ժդ) կազմում է քվեաթերթեր.

ժե) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.

ժզ) քվեարկության արդյունքում կայացնում է որոշում յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի վերաբերյալ.

ժէ) ամփոփում է ատեստավորման արդյունքները.

ժը) յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ.

ժթ) ատեստավորման արդյունքները ներկայացնում է քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին.

ի) Աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մնացած փաստաթղթերը.

իա) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով, քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

16. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը ներկայացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, որն իր որոշմամբ կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը՝

ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.

գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները՝ համաձայն սահմանված կարգի.

դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

զ) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

է) իրականացնում է սույն աշխատակարգով, քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

18. Հանձնաժողովի քարտուղարը՝

ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

բ) բացատրում է քաղաքացիական ծառայողներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) իրականացնում է սույն աշխատակարգով, քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

19. Հանձնաժողովի անդամը՝

ա) վարում է նիստերը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

բ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

գ) մասնակցում է քաղաքացիական ծառայողների հետ հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր քաղաքացիական ծառայողներին.

դ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին.

ե) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկություններին.

զ) ստորագրում է ատեստավորման թերթը: Հատուկ կարծիք ունեցող անդամը ստորագրելիս նշում է այդ մասին՝ ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

ը) իրականացնում է սույն աշխատակարգով, քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Ատեստավորման արդյունքները ատեստավորման օրվանից եռօրյա ժամկետում քաղաքացիական ծառայողին տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնելուց հետո Հանձնաժողովը դադարեցնում է իր գործունեությունը:

(20-րդ կետը փոփ. 31.07.03 N 35-Ն)

21. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո ատեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: