Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.09.03/44(568)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.07.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քրեական և զինվորական գործերով

վերաքննիչ դատարանի դատավճիռ

Գործ N 54/05

կայացրած դատարանի կազմը

նախագահող դատավոր՝ Ե. Դարբինյան

դատավորներ՝ Ա. Հովհաննիսյան

  Ա. Պողոսյան

ՎԲ-134/07

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

13 հուլիսի 2007 թ.

ք. Երևան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ղուկասյանի

 

Մ. Սիմոնյանի

 

Ս. Օհանյանի

 

 

քարտուղար

Ք. Մարտիրոսյանի

դատախազ

Մ. Մաթևոսյանի

քննիչ

Հ. Սարդարյանի

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի վճռաբեկ բողոքը Սուրեն Կոլյայի Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 6-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի փետրվարի 16-ի դատավճիռների դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

2004 թվականի հուլիսի 22-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ` Վանաձոր քաղաքի բնակիչ Գոգա Առաքելյանին հրազենով սպանելու առթիվ:

Նույն թվականի հուլիսի 28-ին Երևան քաղաքի բնակիչ Սուրեն Կոլյայի Հարությունյանը մեղայականով ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և հայտնել իր կողմից Գ. Առաքելյանի սպանության մասին:

2004 թվականի հուլիսի 29-ին Ս. Հարությունյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, և կալանքը կիրառվել որպես խափանման միջոց: Նույն թվականի սեպտեմբերի 20-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և Ս. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը 2004 թվականի դեկտեմբերի 6-ի դատավճռով Ս. Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով և դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, 2005 թվականի փետրվարի 16-ին քննության առնելով ամբաստանյալ Ս. Հարությունյանի վերաքննիչ բողոքը, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 6-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը՝ առանց բավարարման:

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը նոր ի հայտ եկած հանգամանքներով հարուցված վարույթի քննության արդյունքներով բերել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանը 2007 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ բողոքը ընդունել է վարույթ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Ս. Հարությունյանը դատապարտվել է այն արարքի համար, որ նա 2004 թվականի հուլիսի 22-ին, ժամը 1415-ի սահմաններում, գտնվելով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Ն. Տիգրանյան փողոցների խաչմերուկին հարակից «Հայէկոնոմբանկի» Արաբկիրի մասնաճյուղի շենքի մոտ, մոտեցել է այդտեղ կանգնած «ԲՄՎ-X5» մակնիշի 64 ԼՍ 888 պետհամարանիշի ավտոմեքենային և վրեժ լուծելու նպատակով, մեքենայի առջևի ձախ նստատեղին նստած Վանաձոր քաղաքի բնակիչ Գոգա Ֆելիքսի Առաքելյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերած և կրած «Մակարով» տեսակի ատրճանակով վարորդի դռան կողմից երեք անգամ կրակել է նրա գլխին ու սպանել:

 

3. Նոր ի հայտ եկած հանգամանքներով վարույթ

 

ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում 2006 թվականի սեպտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` անհայտ անձանց կողմից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Վարդկեսի Հովասափյանի ծառայողական ավտոմեքենան պայթեցնելու և նրան սպանելու փաստի առթիվ:

Նկարագրված հանցագործության կատարման մեղադրանքով կալանավորվել է Երևան քաղաքի բնակիչ Հայկ Աղվանի Իսրայելյանը:

Նախաքննության ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Սուրեն Հարությունյանը, հարցաքննվելով որպես վկա, ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը Գ. Առաքելյանի սպանության մեղադրանքով դատապարտվել է անհիմն, քանի որ այդ հանցագործությունը պլանավորել և իրագործել են իր հորեղբոր որդի Արթուր Հարությունյանն ու նրա մտերիմ ընկեր Հայկ Իսրայելյանը, իսկ ինքը, նախնական պայմանավորվածության համաձայն, ներկա է գտնվել հանցագործությանը` այն հետագայում իր վրա վերցնելու նպատակով: Հայտնելով դեպքի մանրամասները՝

Ս. Հարությունյանը նշել է, որ Գոգա Առաքելյանի սպանությունից շուրջ մեկ ամիս առաջ Արթուր Հարությունյանի հարցին, թե սպանության իրագործումը հաջողվելու դեպքում կհամաձայնի՞ արդյոք այն իր վրա վերցնել, պատասխանել է դրական:

Ս. Հարությունյանը, ցուցմունք տալով, հայտնել է, որ 2004 թվականի հուլիսի 22-ին Արթուր Հարությունյանի ավտոմեքենայով բարձրացել են Կոմիտասի պողոտայով, իսկ Հայկ Իսրայելյանը եկել է հետևից: Ճանապարհին Արթուր Հարությունյանն իրեն տվել է ատրճանակ՝ իր իսկ անվտանգության համար: Երբ հասել են «Հայէկոնոմբանկի» մոտ, Արթուրը ցույց է տվել Գոգայի ավտոմեքենան: Հետո Արթուր Հարությունյանը հեռացել է:

Ս. Հարությունյանը հայտնել է նաև, որ Հ. Իսրայելյանի հետ միասին 30-ից 40 րոպե սպասել են Գ. Առաքելյանի մեքենայից շուրջ 20 մետր հեռավորության վրա` շենքի անկյունում: Նկատելով, որ Գ. Առաքելյանը մոտենում է իր ավտոմեքենայի վարորդի կողմի դռանը՝ Հայկ Իսրայելյանը նրա հետևից արագ քայլերով մոտեցել է նույն ավտոմեքենային, ինքն էլ՝ նրա հետևից 4-5 քայլ հեռավորությամբ: Երբ Գ. Առաքելյանը նստել է վարորդի նստատեղին, Հ.Իսրայելյանը մոտեցել է նրան, ավտոմեքենայի դռան իջեցված ապակուց զենքն ուղղելով Գ. Առաքելյանի վրա, երեք անգամ կրակել է նրա գլխին, այնուհետև դիմել փախուստի, ինքն էլ նրա ետևից:

Ս. Հարությունյանը նաև հայտնել է, որ մեղայականով ներկայանալիս հագին ունեցել է սպանության ժամանակ Հ. Իսրայելյանի հագին եղած հագուստները, որոնք առգրավվել են:

Ս. Հարությունյանն իր ցուցմունքները պնդել է Հ. Իսրայելյանին առերես, որը ժխտել է սպանությանն իր մասնակցության հանգամանքը:

Ս. Հարությունյանի ցուցմունքները ստուգելու նպատակով 2007 թվականի ապրիլի 4-ին կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ Ս. Հարությունյանը, պատասխանելով իրեն առաջադրված հարցերին, մանրամասնորեն նկարագրել է Հ. Իսրայելյանի կողմից Գ. Առաքելյանի սպանության դեպքի հանգամանքները, որոնք ամբողջովին համապատասխանում են վերևում նշված նրա ցուցմունքների բովանդակությանը:

2007 թվականի ապրիլի 27-ին Հ. Իսրայելյանից և Ս. Հարությունյանից վերցվել են արյան, քրտինքի, մազերի, մարմնի և հագուստի չափսերի նմուշներ: Ստացված նմուշներով և ձերբակալման պահին Ս. Հարությունյանի հագին եղած և առգրավված հագուստներով նշանակվել են դատաքրեագիտական և դատակենսաբանական փորձաքննություններ:

2007 թվականի մայիսի 31-ին ստացված դատաքրեագիտական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ փորձաքննության ներկայացված սպիտակ վերնաշապիկը, շապիկն ու անդրավարտիքն իրենց չափսերով համապատասխանում են Հ. Իսրայելյանի մարմնի չափսերին և ակնհայտորեն չեն համապատասխանում Ս. Հարությունյանի մարմնի չափսերին:

2007 թվականի հունիսի 1-ին ստացված դատակենսաբանական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ փորձաքննության ներկայացված Ս. Հարությունյանի արյան, քրտինքի և մազերի նմուշները պատկանում են Օ խմբին, իսկ Հ. Իսրայելյանինը` H ուղեկցող հակածիններով B խմբին: Փորձաքննության արդյունքում ներկայացված գլխարկի առաջնային կեսի դարձերեսին և հովհարի երեսային մակերեսին, շապիկի և վերնաշապիկի օձիքին, թևատակերին, անդրավարտիքի հետին միջին գծի շրջանում հայտնաբերվել է մարդուն պատկանող քրտինք: Քրտինքի հետքերում կլանման-անջատման և հակամարմինների քանակական կլանման ռեակցիաներով հաստատվել է B և H հակածինների առկայություն, որոնք կարող էր առաջացնել B և H հակածիններ ունեցող անձը` Հ. Իսրայելյանը: Դրան կարող էր խառնված լինել նաև Ս. Հարությունյանի քրտինքը (միայն H հակածինի հաշվին): Փորձաքննության ներկայացված վերնաշապիկի, շապիկի և անդրավարտիքի վրա հայտնաբերված և նրանցից վերցված թվով 34 մազանման թելիկները հանդիսանում են մազեր, պատկանում են մարդու, ռեգիոնալ (տեղային) ծագման են, հիմնականում` թափված: Իրենց կազմաբանական (ներկող նյութի հատիկներ, չափս, գույն, դասավորություն, քանակ և այլ) և իմունոլոգիական հատկանիշներով (նույն B և H հակածինները մազերում) նման են Հ.Իսրայելյանի կրծքավանդակից պոկված մազերի նմուշներին և կարող էին առաջանալ Հ. Իսրայելյանի մազերի հաշվին: Դրանք չէին կարող առաջանալ Ս. Հարությունյանի մազերի հաշվին:

 

4. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքի հեղինակը գտնում է, որ Ս. Հարությունյանի վերաբերյալ դատավճիռը ենթակա է բեկանման, իսկ քրեական գործը` լրացուցիչ նախաքննության վերադարձման, քանի որ Շահեն Հովասափյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության և նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի շրջանակներում ի հայտ են եկել Ս. Հարությունյանի վերաբերյալ քրեական գործով դատավճիռ կայացնելիս դատարանին անհայտ մնացած հանգամանքներ, որոնք ապացուցում են դատապարտյալ Ս. Հարությունյանի կատարած հանցանքի նվազ ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև Հ. Իսրայելյանի կողմից Գ. Առաքելյանի սպանությունն անմիջականորեն իրագործելու հանգամանքը, որը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, քրեական գործը նորոգելու հիմք է, որն էլ իր հերթին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոք բերելու հիմք է:

Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Սուրեն Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 6-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի փետրվարի 16-ի դատավճիռները, իսկ քրեական գործը վերադարձնել լրացուցիչ նախաքննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով քրեական գործերը նորոգվում են, եթե ի հայտ են եկել դատավճիռ կամ որոշում կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը, կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել:

Ս. Հարությունյանի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով նա մեղավոր է ճանաչվել 2004 թվականի հուլիսի 22-ին կատարված Գ. Առաքելյանի սպանության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և կրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս և 235-րդ հոդվածի 1-ին մաս):

Մինչդեռ Շ. Հովասափյանի ծառայողական ավտոմեքենան պայթեցնելու և նրան սպանելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննված Ս. Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Գ. Առաքելյանի սպանությունը կատարել է ոչ թե ինքը, այլ Շ. Հովասափյանի սպանության գործով մեղադրյալ Հ. Իսրայելյանը, իսկ ինքը ներկա է գտնվել հանցագործությանը` այն հետագայում իր վրա վերցնելու նպատակով:

Դրա հիման վրա հարուցված նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով վարույթի նյութերից երևում է, որ Ս. Հարությունյանի ցուցմունքները ստուգելու նպատակով 2007 թվականի ապրիլի 4-ին կատարված քննչական փորձարարության ժամանակ Ս. Հարությունյանը, պատասխանելով փորձագետների հարցերին, մանրամասնորեն նկարագրել է Հ. Իսրայելյանի կողմից Գ. Առաքելյանի սպանության դեպքի հանգամանքները, որոնք ամբողջովին համապատասխանում են նրա ցուցմունքների բովանդակությանը: Բացի այդ, Ս. Հարությունյանի ցուցմունքները ստուգելու նպատակով նշանակված դատաքրեագիտական և դատակենսաբանական փորձաքննությունների արդյունքում տրված եզրակացություններով ևս Ս. Հարությունյանի ցուցմունքները հաստատվում են:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ի հայտ են եկել Ս. Հարությունյանի նկատմամբ դատավճիռ կայացնելիս դատարանին անհայտ մնացած հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել դատապարտյալի կատարած հանցանքի նվազ ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս. Հարությունյանի գործով չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Դրանով խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով ամրագրված գործի արդարացի քննության սկզբունքը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի հիման վրա քրեադատավարական օրենքի էական խախտում է:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 421-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Դատավճիռը ենթակա է բեկանման՝ գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելով, եթե թույլ է տրվել քրեադատավարական օրենքի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի էական խախտում, որը չի կարող վերացվել դատական քննության ժամանակ»:

Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 421-րդ հոդվածին համապատասխան՝ Ս. Հարությունյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 6-ի և այն անփոփոխ թողնելու մասին վերաքննիչ դատարանի 2005 թվականի փետրվարի 16-ի դատավճիռները պետք է բեկանել, և քրեական գործը վերադարձնել լրացուցիչ նախաքննության:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Ս. Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցին, գտավ, որ ընտրված խափանման միջոց կալանքը պետք է թողնել անփոփոխ և Ս. Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացնել մեկ ամսով` նկատի ունենալով, որ կատարված սպանության գործով նրա մեղսակցության աստիճանը դեռևս քննարկման առարկա է, և գործի հանգամանքները հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ նա, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 408-րդ, 419-րդ, 421-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Բողոքը բավարարել: Բեկանել Սուրեն Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 6-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի փետրվարի 16-ի դատավճիռները, և քրեական գործը վերադարձնել լրացուցիչ նախաքննության:

Ս. Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ, միաժամանակ նրա կալանքի ժամկետը երկարացնել մեկ ամիս ժամկետով` մինչև 2007 թվականի օգոստոսի 12-ը ներառյալ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ղուկասյան
  Մ. Սիմոնյան
  Ս. Օհանյան