Գլխավոր տեղեկություն
Համար
N 217-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.09.03/23(263) Հոդ.302
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.07.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007304

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

10 հուլիսի 2007 թ.

N 217-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ, 27-րդ և 33-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետ՝ կանոնակարգ 1) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) կանոնակարգ 1-ը լրացնել 2.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Բանկի գտնվելու վայրը նրա կանոնադրությունում նշված մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է: Բանկը ֆինանսական գործառնություններ է իրականացնում մշտական գործող մարմնի գտնվելու վայրում (գլխավոր գրասենյակ) և մասնաճյուղերում՝ բացառությամբ սույն կանոնակարգի 20.1-րդ կետով սահմանված դեպքերի:».

2) կանոնակարգ 1-ը լրացնել 20.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«20.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին թույլատրվում է իրենց գործունեության տարածքից դուրս իրականացնել վարկերի տրամադրման և/կամ վարկերի հավաքագրման գործընթացները հետևյալ բոլոր պայմանների միաժամանակ առկայության դեպքում.

1) վարկերի տրամադրումը և/կամ վարկերի հավաքագրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում (սույն կարգում «գյուղական համայնք» հասկացությունը կիրառվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով),

2) բանկից կամ բանկի տարածքային ստորաբաժանումից կանխիկ միջոցները սույն կետի «1)» ենթակետով նշված գյուղական համայնքներ և գյուղական համայնքներից հետ տեղափոխել թույլատրվում է միայն զինված ոստիկանի ուղեկցությամբ կամ ինկասատորի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ ինկասացիոն ծառայության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Բանկը պարտավոր է գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին գյուղական վայրում սույն կետով նշված գործունեությունը սկսելու կամ դադարեցնելու որոշման մասին՝ համապատասխան որոշումը ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, գյուղական վայրում սույն կետով նշված գործունեությունը սկսելու մասին գրավոր ծանուցմանը պետք է կցել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ ինկասացիոն ծառայության հետ կնքված համապատասխան պայմանագրերի պատճենները: Նշված պայմանագրերի ժամկետները լրանալուց հետո անմիջապես կնքվում են նոր պայմանագրեր, և 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ են ներկայացվում դրանք կամ նախկին պայմանագրերի ժամկետների երկարաձգումը հավաստող փաստաթղթեր:

3) Բանկի աշխատակիցներից, զինված ոստիկանից կամ ինկասատորից կազմված մեկ խմբի մոտ առկա գումարը օրվա ընթացքում չպետք է գերազանցի 5 միլիոն ՀՀ դրամը:».

3) ուժը կորցրած ճանաչել կանոնակարգ 1-ի 21-րդ կետի «թ» ենթակետը,

4) կանոնակարգ 1-ը լրացնել 21.1 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«21.1. Բանկի մասնաճյուղի գրանցման համար նոր ստեղծվող մասնաճյուղի ղեկավարները պետք է ունենան Կենտրոնական բանկի կողմից տրամադրված որակավորման վկայական: Ընդ որում, մասնաճյուղի ղեկավարների որակավորման վկայականի առկայության պահանջը պարտադիր չէ բանկերի այն մասնաճյուղերի գրանցման դեպքում, որոնց մասով Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման եզրակացության համաձայն բավարարված են ստորև ներկայացված պահանջները.

1) բանկն ունի կադրերի ընտրության, աշխատակիցների մասնագիտական որակի բարձրացման և ղեկավարների նոր սերնդի պատրաստման, ինչպես նաև մասնաճյուղերի ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության գնահատման գործող համակարգեր, և

2) բանկն ունի ներքին հսկողության արդյունավետ գործող համակարգ, և

3) բանկում պահպանվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 16-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում գործառնական ռիսկերի կառավարումը» նվազագույն պարտադիր պահանջները և 2001 թվականի մարտի 21-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված «Աբոնենտների կողմից CBANet միջբանկային համակարգչային ցանցի և էլեկտրոնային վճարումների համակարգի օգտագործման անվտանգության ապահովման և տեխնիկական վտանգների նվազեցման պարտադիր պահանջները», և

4) տվյալ մասնաճյուղի և բանկի գլխամասի միջև առկա է կապ, որը հնարավորություն է տալիս գործունեությունը ծավալել իրական ժամանակի ռեժիմով, այսինքն՝ ապահովում է մասնաճյուղում կատարվող գործարքների ակնթարթային արտացոլումն ընդհանուր տեղեկատվական բազայում և բանկի հաշվեկշռում:».

5) ուժը կորցրած ճանաչել կանոնակարգ 1-ի 261-րդ կետը.

6) կանոնակարգ 1-ի 54-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկի մասնաճյուղը կարող է չունենալ գլխավոր հաշվապահ, եթե տվյալ մասնաճյուղի և բանկի գլխամասի միջև առկա է կապ, որը հնարավորություն է տալիս գործունեությունը ծավալել իրական ժամանակի ռեժիմով, այսինքն՝ ապահովում է մասնաճյուղում կատարվող գործարքների ակնթարթային արտացոլումն ընդհանուր տեղեկատվական բազայում և բանկի հաշվեկշռում:».

7) ուժը կորցրած ճանաչել կանոնակարգ 1-ի 71-րդ կետի «ե» ենթակետը.

8) կանոնակարգ 1-ի 71.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«71.1. Բանկի ղեկավարի կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար ղեկավարները պետք է ունենան Կենտրոնական բանկի կողմից տրամադրված որակավորման վկայական: Ընդ որում, որակավորման վկայականի առկայության պահանջը պարտադիր չէ բանկի այն մասնաճյուղի ղեկավարների գրանցման համար, որոնց մասով Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման եզրակացության համաձայն բավարարված են սույն կանոնակարգի 21.1-րդ կետով սահմանված պահանջները:».

9) կանոնակարգ 1-ի 73-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) բանկի մասնաճյուղի կառավարիչը և գլխավոր հաշվապահը պետք է ունենան բարձրագույն կրթություն և առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Բարձրագույն կրթության բացակայութան դեպքում բանկի մասնաճյուղի կառավարիչը և գլխավոր հաշվապահը պետք է ունենան միջնակարգ մասնագիտական կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Եթե Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման եզրակացության համաձայն բանկն ունի կադրերի ընտրության, մասնագիտական որակի բարձրացման և ղեկավարների նոր սերնդի պատրաստման, ինչպես նաև ներքին հսկողության արդյունավետ գործող համակարգեր, վերջինիս մասնաճյուղերի բարձրագույն կրթություն ունեցող ղեկավարների թեկնածուների նկատմամբ 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձի պահանջը չի տարածվում:».

10) կանոնակարգ 1-ի 89-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) կանխիկ դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց՝ դրամապահոց և գործառնական դրամարկղ: Դրամապահոցը կանխիկ դրամի և այլ արժեքների, գրավադրված և ի պահ ընդունված արժեքների պահպանության հիմնական դրամապահոց է՝ իր նախադրամապահոցով: Դրամապահոցի բացակայության դեպքում անհրաժեշտ է ինկասացիոն ծառայության հետ կնքված պայմանագիր՝ նշված միջոցների ամենօրյա տեղափոխման, հանձնման համար, ինչպես նաև որևէ բանկի հետ կնքված պայմանագիր, եթե նշված միջոցները պահպանման են հանձնվելու այլ բանկ կամ այլ բանկի տարածքային ստորաբաժանում: Դրամապահոցի բացակայության պարագայում բանկը կարող է չիրականացնել դրամարկղում առկա կանխիկ դրամի ինկասացում, եթե դրամարկղում կանխիկ դրամի՝ տվյալ օրվա մնացորդը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը, և մասնաճյուղում տեղադրված է հատուկ չհրկիզվող պահարան, որն ամրացված է դրամարկղի հատակին ու պատին: Եթե բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կամ տարածքային ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված է, որ վերջինս «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված գործառնություններն իրականացնում է բացառապես անկանխիկ ձևով, ապա դրամարկղային հանգույցի առկայությունը պարտադիր չէ:

գ) Շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման և շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգեր: Ընդ որում, շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը պետք է միացված լինի համապատասխան կազմակերպությանը, իսկ շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգը պետք է միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի հետ՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Եթե բանկերի մասնաճյուղերը գտնվում են ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգ ունեցող տարածքներում, ապա բանկի տարածքի շուրջօրյա ահազանգման համակարգը պետք է միացված լինեի շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգին՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. հուլիսի 19
Երևան