Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.06.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.06.13/30(554)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.06.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական
վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-726(ՎԴ)
2007 թ.


Քաղաքացիական գործ թիվ 05-3657/2005 թ.
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան
Դատավորներ՝ Գ. Մատինյան
Ն. Հովսեփյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հունիսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «Նայտեքս» ԲԲԸ-ի վճռաբեկ բողոքն ըստ «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի դիմումի՝ ՀՀ բանկերի միությանն առընթեր մշտապես գործող միջնորդ դատարանի 01.04.2005 թվականի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին թիվ 05-3657 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 16.2.2005 թվականի որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով  դատարան՝ «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն պահանջել է Հայաստանի բանկերի միությանն առընթեր մշտապես գործող միջնորդ դատարանի 01.04.2005 թվականի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 02.08.2005 թվականի որոշմամբ դիմումը բավարարել է:

Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Նայտեքս» ԲԲԸ-ն:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ  հոդվածի պահանջը, չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «բ» կետը, որը պետք է կիրառեր, այլ կիրառել է «ա» կետը, որը չպետք է կիրառեր:

 

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը «Նայտեքս» ԲԲԸ-ին օրենքով սահմանված կարգով չի ուղարկել որոշումը, ինչի պատճառով ընկերությունը չի իմացել կայացված որոշման գոյության մասին և հնարավորություն չի ունեցել ժամանակին բողոքարկելու այն:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար վերաքննիչ բողոքի համար (ի տարբերություն առաջին ատյանի նույն պահանջով ներկայացվող դիմումների, որոնց համար ուղղակի նախատեսված է բռնագանձվող գումարի 2 տոկոսը) կոնկրետ դրույքաչափ չի նախատեսել: Հետևաբար, նման պայմաններում միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը գանձելիս ենթակա է կիրառման «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «բ» ենթակետը, այն է՝ ոչ գույքային բնույթի պահանջի գործերի համար սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ բազային տուրքի տասնապատիկի չափով, քանի որ կատարողական թերթի պահանջը ոչ գույքային բնույթի պահանջ է՝ անկախ այն հանգամանքից, թե կատարողական թերթով  ինչպիսի գործողություն պետք է կատարվի:

Հետևաբար, վերաքննիչ դատարանը միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման վերաբերյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանողից գանձելով բռնագանձվող գումարի 3 տոկոսը՝ որպես պետական տուրքի գումար, խախտել է պատասխանողի նյութական իրավունքը:

 

Բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի որոշումը պետական տուրքի բռնագանձման մասով բեկանել և հնարավորության դեպքում այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Հայաստանի բանկերի միությանն առընթեր մշտապես գործող միջնորդ դատարանը 01.04.2005 թվականին քննել է քաղաքացիական գործն ըստ հայցի «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի ընդդեմ պատասխանողներ «Նայտեքս» ԲԲԸ-ի և քաղաքացի Զարե Բալասանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: 01.04.2005 թվականի վճռով դատարանը վճռել է «Նայտեքս» ԲԲԸ-ից հօգուտ «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի բռնագանձել 442525, 98 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

2) 02.08.2005 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դռնբաց դատական նիստում քննելով պարտատեր «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի դիմումը՝ Հայաստանի բանկերի միությանն առընթեր մշտապես գործող միջնորդ դատարանի 01.04.2005 թվականի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին, որոշել է դիմումը բավարարել: Դատարանը միաժամանակ «Նայտեքս» ԲԲԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել է 8851 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումի ներկայացման համար սահմանված պետական տուրքի գումար:

3) 16.12.2005 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը որոշել է կատարողական թերթ տալու մասին «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի դիմումը բավարարել և «Նայտեքս» ԲԲԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 9809690 դրամ՝ որպես առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններ նշված դիմումի ներկայացման համար պետական տուրքի գումար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պահանջատերը և պարտապանը, պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ ստացականի հանձնմամբ, տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի վճիռը, այն կազմելուց անմիջապես հետո, պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

Տվյալ քաղաքացիական գործի ուսումնասիրությամբ Վճռաբեկ դատարանը պարզեց, որ քաղաքացիական գործում առկա չէ որևէ ապացույց, որը կարող է հաստատել «Նայտեքս» ԲԲԸ-ին բողոքարկվող դատական ակտը պատշաճ ուղարկելու փաստը:

Փաստորեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի խախտումն առկա է:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի «բ» կետի կիրառման ենթակա լինելու վերաբերյալ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում հետևյալ պատճառաբանությամբ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նույն հոդվածի 7-րդ մասի «ա» կետի համաձայն՝ միջնորդ դատարանների վճիռների հարկադիր կատարման կատարողական թերթ տալու մասին դիմումների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջով բռնագանձման ենթակա գումարի երկու տոկոսի չափով: Սույն դիմումի ներկայացման համար հիմք է ծառայել Հայաստանի բանկերի միությանն առընթեր մշտապես գործող միջնորդ դատարանի 01.04.2005 թվականի՝ գումարի բռնագանձման մասին վճիռը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճիռը կայացվել է գույքային պահանջի հիման վրա և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածով այդպիսի դիմումների ներկայացման համար ուղղակիորեն նախատեսված է բռնագանձվող գումարի 2 տոկոսի չափով պետական տուրքի վճարման դրույքաչափ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարան սույն դիմումի ներկայացման համար ենթակա է գանձման 8851 ԱՄՆ դոլարին համարժեք պետական տուրքի գումար:

Նույն հոդվածի 8-րդ մասի «ա» կետի համաձայն՝ դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, իսկ ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ սույն գործով ներկայացված դիմումի հիմքում ընկած է գումար բռնագանձելու մասին միջնորդ դատարանի վճիռը, այնուամենայնիվ կատարողական թերթի պահանջը ոչ գույքային բնույթի պահանջ է՝ անկախ այն հանգամանքից, թե կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթով ինչպիսի գործողություններ են նախատեսվում իրականացնել: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միջնորդ դատարանի վճիռների կատարման համար կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումներով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքը պետք է գանձվի բազային տուրքի տասնապատիկի չափով:

 

Բողոքի վերը նշված հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու հիմք է:

 

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Սույն գործի փաստերից ելնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իր կողմից վերաքննիչ դատարանի վճիռը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր է համարում և դրա առկայությունը բավարար հիմք է դիտում ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մասնակիորեն բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի որոշումը և այն փոփոխել:

2. «Նայտեքս» ԲԲԸ-ից բռնագանձել 8851 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես առաջին ատյանի դատարան միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման կատարողական թերթ տրամադրելու դիմումի ներկայացման համար սահմանված պետական տուրքի գումար:

3. «Նայտեքս» ԲԲԸ-ից բռնագանձել 10. 000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի ներկայացման համար սահմանված պետական տուրքի գումար:

4. «Նայտեքս» ԲԲԸ-ից բռնագանձել 20. 000 ՀՀ դրամ` որպես սույն վճռաբեկ բողոքի ներկայացման համար սահմանված պետական տուրքի գումար:

5. Որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

6. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան