Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.06.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.06.13/30(554)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.06.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական
դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-299(ՏԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ-2471/2006 թ.
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հունիսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ նաև դատարան) 13.12.2006 թվականի թիվ Տ-2471 քաղաքացիական գործով կայացրած վճռի դեմ՝ ըստ հայցի «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի անվճարունակության գործով կառավարիչ Լ. Պետրոսյանի ընդդեմ Երևանի Արաբկիր թաղապետարանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվոր «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի անվճարունակության գործով կառավարիչը պահանջել է պատասխանողից բռնագանձել 21.137.471 ՀՀ դրամ:

Դատարանի 13.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի Արաբկիր թաղային համայնքի ղեկավարը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի անվճարունակության գործով կառավարիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ, 44-րդ հոդվածի 5-րդ մասի, 119-րդ հոդվածի 1-ին կետերի, 48-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ՝ տվյալ դեպքում հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած հանգամանքները: Այս գործով հայցվորը պետք է ապացուցեր աշխատանքների կատարված լինելը, այլ ոչ թե պատասխանողը՝ աշխատանքների չկատարված կամ թերի կատարված լինելը: Հայցվորը այս հանգամանքը չի ապացուցել, իսկ դատարանը հայցը բավարարել է` տվյալ փաստի ապացուցման պարտականությունը պատասխանողի վրա դնելով:

Դատարանը մերժել է նիստը հետաձգելու և թաղապետարանի կոմունալ և ֆինանսական բաժինների պետերի ներկայությունը ապահովելու վերաբերյալ թաղապետարանի ներկայացուցչի միջնորդությունը: Այս պաշտոնատար անձինք որպես վկաներ հայցվորի կողմից ներգրավված էին գործի քննությանը, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չէին կարողացել ներկայանալ դատական նիստին: Նշված անձինք անմիջականորեն վերահսկել են աշխատանքների կատարումը և միայն նրանք կարող էին հիմնավոր տեղեկություններ հայտնել աշխատանքների ծավալների վերաբերյալ և նրանց վկայությունները կարող էին ապացույց հանդիսանալ աշխատանքները չկատարելու և թերի կատարելու վերաբերյալ:

Եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, ապա դատարանն իրավունք ունի որոշում կայացնելու նրանց հարկադիր բերման ենթարկելու մասին:

2) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ և 779-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 781-րդ, 727-րդ, 737-րդ, 518-րդ և 519-րդ հոդվածները, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, որոնք պետք է կիրառվեին:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Նշված հոդվածները սահմանում են պատվիրատուի՝ տվյալ դեպքում Արաբկիրի թաղապետարանի իրավունքները պայմանագրով նախատեսված աշխատանքները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:

Համայնքի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված կատարողական ակտերի բացակայությունն ապացույց է այն մասին, որ պայմանագրով նախատեսված աշխատանքները չեն կատարվել կամ կատարվել են ոչ պատշաճ:

Դատարանի կողմից անտեսվել է թաղապետարանի ներկայացուցչի այն պնդումը, որ պայմանագրով նախատեսված աշխատանքները չեն կատարվել կամ կատարվել են թերի և այդ պատճառով կատարողական ակտերը չեն ստորագրվել, որի մասին գրավոր տեղյակ է պահվել «Քլիը Սիթի» ՍՊԸ-ն:

Դատարանը ընկերության կողմից 2005 թվականի նոյեմբերին պայմանագրով ստանձնած պարտավորությունը կատարված լինելը հիմնավորված է համարել նաև հայցվոր կողմի ներկայացրած ուղեգրերի փաթեթով, որոնք տվյալ ժամանակաշրջանում տրվել են աղբատար մեքենաների վարորդներին: Դրանք բավարար ապացույց չեն կարող համարվել, քանի որ ուղեգրերը տրվում են միայն հայցվորի կողմից, այսինքն միակողմանիորեն կազմված և հաստատված փաստաթղթեր են:

Վճիռ կայացնելիս, հետազոտելով ապացույցները, դատարանը հաշվի է առել թաղապետարանի գանձումների բաժնի պետի և «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահի միջև կազմված ակտը, որը կնքված է միայն «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի կնիքով և բացակայում է թաղապետարանի կնիքը:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` ֆինանսական բոլոր փաստաթղթերը ստորագրում է համայնքի ղակավարը, այսինքն նա է համարվում ֆինանսական գլխավոր կարգադրիչը և միայն համայնքի ղեկավարի կողմից ստորագրվելուց և կնքվելուց հետո, ակտը կարող է օրինական ուժ ունենալ, ինչպես նաև ստանալ հաշվապահական ձևակերպում:

Թաղապետարանի գանձումների բաժնի պետն ակտը ստորագրելու իրավասություն չի ունեցել, հետևաբար այդ ակտն առոչինչ է:

Բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն՝ հայցը բավարարելու մասով բեկանել դատարանի 13.12.2006 թվականի վճիռը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 781-րդ, 727-րդ, 737-րդ , 518-րդ և 519-րդ հոդվածները սույն վեճի նկատմամբ կիրառելի են:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը կիրառելի չեն, քանի որ դրանք վերաբերում են համայնքի ղեկավարի լիազորություններին, այնինչ դատարանը նշված լիազորությունները չի սահմանափակել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջը խախտելու վերաբերյալ փաստարկն անհիմն է, քանի որ գործի քննությունը հետաձգելը դատարանի իրավունքն է, այլ ոչ՝ պարտականությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ տնտեսական դատարանի 05.12.2005 թվականի վճռով «Քլիը Սիթի» ՍՊԸ-ն ճանաչվել է անվճարունակ:

2) 02.05.2005 թվականին Արաբկիրի թաղապետարանի և «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի միջև կնքվել է ԵԱԹ-Գ/Հ-ԱՇՁԲ-6 պայմանագիրը՝ Արաբկիր համայնքում շինարարական աղբի մաքրման և տեղափոխման աշխատանքների մասին, որի 1-ին կետի համաձայն՝ թաղապետարանը պարտավորվել է ընդունել այդ աշխատանքը և վճարել ներկայացված կատարողական ակտերին համապատասխան:

3) ԵԱԹ-Գ/Հ-ԱՇՁԲ-6 պայմանագրի 1.2-րդ կետով պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 31.12.2005 թվականը:

4) 01.06.2005թ. կողմերի միջև կնքվել է ԵԱԹ-Բ/Մ-ԾՁԲ-5 պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն՝ «Քլիը Սիթի» ՍՊԸ-ն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալով, ձևով և ժամկետներում իրականացնել Երևան քաղաքի Արաբկիր համայնքի փողոցների և հրապարակների սանիտարական մաքրման ծառայություններ, իսկ թաղապետարանը պարտավորվել է ընդունել այդ ծառայությունները և վճարել դրա համար կատարողական ակտերին համապատասխան:

5) ԵԱԹ-Բ/Մ-ԾՁԲ-5 պայմանագրի 1.2-րդ կետով պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել պայմանագրի ստորագրման պահից մինչև 31.12.2005 թվականը:

6) Նշված պայմանագրերի համաձայն՝ պատվիրատուն իրավունք ունի առանց աշխատանքի արդյունքի դիմաց վարձատրելու միակողմանի լուծել պայմանագիրը և պահանջել հատուցել իրեն պատճառած վնասները, եթե կատարողի կողմից կատարվող աշխատանքները չեն համապատասխանում պայմանագրով սահմանված պահանջներին:

7) «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ Մ. Հովսեփյանը և Արաբկիրի թաղապետարանի գանձումների բաժնի պետ Վ. Ղահրամանյանը կատարել են փոխադարձ հաշվարկների ստուգում և պարզել են, որ Արաբկիրի թաղապետարանի գանձումների բաժնի կողմից 2005 թվականի (01.01.2005 թ. մինչև 31.12.2005 թ.) ընթացքում տարածքների ժամանակավոր օգտագործման թվով 216 պայմանագրերով հավաքվել են նաև աղբահանության գումարներ 2.763.900 դրամ:

8) 2005 թվականի նոյեմբեր ամսվա՝ շինարարական և կենցաղային աղբի մաքրման և տեղափոխման, ինչպես նաև փողոցների և հրապարակների սանիտարական մաքրման աշխատանքների վերաբերյալ կազմված կատարողական ակտերը 01.12.2005 թվականին ընկերության կողմից ներկայացվել է թաղապետարանի կոմունալ բաժին:

9) Թաղապետարանի կողմից կատարողական ակտերը չեն հաստատվել այն պատճառաբանությամբ, որ վերոհիշյալ աշխատանքներն ընկերության կողմից կատարվել են թերություններով և ներկայացված կատարողական ակտերը չեն համապատասխանել փաստացի կատարված աշխատանքների ծավալներին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն վեճի հիմքում ընկած պայմանագրերի համաձայն՝ պատվիրատուն պարտավորվել է ընդունել կատարված աշխատանքը և վճարել դրա դիմաց՝ ներկայացված կատարողական ակտերի համաձայն: Այսինքն որպես նշված աշխատանքների դիմաց վճարման հիմք՝ կողմերը փոխադարձ համաձայնությամբ համարել են կատարողական ակտերը:

Մինչդեռ հայցվորը 2005 թվականի նոյեմբեր ամսին կատարված աշխատանքների ընդունման և կատարողական ակտերի հաստատման մասին որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել դատարան:

Հայցի բավարարման հիմքում դատարանը դրել է նաև թաղապետարանի գանձումների բաժնի պետի և «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահի միջև կազմված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, որը հաստատված չէ համայնքի ղեկավարի կողմից:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն՝ ֆինանսական բոլոր փաստաթղթերը ստորագրում է համայնքի ղեկավարը, այսինքն նա է համարվում ֆինանսական գլխավոր կարգադրիչը և միայն համայնքի ղեկավարի կողմից ստորագրվելուց և կնքվելուց հետո, ակտը կարող է օրինական ուժ ունենալ, ինչպես նաև ստանալ հաշվապահական ձևակերպում: Հետևաբար, նշված ակտն ընկերության կողմից պայմանագրերով սահմանված աշխատանքները պատշաճ կերպով կատարված լինելու մասին փաստը հաստատող թույլատրելի և վերաբերելի ապացույց չէ, քանի որ այն հաստատված չէ համայնքի ղեկավարի կողմից և վերաբերում է ընդամենը թաղապետարանի կողմից աղբահանության վարձավճարների գանձմանը՝ առանց նշում պարունակելու, թե վարձավճարները կոնկրետ որ ամսվա աղբահանության դիմաց են գանձվել: Բացի այդ, թաղապետարանի կողմից աղբահանության դիմաց վճարումների գանձման փաստն ինքնին հիմք չի կարող հանդիսանալ աղբահանության աշխատանքների պատշաճ կատարումը ապացուցված համարելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:

Սույն գործով կայացված վճռով դատարանը աշխատանքները կատարված չլինելու վերաբերյալ պատասխանող կողմի պնդումներն անհիմն է համարել, վերջինիս կողմից մասնավորապես՝ աշխատանքը թերություններով կատարելու մասին և պայմանագրով նախատեսված աշխատանքները փաստացի կատարված չլինելու վերաբերյալ երկկողմանի կազմված ակտեր չներկայացնելու պատճառաբանությամբ: Այսպիսով, դատարանը՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջները՝ ընդհանուր հայցային վարույթի գործով ապացուցման պարտականությունը դրել է պատասխանողի վրա, այնինչ աշխատանքները պատշաճ որակով և ծավալով կատարված լինելու հանգամանքն ապացուցելը հայցվորի պարտականությունն է:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում բողոքի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը խախտելու մասին հիմքը, հետևյալ պատճառաբանությամբ:

Դատավարության մասնակիցների աշխատանքային ծանրաբեռնվածությունը բավարար հարգելի պատճառ չէ դատաքննությանը չներկայանալու և դրա հիմքով գործի քննությունը հետաձգելու համար: Գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հետաձգելու համար անհրաժեշտ են առնվազն երկու հանգամանքների միաժամանակյա առկայություն.

- վկայի դատական նիստին չներկայանալը հարգելի պատճառներով,

- գործի լուծման համար դատաքննությամբ ձեռք բերված այլ ապացույցների անբավարարությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը խախտելու վերաբերյալ սույն բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում այն պատճառաբանությամբ, որ նշված հոդվածը դատարանին հնարավորություն է տալիս դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով վկայի կողմից դատական նիստին չներկայանալու դեպքում վերջինիս բերման ենթարկել, եթե գործում առկա ապացույցները բավարար չեն գործի լուծման համար:

Մինչդեռ դատարանը վիճելի աշխատանքները կատարված լինելու, ինչպես նաև դրանք պատվիրատուի կողմից ընդունելու վերաբերյալ հանգամանքները ապացուցված է համարել առանց գործի քննությանը որպես վկաներ ներգրավված՝ թաղապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բացատրությունները լսելու և բավարարվել է գործում առկա ապացույցներով, որոնցով, ըստ էության, այդ հանգամանքները չէին կարող ապացուցվել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դատավարական իրավունքի խախտումները կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատասխանողի վերը նշված դատավարական իրավունքների խախտումները բավարար հիմք են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ՀՀ տնտեսական դատարանի 13.12.2006 թվականի վճիռը բեկանելու համար:

2) Նյութական իրավունքի նորմերի խախտման մասին պատասխանողի պատճառաբանությունները չեն կարող դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ այն պայմաններում, երբ կողմի բոլոր փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել՝ կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պատճառաբանությունները չեն կարող լինել նաև Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա:

 

Այսպիսով, սույն բողոքի հիմքի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն ՀՀ տնտեսական դատարանի 13.12.2006 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 13.12.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան