Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.06.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.06.13/30(554)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.06.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական
վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-814(ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-928/2007

Նախագահող դատավոր՝

Վ. Ավանեսյան
Դատավորներ՝ Գ. Մատինյան
Դ. Խաչատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հունիսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Հովհաննես, Խաչիկ և Աննա Հովհաննիսյանների, Նինա Ղազարյանի, Աշխեն Հարությունյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման և Արմեն Վիրաբյանի՝ Երևանի քաղաքապետի 15.07.2005 թվականի որոշման 19-րդ կետը, իրավունքի պետական գրանցումը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականը, Երևանի քաղաքապետի 14.10.2005 թվականի որոշումը, դրա հիման վրա կնքված հողի վարձակալության պայմանագիրը, կատարված իրավունքի պետական գրանցումը, տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Վիրաբյանի հայցով ընդդեմ Աննա և Հովհաննես Հովհաննիսյանների՝ հողամասից վտարելու պահանջի մասին քաղաքացիական գործով,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան)՝ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 15.07.2005 թվականի թիվ 1540-Ա որոշման 19 կետը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003-4-16 մատյանի 000257 համարի տակ 24.08.2005 թվականին Արմեն Վիրաբյանի իրավունքի գրանցումը և դրա հիման վրա 24.08.2005 թվականին տրված թիվ 2006313 սեփականության իրավունքի վկայականը, Երևանի քաղաքապետի 14.10.2005 թվականի թիվ 2191-Ա որոշումը, դրա հիման վրա կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, պետական գրանցման միասնական 01-003-4-16 մատյանի 000257 համարի տակ 17.02.2006 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 2131996 վկայականը:

Առաջին ատյանի դատարանի 06.11.2006 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Արմեն Վիրաբյանի հայցադիմումը՝ ընդդեմ Աննա և Հովհաննես Հովհաննիսյանների՝ Ա. Վիրաբյանի սեփականությունը հանդիսացող Երևանի Հովսեփ Էմինի փողոցի 13ա տանը հարակից հողամասից ընտանիքի անդամներով վտարելու պահանջի մասին: Առաջին ատյանի դատարանի 11.11.2006 թվականի որոշմամբ վարույթում գտնվող վերը նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

Առաջին ատյանի դատարանի 08.12.2006 թվականի վճռով՝ Հովհաննես Հովհաննիսյանի, Նինա Ղազարյանի, Խաչիկ Հովհաննիսյանի, Աշխեն Հարությունյանի, Աննա Հովհաննիսյանի հայցը՝ մերժվել է, իսկ Արմեն Վիրաբյանի հայցը՝ բավարարվել:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը 21.02.2007 թվականին վճռել է Հովհաննես Հովհաննիսյանի, Խաչիկ Հովհաննիսյանի, Նինա Ղազարյանի, Աշխեն Հարությունյանի, Խաչիկ Հովհաննիսյանի հայցը բավարարել մասնակիորեն և անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 14.10.2005 թվականի թիվ 2191-Ա որոշումը և այդ որոշման հիման վրա Երևանի քաղաքապետի և Արման Վիրաբյանի միջև 07.02.2006 թվականին կնքված Երևանի Էմինի փողոցի 11 տան մոտ գտնվող 161 քմ մակերեսով հողի ուղղակի առուվաճառքի պայմանագիրը, այդ պայմանագրից ծագող իրավունքների կադաստրում կատարված գրանցումը, որոշման և պայմանագրի հիմքով տրված սեփականության իրավունքի վկայագիրը՝ 161 քմ մակերեսով հողամասի մասով:

Հայցապահանջը մնացած մասով մերժվել է:

Արմեն Վիրաբյանի հայցը՝ ընդդեմ Աննա և Հովհաննես Հովհաննիսյանների՝ հողամասից վտարելու պահանջի մասին մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքները ներկայացրել են Արմեն Վիրաբյանը և Երևանի քաղաքապետը:

Արման Վիրաբյանի վճռաբեկ բողոքին Երևանի քաղաքապետը ներկայացրել է պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

Ըստ Արմեն Վիրաբյանի վճռաբեկ բողոքի՝

 

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 31-րդ հոդվածները:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Դատարանը բազմակողմիանի չի հետազոտել գործով ներկայացված ապացույցները, ինչի արդյունքում հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվոր Աննա Հովհաննիսյանը սույն գործով պատշաճ հայցվոր չի կարող հանդիսանալ, քանի որ հաշվառված լինելով Հ. Էմինի 13ա հասցեում, ամուսնանալուց հետո այդ հասցեում չի բնակվում, մշտապես բնակություն է հաստատել Շենգավիթ համայնքում:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի կարգավիճակի վերաբերյալ» 26.12.2002 թվականի ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Հայցվորները ինքնակամ զավթած հողամասը օրինականացնելու նպատակով պարտավոր էին դիմել հողամասի գտնվելու վայրի Անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանում, այլ ոչ թե թաղապետարան:

 

3) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 159-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան՝ ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: Սույն վեճով քաղաքապետի որոշմամբ հայցվորների՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված որևէ իրավունք չի խախտվել:

Պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ակտերը վիճարկելու հիմքերից է նաև դիմողի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի առկայությունը, իսկ հայցվորների մոտ իրավունքի կամ ազատության խախտման փաստը առկա չէ:

 

Վերը նշված հիմքերով վճռաբեկ բողոք բերած անձ Արմեն Վիրաբյանը խնդրել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 21.02.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 08.12.2006 թվականի վճռին:

 

Ըստ Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքի՝

1) Դատարանը կիրառել է ՀՀ կառավարության 28.10.1998 թվականին ընդունված «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» թիվ 660 որոշումը, որը չպետք է կիրառեր:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ կառավարության 28.10.1998 թվականի թիվ 660 որոշման 2-րդ կետի համաձայն՝ նույն որոշումը տարածվում է քաղաքաշինական ծրագրային ու գոտիավորման փաստաթղթերի և դրանց բացակայության դեպքում՝ կառուցապատման նախագծերի, նոր կառուցվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի վրա: Հետևաբար ակնհայտ է, որ նշված կարգը չի կարող տարածվել Երևանի քաղաքապետարանի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասի ուղղակի վաճառքի դեպքում առաջացած իրավահարաբերությունների կարգավորման ընթացքում: Հետևաբար, Երևանի քաղաքապետը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում տնօրինելով պետական սեփականություն հանդիսացող հողամասը, պարտավոր չէր այդ մասին իրազեկել առանց իրավական հիմքերի, ապօրինաբար պետության սեփականություն հանդիսացող հողամասն օգտագործող քաղաքացիներին նախատեսվող օտարման գործարքի վերաբերյալ:

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-րդ կետը, ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.13 կետի «ե» ենթակետը, ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման 6-րդ կետը, 20-րդ կետի «գ» ենթակետը, որոնք պետք է կիրառեր:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ ՀՀ կառավարությունը հաստատելով հողամասերի գոտիավորման ու օգտագործման սխեմաները և բնակավայրերի գլխավոր հատակագծերը, միաժամանակ թույլատրում է փոխել հողամասերի նպատակային նշանակությունը՝ հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմաներով, բնակավայրերի գլխավոր հատակագծերով սահմանված հերթականությամբ լիազորում է համայնքի ղեկավարներին ու մարզպետներին, սույն օրենսգրքով և այլ օրենքներով ու դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, իրենց իրավասության շրջանակներում, սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրել հողամասեր:

ՀՀ կառավարության կողմից 12.04.2001 թվականին ընդունված թիվ 286 որոշման պահանջներին համապատասխան՝ Երևանի քաղաքապետն իր լիազորությունների շրջանակում տնօրինել է պետության սեփականություն հանդիսացող հողամասը:

ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.13 կետի «ե» ենթակետի համաձայն Երևանի քաղաքապետը օրենսդրությամբ նախատեսված կարգով Երևան քաղաքի գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան հատկացնում, հետ է վերցնում և վարձակալության է տրամադրում Երևան քաղաքի տարածքում գտնվող հողերը:

3) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 159-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան՝ ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: Սույն վեճով քաղաքապետի որոշմամբ հայցվորների՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված որևէ իրավունք չի խախտվել:

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, համաձայն որի՝ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու (այսուհետ՝ ակտն անվավեր ճանաչելու) համար հիմք են նշված ակտն օրենքին հակասելը և դիմողի՝ ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի առկայությունը: Մինչդեռ Երևանի քաղաքապետի 14.10.2005 թվականի թիվ 2191-Ա որոշման կայացմամբ դատաքննությամբ չի հիմնավորվել հայցվորների ՀՀ օրենքներով նախատեսված որևէ իրավունքի խախտման վերաբերյալ փաստը:

4) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 31-րդ հոդվածները:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը բազմակողմիանի չի հետազոտել գործով ներկայացված ապացույցները, ինչի արդյունքում հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվոր Աննա Հովհաննիսյանը սույն գործով պատշաճ հայցվոր չի կարող հանդիսանալ, քանի որ հաշվառված լինելով Հ. Էմինի 13ա հասցեում, ամուսնանալուց հետո այդ հասցեում չի բնակվում, մշտապես բնակություն է հաստատել Շենգավիթ համայնքում:

 

Վճռաբեկ բողոք բերած անձ Երևանի քաղաքապետը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21. 02. 2007 թվականի վճիռը:

 

2.1 Արմեն Վիրաբյանի վճռաբեկ բողոքին Երևանի քաղաքապետի ներկայացրած պատասխանը.

 

Վճռաբեկ բողոքին ներկայացված պատասխանով, Երևանի քաղաքապետն ըստ էության ներկայացրել է Ա. Վիրաբյանի բողոքի հիմքերը հիմնավորող փաստարկներ, որոնք նշված են նաև իր՝ Երևանի քաղաքապետի բողոքում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա որոշման 9 հավելվածի 37 տողի 10-րդ սյունակով Հովսեփ Էմինի փողոցի թիվ 11 տան մոտ գտնվող՝ 43. 7քմ մակերեսով հասարակական նշանակության շինության (պահեստի) նկատմամբ ճանաչվել է պատասխանող Արմեն Վիրաբյանի սեփականության իրավունքը, իսկ զբաղեցված հողատարածքը տրվել է վարձակալության:

2) Երևանի քաղաքապետի 15.07.2005 թվականի թիվ 1540-Ա որոշման 19-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետի 20. 04. 2005 թվականի թիվ 834-Ա որոշման 9 հավելվածի 37 տողի 10-րդ սյունակը և 161 քմ հողի նկատմամբ ճանաչվել Ա. Վիրաբյանի սեփականության իրավունքը՝ հողի օտարման պայմանով:

3) Երևանի քաղաքապետի 14.10.2005 թվականի թիվ 2191-Ա որոշմամբ 161 քմ հողամասը տրվել է պահեստի ընդլայնման նպատակով և ուղղակի վաճառքի եղանակով օտարվել է Ա. Վիրաբյանին:

4) Երևանի քաղաքապետի 14.10.2005 թվականի թիվ 2191-Ա որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.09.2005 թվականի թիվ 18-09/1-Վ-68 եզրակացությունը, որի համաձայն՝ վիճելի հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և այն հնարավոր չէ օտարել հրապարակային սակարկությունների միջոցով:

5) Երևանի քաղաքապետի և Արմեն Վիրաբյանի միջև 07.02.2006 թվականին կնքվել է վիճելի հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր:

6) Երևանի քաղաքապետի 15.07.2005 թվականի թիվ 1540-Ա և 14.10.2005 թվականի թիվ 2191-Ա որոշումներից, ինչպես նաև 07.02.2006 թվականին կնքված հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագրից Արմեն Վիրաբյանի ծագած իրավունքները ենթարկվել են պետական գրանցման՝ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003-4-16 մատյանի 000257 համարի տակ:

7) Հայցվորները վիճելի հողամասը օրինականացնելու հարցով 09.09.2005 թվականին դիմել են Արաբկիրի թաղապետարան:

8) Վիճելի հողամասի նկատմամբ մինչև Երևանի քաղաքապետի որոշումների կայացումը չեն եղել որևէ անձանց գրանցված գույքային իրավունքներ և հայցվորները այդ հողատարածքը օգտագործել են ապօրինի՝ առանց համապատասխան իրավական հիմքերի:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

Արմեն Վիրաբյանի վճռաբեկ բողոքի մասով՝

1) բողոքի առաջին հիմքը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում այն պատճառաբանությամբ, որ հայցվոր Աննա Հովհաննիսյանի՝ մշտապես վիճելի հասցեում չբնակվելու հանգամանքը հաստատող որևէ ապացույց քաղաքացիական գործում առկա չէ:

 

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-4-րդ մասերով, 5-րդ հոդվածի 1-3-րդ մասերով, 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և 7-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված դեպքերում քաղաքացիները կամ իրավաբանական անձինք ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ իրավունքների ճանաչման նպատակով, ըստ դրանց գտնվելու վայրի, պետք է դիմեն անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ:

Անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանումները դիմումն ստանալու օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում համայնքի վարչական սահմաններում` համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետին), իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս` համապատասխան մարզպետին են ներկայացնում ինքնակամ կառուցված շենքի, շինության կամ հողամասի հատակագիծը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորները վիճելի հողամասը օրինականացնելու հարցով 09.09.2005 թվականին դիմել են Արաբկիրի թաղապետարան: Հետևաբար, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի կարգավիճակի վերաբերյալ» 26.12.2002 թվականի ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների խախտումը սույն գործով առկա է:

 

3) Բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան՝ ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ օրենքին հակասող ակտն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու (այսուհետ` ակտն անավավեր ճանաչելու) հիմքերի վերաբերյալ ընդհանուր կանոնը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածով, որի համաձայն՝ պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու համար հիմք են նշված ակտն օրենքին հակասելը և դիմողի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի առկայությունը: Նշված հոդվածից հետևում է, որ ակտը դատարանի կողմից կարող է անվավեր ճանաչվել միայն հետևյալ երկու փաստերի միաժամանակյա առկայության պարագայում`

1. ակտը պետք է հակասի ՀՀ օրենքներին, և

2. այդ ակտով պետք է խախտվի այն վիճարկելու մասին դիմողի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքն ու (կամ) ազատությունը:

Սույն գործով հայցվորները դիմել են դատարան՝ Երևանի քաղաքապետի 15.07.2005 թվականի որոշման 19-րդ կետը, իրավունքի պետական գրանցումը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականը, Երևանի քաղաքապետի 14.10.2005 թվականի որոշումը, դրա հիման վրա կնքված հողի վարձակալության պայմանագիրը, կատարված իրավունքի պետական գրանցումը, տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջներով: Երևանի քաղաքապետի վիճարկվող որոշումները կայացվել են հասարակական նշանակության շինության (պահեստի) նկատմամբ պատասխանող Ա. Վիրաբյանի սեփականության իրավունքը ճանաչելու, իսկ պետական սեփականություն հանդիսացող և հայցվորների իրավունքներով չծանրաբեռնված հողամասի՝ օրենքով սահմանված կարգով օտարման վերաբերյալ:

Սույն գործի փաստերից ելնելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի դատաքննությամբ չի հիմնավորվել Երևանի քաղաքապետի վիճարկվող որոշումների կայացմամբ հայցվորների ՀՀ օրենքներով նախատեսված որևէ իրավունքի խախտման վերաբերյալ փաստը, ինչի առկայությունը պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց՝ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու հիմք է, որի բացակայության դեպքում հայցը դատարանի կողմից ենթակա է մերժման:

 

Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքի մասով՝

 

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 

ՀՀ կառավարության՝ 28.10.1998 թվականին ընդունված «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» թիվ 660 որոշման 2-րդ կետի համաձայն՝ նույն որոշմամբ սահմանված կարգի գործողությունը տարածվում է քաղաքաշինական ծրագրային ու գոտիավորման փաստաթղթերի և դրանց բացակայության դեպքում՝ կառուցապատման նախագծերի, նոր կառուցվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի վրա:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա որոշումով վիճելի հասցեում գտնվող 43. 7 քմ մակերեսով շինության (պահեստի) նկատմամբ ճանաչվել է պատասխանող Արմեն Վիրաբյանի սեփականության իրավունքը, իսկ զբաղեցված հողատարածքը տրվել է վարձակալության:

Երևանի քաղաքապետի 15.07.2005 թվականի թիվ 1540-Ա որոշման 19-րդ կետով վիճելի հողի նկատմամբ ճանաչվել է Ա. Վիրաբյանի սեփականության իրավունքը՝ հողի օտարման պայմանով:

Երևանի քաղաքապետի 14.10.2005 թվականի թիվ 2191-Ա որոշմամբ 161 քմ հողամասը տրվել է պահեստի ընդլայնման նպատակով և ուղղակի վաճառքի եղանակով օտարվել է Ա. Վիրաբյանին:

Այսինքն, նշված որոշումները վերաբերում են շինության նկատմամբ անձի սեփականության իրավունքը ճանաչելուն, դրանով զբաղեցված հողամասը նախ վարձակալության հանձնելու, ապա ուղղակի վաճառքի եղանակով օտարման հարաբերություններին, հետևաբար ՀՀ կառավարության վերը նշված որոշումը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ այն տարածվում է միայն քաղաքաշինական ծրագրային ու գոտիավորման փաստաթղթերի և դրանց բացակայության դեպքում՝ կառուցապատման նախագծերի, նոր կառուցվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի վրա:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 

ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարությունը, հաստատելով հողամասերի գոտիավորման ու օգտագործման սխեմաները և բնակավայրերի գլխավոր հատակագծերը, միաժամանակ թույլատրում է փոխել հողամասերի նպատակային նշանակությունը` հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներով, բնակավայրերի գլխավոր հատակագծերով սահմանված հերթականությամբ, լիազորում է համայնքների ղեկավարներին ու մարզպետներին, սույն օրենսգրքով և այլ օրենքներով ու դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, իրենց իրավասության շրջանակներում, սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրել հողամասեր:

Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է ՀՀ քաղաքացիներին և իրավաբանական անձանց՝ պետական սեփականությանը պատկանող այն հողամասերը, որոնք մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելն օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվել են օգտագործման՝ բնակելի, հասարակական կամ արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցման և սպասարկման նպատակով:

ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.13 կետի «ե» ենթակետի համաձայն Երևանի քաղաքապետը օրենսդրությամբ նախատեսված կարգով Երևան քաղաքի գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան հատկացնում, հետ է վերցնում և վարձակալության է տրամադրում Երևան քաղաքի տարածքում գտնվող հողերը:

ՀՀ կառավարության «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման 20-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է գոյություն ունեցող բնակելի, հասարակական, արդյունաբերական և այլ նշանակության օբյեկտների, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար, եթե հնարավոր չէ լրացուցիչ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետի 14.10.2005 թվականի թիվ 2191-Ա որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.09.2005 թվականի թիվ 18-09/1-Վ-68 եզրակացությունը, որի համաձայն՝ վիճելի հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և այն հնարավոր չէ օտարել հրապարակային սակարկությունների միջոցով: Հետևաբար, սույն գործի փաստերից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածը կիրառելի չէ, քանի որ այն չի վերաբերում գոյություն ունեցող այն հասարակական, արտադրական նշանակության հողամասերի ընդլայնման նպատակով օտարմանը, որոնք հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով:

Սույն գործի փաստերից ելնելով, Վճռաբեկ դատարանը ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման 20-րդ կետի «գ» ենթակետի, Հանրապետության Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.13 կետի «ե» ենթակետի կիրառման ենթակա լինելու վերաբերյալ սույն բողոքի հիմքը հիմնավոր է համարում, քանի որ վերը նշված նորմերը վերաբերում են Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի կողմից իր իրավասությունների սահմաններում սեփականության կամ օգտագործման իրավունքով հողամասեր տրամադրելու հետ կապված իրավասություններին, ինչպես նաև հասարակական, արտադրական նշանակության հողամասերի ընդլայնման նպատակով այն հողամասերի ուղղակի վաճառքի եղանակով օտարմանը, որոնք հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով:

3) Բողոքի 3-րդ և 4-րդ հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում այն պատճառաբանությամբ, որ այդ հիմքերը բերված են նաև սույն գործով մյուս բողոք բերած անձի՝ Արմեն Վիրաբյանի բողոքում, որոնց Վճռաբեկ դատարանն արդեն իսկ անդրադարձել է վերը:

 

Վերը նշված պատճառաբանությունների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի հիմքերը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 21.02.2006 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը բազմակողմանիորեն հետազոտելով գործով ներկայացված բոլոր ապացույցները 08.12.2006 թվականին կայացրել է բավարար հիմնավորված վճիռ, որով հայցվորներ Հ. Հովհաննիսյանի, Ն. Ղազարյանի, Խ. Հովհաննիսյանի, Ա. Հարությունյանի և Ա. Հովհաննիսյանի հայցը մերժել է, իսկ Ա. Վիրաբյանի հայցը՝ բավարարել:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայելիս առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Սույն գործի փաստերից ելնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իր կողմից վերաքննիչ դատարանի վճիռը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքների հիմքերի առկայությունը բավարար հիմք է դիտում ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.02.2007 թվականի վճիռը բեկանելու և Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 08.12.2006 թվականի հիմնավորված և պատճառաբանված վճռին օրինական ուժ տալու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 21.02.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի՝ սույն գործով 08.12.2006 թվականին կայացված վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան