Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.06.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.06.13/30(554)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.06.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական
վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-415(ՎԴ)
2007 թ.


Քաղաքացիական գործ թիվ 06-1689/2006 թ.
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան
Դատավորներ՝ Վ. Ավանեսյան
Ա. Թումանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հունիսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուբեն Աբազյանի վճռաբեկ բողոքն ըստ հայցի Ռաֆայել Աբազյանի և Անժիկ Երիցյանի ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի, երրորդ անձ Սիրանուշ Աբազյանի՝ ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերը, առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և յուրաքանչյուրի սեփականության իրավունքը բնակարանի 1/2 մասով ճանաչելու, Ռաֆայել Աբազյանի լրացուցիչ հայցի ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի՝ սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ ճանաչելու, ինչպես նաև Սիրանուշ Աբազյանի հայցի ընդդեմ Ռուբեն Աբազյանի՝ առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայագիրը անվավեր ճանաչելու և իր ժառանգության իրավունքը վեճի առարկա բնակարանի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի թիվ 06-1689 քաղաքացիական գործով 19.07.2006 թվականին կայացված վճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանը դիմելով առաջին ատյանի դատարան՝ պահանջել են անվավեր ճանաչել Երևանի Նորքի 5-րդ մ/շ 46-րդ շենքի 8-րդ բնակարանի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերը, առուվաճառքի պայմանագիրն ու բնակարանի նկատմամբ հավասար բաժիններով ճանաչել իրենց սեփականության իրավունքը:

Ռաֆայել Աբազյանը լրացուցիչ հայցադիմումով դատարանից պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը վերը նշված բնակարանի նկատմամբ:

Ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Սիրանուշ Աբազյանը հայցադիմումով դատարանից պահանջել է անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայագիրն ու ճանաչել իր ժառանգության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 03.03.2006 թվականի վճռով՝ Ռաֆայել Աբազյանի և Անժիկ Երիցյանի հայցն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի, երրորդ անձ Սիրանուշ Աբազյանի՝ ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերը, առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու, Ռաֆայել Աբազյանի լրացուցիչ հայցն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի՝ սեփականության իրավունքը ճանաչելու, ինչպես նաև Սիրանուշ Աբազյանի հայցն ընդդեմ Ռուբեն Աբազյանի՝ առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին մերժվել է:

Վերաքննիչ դատարանի 19.07.2006 թվականի վճռով՝

1) Անվավեր է ճանաչվել 05.10.2004 թվականին «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ե. Սարգսյանի կողմից Հասմիկ Աբազյանի անվամբ հաստատված Երևանի Նորքի 5-րդ զանգվածի 42 շենքի (Գալշոյան 46 շենքի) թիվ 8 բնակարանի 1/2 բաժնի նկատմամբ տրված սեփականության իրավունքի վկայագիրը, մասնակի անվավեր է ճանաչվել Հասմիկ Աբազյանի անվամբ հաստատված 05.10.2004 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, մասնակի անվավեր է ճանաչվել Հասմիկ Աբազյանի անվամբ 07.10.2004 թվականին տրված թիվ 1289777 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

2) Ճանաչվել է Ռաֆայել Աբազյանի սեփականության իրավունքը Երևան Նոր Նորքի 5 մ/շ 42 շենքի թիվ 8 բնակարանի 1/2 բաժնի նկատմամբ:

3) Անվավեր է ճանաչվել Հասմիկ Աբազյանի և Ռուբեն Աբազյանի միջև 16.02.2005 թվականին կնքված Երևանի Նորքի 5-րդ զանգվածի 42 շենքի (Գալշոյան 46 շենքի) թիվ 8 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը, Ռուբեն Աբազյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

 

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Ռուբեն Աբազյանը:

Վճռաբեկ բողոքին Ռաֆայել Աբազյանը ներկայացրել է պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ, 1222-րդ, 1225-րդ և 1226-րդ հոդվածների պահանջները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ, 195-րդ, 273-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Դատարանը վճիռ կայացնելիս չի գնահատել այն հանգամանքը, որ Հասմիկ Աբազյանը օրենքով սահմանված կարգով ընդունել է ժառանգությունը՝ ստանալով ժառանգության իրավունքի վկայագիր: Վերջինս օգտվել է սեփականատիրոջ իր իրավունքից և գույքը վաճառել է:

Ռաֆայել Աբազյանը ժառանգությունը չի ընդունել և այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք ունենալ չի կարող:

Բողոք բերած անձը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ, 195-րդ, 273-րդ հոդվածների կիրառելի չլինելու հանգամանքը հաստատող որևէ փաստարկ չի ներկայացրել:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ 51-րդ, 53-րդ, 54-րդ և 64-րդ հոդվածների պահանջները:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Դատարանի վճիռը հիմնավորված չէ գործով ձեռք բերված ապացույցներով և փաստական հանգամանքներով, քանի որ վճիռ կայացնելիս հաշվի է առնվել միայն հայցվոր կողմի բացատրությունները: Դատարանը հաշվի չի առել Ռուբեն Աբազյանի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հանգամանքը, և վերջինիս ներկայացրած առարկությունները բազմակողմանի, օբյեկտիվ գնահատման չի ենթարկել:

Վերը նշված հիմնավորումներով բողոք բերած անձը պահանջել է բեկանել վերաքննիչ դատարանի 19.07.2006 թվականի վճռի՝ հայցապահանջները բավարարելու մասը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության, կամ օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 03.03.2006 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

 

Հայցվոր Ռաֆայել Աբազյանն առարկել է վճռաբեկ բողոքի դեմ, նշելով որ վիճելի բնակարանը անհատույց հատկացվել է Ռուբեն, Արտուշ և Հասմիկ Աբազյաններին՝ համատեղ ընդհանուր սեփականության իրավունքով: Արտուշ Աբազյանի մահվանից հետո ինքը և մայրը փաստացի տիրապետման եղանակով ընդունել են ժառանգությունը և բնակվել այդ բնակարանում:

Ռուբեն Աբազյանի այն փաստարկը, որ վիճելի բնակարանը ձեռք է բերվել Արտուշ և Հասմիկ Աբազյանների համատեղ ամուսնական կյանքի ընթացքում անհիմն է, քանի որ այն նրանց և Ռաֆայել Աբազյանին հատկացվել է անհատույց:

Ըստ Ռաֆայել Աբազյանի՝ ժառանգության ձևակերպման և բնակարանի առուվաճառքի գործարքները կնքվել են առանց իր համաձայնության, ինչի պատճառով խախտվել է վաճառվող բաժինը գնելու իր նախապատվության իրավունքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ժողովրդական դեպուտատների Երևանի Խորհրդային շրջխորհրդի գործկոմի 25.07.1991 թվականի որոշմամբ Երևանի Նորքի 5-րդ մ/շ 46 շենքի թիվ 8 բնակարանը որպես անձնական սեփականություն անհատույց հատկացվել է Արտուշ Աբազյանին՝ ընտանիքի երեք անդամների հետ միասին:

2) Վերը նշված բնակարանի սեփականաշնորհման պահին բնակարանում հաշվառված են եղել Արտուշ, Հասմիկ և Ռաֆայել Աբազյանները: 13.06.2001 թվականին բնակարանը ձևակերպվել է Արտուշ Աբազյանի անունով:

4) Արտուշ Աբազյանը մահացել է 14.01.1999 թվականին:

5) Ռաֆայել Աբազյանը օրենքով սահմանված ժամկետում չի դիմել նոտարական գրասենյակ հոր՝ Արտուշ Աբազյանի ժառանգությունն ընդունելու համար:

6) Հասմիկ Աբազյանին նոտարի կողմից 05.10.2004 թվականին Նորքի 5-րդ մ/շ 46 շենքի թիվ 8 բնակարանի 1/2 մասի նկատմամբ տրվել է սեփականության իրավունքի վկայագիր:

7) 05.10.2004 թվականին նոտարի կողմից վիճելի բնակարանի 1/2 մասի նկատմամբ Հասմիկ Աբազյանին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր:

8) Վիճելի բնակարանի հասցեում հաշվառված են Հասմիկ և Ռաֆայել Աբազյանները:

9) Հասմիկ Աբազյանը մահացել է 26.05.2005 թվականին:

10) 16.10.2004 թվականին կազմված կտակով Նորքի 5-րդ մ/շ 46 շենքի թիվ 8 բնակարանի Հասմիկ Աբազյանին պատկանող մասը վերջինս կտակել է դստերը՝ Անժիկ Երիցյանին:

11) 31.01.2005 թվականին կազմված կտակով Հասմիկ Աբազյանը իրեն պատկանող Նորքի 5-րդ մ/շ 46 շենքի թիվ 8 բնակարանը կտակել է որդուն՝ Ռուբեն Աբազյանին:

12) 16.02.2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով Հասմիկ Աբազյանը Նորքի 5-րդ մ/շ 46 շենքի թիվ 8 բնակարանը վաճառել է Ռուբեն Աբազյանին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:

«ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհումը՝ կամավորության սկզբունքով քաղաքացիներին բնակարանների (բնակելի տարածությունների) անհատույց հատկացումն է:

Նույն օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է սեփականաշնորհման սուբյեկտների ցանկը, որով սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող քաղաքացիները:

Նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումը ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է կամ տվյալ բնակարանի վարձակալի անունով՝ որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ վիճելի բնակարանը սեփականաշնորհվել է Արտուշ, Հասմիկ և Ռաֆայել Աբազյաններին: Բնակարանը ձևակերպվել է որպես վերջիններիս ընդհանուր համատեղ սեփականություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով: Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է: Դա նշանակում է, որ նրանց միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում, ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը՝ բացի ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի:

Սույն գործի փաստերից ելնելով, մասնավորապես հաշվի առնելով վիճելի բնակարանը Ռաֆայել, Արտուշ և Հասմիկ Աբազյանների կողմից անհատույց կերպով սեփականաշնորհված լինելու հանգամանքը՝ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով այն դիտում է որպես ամուսիններից յուրաքանչյուրին տրված նվեր: Հետևաբար, սույն վճռաբեկ բողոքի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի սխալ մեկնաբանության վերաբերյալ հիմքը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1222-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում և ամուսինների համատեղ սեփականությունն է: Մահացած ամուսնու բաժինն այդ գույքում որոշվում է նույն օրենսգրքի 201-րդ հոդվածին համապատասխան և մտնում է ժառանգության զանգվածի մեջ:

Նույն օրենսգրքի 1225-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ժառանգությունը պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում: Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

Նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝

Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1222-րդ, 1225-րդ և 1226-րդ հոդվածների սխալ մեկնաբանության վերաբերյալ սույն բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի սահմանած կարգով:

Նույն օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը վաճառել՝ պահպանելով նույն օրենսգրքի 195-րդ հոդվածում նախատեսված կանոնները:

Նույն օրենսգրքի 195-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս բաժնային սեփականության մնացած մասնակիցները, վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով, վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն, բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ և 195-րդ հոդվածների կիրառման ենթակա չլինելու մասին սույն բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում, քանի որ նշված հոդվածները վերաբերում են բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինելու, բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հարաբերություններին, մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն՝ վիճելի բնակարանը հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հասմիկ և Ռուբեն Աբազյանների միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը Հասմիկ Աբազյանը կնքել է առանց բնակարանի համասեփականատեր Ռաֆայել Աբազյանի համաձայնությունն ստանալու, հետևաբար՝ անհրաժեշտ լիազորության բացակայությամբ, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջների խախտում է:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը Հասմիկ և Ռուբեն Աբազյանների անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականները անվավեր ճանաչելու պահանջների մասով ենթակա է կարճման, քանի որ սեփականության իրավունքի գրանցման վկայականը վարչական ակտ չի հանդիսանում, իսկ վարչական ակտ է հանդիսանում սեփականության իրավունքի գրանցամատյանի գրառումը:

Վճռաբեկ դատարանն այս իրավական հարցի վերաբերյալ իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականին կայացված թիվ 3-1920(ՎԴ) որոշմամբ (տես՝ քաղաքացիական գործն ըստ հայցի Սիսիանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի՝ պայմանագրերը լուծելու, Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին):

Ինչ վերաբերում է բողոքի՝ սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի կիրառելի չլինելու վերաբերյալ հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը այն անհիմն է համարում, քանի որ բողոք բերած անձն այն հիմնավորող որևէ փաստարկ չի ներկայացրել:

 

Այսպիսով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը սույն վեճը քննելիս կիրառել է նույն օրենսգրքի 191-րդ և 195-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Նույն օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ և 64-րդ հոդվածների համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, իսկ 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Գործին մասնակցող անձանց բացատրությունները, գործի համար նշանակություն ունեցող իրենց հայտնի հանգամանքների մասին, ստուգվում և գնահատվում են մյուս ապացույցների հետ միասին:

Դատարանը սույն գործով ձեռք բերված գրավոր ապացույցներով և կողմերի բանավոր բացատրություններով պարզել է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Մասնավորապես, դատարանը հիմք ընդունելով գործում առկա՝ հարևանների գրավոր հայտարարությունն այն մասին, որ Ռաֆայել Աբազյանը Արտուշ Աբազյանի մահից անմիջապես հետո՝ հաջորդող վեց ամիսների ընթացքում ապրել և տիրապետել է վիճելի գույքին՝ Ռաֆայել Աբազյանին ճանաչել է որպես ժառանգությունն ընդունած ժառանգ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ, 54-րդ և 64-րդ հոդվածների խախտման վերաբերյալ սույն բողոքի հիմքը անհիմն է համարում:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը բողոքի առաջին հիմքը մասնակիորեն հիմնավոր համարելով՝ դրա առկայությունը բավարար հիմք է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2006 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Հասմիկ և Ռուբեն Աբազյանների միջև 16.02.2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու և Ռաֆայել Աբազյանի սեփականության իրավունքը Երևանի Նոր Նորքի 5 մ/շ 42 շենքի թիվ 8 բնակարանի 1/2 բաժնի նկատմամբ ճանաչելու մասով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2006 թվականի վճիռը բեկանել, և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

3. Սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Է. Հայրիյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Սարգսյան