Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.25/37(561)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.07.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական գործերով
վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-962 (ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-302
Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան

դատավորներ`

Դ. Խաչատրյան

Գ. Մատինյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի հուլիսի 6-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Դավիթ Փոլադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականին կայացրած վճռի դեմ ըստ հայցի Դավիթ Փոլադյանի ընդդեմ Անդրանիկ Այվազյանի՝ 102.500 ԱՄՆ դոլար և այդ գումարին հաշվարկվող տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին, և Անդրանիկ Այվազյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Դավիթ Փոլադյանի՝ 362.000 ԱՄՆ դոլար գումար և այդ գումարին հաշվարկվող տոկոսներ բռնագանձելու պահանջի վերաբերյալ, և Դավիթ Փոլադյանի հայցի ընդդեմ Անդրանիկ Այվազյանի՝ Անդրանիկ Այվազյանի նկատմամբ իր ունեցած պարտավորությունները, այդ թվում՝ նաև 2002 թվականի ապրիլի 28-ի ստացականում նշված պարտավորությունը, դադարած ճանաչելու պահանջի մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվոր Դավիթ Փոլադյանը պահանջել է Անդրանիկ Այվազյանից բռնագանձել 120.000 ԱՄՆ դոլար պարտքի գումարը և այդ գումարի նկատմամբ հաշվարկված 60.000 ԱՄՆ դոլար տոկոսները:

Գործի քննության ընթացքում Դավիթ Փոլադյանը, ընդունելով, որ պատասխանողի կողմից կատարվել է գումարի մասնակի վճարում, պահանջը պնդել է մասնակիորեն և պահանջել պատասխանողից բռնագանձել 102.500 ԱՄՆ դոլար պարտքի և 36.663 ԱՄՆ դոլար հաշվարկված տոկոսների գումարը:

Հակընդդեմ հայցով Անդրանիկ Այվազյանը պահանջել է Դավիթ Փոլադյանից բռնագանձել 362.000 ԱՄՆ դոլար պարտքի գումարը և այդ գումարի նկատմամբ հաշվարկված 78.540 ԱՄՆ դոլար տոկոսները:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 21.12.2004 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են, կատարվել է պահանջների հաշվանցում, որոշվել է Դավիթ Փոլադյանից հօգուտ Անդրանիկ Այվազյանի բռնագանձել 301.377 ԱՄՆ դոլար:

Մեկ այլ հայցով հայցվոր Դավիթ Փոլադյանը, դիմելով դատարան, պահանջել է դադարած ճանաչել պատասխանող Անդրանիկ Այվազյանի նկատմամբ ունեցած պարտավորությունները, այդ թվում` 28.04.2002 թվականի ստացականում նշվածը:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 30.05.2005 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.06.2005 թվականի որոշմամբ վերը նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականի վճռով Դավիթ Փոլադյանի հայցը՝ Անդրանիկ Այվազյանից գումար բռնագանձելու պահանջի մասին բավարարվել է, Անդրանիկ Այվազյանի հակընդդեմ հայցը բավարարվել է, կատարվել է պահանջների հաշվանցում` Դավիթ Փոլադյանից հօգուտ Անդրանիկ Այվազյանի բռնագանձվել է 301.377 ԱՄՆ դոլար գումար, իսկ Դավիթ Փոլադյանի հայցը՝ Անդրանիկ Այվազյանի նկատմամբ ունեցած պարտավորությունները, այդ թվում՝ 28.04.2002 թվականի ստացականում նշվածը, դադարած համարելու պահանջի մասին, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Փոլադյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Անդրանիկ Այվազյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործում առկա գրավոր ապացույցները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտումով գնահատելու արդյունքում եզրակացրել է, որ «համաձայնագրի դրույթները անմիջապես վերաբերում են Դ.Փոլադյանի կողմից «Տավուշ» գինու գործարան փակ բաժնետիրական ընկերությունում ունեցած 60% բաժնեմասի օտարմանը, այդ օտարման պայմաններին և որևէ կերպ չեն վերաբերում և չեն հիշատակում այլ, համաձայնագրից (եռակողմ գործարքից) դուրս գոյություն ունեցող պարտքերի մարմանը կամ հաշվանցմանը», ինչը եռակողմ համաձայնագրի պայմանների և դրա դրույթների սխալ մեկնաբանության արդյունք է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Եթե սույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը: Սակայն, դատարանը 13.06.2002 թվականի համաձայնագիրը մեկնաբանելիս չի պահպանել վերը նշված պահանջները:

Այսպես, 13.06.2002 թվականի եռակողմ համաձայնագիրն ունի հետևյալ տառացի շարադրանքը. «Դավիթ Շամշադի Փոլադյանս, Վլադիմիր Շաքարի Ադամյանս և Անդրանիկ Սերյոժայի Այվազյանս հայտարարում ենք, որ Դավիթ Փոլադյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող «Տավուշ» գինու գործարան ՓԲԸ-ում ունեցած 60 տոկոս բաժնեմասը Վլադիմիր Ադամյանին օտարելուց հետո այլևս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու...»: Ըստ համաձայնագրի բաժնետոմսերն օտարելը պայման է, որի կատարումից հետո «այլևս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու բացառությամբ ...»:

Դատարանը համաձայնագիրը չի դիտել որպես Ա.Այվազյանի հանդեպ Դ.Փոլադյանի 28.04.2002 ստացականով ստանձնած պարտավորության դադարման հիմք` պատճառաբանելով, որ. «Այդ պարտավորությունները ինչպես սուբյեկտների առումով` 362.000 ԱՄՆ դոլարի պարտքի մասին 28.04.2002թ. ստացականով պարտավորության դեպքում` Դավիթ Փոլադյան և Անդրանիկ Այվազյան, իսկ «Տավուշ գգ» փակ բաժնետիրական ընկերության բաժնեմասն օտարելու վերաբերյալ 13.06.2002 թվականի համաձայնագրով պարտավորության դեպքում` Դավիթ Փոլադյան, Անդրանիկ Այվազյան և Վլադիմիր Ադամյան, այնպես էլ օբյեկտների մասում առաջին դեպքում փոխառության պարտավորություն, իսկ երկրորդ դեպքում` առուվաճառքի պայմանագրից ծագող պարտավորորություն, տարբեր են»: Նշվածից հետևում է, որ ըստ դատարանի` մի պարտավորությունը չի կարող դրա կողմերի համաձայնությամբ դադարել այլ պարտավորությամբ:

Այսպիսով, դատարանը համաձայնագիրը և դրա «այլևս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու ...» համաձայնությունը մեկնաբանել է ոչ թե տառացի, որպիսի պահանջ է պարունակում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասը, ոչ թե կողմերի իրական ընդհանուր կամքն ու համաձայնագրի նպատակը հաշվի առնելով, որպիսի պահանջ է պարունակում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 2-րդ մասը, այլ համաձայնագրի տառացի մեկնաբանությունը «այլևս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու ...» և կողմերի իրական կամքն ու համաձայնագրի նպատակը հաշվի չառնելով պատճառաբանել է, որ ստացականն ու համաձայնագիրը սուբյեկտների և օբյեկտների մասով տարբեր են:

Եթե Դ.Փոլադյանը ինչ-որ գումար է պարտք Ա.Այվազյանին և նրանք գրավոր համաձայնության են եկել, որ եթե Դ.Փոլադյանն իր որոշակի գույքը՝ տվյալ դեպքում «Տավուշ» գինու գործարան» փակ բաժնետիրական ընկերության 60 տոկոս բաժնետոմսերը, օտարի Ա.Այվազյանի նշած անձին՝ Վ.Ադամյանին, ապա այդ դեպքում Ա.Այվազյանի հանդեպ Դ.Փոլադյանի ունեցած պարտքը կհամարվի դադարած, ապա այդ համաձայնությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի որևէ դրույթի չի հակասում, այլ արտահայտում է կողմերի համաձայնությունը և կամքը, ինչը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սկզբունքներին:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականի վճռի Անդրանիկ Այվազյանի հակընդդեմ հայցը բավարարելու և պահանջների հաշվանցում կատարելու, Անդրանիկ Այվազյանի նկատմամբ ունեցած պարտավորությունները, այդ թվում` 28.04.2002 թվականի ստացականում նշվածը դադարած համարելու պահանջի մասին, Դավիթ Փոլադյանի հայցը մերժելու մասերը և գործն այդ մասերով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

1997-1998 թվականների ընթացքում Դ.Փոլադյանը Ա.Այվազյանից պարտքով մաս-մաս վերցրել է 362.000 ԱՄՆ դոլար: Գումարները Դ.Փոլադյանին տրվել են առանց ստացականներ վերցնելու` հաշվի առնելով, որ Դ.Փոլադյանը Ա.Այվազյանի համագյուղացին է: Գումարները տրվել են ձեռնարկատիրական գործունեության համար: Դ.Փոլադյանը պարտավորվել է դրական ելքի դեպքում Ա.Այվազյանին վերադարձնել պարտքը որոշակի շահույթով հանդերձ: Գումարների վերադարձը Դ.Փոլադյանը երաշխավորել է իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքով և «Տավուշ» գինու գործարան» փակ բաժնետիրական ընկերության իր 60 տոկոս բաժնեմասով: 2002 թվականի ապրիլ ամսին Ա.Այվազյանը պահանջել է վերադարձնել պարտքը: Դ.Փոլադյանը Ա.Այվազյանին տվել է ստացական` նշելով, որ Ա.Այվազյանից 1997-1998 թվականների ընթացքում վերցրել է 362.000 ԱՄՆ դոլար գումար և պարտավորվում է նշված գումարը վերադարձնել մինչև 2003 թվականի մայիս ամիսը: 2002 թվականի մայիս ամսին Ա.Այվազյանը պահանջել է Դ.Փոլադյանից ժամկետից շուտ մարել պարտքը:

13.06.2002 թվականին կազմվել է եռակողմ համաձայնագիր, որտեղ նշվել է, որ Ադամյանի կողմից Փոլադյանի 60 տոկոս բաժնեմասը գնելուց հետո, «այլևս միմյանց նկատմամբ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու բացի նրանից, որ Ա.Այվազյանը և Վ.Ադամյանը պարտավոր են 45 օրվա ընթացքում Դ. Փոլադյանին վճարել 120.000 ԱՄՆ դոլար: Նշված համաձայնագիրը չի վերաբերում 28.04.2002 թվականին Դ. Փոլադյանի կողմից Ա. Այվազյանին տրված ստացականին և չի կարող վերաբերել, քանի որ եթե վերաբերեր, ապա համաձայնագրում անպայման նշում կարվեր այդ մասին: Համաձայնագրի կնքումով ստացականով ստանձնված պարտավորությունները չեն դադարել, քանի որ դրանք իրար հետ որևէ կապ չունեն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ըստ 28.04.2002 թվականին կազմված ստացականի՝ Դավիթ Շամշադի Փոլադյանը անձնագիր թիվ AC 0268831, հաստատել է, որ 1997թ. մինչև 1998թ. Անդրանիկ Սերյոժայի Այվազյանից ստացել է 362.000 ԱՄՆ դոլար (երեք հարյուր վաթսուներկու հազար ԱՄՆ դոլար) և խոստացել է մինչև 28.05.2003թ. ամբողջ պարտքը մարել (07-302 գ.թ. 8):

2) 13.06.2002 թվականին Դ.Փոլադյանի, Ա.Այվազյանի և Վ.Ադամյանի միջև կնքված եռակողմ համաձայնագրով կողմերը եկել են համաձայնության և Դավիթ Շամշադի Փոլադյանը, Վլադիմիր Շաքարի Ադամյանը և Անդրանիկ Սերյոժայի Այվազյանը հայտարարել են, որ Դավիթ Փոլադյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող «Տավուշ» գինու գործարան» ՓԲԸ-ում ունեցած 60 տոկոս բաժնեմասը Վլադիմիր Ադամյանին օտարելուց հետո այլևս իրենցից յուրաքանչյուրը մեկը մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չեն ունենալու, բացառությամբ նրա, որ Անդրանիկ Այվազյանը և Վլադիմիր Ադամյանը պարտավորվում են վերը նշված գործարքը կատարելուց հետո 45 օրվա ընթացքում Դավիթ Փոլադյանին վճարել 120.000 (հարյուր քսան հազար) ԱՄՆ-ի դոլար» (07-302 գ.թ. 7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի, գործում առկա ապացույցների, ինչպես նաև վճռաբեկ բողոքում արտահայտված խնդրի կարգավորման համար կիրառման ենթակա իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում վեճը պետք է լուծել 28.04.2002 թվականի ստացականի և 13.06.2002 թվականի համաձայնագրի միջև առկա փոխադարձ կապի, դրանցում նշված սուբյեկտների առումով՝ այդ սուբյեկտների առանձին-առանձին կազմերով վերցված միմյանց նկատմամբ փոխադարձ իրավունքների և պարտականությունների ձևավորման, ինչպես նաև ստացականի և համաձայնագրի բովանդակության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի պահանջների կիրառման թույլատրելիության համատեքստում:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը 28.04.2002 թվականի ստացականի և 13.06.2002 թվականի համաձայնագրի միջև փոխադարձ կապը բացառելով պատճառաբանել է, որ այդ պարտավորությունները ինչպես սուբյեկտների առումով՝ 362.000 ԱՄՆ դոլարի պարտքի մասին 28.04.2002 թվականի ստացականով պարտավորության դեպքում՝ Դավիթ Փոլադյան և Անդրանիկ Այվազյան, իսկ «Տավուշ գգ» փակ բաժնետիրական ընկերության բաժնեմասն օտարելու վերաբերյալ 13.06.2002թ. համաձայնագրով պարտավորության դեպքում՝ Դավիթ Փոլադյան, Անդրանիկ Այվազյան և Վլադիմիր Ադամյան, այնպես էլ օբյեկտների մասում առաջին դեպքում փոխառության պարտավորություն, իսկ երկրորդ դեպքում՝ առուվաճառքի պայմանագրից ծագող պարտավորորություն, տարբեր են:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Դ. Փոլադյանը, Ա. Այվազյանը և Վ. Ադամյանը գտնվել են գործարար կապերի մեջ, մասնավորապես, «Տավուշ» գինու գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության կապակցությամբ, որպիսի հանգամանքը հիմնավորվում է գործի տվյալներով: Մասնավորպես, գործի քննության ընթացքում Ա.Այվազյանը հայտնել է, որ 1997-1998 թվականների ընթացքում Դ. Փոլադյանն իրենից փոխառությամբ գումարները վերցրել է «Տավուշ» գինու գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության հետ կապված ներդրումներ կատարելու կապակցությամբ, և ըստ Ա.Այվազյանի փաստարկների՝ նա Դ. Փոլադյանից ակնկալել է որոշակի շահույթ՝ փոխառությամբ գումարները Դ. Փոլադյանին տրամադրելիս:

Նշված հանգամանքի, ինչպես նաև գործի այլ տվյալների վերլուծության հիման վրա պետք է եզրակացնել, որ 28.04.2002 թվականի և 13.06.2002 թվականի համաձայնագրի միջև առկա է փոխադարձ կապ: Հետևաբար, նկատի ունենալով, որ 13.06.2002 թվականի համաձայնագրով Ա. Այվազյանն ընդունել է, որ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո 45 օրվա ընթացքում Վ.Ադամյանի հետ միասին Դ. Փոլադյանին 120.000 ԱՄՆ դոլար գումար վճարելով վերջինիս նկատմամբ որևէ պարտք և պահանջ չի ունենալու և չի ներկայացնելու, ապա պետք է եզրակացնել, որ 13.06.2002 թվականից հետո դադարում են գործել մինչև այդ օրը նրանց միջև գոյություն ունեցած բոլոր փոխադարձ պարտավորությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածով սահմանված կանոնը տվյալ դեպքում 28.04.2002 թվականի ստացականի և 13.06.2002 թվականի համաձայնագրի մասով կիրառելի է և 13.06.2002 թվականի համաձայնագիրը Դ. Փոլադյան, Ա. Այվազյան սուբյեկտների առանձին կազմերով մեկնաբանելիս ստացվում է, որ 13.06.2002 թվականից հետո՝ Դ. Փոլադյանը որևէ պարտք և պահանջ չունի և չի կարող ներկայացնել Ա. Այվազյանի նկատմամբ` բացառությամբ «Տավուշ» գինու գործարան» փակ բաժնետիրական ընկերության 60 տոկոս բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումից 45 օր հետո Ա. Այվազյանից և Վ. Ադամյանից 120 000 ԱՄՆ դոլար գումար ստանալու պահանջի իրավունքից, իսկ Ա. Այվազյանը որևէ պարտք և պահանջ չունի և չի կարող ներկայացնել Դ.Փոլադյանի նկատմամբ՝ բացառությամբ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո 45 օրվա ընթացքում Վ. Ադամյանի հետ միասին Դ. Փոլադյանին 120.000 ԱՄՆ դոլար գումարի վճարման պարտավորության:

 

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը խախտվել է այն առումով, որ 28.04.2002 թվականի ստացականի և 13.06.2002 թվականի համաձայնագրի գնահատման արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է եզրակացության, որ դրանք սուբյեկտների և օբյեկտների առումով տարբեր են: Մինչդեռ, ինչպես 28.04.2002 թվականի ստացականով, այնպես էլ 13.06.2002 թվականի համաձայնագրով պարտավորությունում մասնակցել են Դ. Փոլադյանը և Ա. Այվազյանը, իսկ 13.06.2002 թվականի համաձայնագրի բովանդակությունը վերաբերելի և հստակ տեղեկություններ է պարունակում այն մասին, որ նշված համաձայնագրի կնքման պահից Դ. Փոլադյանի և Ա. Այվազյանի միջև այլ փոխադարձ իրավունքներ ու պարտավորություններ դադարել են: Տվյալ դեպքում 13.06.2002 թվականի համաձայնագիրը` բացի դրանով սահմանված փոխադարձ իրավունքների և պարտականությունների, Դ. Փոլադյանի և Ա. Այվազյանի միջև այլ փոխադարձ իրավունքներ և պարտականություններ (այդ թվում` նախկինում ստանձնած) բացառող ապացույց է, ինչը դատարանի կողմից օբյեկտիվ գնահատման չի արժանացել:

Եթե Դ. Փոլադյանը ինչ-որ գումար է պարտք Ա. Այվազյանին և գործարար կապերի ընթացքում որոշ ժամանակ անց նրանք երրորդ անձի՝ Վ.Ադամյանի, մասնակցությամբ գրավոր համաձայնության են եկել, որ եթե Դ. Փոլադյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Տավուշ» գինու գործարան» փակ բաժնետիրական ընկերության 60 տոկոս բաժնետոմսերն օտարի Վ. Ադամյանին, իսկ Ա. Այվազյանը և Վ. Ադամյանը գործարքի կնքումից հետո 45 օրվա ընթացքում Դ. Փոլադյանին վճարեն 120 000 ԱՄՆ դոլար գումար, ապա այդ դեպքում Ա. Այվազյանը, Վ. Ադամյանը և Դ. Փոլադյանը մեկը մյուսի հանդեպ որևէ պարտք և պահանջ չեն ունենալու և չեն ներկայացնելու, ապա այդ համաձայնությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի որևէ դրույթի չի հակասում, այլ արտահայտում է կողմերի համաձայնությունը և կամքը, ինչը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսդրության կողմերի հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, պայմանագրի ազատության սկզբունքներին:

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված այն փաստարկը, որ 28.04.2002 թվականի ստացականի և 13.06.2002 թվականի համաձայնագրի միջև փոխադարձ կապի առկայության դեպքում դրա մասին պետք է նշում կատարվեր համաձայնագրում, հիմնավոր չէ, քանի որ հակառակ տրամաբանությամբ կարելի է արձանագրել, որ եթե 28.04.2002 թվականի ստացականի և 13.06.2002 թվականի համաձայնագրի միջև որևէ կապ չկար, ապա համաձայնագրում պետք է որևէ ձևով նշում կատարվեր նաև առ այն, որ դրանով սահմանված համաձայնությունը որևէ առնչություն չունի Ա. Այվազյանի և Դ. Փոլադյանի միջև գոյություն ունեցող պարտք ու պահանջի հետ: Տվյալ դեպքում Ա. Այվազյանը միայն «Տավուշ» գինու գործարան» փակ բաժնետիրական ընկերության 60 տոկոս բաժնետոմսերի օտարումից հետո 45 օրվա ընթացքում Վ.Ադամյանի հետ միասին Դ. Փոլադյանին 120.000 ԱՄՆ դոլար գումարի վճարման պարտավորության ստանձնման բացառությամբ անվերապահորեն ընդունել է, որ դրանից հետո որևէ պարտք և պահանջ չի ունենալու և չի ներկայացնելու Դ. Փոլադյանի հանդեպ:

Նշված պատճառաբանությամբ հիմնավոր են Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը չկիրառելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների խախտման մասին բողոքում նշված պատճառաբանությունները, որպիսի հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-227-րդ հոդվածների համաձայն` վճռաբեկ բողոքը մասնակի բավարարելու և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականի վճիռը բեկանելու հիմք է հանդիսանում: 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան