Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-705
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 313 ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

3 հուլիսի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող`  քաղաքացի Ա. Հակոբյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Արշալույս Հակոբյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղ. Ա. Հակոբյանի 05.03.2007 թ. դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող Ա. Հակոբյանի և պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 1998 թ. հուլիսի 28-ին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ուժի մեջ է մտել 1999 թ. հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածը սահմանում է.

«1. Խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

2. Եթե գործարքն անվավեր է ճանաչվել սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերից մեկով, ապա մյուս կողմը տուժողին վերադարձնում է գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում դրա արժեքը հատուցում է դրամով: Գործարքով մյուս կողմից տուժողի ստացած գույքը, ինչպես նաև մյուս կողմից նրան հասանելիքը բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության: Գույքը բնեղենով պետությանը հանձնելու անհնարինության դեպքում դրա արժեքը բռնագանձվում է դրամով: Բացի դրանից, մյուս կողմը տուժողին հատուցում է նրան պատճառած իրական վնասը»:

2. Ըստ վերջնական դատական ակտի` Ա. Վահրադյանը և Ա. Թումասյանը դիմողից 2002 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին վերցրել են 4900 ԱՄՆ դոլար գումար, որը չի վերադարձվել, և վերջինս կրել է վնասներ: Ա. Վահրադյանի մայրը` Ա. Ումրոյանը պարտավորվել է վերադարձնել պարտքի մի մասը, բայց հետագայում հրաժարվել է: Ուստի դիմողը հայց է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան` 4.414.850 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին: Հակընդդեմ հայցով Ա. Ումրոյանը պահանջել է անվավեր ճանաչել պարտավորագիրը: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի ապրիլի 10-ի վճռով հայցը բավարարվել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը մերժվել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 4-ի վճռով ևս հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել: Ա. Ումրոյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան, որն իր 26.10.2006 թ. որոշմամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի 1-ին մասի հիմքով, Ա. Ումրոյանի պարտավորագիրն անվավեր է ճանաչել:

3. Քաղ. Ա. Հակոբյանը 05.03.2007 թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան, գտնելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 14 հոդվածի, 31 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 42 հոդվածի 2-րդ մասի և 47 հոդվածի 1-ին մասի պահանջներին, և դրանք անհրաժեշտ է անվավեր ճանաչել:

Դիմող կողմը մասնավորապես մատնանշում է, որ վիճարկվող իրավական ակտի` 313 հոդվածում բացահայտված չեն «չարամիտ համաձայնությամբ կնքված գործարք» և «ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններ» հասկացությունները: Ըստ դիմող կողմի` «... նորմից դժվար է կռահել, թե ինչ չափանիշներով են որոշվելու ծանր հանգամանքներն ու ծայրահեղ ոչ ձեռնտու պայմանները, ինչ չափի և բնույթի պետք է դրանք համապատասխանեն, որպեսզի որակվեն «ծանր հանգամանքների բերում» և «ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններ»»: Դիմող կողմը գտնում է, որ այս նորմն ընդունելիս օրենսդիրը դրան իրավական որոշակիություն չի հաղորդել, և դրանք չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին, իրավական որոշակիությունը բացակայում է նաև տուժողի հայցով դատարանի կողմից գործարքն անվավեր ճանաչելու ձևակերպման մեջ:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը վկայակոչում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2006 թ. ապրիլի 18-ի թիվ 630 որոշման 11-րդ կետի 6-րդ պարբերությունում տրված սահմանադրական դատարանի դիրքորոշումը, ըստ որի` «Տվյալ օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»։ Սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշման հիման վրա դիմողը գտնում է, որ իր նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի դրույթները չեն կարող ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 1-ին մասի իմաստով դիտարկվել որպես օրենք, ուստի այն հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին և 8 հոդվածի 1-ին մասին:

Ըստ դիմողի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը սահմանափակվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի բովանդակությամբ, քանի որ սեփականատերը նախապես չգիտի իր դրամական միջոցներն այլ անձի հանձնելիս ինչ ծանր հանգամանքների և ծայրահեղ ոչ ձեռնտու ինչ պայմանների առկայության դեպքում նա կզրկվի իր սեփականությունը հետ ստանալու իրավունքից, այսինքն` ապօրինի կերպով սահմանափակվում է նրա սեփականության իրավունքը:

4. Պատասխանող կողմը  գտնում է, որ դիմողի փաստարկները հիմնավոր չեն, և դիմումը ենթակա է մերժման հետևյալ նկատառումներով:

Հայաստանի Հանրապետությունը համարվելով ռոմանագերմանական իրավական համակարգին հարող իրավական ավանդույթներ ունեցող երկիր, որտեղ դատարաններն առաջնորդվում են բացառապես օրենքներով, ենթադրվում է, որ օրենքները պետք է լինեն որոշակի և հնարավորինս կանխատեսելի: Բայց դա չի նշանակում, որ օրենքները պետք է կարգավորեն բոլոր մանրամասնությունները, իսկ դատարանները` մեխանիկորեն կատարեն դրանց հանձնարարականները:

Ըստ պատասխանողի` «Հասարակական հարաբերությունների դինամիկ զարգացման պայմաններում օրենսդրի համար բավականին դժվար է ստեղծել այնպիսի իրավական նորմեր, որոնք կգործեն երկարատև ժամանակահատվածում և համապարփակ կկարգավորեն բոլոր հասարակական հարաբերությունները` բացարձակ որոշակիությամբ: ...

Հետևաբար, ոչ մի օրենք չի կարող հաշվի առնել իրավական կարգավորման ենթակա հասարակական հարաբերությունների բազմազանությունը և հստակ կանոնակարգել քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների այս կամ այն վարքագիծը»:

Պատասխանող կողմը փաստում է նաև, որ այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է. «Որքան էլ նորմը հստակ ձևակերպվի իրավունքի ցանկացած համակարգում ... դատական մեկնաբանման տարրն անխուսափելի է: Միշտ գոյություն կունենա խրթին դրվագների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին հարմարվելու անհրաժեշտություն»: Հիշյալ առումով պատասխանող կողմը գտնում է, որ միանգամայն իրավացիորեն օրենսդիրը դատարանին ընձեռել է որոշում կայացնելու դիսպոզիտիվ հնարավորություն, ինչը պայմանավորված է վիճարկվող դրույթի կազուիստիկ (դիպվածաբանական) բնույթով:

5. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի 1-ին մասը սահմանում է գործարքի անվավերության այնպիսի հիմքեր, ինչպիսիք են խաբեությունը, բռնությունը, սպառնալիքը, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությունը կամ ծանր հանգամանքների բերումով անձի համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմանները:

Գործարքները քաղաքացիների կամ իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարեցմանը: Քաղաքացիական օրենսդրության կարևոր սկզբունքներից մեկն իրավահարաբերության մասնակիցների կամքի ազատ իրականացման սկզբունքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3 հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքներ ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: Քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցների խախտված իրավունքների վերականգնումն ապահովելը, դրանց դատական պաշտպանությունը ևս օրենսդիրը դիտում է իբրև հիմնարար սկզբունք: Հենց այդ սկզբունքների իրագործմանն են նպատակաուղղված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ բաժնի 18-րդ գլխի «Գործարքների անվավերությունը» վերտառությամբ 2-րդ պարագրաֆի 303-317 հոդվածներում պարունակվող իրավանորմերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի 1-ին մասում հստակ շարադրված են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դատարանը տուժողի հայցով կարող է անվավեր ճանաչել գործարքը: Դիմողի այն փաստարկը, որ վիճարկվող նորմը զուրկ է իրավական որոշակիությունից, քանի որ դրանում բացահայտված չեն «ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններ» հասկացությունը, հիմնավոր չէ: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ, օրենսդրական տեխնիկայի առումով, անհնարին է նկարագրել բազմաթիվ ու բազմաբովանդակ բոլոր այն դեպքերը, երբ անձն, իր կամքին հակառակ, ստիպված է լինում կնքել իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարք: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածում նշված հիմքերով գործարքների անվավերության հարցի լուծումը նախատեսում է միայն դատական կարգով: Այսինքն` յուրաքանչյուր դեպքում, ելնելով գործի հանգամանքներից, դատարանն է որոշում` արդյոք կնքված գործարքն ստրկացուցիչ է, թե` ոչ: Մասնավորապես, դատարանը գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներով գնահատում է, թե տեղի ունեցել է խաբեություն, բռնություն, սպառնալիք, կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնություն, ինչ հանգամանքներում է կնքվել գործարքը, այդ հանգամանքները ծանր են եղել, թե` ոչ, գործարքի պայմանները հայցվորի համար ծայրահեղ ոչ ձեռնտու են եղել, թե` ոչ: Այս հարցերը պարզելուց հետո միայն դատարանը կարող է հանգել եզրակացության` խախտվել է, արդյոք, կամքի ազատ արտահայտության և ի շահ իրեն իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելուն ուղղված գործողություններ կատարելու` քաղաքացիական օրենսդրության սկզբունքը:

Ինչ վերաբերում է դիմող կողմի այն պնդմանը, թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 14 հոդվածի, 31 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 42 հոդվածի 2-րդ մասի և 47 հոդվածի 1-ին մասի պահանջներին, ապա պետք է նկատել, որ վիճարկվող հոդվածը ոչ միայն չի հակասում ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածներին, այլև կոչված է սահմանադրական այդ դրույթների իրական ապահովմանն այն առումով, որպեսզի քաղաքացիական իրավահարաբերություններում բացառվեն խաբեությունը, բռնությունը, սպառնալիքը, չարամիտ համաձայնությունը, ինչպես նաև ծանր հանգամանքներից օգտվելով` կողմի համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարքների կնքումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածում սահմանված դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


3 հուլիսի 2007 թվականի
ՍԴՈ-705